comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՙՀԱՆԳԱՆԱԿ՚-ՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՙՀԱՆԳԱՆԱԿ՚-ՈՒՄ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Օրերս, շուրջ 13 տարվա ընդմիջումից հետո, Արցախում էին ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանները։ Ապրիլի 15-ին նրանք այցելեցին ՙՀանգանակ՚ հասարակական կազմակերպության գրասենյակ, որտեղ տնօրեն Գոհար Հովհաննիսյանի և մյուս պատասխանատուների հետ քննարկեցին համատեղ իրականացվելիք ծրագրերը։

Ք. Նաջարյանը մասնագիտությամբ թերապևտ է, աշխատել է ԱՄՆ Բոստոնի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1989թ. Բոստոնում հիմնադրել է ՙՀայկական առողջապահական ընկերակցություն՚ բարեգործական կազմակերպությունը, որի մասնաճյուղերը հետագայում հիմնվեցին Երևանում և Ստեփանակերտում։ Հենց 1989թ. Ք. Նաջարյանի անմիջական նախաձեռնությամբ և միջոցներով մարդասիրական օգնություն, դեղորայք, բժշկական սարքավորումներ և շտապօգնության մեքենաներ են առաքվել Գյումրի և Արցախ։ Նրա շնորհիվ ԱՀ-ում վերակառուցվել է Մաճկալաշեն գյուղի մանկապարտեզը, նորոգվել Ծիծեռնավանքը և նյութական աջակցություն տրամադրվել Սոս, Քարին տակ, Մարաղա և այլ գյուղերի զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ 1995թ. ամուսինները Ստեփանակերտում հիմնել են Մոր և մանկան ՙԱրփեն՚ կենտրոնը։
Գ. Հովհաննիսյանը տիկին Նաջարյանին համարում է ՙՀանգանակ՚-ի կնքամայրը, որովհետև կազմակերպության ստեղծման գաղափարը կյանքի կոչվեց հենց հայրենանվեր այդ կնոջ աջակցությամբ։ Երբ 2003-2004թթ. մշակվեց նման կառույց ստեղծելու ծրագիրը, առաջինը մտահղացմանը ծանոթացավ հենց Ք. Նաջարյանը, ում հետ շուրջ 6 ամիս Գ. Հովհաննիսյանն ինտերակտիվ եղանակով կատարեց ուսումնասիրություններ ու հետազոտություններ։ Սկզբում բարերարն առաջարկեց իրականացնել պիլոտային ծրագիր, որպեսզի վերլուծություններից հետո գնահատեն դրա արդյունավետությունը։ Այնուհետև արդեն վստահ նա անձամբ այն ներկայացրեց հիմնական հովանավորներին՝ Հայ կանանց բարեկեցության միությանը։ Ք. Նաջարյանի և Գ. Հովհաննիսյանի հեռակա բարեկամությունն ավելի վաղ էր սկսվել, երբ վերջինս պատրաստվում էր ընդունվել Հայ-ամերիկյան համալսարան, և այնպես ստացվեց, որ ամերիկահայ բարերարն այս կամ այլ ծրագրերի շնորհիվ կարծես նախախնամությամբ հանդիպում և աջակցում էր Գ. Հովհաննիսյանին և հետագայում նաև Արցախում բնակվող միայնակ տարեցների բժշկական և սոցիալական օգնություն տրամադրող կառույց հիմնելու գաղափարին։ Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործում էր Հովհաննիսյանների տան նկուղային հարկում, և Ք. Նաջարյանն էլ առաջին անգամ հենց այդտեղ այցելեց ու ականատես եղավ ՙՀանգանակ՚-ի ծառայությանը, այնուհետև փորձեց ամեն կերպ իր աջակցությունը ցուցաբերել միայնակ տարեցներին։ Ներկայումս ՙՀանգանակ՚-ն ունի 231 շահառու, որոնցից 200-ը` Ստեփանակերտից, իսկ մյուսները Շուշիից և շրջաններից են։ Կազմակերպությունն ամեն ամիս շահառուներին տրամադրում է պարենամթերք, դեղորայք, կազմակերպում էքսկուրսիաներ, բացօթյա ճաշկերույթներ, կինոդիտումներ և տարաբնույթ միջոցառումներ՝ միայնակ տարեցներին սոցիալապես ակտիվացնելու համար։ Գրասենյակում նրանք պարբերաբար հավաքվում են, զրուցում և իրենց անհանգստացնող հարցերն ու խնդիրները բարձրացնում, որովհետև կառույցն իրենց համար դարձել է մի ընդհանուր տուն։ Այժմ այն տեղակայված է հարմարավետ շինությունում. Նաջարյան ամուսիններն Արցախում եղած եռօրյա այցի ժամանակահատվածում իրենց պարտքը համարեցին լինել գրասենյակում, ծանոթանալ հարմարավետ պայմաններին և նախանշել հետագա անելիքները, մասնավորապես, ԱՀ բոլոր շրջաններում ծառայությունն ընդլայնելու համար։ Ք. Նաջարյանն անդրադարձավ կազմակերպության ստեղծման ազնիվ գաղափարին, և թե ինչպես էր 90-ականներին Բոստոնի ծերանոցների տնօրենություններին փորձում համոզել համագործակցության եզրեր գտնել Արցախում ստեղծվող կառույցի հետ։ Այժմ, կարևորելով նաև Արցախի շրջաններում նմանատիպ ծառայության անհրաժեշտությունը, անչափ ոգևորված էր, որ արդեն երկու տարի է` միայնակ տարեցների օգնության ծրագիր է գործում նաև Շուշիում, և կազմակերպության պատասխանատուները, ի հեճուկս բոլոր արգելքների, փորձում են լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։ Բարերարը հավաստիացրեց, որ իրենք ջանքեր չեն խնայի Արցախի բոլոր շրջանների միայնակ տարեցներին ևս ծրագրում ընդգրկելու համար։
1995թ.-ից Ստեփանակերտում գործող Մոր և մանկան ՙԱրփեն՚ կենտրոնն անվանվել է հենց Ք. Նաջարյանի մոր հիշատակին։ Երբ 1992թ. նա այցելել էր Ստեփանակերտ և ականատես եղել այն բոլոր դժվարություններին, որ տիրում էր երկրում, ակամայից հիշել է իր մորը, որ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից մյուս գաղթականների հետ, բազում դժվարություններ կրելով, մազապուրծ հասել էր Նյու Յորք։ Այդ նույն տարում իր մահկանացուն է կնքում Արփեն մայրիկը, և Ք. Նաջարյանը որոշում է Ստեփանակերտում նրա հիշատակին հիմնել հղի կանանց աջակցության կենտրոն։ 1995-ից առ այսօր նա շարունակում է ֆինանսավորել ՙԱրփեն՚-ը, որն ի սկզբանե նպատակ ուներ օգնել հղիներին, որ նրանք առողջ ծննդաբերեն, և ինչ-որ տեղ բարելավվի Արցախի ժողովրդագրական վիճակը։ Ներկայումս այս կենտրոնում գրանցված է 50 հղի կին, իսկ ստեղծման օրվանից առ այսօր ծնվել է 32 հազար երեխա։ Ք. Նաջարյանն ունի հստակ ծրագրեր հղի կանանց աջակցության առումով, սակայն, դրան զուգահեռ, նա իր հնարավոր օգնությունն է ցուցաբերում ՙՀանգանակ՚ կազմակերպությանը։ Դեռևս 90-ականներին Ք. Նաջարյանն ԱՄՆ-ում փորձում էր կազմակերպել ճաշկերույթներ, որպեսզի հրավիրված գործարարներին համոզի նվիրատվություններ անել Հայաստանին ու Արցախին։ Իսկ հետո, ինչպես ինքը պատմեց, հասկացավ, որ ավելի դյուրին է այդքան գումար չծախսել ճաշկերությունների համար, այլ այդ միջոցներով օգնել հայրենակիցներին։ Այդ օրվանից ի վեր ամուսնու հետ միասին իրենց միջոցներն են ներդնում Հայաստանի և Արցախի սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի իրագործման համար։
Այս օրերին Նաջարյան ամուսինները, չնայած իրենց պատկառելի տարիքին, այցելեցին Արցախ` ականատես լինելու իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքին։ Նրանց ուրախությունն ու հուզմունքն անչափ մեծ էր, երբ Ստեփանակերտը տեսան բավականին բարեփոխված ու լուսավոր։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկահայ բժիշկ և բարերար Ք. Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատել ԱՀ Նախագահ Բ. Սահակյանը և Արցախին ցուցաբերած մշտական աջակցության համար շնորհել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալ։