COVID-19-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՆՑԵԼ Է 5 ՄԻԼԻՈՆ 207 ՀԱԶԱՐԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
ՀՀ-ում աճում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում հայտնված վարակակիրների թիվը
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մայիսի 22-ի դրությամբ անցել է 5 միլիոն 207 հազարը: Գրանցվել է մահվան ավելի քան 334 հազար դեպք: Ընդհանուր առմամբ՝ նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվել է 2 միլիոն 082 հազար 717 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 1 միլիոն 620 հազար 902 հաստատված դեպքով: Գրանցված մահվան ցուցանիշներով ԱՄՆ-ն ևս առաջինն է աշխարհում. այստեղ մահացել է 96 հազար 354 մարդ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 317 հազար 554 վարակակիրներով և մահվան 3 հազար 099 ելքով: Վարակվածների թվով երրորդ տեղում հայտնվել է Բրազիլիան՝ շրջանցելով Իսպանիային: Բրազիլիայում վարակված է 310 հազար 921 մարդ, իսկ մահացել է 20 հազար 082 հիվանդ: Ընդհանուր վարակվածության ցուցանիշով հաջորդն Իսպանիան է, որտեղ արձանագրվել է վարակի 280 հազար 117 դեպք: Այստեղ մահացել է 27 հազար 940 հիվանդ: Վարակվածների թվով հաջորդ երկիրը Մեծ Բրիտանիան է՝ 250 հազար 908 ընդհանուր հաստատված դեպքով և մահվան՝ 36 հազար 042 ելքով: Մահվան դեպքերի թվով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջին տեղում է, իսկ աշխարհում՝ երկրորդը ( ԱՄՆ-ից հետո): Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակված է 228 հազար 006 քաղաքացի. մահացել է 32 հազար 486 հիվանդ: Իտալիայից հետո Ֆրանսիան է՝ 181 հազար 826 հաստատված դեպքով և մահվան՝ 28 հազար 215 ելքով: Իսկ Գերմանիայում գրանցվել է 179 հազար 021 դեպք. այստեղ վարակից մահացել է 8 հազար 309 մարդ: Թուրքիայում հաստատվել է 153 հազար 548 վարակակիր, իսկ մահացել է 4 հազար 249 քաղաքացի: Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվել է 129 հազար 341 մարդ, մահացել՝ 7 հազար 249 հիվանդ:
COVID-19-ով վարակի բռնկման երկիր հանդիսացած Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում, որտեղ գրանցվել է 82 հազար 971 ընդհանուր և 4 նոր դեպք։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 721-ի. այստեղ մահացել է 12 մարդ:
Իսկ ՀՀ-ում մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 322 նոր և ընդհանուր 5928 դեպք։ Հայաստանում ապաքինվել է 2874 քաղաքացի, իսկ մայիսի 22-ի տվյալներով՝ 293 մարդ։ Արձանագրվել է մահվան 74 դեպք: Մահվան վերջին դեպքերի վերաբերյալ մասնագետները տեղեկացնում են, որ 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան վարակակիրներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Ներկայումս կորոնավիրուսային հիվանդությամբ ՀՀ-ում բուժվում է 2952 հիվանդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 47654 թեստավորում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 21-ին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ վարակված քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, իսկ 63 հիվանդինը՝ ծայրահեղ ծանր։ Բացի դրանից 15 հիվանդի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ ՀՀ-ում ստեղծված տխուր վիճակագրությունը փաստում է, որ COVID-19-ով վարակվածների թվի աճին զուգընթաց` աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների, ինչպես նաև թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված վարակակիրների թիվը։ Ա. Թորոսյանի խոսքով՝ պետք է այնպես անել, որ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող որևէ քաղաքացի զրկված չլինի վերակենդանացման բաժանմունքում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։ Ստեղծված իրավիճակում որոշվել է կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով և ախտանշաններ չունեցող կամ շատ թեթև ընթացքով հարյուրավոր քաղաքացիների մեկուսացման վայրերից տեղափոխել իրենց տները, իսկ նոր ախտորոշված քաղաքացիներին չմեկուսացնել հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն օրեցօր աճում է, իսկ առկա մահճակալային ֆոնդն ու այլ ռեսուրսներները պետք է օպտիմալ օգտագործվեն: Ռազմավարության այս փոփոխության առումով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտն իրականացնելու է COVID-19-ի տնային պայմաններում բուժման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։
Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի 21-ին ստացվել են թեստավորման ուղարկված 44 փորձանմուշի պատասխանները։ Հետազոտության արդյունքներով՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակ հաստատվել է 4 քաղաքացու մոտ։ Նրանք Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից ու շփման շրջանակից են: Այսպիսով, Արցախում հաստատվել է վարակի 33 դեպք: Հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ՝ բուժվել է 8 հիվանդ, իսկ մեկուսացված է 69 քաղաքացի։ Թեստավորվել է 669 մարդ։
Նոր վարակի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 77 ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով: Դրանք տրամադրվել են բուժհաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջվարչակազմերին՝ անհրաժեշտության դեպքում զանգվածային ախտահանում կատարելու համար: Սարքերին զուգահեռ հատկացվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ:
Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին Աղավնո, Խնձորեսկ, Խարխափուտ հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանից Արցախ մուտք գործած 853 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից էլ մայիսի 15-ին կորոնավիրուսի տարածման հետևանքով ծագած սոցիալական խնդիրների ու դժվարությունների մեղմացման նպատակով Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր համայնքների և Քնարավան համայնքի Չափնի գյուղի բնակիչներին տրամադրվել են պարենամթերք և հիգիենիկ պարագաներ:
ԱՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։