[ARM]     [RUS]     [ENG]

Ճերմակ համազգեստի խորհուրդը

Զոհրաբ Ըռքոյան

 Վերջերս, կապված նոր կորոնավիրուսի  և դրա դեմ պայքարելու հետ, հաճախ ենք անդրադառնում  բուժաշխատողների, հատկապես՝ բուժքույրերի աշխատանքին: Ճերմակ համազգեստով կանայք, ովքեր ունեն մեծ պարտավորություն և  հույս ու օգնական  են ցանկացած հիվանդի համար: <<Բուժքույր-գթության քույր>> այս արտահայտությունը հաճախ է կիրառվում հատկապես մարդկության համար ամենամեծ չարիքի՝ պատերազմի ժամանակ: 1853-1856 թվականներին տեղի ունեցավ պատերազմ՝ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի ու Սարդինիայի կոալիցիայի միջև: Ռազմական գործողությունների մեծ մասն ընթանում էր Ղրիմ թերակղզու համար: 1854թ. հոկտեմբերին բրիտանացի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլին 38 օգնականների՝ միանձնուհիներ, բուժքույրեր, կամավորներ, հետ մեկնում են ռաժմաճակատ և աշխատում դաշտային հիվանդանոցներում: Սկզբում աշխատում են Թուրքիայում, հետո՝ Ղրիմում:

 Ըստ տեղեկությունների՝ մինչ բուժքույրերի ճակատ մեկնելը, վիրավորների, հիվանդների գրեթե կեսը մահանում էր, հետագայում, երբ Ֆլորենսն սկսեց զբաղվել  հիվանդներին ու վիրավորներին օգնելով,  մահերի թիվը հասավ  2-3 տոկոսի: Ղրիմյան ծանր պատերազմի ընթացքում Ֆլորենս Նայթինգեյլին կազմակերպել է գթության քույրերի՝ աշխարհում առաջին ծառայությունը:

Ծնվել է 1820 թվականի մայիսի 12-ին Ֆլորենցիայում, հարուստ ազնվականի ընտանիքում: Ստացել է հիանալի կրթություն՝ տիրապետում էր հին հունարենինլատիներենին, ֆրանսերենին, գերմաներենին և իտալերենին։ Նրա գլխավոր նպատակը մարդկանց մահից և հիվանդություններից փրկելն էր։ 20 տարեկանում որոշեց դառնալ բուժքույր, բայց նրա երազանքը կատարվեց միայն 13 տարի հետո:  Մահացել է 1910 թվականի օգոստոսի 13-ին, Լոնդոնում:

1965 թ. ստեղծվեց Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN): 1974 թվականից աշխարհի 141 երկրներում  Ֆլորենս Նայթինգեյլիի ծննդյան օրը՝ մայիսի 12-ը, նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր(IND): Աշխարհի մի շարք երկրներում բուժքույրերին նվիրված հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում՝ մեծարելով ճերմակազգեստ կանանց:

1912 թվականին Կարմիչ Խաչի Լիգան ստեղծեց Ֆլորենս Նայթինգեյլի մեդալ, որը մինչ օրս համարվում է պատվավոր մրցանակ բուժքույրերի համար։ Լոնդոնում գործում է Ֆլորենս Նայթինգեյլի թանգարանը, որտեղ ներկայացված են նրա կարևոր իրերը։ Նայթինգեյլիի կյանքի մասին նկարահանվել են մի քանի գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր։

Ղրիմի պատերազմից հետո բազում այլ պատերազմներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զինվորների հետ ռազմաճակատ են մեկնել բուժքույրեր՝ գթության քույրեր, ովքեր իրենց կյանքի գնով շատերին են մահից փրկել: Մարդասիրական այս կարևոր առաքելությանն են հավատարմագրվել նաև հայ շատ բուժքույրեր, ովքեր մեծ ներդրում են ունեցել Մեծ Հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան օրերին:

Ավելի է մեծացել բուժքույրերի աշխատանքը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Մեր երկրում հաստատված արտակարգ իրավիճակի առաջին իսկ օրերից <<Արցախ Բունիաթյանի անվ. Քաշաթաղի շրջանային բուժմիավորում>> ՊՈԱԿ-ի բուժքույրերն սկսեցին աշխատել, բառիս բուն իմաստով, լրիվ արտակարգ իրավիճակում: ՀՀ-Արցախ 3 գլխավոր ճանապարհ անցնում է Քաշաթաղի շրջանով, և սահմանակետերում ստեղծվեցին բուժսանիտարական հենակետեր՝ շուրջօրյա հերթապահությամբ: Մինչ օրս այս հենակետերում հսկում են բուժքույրերը՝ հնարավորինս կանխարգելելով վիրուսի տարածումը: Բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մի քանի անգամ այցելել ենք նշված հենակետեր, ծանոթացել նրանց աշխատանքին: Սիրով ու նվիրումով են աշխատում տարեց ու երիտասարդ բուժքույրերը՝ գիտակցելով իրենց առաքելությունն այս օրերին:

Արցախում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը գրանցվեց Քաշաթաղի շրջանում: Նույն բուժմիավորումում բուժվեցին 2 հիվանդ: Մինչ կորոնավիրուսի հայտնվելը՝ մեր գթության քույրերը դարձյալ աշխատում էին նվիրումով:

Շնորհավորում եմ ճերմակ համազգեստով մեր քույրերին՝ մաղթելով բարին: Եվ հավատում եմ՝ նրանց աշխատանքի շնորհիվ օր առաջ կմոռանանք նոր վիրուսի մասին: