[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ պետնախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանն ու  առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն  ապրիլի 7-ին  հանդես են  եկել  մամուլի ասուլիսով: Առիթը Արցախում գրանցված՝  կորոնավիրուսով (COVID-19) հիվանդացության անդրանիկ դեպքն էր:

Ինչպես տեղեկացրել է Գ. Մարտիրոսյանը  լրագրողներին,  վարակակիր քաղաքացին 63 տարեկան է,  ապրում է ԱՀ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում,  Արցախ է ժամանել մարտի 30-ին ՀՀ  Արտաշատի շրջանի մի գյուղից: ՀՀ և Արցախի առողջապահական համակարգերի համագործակցության արդյունքում  պարզվել է, որ  այդ քաղաքացու ընտանիքի՝ Հայաստանում բնակվող  անդամները վարակակիրներ են, և անմիջապես միջոցներ են ձեռնարկվել նրան  մեկուսացնելու  ուղղությամբ:  Քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել:   Նրան թեստավորել են ապրիլի 6-ին,  թեստի պատասխանը  (դրական) ստացվել է  ապրիլի 7-ին, որին էլ հետևել է  այս մամուլի ասուլիսը:  Վարակված քաղաքացին  այժմ բուժումը ստանում է Երևանում:  Նա որևէ քրոնիկ հիվանդությամբ չի տառապում: Կորոնավիրուսային հիվանդության ծանր ախտանիշներ նույնպես չուներ:

 «Հիմք ընդունելով սահմանված մեթոդաբանությունը՝ որի համաձայն վարակված անձի հետ շփված անձանց թեստավորումը ախտանիշների բացակայության պարագայում կատարվում է մեկուսացման 13-րդ օրը, այդ անձը, որը ախտանիշներ չի ունեցել, հսկողության տակ է պահվել մեկուսացված ձևով, մինչև տվյալ ժամկետի լրացումը: Հաշվի առնելով, որ այս ընթացքում Արտաշատի շրջանում ապրող իր ընտանիքի անդամների մոտ հաստատվել է վարակվածության դեպք, մեր առողջապահության ոլորտի պատասխանատուները ապրիլի 6-ին թեստավորել են քաղաքացուն և փորձանմուշը ուղարկվել է ՀՀ համապատասխան լաբորատորիա, որի պատասխանն էլ ստացվել է այսօր»,- հայտարարեծ Գ. Մարտիրոսյանը:

Կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ կոնտակտներ  ունեցած  անձանց շրջանակը, ինչպես տեղեկացրեց Գ. Մարտիրոսյանը,  հայտնի է, նդրանց թիվը  հասնում է  17-ի և, չնայած ախտանիշների բացակայությանը, նրանք նույնպես  արագ ինքնամեկուսացվել են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ապրում է փոքր բնակավայրում, որոշում է կայացվել ինքնամեկուսացման ռեժիմ  սահմանել  ոչ միայն հիվանդի հետ շփումներ արձանագրած անձանց, այլև Միրիկի բոլոր բնակիչների համար.  գյուղը լրիվությամբ  մեկուսացվել է, վերահսկողություն է սահմանվել նրա   տեղաշարժի վերաբերյալ: Գ. Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ համայնքում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, ախտահանվել են նշված 17 անձանց  բնակարանները,  առաջիկայում կախտահանվեն  համայնքի բոլոր բնակարանները:  Իսկ որպեսզի մեկուսացումը լիարժեք լինի և ինքնամեկուսացումը խախտելու պատճառներ ի հայտ չգան, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության հետ համաձայնությամբ, տեղի բնակիչները կապահովվեն բնակկենցաղային  անհրաժեշտ պարագաներով,  ախտահանիչ նյութերով, սնունդով:

