ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Մայրաքաղաքում 2019թ. բարեկարգման ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ է հարցազրույցը Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն ԹԱՄՐԱԶՅԱՆԻ հետ:

-Պարոն Թամրազյան, որո՞նք են քաղաքապետարանի 2019թ. իրականացվող և իրականացվելիք ծրագրերը:
-Մենք ստիպված ենք դանդաղ քայլերով իրականացնել քաղաքի բարեկարգման գործընթացը՝ բոլորիս պարզ պատճառներով: Արդեն մի քանի տարի կենտրոնական փողոցների բազմաբնակարան շենքերի ճակատային մասերի կապիտալ վերանորոգման ու պատշգամբների ամրապնդման ծրագիրը կշարունակվի նաև այս տարի: Քաղաքը բարետես դարձնող այս ծրագիրը սույն թվականին կիրականացվի Ն. Ստեփանյան 1, Նժդեհի 86, Ազատամարտիկների 22, 24 հասցեներում, իսկ Վ. Սարգսյան 20, 22 շենքերում կիրականացվի միայն պատշգամբների ամրապնդում: Մանկական խաղահրապարակների կառուցման ծրագիրը, որը նույնպես շարունակական է, այս տարի կիրականացվի Աջափնյակ թաղամասում, ինչպես և Վ. Սարգսյան 20, 22 շենքերը հարող բակում: Բազմաբնակարան շենքերի բակերի առանձին հատվածների վերանորոգման և ասֆալտապատման ծրագրի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ կընթանան Ազատամարտիկների 29,31,33 հասցեներում, ինչպես և Մանուկյան 11-ի, 13-ի, 15-ի բակերում: Շարունակական են փողոցների կոպճապատման, վերելակների սպասարկման աշխատանքները: Հենապատերի և աստիճանների վերանորոգում տեղի կունենա Սպանդարյան ու Մետաքսագործների փողոցները սանդուղքներով իրար միացող հատվածում: Կշարունակվի աղբատեղերի կառուցման և նոր աղբարկղների պատրաստման գործընթացը: Մեծ ուշադրություն կդարձվի արտաքին լուսավորմանը: Արտաքին լուսավորման ծրագրում երկու տարի առաջ կիրառել ենք Էներգախնայողական լամպերի օգտագործման պիլոտային ծրագիր, որը լրիվ իրեն արդարացրել է: Նշեմ, որ այդ արտաքին լուսավորման լամպերն ունեն 3 տարվա երաշխիքային ժամկետ, աշխատում են անգամ ավելին, ինչը նույնպես խնայողականության լուրջ չափանիշ է: Նախատեսվում է 2-3 տարիների ընթացքում բոլոր հին լամպերը փոխարինել էներգախնայողական լամպերով, ինչը, ըստ նախնական հաշվարկների, կբերի 50 տոկոս խնայողականություն: Այդ ծրագրի շրջանակներում 28 մլն դրամ համայնքի բյուջեից կօգտագործվի նորակառույց եկեղեցու տարածքի արտաքին լուսավորումն ապահովելու համար:
Չնայած ավարտվել է շուրջօրյա ջրամատակարարման նախատեսված ծրագիրը, սակայն քաղաքը տարբեր ուղղություններով ընդարձակվում է, կառուցվում են բնակելի նոր թաղամասեր, այլ օբյեկտներ, որոնց ենթակառուցվածքների, այդ թվում նաև ջրամատակարարման անցկացման խնդիրները՝ դառնալով օրակարգային, առաջ կբերեն ջրամատակարարման, ջրահեռացման և կոյուղագծերի անցկացման աշխատանքներ: Այս տարի կավարտվեն նկուղների մաքրման, նորոգման, կահավորման և լուսավորման աշխատանքները, որի հիմնական մասը իրականացվել է 2016թ.: 2019-ին պետք է կատարվի այդ աշխատանքների 20-25 տոկոսը: Կարևոր ծրագրերից է զոհված ազատամարտիկների և 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողների ընտանիքների բնակելի տների կապիտալ վերանորոգումը, որի համար կառավարությունը հատկացրել է 150 մլն դրամ: 80 մլն դրամ էլ պետբյուջեից փոխանցվել է քաղաքապետարանին, որպեսզի արտոնյալ խմբերին պատկանող ընտանիքների համար ձեռք բերվեն բնակարաններ: Մայիսի 9-ին Հուշահամալիրում տեղի կունենա Խորհրդային Միության 23 հերոսների հարթաքանդակների բացումը, որի հեղինակն է քանդակագործ Ալբերտ Հարությունյանը: Ի դեպ, նշենք, որ այդ քանդակներն ի սկզբանե տեղադրված էին Համալիրում, ուղղակի զգալիորեն վնասվել են պատերազմական տարիներին:
