ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԿԱՆ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Արցախում սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն էր իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ: Երեկ նրանք ասուլիս հրավիրեցին` ներկայացնելու իրենց դիտարկումները:
Պատվիրակությունը եղել է Արցախի մի շարք բնակավայրերում, այդ թվում և հեռավոր գյուղական համայնքներում, այցելել է 37 ընտրական տեղամաս: Պատվիրակության բոլոր անդամները փաստեցին, որ ընտրությունների ընթացքից բավականին տպավորված են, նույնիսկ հիացած, ինչը, սակայն, չի նշանակում, որ չէին սպասում նման ազատ, ժողովրդավար, կազմակերպված ընտրություններ: Որոշ դեպքերում արդարացրել էին սպասումները, բայց անակնկալ փաստերը նույնպես քիչ չէին, հատկապես հեռավոր գյուղերում ընթացող ընտրական գործընթացի վերաբերյալ: Վլ. Վարդանյանը ևս տեսակետ հայտնեց, որ այն անցել է շատ կազմակերպված, ժողովրդավար և միջազգային չափորոշիչներին համապատասխան:
ՙՍա, իհարկե, չի նշանակում, որ այն անթերի էր. կային մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք կապված են առավելապես օրենսդրական կանոնակարգումների հետ՚,-ասաց նա, հավելեվ, որ արձանագրված խնդիրները հնարավոր է լուծել, ընդ որում ` տեսանելի ապագայում, բայց կան խնդիրներ էլ, որոնք ոչ թե դիտավորության, այլ չիմացության, իրազեկվածության պակասի հետևանք էին: ՙԸնդհանուր առմամբ, ինչ մենք տեսանք Արցախի Հանրապետության մայրաքաղաքում և շրջաններում, իրոք, բավականաչափ ոգևորիչ էր, որովհետև տեսանք քաղաքացիական իրենց պարտքի հանդեպ պատասխանատվության գիտակցություն բոլոր տարիքային խմբերի, սեռի ընտրողների մոտ: Հատկապես տպավորվել են տարեցների ակտիվությունից, որոնց մեջ մարդիկ կային, որ ընտրատեղամասը փակվելուց հետո տուն չէին շտապում, այլ սպասում էին տվյալների նախնական հաշվարկի ավարտին: Դիտորդներն ընդգծեցին, որ ընտրական գործընթացն այն ժողովրդավարական հենքն է, որ ընկած է Արցախի պետականության հիմքում: Պատվիրակության ղեկավարը նշեց, որ, ինչպես ինքը, այնպես էլ պատվիրակության մյուս անդամները, միակարծիք են` Արցախում տեղական ինքնակառավարման ավանդույթները ավելի խորքային են, քան ՀՀ տարածքում, երևի նաև այն դրական փորձի շնորհիվ, որ ունեցել են Արցախի մելիքությունները Արցախի բնակչության ներքին կյանքի կազմակերպման առումով: ՙՍա մեծ ժողովրդավարական կապիտալ է ստեղծում հետագա գործընթացները կազմակերպելու համար՚,-համոզված են նրանք:
Պատգամավորներն անդրադարձան առկա խնդիրներին, որոնց մեջ առանձնացրին մի քանիսը: Մասնավորապես, նշվեց, որ արդյունավետ կլիներ, եթե քվեատուփերը լինեին առանձին. ասենք` համայնքապետի և ավագանու անդամների թեկնածուների քվեների համար, ինչը թույլ կտա դյուրին դարձնել ընտրությունների ամփոփման փուլի աշխատանքը: Օրենսդրական կանոնակարգման կարիք ունի քվեները ծրարավորելու գործընթացը, ինչը քվեարկության արդյունքների գաղտնիության ամենաբարձր երաշխավորության շեմ կարող է ապահովել: Այս մեթոդը կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում, այն կբացառի ասեկոսեները, քննարկումները գաղտնիությունը չպահպանելու մասին:
Դիտորդները խնդիր են համարում չհրկիզվող պահարանների բացակայությունը ընտրասրահներում, դրանք, որպես կանոն, եթե նույնիսկ առկա են, գտնվում էին կամ տնօրենների սենյակներում, կամ ընտրասրահից դուրս մեկ այլ վայրում: Անհրաժեշտ համարեցին ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստում անցկացնել դրանց նախապատրաստական փուլում` առավել պրոֆեսիոնալ աշխատելու համար, ցանկություն հայտեցին ավելի շատ կանանց տեսնել ինչպես թեկնածուների, այնպես էլ ընտրվածների մեջ: Ցանկալի կլիներ նաև որևէ կերպ, ասենք` գույնով, տարբերակվեին դիտորդների, ԶԼՄ ներկայցուցիչների ու հանձնաժողովի անդամների անվանաքարտերը, հավատարմագրման վկայականները, ինչը նույնպես անհրաժեշտ գործոն է ընտրական գործընթացում: Դիտորդները հույս հայտնեցին, որ այս և առկա մյուս թերությունները կվերացվեն և չեն լինի արդեն հաջորդ ընտրությունների ընթացքում:
ԿԸՀ նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը տեղեկացրեց, որ Արցախի ԿԸՀ-ն մշակում է նոր ընտրական օրենսգիրք, որը կազմելիս հաշվի են առնվել ընտրական գործընթացներում առկա թերացումները: Արցախը հաջորդ տարի նախատեսվող համապետական ընտրություններին կգնա արդեն նոր Օրենսգրքով: Առկա թերությունները վերացնելու, այդ թվում և մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու հարցում ՀՀ խորհրդարանականները խոստացան օժանդակություն և Արցախի ԿԸՀ-ին ներկայացրին իրենց առաջարկները: Նշվեց, որ ընտրական օրենսդրության կատարելագործման հիմքում պետք է դրվեն այն իրական խնդիրները, որոնք արձանագրվել են ընտրությունների դիտարկման ժամանակ: