comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

 

 

 

 

 

 

Լաուրա Գրիգորյան

 

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը։

Նիստի քննարկմանը ներկայացված առաջին հարցը, որի մասին հանգամանալից պարզաբանումներ տվեց հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետ Ա. Առաքելյանը, վերաբերում էր ՀՀ շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը հաստատելուն։
Ինչպես հայտնի է, դեռևս 2015թ. մի շարք միջոցառումներ էին իրականացվել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցման ուղղությամբ։ Համատեղ քննարկումների արդյունքում՝ որպես առաջին քայլ, 2015թ. օգոստոսի 1-ից համահավասարեցվեցին ԱՀ և ՀՀ կապի օպերատորների միջև գործող ռոումինգի ծառայությունների սակագները, որից հետո ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ԱՀ և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովների և ՙՎեոն Արմենիա՚, ՙՄՏՍ Հայաստան՚, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲ և ՙՅուքոմ՚ ՍՊ ընկերությունների միջև փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ։ Ստորագրված հուշագրով նախատեսվում է 2020թ. հունվարի 1-ից՝ կիսամյակային պարբերականությամբ, մինչև 2021թ. հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Նվազեցման չափը տվյալ ժամանակահատվածի ավարտին տարբեր ծառայությունների համար կկազմի 30-75 տոկոս։

Որոշման նախագծով առաջարկվում է սահմանել ժամանակացույց, համաձայն որի ամրակցված և շարժական կապի ցանցերում սկզբնավորված զանգի վերջնավորման վճարը շարժական կապի ցանցում 2020թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում 14,1 դրամից աստիճանաբար կնվազի մինչև 5 դրամ։ Նվազումը կկազմի 56 տոկոս։ Շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորման վճարը ամրակցված կապի ցանցում 2020թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում 9 դրամից աստիճանաբար կնվազի մինչև 5 դրամ. նվազումն այստեղ կկազմի 44, 4 տոկոս։
Հանձնաժողովը հաստատեց վերոնշյալ ժամանակացույցը։
Օրակարգի 2-րդ հարցի համաձայն՝ հիմք ընդունելով ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին՚ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 41-րդ հոդվածով Հանձնաժողովը որոշեց ուժը կորցրած ճանաչել մինչ այդ կայացրած մի քանի որոշումներ։
Նիստի քննարկմանը ներկայացված մեկ այլ հարց ՙՋեներալ էներջի՚ ՍՊԸ-ին ՙՉԱՐՀԷԿ՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին էր։ Զեկուցող Մ. Աթանեսյանի իրազեկմամբ՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին վերոնշյալ ընկերությունը հայտ է ներկայացրել Հանձնաժողով՝ ԱՀ Շահումյանի շրջանի Ծար համայնքի տարածքում՝ Թարթառ գետի ձախ վտակ Չար գետի ավազանում, ՙՉԱՐՀԷԿ՚ ՓՀԷԿ-ի ավազանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու համար՝ 15 տարի գործողության ժամկետով, իսկ ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված ժամկետ է համարվում ս.թ. նոյեմբերի 16-ից մինչև 2021թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Հանձնաժողովը բավարարեց ընկերության հայտը։
Նիստը քննարկեց նաև ՙՋի էներջի՚ ՍՊԸ-ին տրամադրված ՙԹԱՐԹԱՌ-2՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության 0010 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և ՙՋի էներջի՚ ՍՊԸ-ին ՙԹԱՐԹԱՌ-2՚ ՓՀԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրության նոր լիցենզիա տրամադրելու մասին հարցը։ Ս.թ. նոյեմբերի 12-ին նշված ընկերությունը դիմել է Հանձնաժողովին, որ ՙԹԱՐԹԱՌ-2՚ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների ընթացքում խոչընդոտներ են առաջացել` կապված ՙՋրաբերդ ամրոց՚ պատմության և մշակույթի հուշարձանի պահպանությանը վտանգ հասցնելու հետ։ Հիմք ընդունելով այդ հանգամանքը` ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը դիմել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը, Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողերի նպատակային նշանակության փոփոխության համար ներկայացված փաստաթղթերի մեջ ճշգրտումներ մտցնել։ Արդյունքում ընկերությունը մշակել է նոր նախագիծ, որի առնչությամբ նախարարությունն առարկություններ չուներ և Հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար նոր հայտ։ Հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց նախկին հայտը և բավարարեց նորը: Նշված հարցի առնչությամբ որոշ պարզաբանումներ տվեց Հանձնաժողովի նախագահ Մ. Վիրաբյանը։
Հանձնաժողովի՝ հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժնի պետ Ա. Հակոբյանի ներկայացրած հարցը շուրջ երկու տասնյակից ավելի հաճախություններով՝ Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ հայտարարելու մասին էր։ Հանձնաժողովը որպես լիցենզային վճար սահմանեց 200 հազար դրամը։
Նիստի վերջում ներկայացվեց և Հանձնաժողովի կողմից հաստատվեց ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թ. տարեկան գործունեության ծրագիրը։