[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ՄԱՐԴՆ ԻՐ ԳԼԽԻ ՈՒ ԻՐ ՈՒՆԵՑԱԾԻ ՏԵՐՆ Է

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

 Մյուրիշենցի Արարատ Առուշանյանին պատահեցի պատահաբար՝ համայնքներ կատարած մեր հերթական շրջայցի ժամանակ:

Հաճելի էր նայել լեռնալանջին տարածված ոչխարի հոտի շարժին ու հետևել «հովվի» «կարգադրություններին»... Մոտեցա, ծանոթացանք: Պարզվեց՝ շատ հաճելի զրուցակից է: Հայացքով հետևում էր հոտի ընթացքին ու ծիծաղն աչքերում պատասխանում հարցերիս: Նկատում եմ անհանգստությունը. ոչխարը սարի հետևն է անցնում: Բայց ոչինչ, հեռվից դեռևս հնարավոր է վերահսկել:


-Անունս Արարատ է, ազգանունս՝ Առուշանյան: Ծննդով Մյուրիշենից եմ: Խորհրդային տարիներին կոլտնտեսությունում զոդող էի աշխատում ու մեր գյուղի խանութում խանութպան էի: Վատ չէր, եկամուտը հերիքում էր բոլ ապրելու համար: Արցախյան պատերազմի առաջին օրվանից ներգրավվել եմ՝ շատերի նման ու ճակատագրի բարի կամոք տեսել, այօր վայելում եմ հաղթանակը,- պատմում է մյուրիշենցի Արարատը:

Ես փորձում եմ նրա խոսքի մեջ մեր օրերում տարածված դժգոհությունը որսալ՝ չի լինում: Մարդն իր կյանքից ու ստեղծածից գոհ է: Զոդողի մասնագիտությունը հետպատերազմյան շրջանում այդպես էլ կայուն եկամուտ չբերեց: Աշխատում է իր համար՝ առիթի դեպքում: Առևտրով չզբաղվեց: Ընտանիքի հայրը որոշեց ուժերը կենտրոնացնել անասնապահության վրա: Հինգ երեխա ունի՝ երեք աղջիկ ու երկու տղա, մեկ էլ՝ 11 թոռ: Աստված պահի: Աղջիկներն ամուսնացել ու հեռացել են հայրական տնից: Մեկը Հացի է ապրում, մյուսը՝ Նախիջևանիկում, երրորդը՝ Ստեփանակերտում: Տղաները մնացին գյուղում: Այսօր նրանք հոր թև ու թիկունքն են: Ավագ որդին ամուսնացել՝ առանձին է ապրում, կրտսերը՝ ծնողների հետ է: Գյուղի անասնաբույժն է: Միակ անհանգստացնող փաստը հոր համար այն է, որ որդին չի ամուսնանում: Բայց դա էլ իր պատճառներն ունի երեևի, դա էլ կլինի:

Առևտուրը թողնելու համար մի քիչ փոշմանում է: Տարիքի հետ արդեն առողջությունն էլ է սկսում թուլանալ, ոչխարի ետևից սարեր բարձրանալ ու իջնելը, տոթ ու ցեխոտ օրերին հանդերին մնալն իր հետքն է թողնում: 56 տարեկան է, ողջ գիտակցական կյանքում իրեն աշխատանքի մեջ է հիշում: Ուրախ է դրա համար: Գյուղում ես ապրում՝ պիտի չարչարվես: Չնայած ամեն տեղ էլ պիտի աշխատես, առանց աշխատանքի ապրուստի միջոց չի ստեղծվում՝ ժպիտը դեմքին շարունակում է իր մասին պատմել ու փիլիսոփայել:

Գյուղում ապրելով՝ երկու ձևով կարող ես վաստակել. կամ անասնապահությամբ, կամ՝ հողագործությամբ: Չի խանգարում, եթե կարողանում ես երկուսն էլ համատեղել, բայց դժվար է: Ու ինքն իրեն ուղղում է՝ հիմա քաղաքում ապրողն էլ է հաճախ իր ապրուստի միջոցը հող մշակելով ու անասուն պահելով ստեղծում: Կարևորը՝ մարդ ցանկանա ու աշխատի, մի քիչ դժվար, մի քիչ հեշտ՝ գործը գլուխ կգա: Կարևորը սկիզբն է,  առաջին քայլը կատարեցիր՝ հաջորդն էլ կանես, մենակ թե ուղղությունը ճիշտ ընտրես, քոնը գտնես: Անասնապահությամբ միշտ էլ զբաղվում էր: Հիմա արդեն 130 գլուխ ոչխար ունի: Երբեք վարկերից չի օգտվել, ամեն ինչ ստեղծել է սեփական միջոցներով: Ասում է՝ հասցրել է և գլխաքանակ ապահովել, և մի քիչ էլ եկամուտ: Ընթացիկ տարում եկամուտն ավելի շոշափելի կլինի, քանի որ հիմա արդեն քանակի ուղղությամբ չի մտածում, ավելացածը կիրացնի ու եկամուտ կդարձնի: Հիմնականում մայր ոչխարներ են: Իր համեստ հաշվարկներով՝ 100 գլուխ մայր ոչխարից առնվազը 150 գառ է ծնվում, տարեկան 3-4 մլն դրամի եկամուտն ակնհայտ է: Որտե՞ղ աշխատես, որ այսքան գումար վաստակես: Իրացման հետ կապված խնդիր չի ունենում: Առանձնապես ամռան շրջանում պահանջարկը մեծ է...

Նախորդ տարիներին աշխատել է հարևան գյուղերում, ու մինչև հիմա իր աշխատանքի դիմաց վարձատրությունը չի ստացել: Հիմա ինքն իր գլխի ու իր արածի տերն է՝ ոչ խոստացող ունի, ոչ՝ խաբող:

Ոչխարներն իր բակում կառուցած հին անասնագոմում է պահում: Ընդլայնելու հետ կապված իմ հարցին բացասական պատասխան է տալիս: Ինչ ունի՝ հերիք է:
Իմ ծանոթ-անծանոթից բաժանվեցի՝ շատ պայծառ մի բան տանելով հետս: Աչքիս առաջ նրա գոհունակ ժպիտն էր ու աչքերի փայլը: Ես չգիտեմ՝ իրականում ով էր մյուրիշենցի իմ նոր ծանոթը, բայց ուրախ եմ, որ հանդիպեցի նրան, որովհետև նա մի նոր երանգ փոխանցեց մեր առօյա իրականությանը: