comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ՚

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Անահիտ Գաբրիելյան։ Ծնվել է 1958թ. Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում:

Միջնակարգից հետո գերազանցության դիպլոմով ավարտել է Բաքվի Ախունդովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտը։ Աշխատել է Արցախի դպրոցներում, Շուշիի ժողհամալսարանում, ՙԿարմիր դրոշ՚ թերթի խմբագրությունում։
ՙԿարոտախտ՚ և ՙՇուշի՝ մոխիրներից հառնող փյունիկ՚ երկու գրքերի հեղինակ է։ Տպագրության է պատրաստ երրորդ ՙՆամակներ այն աշխարհից, կամ` ես պետք է ապրեմ՚ ժողովածուն։ 1992թ.-ից Շուշիի շրջվարչակազմի, իսկ 1998-ից՝ Շուշիի քաղաքապետարանի քարտուղարն է։
Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը Ա. Գաբրիելյանի հետ և նրա պատմվածքը, որ կենսագրական հենք ունի։
-Քո ոգեշնչման աղբյուրը։
- Տարօրինակ է, բայց ես կարող եմ ոգևորվել մի դատարկ բանից կամ հիասթափվել, ասենք, եթե մարդ իրեն թույլ է տվել խոսել աղավաղված հայերենով։ Ամեն մի լավ արարք, անգամ բարի խոսքը, թևավորում է ինձ և` ընդհակառակը. փողոցում լսած մի կոպիտ բառ երկար ժամանակ նստվածք է տալիս հոգուս խորքում։ Այս գարունը, արևը, պայթող բողբոջներն ինձ կրկին տանում են մանկության կածանները, և ակամա հուշերիս խորքից դուրս են լողում մոռացված դեմքեր և դեպքեր։ Ինձ կարող են ոգեշնչել ասֆալտը ծակած-ելած ծիլը, քարի ճաքից ելած ծաղիկը, տեղին մեջբերված խելացի միտքը։ Իմ ոգեշնչման աղբյուրը բազմակունք է։ Ինձ ոգեշնչում է վերակառուցվող Շուշին։ Ես սիրում եմ իմ քաղաքը և զորանում եմ ամեն կառուցվող շենքի հետ։ Ոգեշնչվում եմ, երբ մի հաջողված տող եմ գրում։ Ոգեշնչվում եմ, երբ զավակներիս հաջողությունները գերազանցում են իմը, նշանակում է՝ իզուր չեն անցել ջանքերս։ Իմ ոգեշնչման աղբյուրն աֆորիզմների շտեմարան մայրս է և ինձ մայրաբար սիրող քույրս, Արցախի ցավով տառապող եղբայրս է, որին արդեն շուրջ 3 տասնամյակ զինվորական համազգեստով եմ տեսնում, և որի համար այս մի բուռ քարքարոտ հողը թանկ է բոլոր ռուսաստաններից...
-Ասում են` պատերազմի դեմքը կանացի չէ:
-Պատերազմն ավերիչ ուժ է, այն կյանքի հականիշն է... Իսկ կինը կյանք ծնողն է, կյանքի հոմանիշը: Ուստի պատերազմը և կինը հակառակ հասկացություններ են։ Արցախում պատերազմը կնոջը զինվոր է դարձրել... Առյուծ որդիներ ծնող, այդ առյուծներին թևութիկունք կանգնած կնոջ տեսքով է պատերազմի դեմքը... Այստեղ ամեն կին գիտակցում է, որ տղամարդուց էլ ուժեղ պետք է լինի, որպեսզի խրամատում գտնվող ամուսինը, որդին, եղբայրը հաղթանակած տուն վերադառնան... Հիշում եմ 1992-ին մեր լվացքի պարանը, ուր միայն զինվորական շորեր էին փռված, որ մի քանի ժամում լվացվում-չորացվում, արդուկվում էին, որպեսզի վաղ առավոտյան տղաները կոկիկ տեսքով ներկայանային... խրամատ. գործի էին դրվում ջեռուցիչը, վառարանը, թոնիրը, որպեսզի հասցնեինք չորացնել համազգեստները... Մեկը չորացնում էր, մյուսը՝ արդուկում, երրորդը հացն էր դասավորում պայուսակում... Իսկ 1996-ին Արցախը դարձավ մի մեծ Մայր, իր ունեցած-չունեցածը բաժին հանեց խրամատում մրսող զինվորին ու իր անսասան կամքով պահեց զինվորի խրոխտ ոգին։ Ես ափով ամուր սեղմել եմ հայրական տան ավերակված տեսքից թուլացած սիրտս. յոթ հոգի եմ ճամփել առաջին գիծ, տառապել եմ ամեն վիրավորի վերքի ցավից ու նորից հրամայել ինքս ինձ` մենք պետք է ապրենք։ Զույգ զինվորի մոր իրավունքով խաղաղություն եմ պահանջում աշխարհից իմ Արցախ աշխարհի, իմ տարեց ծնողների, իմ սերունդների համար...
-Շուշին քո կյանքում...
-Երիտասարդ տարիներին միշտ մտածում էի, թե ինչու շուշեցիները կրկին վերադարձել և բնակություն են հաստատել հայաթափված Շուշիում... Երևի Տերն այնպես կամեցավ, որ ինքս բնակվեմ բերդաքաղաքում, ինքս տամ այդ հարցի պատասխանը։ Շուշին տեսնողը հավերժ սիրահարվում է նրան և չի կարող այլևս դավաճանել այդ սիրուն։ Ես շատ եմ անդրադարձել Շուշիի հանդեպ իմ սիրուն.

Շուշին ինձ համար
Կարոտից ճաքած դռան ճռինչ է,
Անտառի խորքում միրհավի ճիչ է,
Ու առանց նրա ես նախամարդ եմ.
Անջուր ալիք եմ,
Մանկան պես անզոր, անհայրենիք եմ։

Շուշին իմ տունն է, իմ գետի հունն է,
Այստեղ ես հզոր, ամենազոր եմ։
Շուշին իմ խաչն է, իմ ազգի վրա
Դամոկլյան կախված սրի փոխարեն
Իմ Տիրոջ ա՜ջն է։

Իմ արծվի բունն է, իմ որդու տունն է
Իմ նախապապի մամռոտ շիրիմն է,
Եվ թող աշխարհը սա լավ իմանա՝
Այս Շուշին... ի՜մն է...

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ
ՄԵՂԵԴԻՆ

 


Անահիտ Գաբրիելյան

Նվիրում եմ Արևիկ մորս,
Արծվիկ և Արամ եղբայրներիս
Կինը նստել էր քոլիկի դռան կլորավուն մեծ քարին ու աչքերը սևեռել հեռուն: Իսկ հեռվում մթություն էր. աչքդ մատ խոթեիր, չէիր տեսնի: Խավարի մեջ երբեմն լուսածիր գնդակների երկխոսություն էր, և ամեն անգամ կնոջ սիրտը կուչ էր գալիս. ՙՏեսնես ո՞ւմ բալին դիպավ՚: Երբեմն մոտիկից լսվում էր չախկալների ատամների չխկչխկոցը, կինը մտնում էր քոլիկ, կրակից մի խանձող էր հանում ու դուրս գալով շպրտում ներքև՝ դեպի թփերը, դեպի չխկչխկոցը: Կնոջ աչքերն արդեն ցավում էին մթան մեջ սևեռուն նայելուց: Նա փորձում էր ներքևի խավարի մեջ, թփերի արանքում շարժվող կետեր նշմարել, բայց` ապարդյուն…
Հեռվում արձագանք էին տալիս պայթյունները. ինչ-որ տեղ մարտեր էին մղվում: Երրորդ օրն էր՝ տղաները գնացել էին ազատագրելու հայրենի գյուղը, և նրանց հետ էին կնոջ Արծվիկ և Արամ եղբայրները: Երրորդ օրն էր՝ կինը բերանը բան չէր դրել: Որդիները դեռ կարգված չէին, Արծիվն արդեն վաղուց քսանյոթն անց էր, իսկ Արամը դեռ բոլորովին պատանի էր: Տասնվեցամյա հրամանատարը գորովանքով շոյում էր հրազենի փայտե կոթն ու մորն աչքով անելով, ասում. ՙԵս սրա հետ եմ ամուսնացած՚…
Կինը հառաչեց՝ հիշելով իր ծանր մանկությունը, ոսկեծամ պատանեկությունը, գիրզե փայլուն սապոգներով ու ձիգ կեցվածքով իր Անդրանիկ ամուսնուն, որն իրեն, ինչպես ինքն է միշտ կատակով ասում, ՙտանը մնացած՚ տասնվեց տարեկան գեղեցկուհուն հարս բերեց հարևան գյուղից: Եվ այստեղ, լեռան լանջին ծվարած այս անջուր գյուղում, ծնվեց առաջնեկը, երկրորդը… վեցերորդը: Եվ ամուսնու հետ մի լծի լծված, միշտ բեռի մի մասն իր ուսին դնելով, սատար եղավ նրան: Տուն շինեցին` երկհարկանի բարեկարգ ու շեն տուն, որ լցվեց զավակների ճռվողյունով: Ասես երեկ էր, առավոտները տնից վեց աշակերտ էր քայլում դեպի գյուղի դպրոցը, ու ծնողների սիրտը ցնծությամբ էր լցվում: Ապա տարբեր բուհեր իրենց հարկի տակ առան զավակներին, ու խնդության հանդեսը շարունակվում էր, որդիների ստացած ՙհինգերից՚ ժպիտով ծաղկում էր մոր դեմքը: Հայրը թաքուն հպարտություն էր ապրում՝ տղամարդ էր…
-Արա՛մս,- բնազդաբար հառաչեց,- մի օր չնստեց ուսանողական նստարանին, ընդունված օրից զենքը ձեռքին է…
Ներսից կանչեցին… Քոլիկում գտնվողներն ընթրում էին: Գյուղի ջահելներից մեկը գիշերով մտել, բոստաններից ամառվանից հողի մեջ մնացած մի քանի կարտոֆիլ էր հանել: Ու այժմ սպասում էին տղաներին՝ բնազդաբար ծամելով և մերթընդմերթ ականջ դնելով ուրուրների արձագանքներին, յուրաքանչյուրը մտքում աղոթելով, որ որդիներն առանց զոհի վերադառնան: Կնոջ բաժինն առանձին էր դրված ու արդեն սառել էր… Երրորդ օրն էր՝ բերանը բան չէր դրել ու սպասում էր զավակներին…
Նա սթափվեց մտքերից, երանության ժպիտն անհետացավ դեմքից, երջանիկ այն օրերից վերադարձավ պատերազմոտ իրականությանը: Որոտների թնդյունը տակավին արձագանք էր տալիս մոտակա ձորերում: ՙԳոնե ցերե՛կ լիներ…՚,- խփեց ծնկին: Գյուղում կին ու երեխա չէր մնացել, ծեր ու ջահել զենք էին վերցրել: Միակ ականանետը տղաներն Արամին էին վստահել: Երկու ինքնաձիգը շատ քիչ էին դիպուկ թիրախի նման թշնամու աչքի բիբի մեջ խրված գյուղը պաշտպանելու համար, և Արամը բոլորից թաքուն ՙնագաններ՚ էր սարքում ընկերների համար: Առաջին անգամ մայրն անկողնու ծալքի տակ գտավ դրանցից մի երկուսը: Գտավ ու սարսափեց… Սարսափեց և ուրախացավ… Ու նաև անասելի տխրեց, որ տասնվեցամյա որդին արդեն հասուն տղամարդ է:
Թուրքը չոքել էր գյուղի շեմին և սոված գայլի նման աչքերը պլստացնելով՝ ոռնում էր զենքի բոլոր տեսակներով:
Մայրը չկարողացավ մնալ թիկունքում, աղջկա մոտ, և գիշերը թաքուն վերադարձավ գյուղ, որպեսզի որդիների և ամուսնու մոտ լինի: Վաթսունամյա ամուսինը, չգիտես որտեղից, մի ինքնաշեն հրազեն էր ճարել ու որդիներից ետ չէր մնում: Կինը տղամարդկանց համար հաց էր թխում կիսավեր թոնրում, տաք ճաշ եփում, կթում իր միակ կովը, իսկ տղաներն իրիկունները, խաղաղ պահերին, մի գլուխ գովում էին ՙֆիդայի մայրիկի՚ թաժա հացն ու պանիրը: Մայրն անքուն սպասում էր հետախուզության գնացած տղաների վերադարձին և ապա միայն հանգիստ առնում, միշտ աչքի մեկը բաց, միշտ զգոն…
… Այն հրթի՞ռ էր, թե՞ լուսածիր գնդակ, որ կախվեց երկնքում ու, կարծես, չէր ուզում ընկնել: Կնոջ սիրտը ճմլվեց: Հեռվի աղմուկն ուժեղացավ, արձագանք տվեց: Սիրտն սկսեց ավելի արագ բաբախել: Ունկերի մեջ լսում էր սրտի տրոփյունը…
Կինն անուն ուներ, և այդ անունն էլ նրա դեմքի և հոգու նման պայծառ էր` Արևիկ: Հյուրասեր էր և շռայլ, աշխատասեր և բարի, ու դրա համար էլ բոլորի սիրելին էր: Իր երգ ու կատակով միշտ ուրախության սեղանների զարդն էր, իր զրույցը համեմում էր թևավոր խոսքով: Սակայն վերջերս լռակյաց էր դարձել, միայն թաքուն թե աշկար զրուցում էր Աստծո հետ: Մոր դեմքը թխպել էր, և ոչ մի զեփյուռ ի զորու չէր ցրել այդ ամպերը:
Ներսից նորից կանչեցին: Կինը սթափվեց, մի անգամ էլ ականջ դրեց ու վեր կացավ… ՙԴուք կերե՜ք, ես սոված չեմ՚,- մրմնջաց քթի տակ... Օջախի վրա թշշացող թեյնիկից լցրեց բաժակները, դրեց նստածների առջև և դուրս գնաց:
…Քարն արդեն հարազատի պես էր նրա համար: Այն իր բոլոր խոհերի ու ապրումների անխոս վկան էր: Օրնիբուն հոլի նման պտտվելուց հոգնած, իրիկունները մի պահ նստում էր քարին հանգստանալու: Նստելուց քարը տաքանում էր, և կինն այլևս չէր զգում նրա կոշտությունը: Պայթյունները վաղուց դադարել էին, և միայն ծղրիդների անհոգ երգն էր խախտում շրջապատի լռությունը՝ ժխտելով պատերազմը: Տղաներն արդեն վերադարձել էին մարտից, որը կիսատ-պռատ մի բան կերել, որն՝ անոթի, հոգնածությունից փշրված, քնով էին անցել հատակին փռված ներքնակների վրա: Միայն Արամ որդին և նրա հավատարիմ Արմեն ընկերը չէին վերադարձել: Թշնամուն հետ էին շպրտել գյուղի սահմաններից, քշել լեռան լանջն ի վար: Կատաղի մարտ էին մղել: Տղաներին տեսել էին, բայց վերջին պահին կորցրել աչքից: Արծվիկ որդին հանգստացնում էր մորը. ՙՈւր որ է՝ կերևան…՚: Մայրը կորցրել էր իրականության և ժամանակի զգացողությունը: Թվում էր՝ մի բան են թաքցնում իրենից, տղաների խոսքերում և հայացքներում բազմանշանակ երանգներ էր փնտրում իր յոթերորդ զգայարանով: Նա կարծես անզգայացել էր…
Մեկը դիպավ ուսին… Վեր թռավ… Արծիվ որդին էր. ՙԳնանք հաց ուտենք՚: ՙՍոված չեմ՚,- մրմնջաց: Ապա վեր կացավ, մի բրդուճ սարքեց, զոռով խոթեց որդու բուռը. ՙԴո՜ւ կեր՚: Որդու դեմքը մազակալած էր ու հոգնած, խելացի, պեծին տվող աչքերից անափ տխրություն էր կաթում: Լուսածիր գնդակներն արդեն հեռվից էին երկնքի մեջ խրվում ու մարում, որոտներն արդեն դադարել էին: ՙՏեսնո՞ւմ ես, մինչև որտեղ ենք նրանց քշել՚,-գրկելով մոր ուսը՝ որդին ձեռքը մեկնեց մինչև հազիվ նշմարվող լուսածրի հետքը: Մայրը մի բուռ դառավ. ՙԱրա՛մս…՚: ՙԿգա՜,- հաստատ ասաց Արծվիկը,- ներս գնանք՚…
…Կինը ցրտից սրսփաց և բացեց աչքերը. լուսանում էր: Տեսած երազի՞ց, թե՞ մի քիչ աչքերը փակելուց, անասելի թեթևություն էր զգում: Երազում Արամ որդին ճերմակ նժույգի վրա եկել-իջել էր կողքին, ամո՛ւր-ամուր գրկել ուսերը և ուրախ-ուրախ ինչ-որ բան էր պատմում: Մոր ականջին ծանոթ մեղեդի հասավ, երանության ժպիտը ծաղկեց դեմքին: Նա դուրս վազեց: Թվաց՝ երազի շարունակությունն էր… Դռան քարին նստել էր Արամ որդին և, ինչպես միշտ, մարտից հետո, ժպիտը շուրթերին ու կիսախուփ աչքերի մեջ, նվագում էր իր սիրելի ակորդեոնը: Ազդրը ամուր վիրակապված էր: Ոտքերի մոտ ծալապատիկ նստել էր նրա անբաժան Արմեն ընկերն ու վաստակած՝ ըմբոշխնում էր Հաղթանակի մեղեդին…