[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈ­ՔՈՒԵԼ ՔԵՆ­ԹԸ ԵՎ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ

Ա­լեք­սանդր ԵՐ­ԿԱ­ՆՅԱՆ

 Հա­յե­րն աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում միշտ էլ շատ բա­րե­կամ­ներ են ու­նե­ցել։ Շա­տե­րին հիաց­նում էր հայ ժո­ղովր­դի տա­ղան­դը։ Ժո­ղովր­դի ա­մե­նա­վառ ու ա­մե­նա­հա­վա­տա­րիմ բա­րե­կամ­նե­րից էր ա­կա­նա­վոր ա­մե­րի­կա­ցի նկա­րիչ, գրող և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Ռո­քուել Քեն­թը։ Հա­յե­րի հաս­ցեին աս­ված նրա հիա­ցա­կան խոս­քե­րը խո­րա­պես հու­զում են յու­րա­քան­չյու­րին, ով լսում է դրանք։

Ա­հա Քեն­թի հն­չեց­րած խոս­քե­րը. ՙՀա­յաս­տա­նը հրաշք­նե­րի եր­կիր է։ Ե­թե ինձ հարց­նեն, թե մեր մո­լո­րա­կի վրա որ­տեղ կա­րե­լի է ա­վե­լի շատ հրաշք­նե­րի հան­դի­պել, ես, ա­մե­նից ա­ռաջ, կտա­յի Հա­յաս­տա­նի ա­նու­նը։ Ա­կա­մա­յից ապ­շում ես, որ աշ­խար­հի այս փոք­րիկ ան­կյու­նում կա­րե­լի է այն­պի­սի հու­շար­ձան­ների ու այն­պի­սի մարդ­կանց հան­դի­պել, ո­րոնք կա­րող են դառ­նալ ամ­բողջ աշ­խար­հի զար­դը և հպար­տու­թյու­նը։ Ե­րիցս օրհ­նյալ ե­ղիր, Հա­յոց աշ­խարհ՝ տա­ղանդ­նե­րի, մեծ ա­րա­րում­նե­րի բնօր­րան՚։
1957թ. Քեն­թը ա­մե­րի­կա-խոր­հր­դա­յին բա­րե­կա­մու­թյան ազ­գա­յին խոր­հր­դի նա­խա­գահ էր։ 1963թ. նա դար­ձավ ԽՍՀՄ գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի պատ­վա­վոր ան­դա­մը։ ՙԺո­ղո­վուրդ­նե­րի միջև խա­ղա­ղու­թյան ամ­րապ­նդ­ման հա­մար՚ Լե­նի­նյանի մի­ջազ­գա­յին մր­ցա­նա­կի կո­մի­տեի ո­րո­շմամբ 1967թ. Ռո­քուել Քեն­թին շնորհ­վեց Լե­նի­նյան մի­ջազ­գա­յին մր­ցա­նակ՝ խա­ղա­ղու­թյան պահ­պան­ման և ամ­րապ­նդ­ման գոր­ծում ու­նե­ցած ակ­նա­ռու ա­վան­դի հա­մար։
Մր­ցա­նա­կա­յին գու­մա­րի մի մա­սը (10 հազ. դո­լար) Քեն­թը ծախ­սել է բա­րե­գոր­ծա­կան նպա­տակ­նե­րով՝ ի նպաստ Վիետ­նա­մի պա­տե­րազ­մում տու­ժած­նե­րի։
Ան­ցյալ հա­րյու­րա­մյա­կի 60-ա­կան թվա­կան­նե­րին, երբ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­վե­լի քան վատ­թա­րա­ցած էին, Քեն­թը, լի­նե­լով ա­մե­րի­կա-խոր­հր­դա­յին բա­րե­կա­մու­թյան ազ­գա­յին խոր­հր­դի նա­խա­գահ, բո­լոր ու­ժե­րով փոր­ձում էր այն­պես ա­նել, որ ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան մա­սին հնա­րա­վոր լի­նի խո­սել ոչ թե տե­սա­կա­նո­րեն, այլ ի­րա­պես։ Այդ նպա­տա­կով էր նա Մոսկ­վա ե­կել։ ԽՍՀՄ-ում լույս տե­սան նրա գր­քե­րի թարգ­մա­նու­թյուն­նե­րը, ին­չը խոր­հր­դա­յին մի­լիո­նա­վոր ըն­թեր­ցող­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն տվեց ճա­շա­կե­լու գե­ղե­ցի­կի հետ առ­նչ­վե­լու հա­ճույ­քը, ծա­նո­թա­նա­լու ու­րի­շի մշա­կույ­թին, ընդ­լայ­նե­լու աշ­խար­հի մա­սին ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րը։