-Անդրադառնանք ներքաղաքային երթուղիների վիճակի բարելավման խնդրին: Քաղաքացիներին մտահոգում է ավտոբուսների արտանետած սև ծուխը, որն, անշուշտ, ազդում է մարդկանց առողջության վրա, ինչպես և աղտոտում է միջավայրը:
-Ավտոբուսները ժամկետային մաշվածության փուլում են: Երթուղիները սպասարկող երկու ընկերություններից ՙՄհեր՚ ՍՊԸ-ն պատրաստ է ներկրել նոր ավտոբուսներ, եթե պետությունը աջակցի վարկ վերցնելու հարցում: Քաղաքապետարանի կողմից այդ առաջարկը բարձրացվել է կառավարությունում, այժմ այն քննարկման փուլում է: ՙՍտեփանակերտ սերվիս՚ ՓԲԸ-ի նոր ավտոբուսներով համալրումը պետք է կատարվի պետական մակարդակով, քանի որ ընկերության լիազոր մարմինն է Արցախի ներդրումային հիմնադրամը: Ապրիլի 1-ին էլ հայտարարված է երթուղային տրանսպորտի ներքաղաքային երթուղիների մրցույթ, որին, ըստ պայմանավորվածության, ընկերությունները պետք է ներկայանան երթուղիների վիճակը բարելավված:
-Քաղաքի կանգառներում նկատելի են շինարարական աշխատանքներ: Դրանք տաղավարների կառուցման հետ կապ ունե՞ն, եթե այո, ծավալո՞ւն է այդ ծրագիրը:
-Տարիներ առաջ կառուցապատման իրավունքով կանգառների տարածքները տրամադրված էր հիմնականում մի մարդու, որը կառուցում էր ըստ քմահաճույքի: Պայմանագրի կետերը իրավաբանորեն թերի էին, և ներազդելու լծակներ, կարծես թե, չկային: Ազդելու մի հնարք գտանք, որից հետո տարածքները կարողացանք վերաբաժանել ու նոր պայմանագրեր կնքել, ըստ որի` ձեռնարկատերերը պարտավորված են կառուցապատման աշխատանքները կատարել ըստ նշված ժամկետների: Նրանք շահագրգռված են, քանի որ իրավունք ունեն այդ կանգառներում կառուցել կրպակ՝ իրենց ձեռնակատիրական գործն իրականացնելու համար: Ծրագիրը հավակնում է լինել ծավալուն, քանի որ ներկա դրությամբ բազում քաղաքացիների կողմից ներկայացված են դիմումներ՝ կապված կանգառների կառուցապատման հետ, անշուշտ, և կրպակների: Ենթադրվում է, որ այս տարի կկառուցապատվի կանգառների 60-70 տոկոսը:
-Տեղեկացված ենք, որ վերջերս հանդիպում եք ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, զրուցել երկու քաղաքապետարանների համագործակցության ծրագրի շուրջ: Այն կշարունակվի՞, և եթե` այո, ներկայացրեք այդ շրջանակներում իրականացվելիք ծրագրերի մասին:
-Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ առաջին անգամ հանդիպել ենք հոկտեմբեր ամսին, իսկ մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել ենք նորանշանակ տեղակալ Սերգեյ Համբարձումյանի հետ, որի հետ քննարկվել են համագործակցության ծրագրի ուղղությունները: Կարևորվեց երևանաբնակ զինծառայողների ծնողներին Արցախում ծառայող իրենց զավակներին անվճար տեսակցության հնարավորություն ընձեռելու ծրագիրը, ըստ որի` նրանց բերում են Ստեփանակերտ, որտեղից ամենքին տանում-հասցնում են զորամասեր` ապահովելով իրենց զավակների հետ տեսակցությունը: Առաջարկ է հնչել կանաչապատման ծրագրի շրջանակներում վերակառուցել տնկարանը, որպեսզի հնարավոր լինի մշտապես օգտվել տնկարանից, ինչպես նաև հանել վաճառքի, որը, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի մյուս տարի: Մոտակա ժամանակներում նախատեսվում է փոխադարձ այց, որի ընթացքում բազմակողմանի քննարկում տեղի կունենա համագործակցության ծրագրի շուրջ:
-Այս տարի տեղի կունենան ՏԻՄ, մասնավորապես նաև քաղաքապետի ընտրությունները: Ինչպե՞ս եք նախապատրաստվում ընտրարշավին:
-Ընտրական օրենսգրքով սահմանված պարտավորության շրջանակներում քաղաքապետարանը կապահովի քարոզարշավի համար համապատասխան տարածքներ, աջակցում ենք տեղամասային հանձնաժողովների տարածքներում կահավորման հարցին, համապատասխան տեղերում տեղադրում ենք ցուցատախտակներ, որտեղ թեկնածուները կտեղադրեն իրենց ծրագրերը, հայտարարությունները, լուսանկարները… Մի խոսքով՝ սահմանված կարգով աջակցում ենք ընտրարշավի և ընտրության կազմակերպմանը:

;