ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԲՈԼՈՐԻՍ ԳՈՐԾՆ Է
Փարավոն ԱԴԱՄՅԱՆ
Հանրապետության վաստակավոր բժիշկ
Մենք չենք նկատում այն դրական փոփոխությունները, որ կատարվում են մեր սիրելի Ստեփանակերտում։ Քաղաքն աճում է օրեցօր՝ համալրվելով բազմահարկ, ժամանակակից շենքերով և տարածվում նոր թաղամասերի տեսքով։ Մայրաքաղաքի հյուրերը, որոնց քանակն օր օրի ավելանում է, հիանում են քաղաքի գեղեցկությամբ, մաքրությամբ, մարդկանց հյուրասիրությամբ և անկեղծ վերաբերմունքով։
Հայկական երկրորդ պետության մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը, շրջապատված է անտառաշատ տարածքներով, սառնորակ աղբյուրներով, տեսարժան վայրերով, պատմական հուշարձաններով։ Արցախ ժամանած զբոսաշրջիկներին ձգում է առաջին հերթին գեղատեսիլ բնությունը: Ցավոք, մարդն այս ամենը լիարժեք պահպանել չի կարողանում: Ի՛նչ տհաճ զգացողություն է առաջանում, երբ բնության այս գեղեցիկ անկյունում տեսնում ենք աղբակույտեր, ապականված բնություն: Պատկերացնու՞մ եք` ինչ տպավորություն են թողնում դրանք Արցախին սիրահարված զբոսաշրջիկների վրա... Մտածել է պետք։
Նախկին Ստեփանակերտում հիմնականում անհատական տներ էին` տնամերձ հողամասով, բերքատու ծառերով։ Ծառապատ էին մարզադաշտի շրջակայքը, հրապարակի հարակից տարածքը։ Քաղաքն աճել է անհատական տների, տնամերձ այգիների ու անտառների հաշվին, և պակասել է կանաչ զանգվածը։ Կանաչապատ էր Վ. Սարգսյան փողոցի թիվ 1,3, 5 շենքերի շրջակայքը. հետագայում բակերի կանաչ հատվածներն իրենց տեղը զիջեցին ավտոտնակներին։
Քաղաքի թոքերը ծառերն են։ Մարդ առանց թոքերի, քաղաքն առանց կանաչ զանգվածի գոյություն ունենալ չեն կարող։ Քաղաքում ծառը պետք է կտրվի միայն հատուկ հանձնաժողովի որոշմամբ, հաստատված քաղաքապետարանի կողմից։ Քաղաքը պետք է ունենա մասնագետ, ով պետք է զբաղվի նրա խնամքի ու պահպանման խնդիրներով, կանաչապատմամբ։ Քաղաքին քիչ հոգսեր չեն պատճառում ծխողները։ Նրանք վտանգում են իրենց և շրջապատի մարդկանց առողջությունը, կեղտոտում փողոցներն ու պուրակները։ ՙԾխելը վնասում է առողջությանը՚. ծխախոտի տուփի այս գրությունը հիմնավորված է։ Բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծխելը պատճառ է հանդիսանում շրթունքի, բերանի խոռոչի, կոկորդի, թոքերի, միզապարկի քաղցկեղի առաջացմանը։ Թոքերի քաղցկեղով 100 հիվանդներից 98-ը ծխողներ են, կոկորդի քաղցկեղով 100 հիվանդներից 96-ը` նույնպես։ Նման վիճակագրությունը պետք է սթափեցնի։ Ծխողները 40 տարեկան հասակից հետո տարին մեկ անգամ պետք է ենթարկվեն թոքերի ռենտգեն հետազոտման։
Առողջության պահպանման գործում մեծ դեր ունեն սնունդը, նրա պահպանման պայմանները: Գյուղատնտեսական մթերքները հաճախ կարելի է տեսնել արևի տակ, բանուկ փողոցի եզրին։ Ասֆալտը պարունակում է թունավոր նյութեր, որոնք գոլորշիանում են արևի ճառագայթների ազդեցությունից։ Այդ գոլորշիները նստում են մրգերի, հատապտուղների և գյուղատնտեսական այլ մթերքների վրա, ներծծվում նրա մեջ: Լվանալուց մթերքը չի ազատվում դրանցից, իսկ մարդը, օգտագործելով դրանք, վնասում է իր իսկ առողջությանը:
Պետական բյուջեն կազմվում է իմ և ձեր կողմից մուծված եկամտահարկերից, որոնք գանձվում են մեր աշխատավարձերից ու եկամուտներից։ Ինչ հաշվարկո՞վ են գանձվում եկամտահարկերն այն խանութներից, մանավանդ` գյուղմթերք վաճառող, որոնք գործում են առանց դրամարկղային հաշվիչ մեքենաների։ Հարկային մարմինները կարծես չնկատելուն են տալիս այդ արարքը։
... Իսկ մենք անտարբեր ենք մնում այդ և նմանատիպ բացասական այլ երևույթների նկատմամբ։ Ինչո՞ւ...
Հ.Գ.
ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթը եղել և մնում է մեր քաղաքացիների ամենացանկալի ու սիրելի թերթը։ Արցախյան զարթոնքի շրջանում թերթը լույս էր տեսնում հարյուր հազար տպաքանակով։ Նրան անհամբեր սպասում էին աշխարհի բոլոր ծեգերում ապրող հայերը։ Ժամանակները փոխվել են, համարյա չկա փոստային ծառայություն։ Թերթը լույս է տեսնում ընդամենը 650 օրինակ տպաքանակով։ Այն տարածվում է Ստեփանակերտ քաղաքում և շատ քիչ` շրջաններում։ Գյուղի բնակիչները թերթ չեն ստանում։ Չկան կամ շատ քիչ են բաժանորդագրվողները։ Թերթը հետամուտ չի լինում քննադատական հոդվածներում բացահայտված թերությունների վերացմանը, նախկինում` պարտադիր վերահսկման գործին։ Այժմ մայրաքաղաք Ստեփանակերտն ավտոբուսային կապերով կապված է հանրապետության համարյա բոլոր գյուղերի հետ։ Գյուղերում կան գյուղապետարան, գրադարան, մշակույթի տուն, դպրոց, որոնք պետական հիմնարկություններ են և պարտավոր են ստանալ հանրապետական թերթը։ Թերթը գյուղ հասնելու ամենահարմար ձևը երթուղային ավտոբուսների ծառայությունից օգտվելն է, իհարկե, համապատասխան պայմանագիր կնքելով քաղաքային ավտոկայանի ղեկավարության և թերթի խմբագրության միջև։ Միանշանակ մեծ է թերթի դերը մեր կյանքում տեղ գտած թերությունների վերհանման և վերացման գործում։