1950-60-ա­կան թվա­կան­նե­րին Քեն­թը ԽՍՀՄ-ում ա­մե­նա­հան­րա­ճա­նաչ ար­տա­սահ­մա­նյան նկա­րիչն էր։ Նա հա­մոզ­ված էր, որ ար­վես­տը պետք է մեր­ձեց­նի ժո­ղո­վուրդ­նե­րին, և այդ նպա­տա­կով իր աշ­խա­տանք­նե­րի մի քա­նի ցու­ցա­հան­դես­ներ կազ­մա­կեր­պեց։ 1957թ. Պուշ­կի­նի ան­վան կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ ԽՍՀՄ-ում Քեն­թի աշ­խա­տանք­նե­րի ա­ռա­ջին ցու­ցա­հան­դե­սը։ Այ­նու­հետև 1957-1958թթ. ցու­ցա­հան­դես­ներ կազ­մա­կերպ­վե­ցին Լե­նինգ­րա­դում, Ռի­գա­յում, Կիևում, Օ­դե­սա­յում։ Ցու­ցա­հան­դես­նե­րը մեծ հա­ջո­ղու­թյուն ու­նե­ցան։ 1960թ. նո­յեմ­բե­րին Քենթն ան­ձամբ նոր ցու­ցա­հան­դե­սի հա­մար Մոսկ­վա բե­րեց և խոր­հր­դա­յին ժո­ղովր­դին ըն­ծա­յեց իր աշ­խա­տանք­նե­րի մեծ հա­վա­քա­ծուն։
Այն­տեղ կար ընդ­հա­նուր թվով շուրջ 900 գործ. 80 գե­ղան­կար, 800-ից ա­վե­լի նկար և փո­րագ­րան­կար, ԱՄՆ-ում նրա պատ­կե­րա­զար­դում­նե­րով հրա­տա­րակ­ված գր­քեր, նրա ո­րոշ գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ձե­ռագ­րեր։ Քեն­թի ցան­կու­թյան հա­մա­ձայն` Խոր­հր­դա­յին Միու­թյանն ըն­ծայ­ված նրա բո­լոր աշ­խա­տանք­նե­րը բաշխ­վե­ցին Մոսկ­վա­յի Պուշ­կի­նի ան­վան կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րա­նի (մեծ մա­սը), Էր­մի­տա­ժի պե­տա­կան թան­գա­րա­նի, Արևմտյան և արևե­լյան ար­վես­տի Կիևի թան­գա­րա­նի, Հա­յաս­տա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հի միջև։
Մի ան­գամ ան­ցյալ դա­րի վաթ­սու­նա­կան թվա­կան­նե­րին՝ ՙսա­ռը պա­տե­րազ­մի՚ ա­մե­նա­թեժ պա­հին, Ռո­քուել Քենթն այ­ցե­լեց Հա­յաս­տան։ Գրեն­լան­դիա­յի խս­տա­շունչ բնու­թյան և ու­ժեղ մարդ­կանց մա­սին տաս­նյակ նկար­ներ ստեղ­ծած հյու­րին Հա­յաս­տա­նը գե­րեց զար­մա­նա­լիո­րեն բա­րի մարդ­կան­ցով, ո­րոնք ապ­րում են` շր­ջա­պատ­ված ա­հեղ լեռ­նե­րով։ Նրան ըն­դու­նե­ցին հայ­կա­կան հյու­րա­սի­րու­թյան բո­լոր կա­նոն­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Նա հան­դի­պում­ներ ու­նե­ցավ հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյան և հայ­կա­կան մշա­կույ­թի ու ար­վես­տի բազ­մա­թիվ հան­րա­հայտ գոր­ծիչ­նե­րի հետ։ Շա­տե­րի հետ նա բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տեց։ Շա­տե­րի մա­սին նա հե­տո ջեր­մո­րեն էր ար­տա­հայտ­վում։
Ա­հա Քեն­թի խոս­քե­րից մե­կը՝ ՙՀրաշք­նե­րի եր­կիր Հա­յաս­տա­նի մա­սին իմ պատ­կե­րա­ցու­մը թե­րի կլի­ներ, ե­թե ես լսած չլի­նեի Լու­սի­նե Զա­քա­րյան կոչ­վող այս իս­կա­կան հրաշ­քի եր­գը,-այս­պես է նա ա­սել հիաս­քանչ հայ երգ­չու­հու մա­սին, ո­րի ան­զու­գա­կան սոպ­րա­նոն աշ­խար­հով մեկ բազ­մա­թիվ ուն­կն­դիր­նե­րի սր­տեր էր գե­րել։
Հրա­պա­րա­կա­խոս Սեր­գեյ Բաբ­լու­մյա­նը պատ­մել է Ռո­քուել Քեն­թի հետ կապ­ված՝ հե­ռա­վոր ան­ցյա­լում մնա­ցած մի հե­տաքր­քիր փաս­տի մա­սին։ Երբ մո­տե­ցավ հրա­ժեշտ տա­լու ժա­մա­նա­կը, դի­լի­ջան­ցի­նե­րը ցան­կա­ցան հան­րա­հայտ ա­մե­րի­կա­ցուն որ­պես հի­շա­տակ այն­պի­սի մի ար­ժա­նի նվեր տալ, ո­րը նրա վրա տպա­վո­րու­թյուն կգոր­ծեր։ Եր­կար մտո­րում­նե­րից ու քն­նար­կում­նե­րից հե­տո լու­ծում գտն­վեց։ Դի­լի­ջան­ցի­նե­րը ո­րո­շե­ցին Քեն­թին որ­պես նվեր մա­տու­ցել քա­ղա­քի մո­տա­կայ­քում ի­րա­կա­նաց­ված պե­ղում­նե­րի ժա­մա­նակ գտն­ված սա­փո­րը։ Այն ե­րեք հա­զար տա­րե­կան հին, բա­ցա­ռիկ սա­փոր էր։ Սա­փո­րի տա­րի­քը սահ­մա­նած մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ այդ գտա­ծոն կա­րող է աշ­խար­հի ցան­կա­ցած թան­գա­րա­նի զար­դը դառ­նալ։ Ա­մե­րի­կա­ցի վար­պե­տին Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­կան ար­վես­տի պե­տա­կան թան­գա­րա­նի Դի­լի­ջա­նի մաս­նա­ճյու­ղի ցու­ցան­մուշ հա­մար­վող այդ սա­փո­րը հանձ­նեց թան­գա­րա­նի տնօ­րեն Վա­նիկ Շա­րամ­բե­յա­նը։
Ռո­քուել Քեն­թը բարձր գնա­հա­տեց իր հայ բա­րե­կամ­նե­րի նվե­րը։ Ե­րախ­տա­գի­տու­թյամբ այն ըն­դու­նե­լով՝ նրա­նից չէր բա­ժան­վում մինչև մեկ­նե­լու օ­րը, իսկ ճա­նա­պարհ ընկ­նե­լուց ա­ռաջ լու­սան­կար ա­րեց դի­լի­ջա­նյան տան պատշ­գամ­բում, մի տան, որն ա­վե­լի վաղ հյու­րըն­կա­լել էր Մաք­սիմ Գոր­կուն, Մար­տի­րոս Սա­րյա­նին, Բո­րիս Պիոտ­րովս­կուն, Բեն­ջա­մին Բրի­թե­նին և այլ հայտ­նի մարդ­կանց։
Ա­մե­րի­կա­յում իր տա­նը նկա­րիչն այն դրեց բու­խա­րու վրա։ Եվ այն բո­լո­րին հպար­տու­թյամբ ցույց էր տա­լիս։
Սա­կայն Քեն­թի ապ­րած եր­կար կյան­քի վեր­ջում նրա տունն այր­վեց կայ­ծա­կի հար­վա­ծից։ Ա­մեն ինչ հրո ճա­րակ դար­ձավ: Անվ­նաս մնաց միայն հին հայ­կա­կան սա­փո­րը։ Եվ, ինչ­պես հա­վաս­տիաց­նում էր գե­ղան­կա­րի­չը, այն ա­վե­լի էր գե­ղեց­կա­ցել։ Եվ այդ ժա­մա­նակ տա­րեց նկա­րի­չը կտա­կեց իր ա­ճյու­նը հենց այդ սա­փո­րում ամ­փո­փել։ Ռո­քուել Քեն­թը մա­հա­ցել է 1971թ. մար­տի 13-ին Նյու Յորք նա­հան­գի հե­ռա­վոր հյու­սիս-արևմուտ­քում գտն­վող Պլատս­բուրգ քա­ղա­քում։ Երբ Ա­մե­րի­կա­յից լուր ստաց­վեց Քեն­թի մահ­վան մա­սին, հայտ­նի դար­ձավ, որ նրա կամքն ի կա­տար է ած­վել, և Հա­յաս­տա­նի մեծ բա­րե­կա­մի ա­ճյունն ամ­փոփ­վել է Դի­լի­ջա­նում գտն­ված ե­րեք­հա­զա­րա­մյա սա­փո­րում։ Նրա ա­ճյու­նով սա­փո­րը հո­ղին է հան­ձն­վել ՙԱս­գոր՚ ֆեր­մա­յում (Նյու Յորք նա­հանգ)՝ այն տան դի­մաց, որ­տեղ նա ապ­րել է կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին։
www.russia-armenia.info