"ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ" ԱՌԱՎԵԼ ԲԱՑ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունը հայտարարեց, որ ունի մամուլի խոսնակ` ի դեմս հայտնի լրագրող Արթուր Գրիգորյանի: Մամուլի խոսնակի նշանակումը ընկերության նոր, առավել թափանցիկ, բաց, մեդիայի և հանրության համար հասանելի քաղաքականության մաս է կազմում:
Օգոստոսի 19-ին նոր մամուլի խոսնակը նախաձեռնեց հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հանդիպումը ճանաչողական էր. նպատակը ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերության գործունեության վերաբերյալ առկա հարցերին, առաջարկություններին ծանոթանալն էր, հետագա փոխգործակցության կազմակերպումը:
ՙՙՂարաբաղ Տելեկոմի՚ ղեկավարության հետ աշխատանքն սկսելու հենց սկզբից մենք պայմանավորել ենք, որ պետք է ձգտենք առավելագույն թափանցիկ հարաբերություններ կառուցել հասարակության և մեդիայի ներկայացուցիչների հետ, և սա մեր առաջին քայլն էր,- ասաց Ա. Գրիգորյանը: -Մենք ցանկություն ունենք լսել ձեզ ոչ պաշտոնական միջավայրում, տեղեկանալ ձեր դիտարկումներին և՜ որպես լրագրող, և՜ որպես ՙՂարաբաղ Տելեկոմի՚ բաժանորդներ, բնականաբար, դրանք հետագայում հաշվի առնելու և մեր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նկատառումներից ելնելով՚։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա խնդիրները, դժգոհությունները, որ կան հանրության մեջ կապի ոլորտի խնդիրների, սակագնային քաղաքականության վերաբերյալ: Հնչել են նաև առաջարկություններ, որոնք, ինչպես արտահայտվեց ինքը` մամուլի խոսնակը, նորություն չեն, դրանց մի մասն ընդունելի է: Բայց կան նաև հարցեր, որոնք ընդամենը տեղեկացվածության պակասի արդյունք են: Նա պատրաստակամություն հայտնեց բաց լինել ցանկացած քննարկման համար` կապված ընկերության գործունեության հետ և արագ արձագանքել առաջացող հարցերին:
ՙՓորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի այդ տեղեկատվական բացը լրացվի, և ինֆորմացիան, իհարկե, բացառությամբ գաղտնիության տարրեր պարունակող, հնարավորինս հասանելի լինի հանրությանը՚,-ասաց նա, հավելելով, որ հեռահաղորդակցության ոլորտի մասին խոսելիս, հատկապես Արցախի քաղաքական կարգավիճակի պայմաններում, երբ յուրաքանչյուր վրիպակ կամ հնչեցված թիվ կարող է լուրջ վնաս տալ անվտանգությանը` դառնալով վերլուծության նյութ հակառակորդի համար, պետք է չափազանց զգույշ լինել:
Ինչ վերաբերում է խնդիրներին, հատկապես կապի որակին առնչվող, ըստ նրա, նախատեսվում է արդիականացնել ոլորտը, և այդ մասին արդեն հայտարարվել է ընկերության ղեկավարության կողմից:
ՙՂարաբաղ Տելեկոմի՚ կողմից համակարգի արդիականացման ծրագրերը տեղի են ունենալու երկու փուլով, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Նա փակագծերը ժամանակից շուտ չցանկացավ բացել, միայն նշեց, որ այդ ամենի հետևում ծանր աշխատանք կա, լուրջ ֆինանսական ներդրումներ են կատարվում: Նախատեսվում է հաջորդ տարի լրիվությամբ ավարտել ծրագիրը։ Առաջին փուլը 3G սարքավորումների արդիականացումն է, որը կիրականացվի մինչև հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի սկիզբը, որից հետո կսկսվեն ընդլայնման աշխատանքները` ծածկույթը մեծացնելու ուղղությամբ: Դրանք կընդգրկեն հիմնական՝ հարավային և հյուսիսային մայրուղիները, որոնք Արցախը կապում են Հայաստանին, ինչպես նաև առանցքային նշանակության ներհանրապետական ճանապարհներն ու բնակավայրերը։ Բնականաբար մեծ չափով կավելացվի նաև թողունակությունը, որը համադրելի կլինի հայաստանյան օպերատորների թողունակության հետ և բազմաթիվ խնդիրների լուծման ու դժգոհությունների վերացման հիմք կհանդիսանա։