comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
5-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՐՑԱԽԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

5-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՐՑԱԽԻՑ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի կոնֆերենց-դահլիճում հուլիսի 1-ին մեկնարկեց 5-րդ համահայկական բժշկական համագումարը՝ ՙՀայաստան-Սփյուռք-Արցախ միաձուլում` հանուն առողջության՚ խորագրով։ Նման համագումարների, սիմպոզիումների պատմության ընթացքում թերևս առաջին դեպքն է, որ դրա շրջանակներում Արցախում կազմակերպվել է նաև սատելիտ (տվյալ տարածաշրջանում անհրաժեշտ թեմաներ) սիմպոզիում, որը ներառեց երեխաների և մեծահասակների առողջության վերաբերյալ արդի խնդիրները։ Համագումարի պաշտոնական բացմանը ներկա էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ՀՀ ՙԱրաբկիր՚ բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, համագումարի կազմակերպիչ Արման Բաբլոյանը, ՙԻզմիրլյան՚ բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն և համագումարի նախագահ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Ամերիկայի հայ բժշիկների միության նախագահ Լարի Նաջարյանը, ուրիշներ։ 

Համագումարի մեկնարկն Արցախում Ա. Չարչյանը մեծ պատասխանատվություն համարեց։ Յուրաքանչյուր 4 տարին մեկ ՀՀ-ում և արտերկրում կազմակերպվում են հայ բժիշկների միջազգային համագումարներ, որոնց նպատակն է ծանոթացնել բժշկագիտության վերջին նվաճումներին, ստեղծել հնարավորություններ այդ ամենը ներդնելու ՀՀ-ում և Արցախում, ինչպես նաև զարգացնել աշխարհի տարբեր վայրերում գործունեություն ծավալող բժիշկների համագործակցությունը։ ՙՄենք բավականաչափ աշխատանքներ ենք կատարել Սփյուռքի և ԱՀ գործընկերների հետ։ Կարող եմ նշել, որ այս համագումարի ամենահատկանշական կողմն այն է, որ առաջին անգամ կազմակերպվում են սատելիտ սիմպոզիումներ Արցախում և ՀՀ մարզերում։ Հունիսի 28-29-ը Գյումրիում կայացավ մեծ սիմպոզիում՝ սեմինար պարապմունքներով, որոնք շատ կարևոր են մեր մասնագետների համար։ Հուլիսի 1-ին էլ Արցախում և Տավուշում միաժամանակ տեղի ունեցան սիմպոզիումներ բժիշկների և քույրերի համար՚,- նշեց Ա. Չարչյանը։
Ինչ վերաբերում է Արցախում կայացած համագումարի թեմաներին, ապա դրանք ընտրվել են ԱՀ առողջապահության նախարարության պատասխանատուների հետ ունեցած համատեղ քննարկման արդյունքում։ Ծրագիրը ողջունեց ԱՀ առողջապահության նախարարը և նշեց, որ ավանդույթ է դարձել մեկ դահլիճում միավորել աշխարհի տարբեր երկրների հայ բժիշկներին և անդրադառնալ ժամանակակից բժշկության նորագույն մոտեցումներին, կիսվել միմյանց հետ։ Բարձր գնահատելով միջազգային կարգի նման համագումարների կազմակերպումը` Ա. Բաղրյանը հավաստեց, որ դրանք միշտ էլ նոր շունչ են հաղորդում մասնակիցներին մասնագիտական գիտելիքների աճի, նորարարության մեթոդների տեղեկատվության, փորձի փոխանակման և գործնական աշխատանքի առումներով։ Նախարարը երախտագիտություն հայտնեց համագումարի կազմակերպիչներին, մաղթեց արդյունավետ աշխատանք։
Համագումարի կազմակերպիչ Արման Բաբլոյանը մեծ նշանակություն տվեց միջազգային կարգի այս ծրագրին, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների բժիշկները կիսվում են իրենց փորձով, ինտերակտիվ դասախոսությունների շնորհիվ մանրամասնում բժշկագիտության արդի մոտեցումները։ Համահայկական 5-րդ համագումարի մեկնարկը տրվեց Արցախում, սակայն այն կշարունակվի հուլիսի 3-ին և 4-ին` Երևանում։ Ամերիկայի հայ բժիշկների միության նախագահ Լ. Նաջարյանն իր հերթին գոհունակություն հայտնեց Արցախում առաջին անգամ բժշկական նման համագումար կազմակերպելու համար և հույս հայտնեց, որ դա արդեն ավանդույթ կդառնա ու ԱՄՆ Հայ օգնության ֆոնդի միջոցներով ծրագիրը կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։ Նա շնորհակալություն հայտնեց վերոնշյալ կառույցի ղեկավար Համբարձում Սիմոնյանին և մյուսներին, որոնց ջանքերով Սփյուռքի կողմից իրականացվում են այս և այլ ծրագրեր։ Լ. Նաջարյանն անդրադարձավ նաև պարբերաբար կազմակերպվող համագումարների իրականացման ներդրողներին և նևրովիրաբույժ Էդգար Հովսեփյանին, ով երկրաշարժի տարիներին սկսեց համագորածկցել սփյուռքահայերի հետ, ինչի արդյունքում հիմք դրվեց բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։ Ամերիկայի հայ բժիշկների միության կառույցը Նյու Յորքում տեղակայված մի քանի այն կազմակերպություններից մեկն է, որը համայն աշխարհի հայ բժիշկների համար փորձում է ապահովել բարձրորակ շարունակական մասնագիտական զարգացում։ ՙՄենք գիտենք, որ մեր ապագան նաև երիտասարդ մասնագետներն են, ուստի ներդրումներն ուղղում ենք նրանց կրթության գործին։ Մենք բաց ենք համագործակցության համար և համատեղ ուժերով կփորձենք հասնել մեր նպատակներին՚,- հավելեց Լ. Նաջարյանը։
Օրվա ընթացքում համագումարի զեկուցողներն անդրադարձան երեխաների շրջանում սուր շնչառական վարակների արդի խնդիրներին, ուռուցքների կանխարգելմանը, հաստ աղու ուռուցքային հիվանդությունների ճառագայթաբանական առանձնահատկություններին, այլ թեմաների։