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ նշել է, որ, անհրաժեշտության դեպքում, Միրիկի բոլոր բնակիչներին կթեստավորեն, սակայն առայժմ թեստավորումը կիրականացվի ըստ առաջնահերթությունների:  Միրիկում շուրջօրյա ռեժիմով կգործի բուժկետ:   Լրագրողների հարցին ի պատասխան, առողջապահության նախարարը նշել է, որ  Արցախում ևս  նախնական միջոցներ են ձեռնարկվել  անհրաժեշտության դեպքում  բուժում իրականացնելու համար, բոլոր շրջաններում կան մեկուսացման վայրեր,  բուժհիմնարկներ:
Համատեղ ասուլիսի ընթացքում  պետնախարարն ու առողջապահության նախարարը անդրադարձել  են հանրապետության տարածքում մինչ այդ իրականացված և շարունակվող  կանխարգելիչ,  հակահամաճարակային ու  սոցիալ-տնտեսական միջոցառումներին: Առողջապահության նախարարությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով,  օպերատիվ, և չնայած հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, պատասխանատուները հավաստիացնում են,   որ Արցախում  խուճապային տրամադրությունների  պատճառներ  չկան, քանի որ   կառավարությունը պատրաստ է  և իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վարակից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Ա. Բաղրյանը տեղեկացրել է, որ մինչ օրս թեստավորում է իրականացվել 34 քաղաքացու մոտ: Կառավարության՝ Արցախում  կորոնովիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված  քայլերն իրականացվում են  առողջապահական համակարգի կարողությունների ու հնարավորությունների պատրաստվածության աստիճանի բարձրացման,  հիմնականում՝ նյութատեխնիկական  ապահովության, դեղերի ձեռքբերման ու մասնագիտական հզորությունների ընդլայնման,   վարակի ներթափանցման ռիսկի նվազեցման, այդ թվում՝   սահմանին հսկողության,  Արցախի ներսում շփումների նվազեցման  ուղղությամբ: Ինչպես հայտնի է, բոլոր գերատեսչությունների աշխատանքային գրաֆիկն ու գործառույթները վերանայվել են, դադարեցվել է ուսումնական գործընթացը, պետական աշխատողների մեծ մասն աշխատում է հեռավար եղանակով:  Մասնավոր հատվածի հետ նույնպես համապատասխան աշխատանքներ են տարվում: Իրականացվում են  նաև սոցիալ-տնտեսական ռիսկերի վերահսկման ու  նվազեցման միջոցառումներ, մասնավորապես՝ գների մոնիտորինգ,  Արցախում գործող երկու՝ Ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների   շահառուների  համար արտոնություններ,  տրանսպորտային կապին առնչվող միջոցառումներ: Պետնախարարը տեղեկացրել է, որ ԱՀ մտնող բոլոր մեքենաները համատարած ախտահանվում են, հասարակական տրանսպորտը նույնպես: Նմանատիպ աշխատանքներ են տարվում նաև խոշոր խանութներում, առևտրի կետերում ու հասարակական նշանակության  օբյեկտներում:   Դրանք առավել կակտիվացվեն առաջիկայում՝ լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով այդ աշխատանքներում: 

Պետնախարարն ասել է, որ անհրաժեշտության դեպքում կուժեղացվի վերահսկողությունը, կխստացվեն տեղաշարժի սահմանափակումները՝ նվազեցնելու համար պոտենցիալ շփումները: 

Ինչպես ամբողջ աշխարհում, համավարակն իր բացասական ազդեցությունը հասցրել է թողնել նաև Արցախի տնտեսության վրա և  հակաճգնաժամային   միջոցառումների իրականացման անհրաժեշտություն է առաջանալու նաև մեզ մոտ: Այս պահին կառավարությունում քննարկումներ են ընթանում  և  հակաճգնաժամային քայլեր կձեռնարկվեն. տարբեր ոլորտի պատասխանատուները մոտակա  օրերին կներկայացեն կառավարության որոշումների համապատասխան նախագծեր,  որոնցով կտրվի  համապատասխան  միջոցառումների մեկնարկը երեք ուղղություններով՝ սոցիալական, գյուղատնտեսական ,  ՓՄՁ  ոլորտ: «Գյուղատնտեսության բնագավառի համար  կան արդեն համապատասխան նախագծեր, հնարավոր է, որ  դրանք ներկայացնելու համար  առաջիկայում գյուղնախարարը հանդես գա համապատասխան ասուլիսով»,-ասել է պետնախարարը:-   Կընդլայնվեն գյուղատնտեսական տարածքները, հատկապես գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները,  սոցիալական բնույթի հակաճգնաժամային նախագծեր կիրականցվեն: Կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն նաև տնտեսվարողների խնդիրները՝ մշակվում են աջակցության մեխանիզմներ:

Լրագրողները հետաքրքրվեցին առաջիկայում նախատեսվող նախագահական ընտրությունների երկորդ փուլի միջոցառմամբ, որը, արդեն հայտնի է, որ լինելու է ընդամենը մեկ շաբաթ անց՝ ապրիլի 14-ին: Ինչպե՞ս է այն կազմակերպվելու հիվանդության գրանցման դեպքի ֆոնին:  Այս մասին պետնախարարն ասել է, որ կառավարության կողմից կկազմակերպվեն բոլոր միջոցառումները, որպեսզի նվազագույնի հասցվեն քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը, ինչպես որ  եղել է   մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների քվեարկության օրը: Քաղաքացիների համար ապահովելու են ախտահանման բոլոր միջոցները:

«Քաղաքական նման կարևոր իրադարձության ժամանակ, ինչպիսին է ընտրությունների երկրորդ փուլը, որը կկայանա ապրիլի 14-ին, առավելագույնս կապահովենք անվտանգության բոլոր կանոնները, կուժեղացվի հսկողությունը: Այս անգամ կփորձենք խուսափել հնարավոր կուտակումներից»,- ասել է Գ. Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ խուճապային տրամադրության պատճառ չկա, քանի որ  իրավիճակը վերահսկվում է:

Նա հորդորել է բնակիչներին առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին:

 Կրթական գործընթացի վերաբերյալ հարցին ի պատասխան Գ. Մարտիրոսյանն ասել է, որ  չի բացառվում, որ, իրավիճակի զարգացումներից ելնելով, ուսումնական գործընթացը կրկին դադարեցվի: Հաշվի առնելով, որ Արցախի կրթական համակարգը գործում է ՀՀ ընդհանուր կրթական համակարգին զուգընթաց, ընդունվող որոշումները համահունչ կլինեն հայաստանյան կրթական ոլորտում իրականացվող միջոցառումներին: