Logo
Print this page

ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԹԱԼԻՇՈՒՄ ԿՐԿԻՆ ՀՆՉՈՒՄ Է ԴՊՐՈՑԻ ԶԱՆԳԸ

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերի ավերված Թալիշը վերականգնվել է: Շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են գյուղի տարբեր հատվածներում: Սակայն արդեն պատրաստ հասարակական նշանակության շենք-շինություններն ու բնակարանները բավարար են հայրենի եզերք վերադարձողների առաջին խմբին ընդունելու համար: Մի քանի ընտանիքներ վերադարձել էին ավելի վաղ: Նոյեմբերը մեկնարկեց նոր ավետիսով: Թալիշի սիրտը կրկին զարկում է? դպրոցական զանգին համահունչ: Նորակառույց միջնակարգը կրկին մանուկների ճիչ ու աղմուկով է լցվել: Շատերին դեռ սպասում են, բայց արդեն իսկ գյուղ վերադարձած աշակերտների թիվն էլ բավական է? դասերը Թալիշում վերսկսելու համար: Դպրոցի տնօրենը դեռ նոր աշխատասենյակին է հարմարվում: 2016-ին հաջորդած երկու տարին Ալաշանում էր կազմակերպվում թալիշցի երեխաների ուսումը: Նոյեմբերի սկզբից Թալիշի միջնակարգ դպրոցի զանգը Թալիշում է հնչում: ՙՏեղափոխվել ենք աշնանային արձակուրդների ժամանակ եւ ամսի 4-ից արդեն դասապրոցեսն ընթանում է նորմալ հունով: Նոր դպրոցից գոհ ենք, դասասենյակները, գրադարանը կահավորված են, լաբորատորիաների կահավորումն էլ առաջիկայում ավարտին կհասցնենք՚,-լավատես է դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը:

Ուսուցչական կազմը գրեթե համալրված է: Մեծ մասը հենց Թալիշի դպրոցի ուսուցիչներն են: Մի մասն էլ շրջկենտրոնից են Թալիշ գալիս: Այսօր միայն անգլերենի եւ ֆիզիկայի մասնագետի խնդիր ունեն: Այստեղ դասերի մեկնարկը տվել է 26 աշակերտով: Որոշ դասարաններում դասերը դեռ միավորված են անցկացնում: Հայ գրականության ժամին ոմանք Մուրացանի, ոմանք էլ? Սահյանի ստեղծագործություններն են ներկայացնում:
Հարեւանությամբ կրտսեր դասարաններն են: Երաժշտության դասերն առանձին ոգեւորությամբ են անցնում: Կրտսերները դեռ սովորում են, իսկ ավագներն արդեն հրավիրում են պարելու եւ երգելու: Աշակերտներն իրենց ուժերով գրական-գեղարվեստական երեկո են կազմակերպել: Նորակառույց դպրոցի մեծ ու գեղեցիկ դահլիճում անցկացված առաջին միջոցառումն էլ վերնագրել են ՙՎերադարձ հայրենիք՚: Կրկին գովերգվել են հայրենի հողն ու այն աննվաճ պահող զինվորը:
Թեմային ամենամոտը դպրոցի զինղեկն է: Երեխաների համերգային ծրագիրն ավարտելուն պես իր կաբինետն է շտապում: 2016-ին հրետակոծության ենթարկված դպրոցից ռազմագիտության կաբինետի գույքի մի մասն է կարողացել փրկել, բերել նորակառույց դպրոց: Կատակում է? պատերազմ տեսած ցուցատախտակներ են: Արկի բեկորի հետքն էլ ցուցատախտակի վրա թողել է? որպես հիշեցում ամենակարեւորի մասին: ՙՂարաբաղի տարածքում ռազմագիտությունն առաջնահերթություն է: Դա բոլորիս համար է առաջնահերթություն: Կլինի կին թե տղամարդ, աղջիկ, թե տղա՚,- ընդգծում է զինղեկ Ֆեդյա Ապրեսյանը:
Անվտանգության հարցերը հաշվի են առել նաեւ Թալիշի դպրոցը կառուցողները: Ի տարբերություն նախկին դպրոցի, նորակառույցը հակառակորդի կողմից չի դիտարկվում, կարեւորում է Թալիշի նախկին համայնքապետը: Նոր կարգավիճակում էլ Վիլեն Պետրոսյանի համոզմունքը չի փոխվել? Թալիշը վերածնվելու է: ՙԹալիշն Արցախի հին բնակավայրերից մեկն է: Միջնադար են հասնում մեր գյուղի արմատները: Մենք, ներկայիս սերունդը, թույլ չենք տա, որ Թալիշի պատմությունն ընդհատվի մեր սերնդով: Եվ վստահ եմ, որ եկող սերունդներն էլ, հիմք ընդունելով Թալիշի ավանդույթները, կշարունակեն իրենց պապական հողում ապրել եւ ծաղկեցնել՚,- վստահ է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վիլեն Պետրոսյանը:
Նոր սերունդն էլ պակաս հաստատակամ չէ: 26-ն արդեն հայրենի գյուղի դպրոցում են: Սպասում են իրենց ընկերներին: ՙՀույս ունեմ? բոլորը կվերադառնան, ու նորից կվերականգնվի հին Թալիշը՚,- լիահույս է դպրոցի աշակերտ Վիկտորյա Օհանյանը:
Մինչ 2016-ի Ապրիլյան պատերազմը Թալիշի միջնակարգ դպրոցը 102 աշակերտ ուներ: Նոր դպրոցը կառուցվել է հենց այդ հաշվարկով:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.