Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Համավարակը՝ համավարակ, բայց կյանքը շարունակվում է...

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Ինչպես  Արցախի հանրապետության մյուս քաղաքներում ու գյուղերում, Ասկերանում էլ կյանքի կանոնների թելադրողը Covid-19-ն է:  Ասկերան քաղաքի նորընտիր քաղաքապետ Հայկ Շամիրյանը  հարցազրույցի ներկայացավ դիմակով, և մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ պետք է հետևել  Պարետի ցուցումներին՝ եթե մեզ թանկ են մեր մտերիմների ու մեր իսկ առողջությունը: Պաշտոնը ստանձնել է, ինչպես կարգն է՝ հնգամյա ծրագրով,  պատրաստ դրա շրջանակներում իրականացնելու Ասկերան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացումը,  լուծելու առկա խնդիրներն ու ապահովելու բնակչության բարեկեցությունը:  

Ասկերան  համայնքում ներկա պահին բնակվում է 2536 բնակիչ, որոնց մի մասը ժամանակավոր հաշվառում ունեն: Նոր համայնքապետը նշեց, որ մեծ նշանակություն են տալիս ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը:

Այդ և մյուս ծրագրերը՝ հընթացս, իսկ այժմ ստիպված են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին առավել ուշադրություն դարձնել:

ՙՙԽստագույնս հետևելով Պարետի ցուցումներին, համապատասխան  որոշումներով կազմակերպելով անհրաժեշտ միջոցառումները և համագործակցելով բոլոր գերատեսչությունների հետ, փորձում ենք այնպես անել, որ համավարակը չտարածվի այստեղ, բայց միաժամանակ չխաթարվի Ասկերանի բնականոն կյանքը։ Հունիսի  15-ից Պարետի նոր որոշման համաձայն դիմակ կրելը պարտադիր է, և  մենք հետամուտ ենք, որ փակ տարածքներում,  փոքրաթիվ մասսայական միջոցառումների ժամանակ պահպանվեն այդ կանոնները՚՚:

Ախտահանման աշխատանքերն Ասկերանում սկսվում են առավոտյան վաղ, ոպեսզի մարդկանց տեղաշարժը չխանգարի: Այդ աշխատանքները կազմակերպվում են  ՙՙԽաչենշին՚՚  ընկերության և Արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ,  Հակահամաճարակային  կայանի Ասկերանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Ախտահանվում են ադմինիստրատիվ,  պետական, բնակելի բազմաբնակարան շենքերը, խաղահրապարակները: Գերատեսչություններում, խոշոր ընկերություններում կատարվում են ջերմաչափումներ:    Բայց, համոզված է համանքապետը, կորոնավիրուսը  չպիտի պատճառ հանդիսանա, որ նախանշվող  ծրագրերը չկատարվեն:  ՙՙԻնչ հնարավոր է՝ կատարում ենք: Ասկերանը մի քանի տարի հետո պիտի ավելի գեղեցիկ լինի. բարեկարգ և աչք շոյող՚՚,-ասում է Հայկ Շամիրյանը:  Ասկերանի բերդի տարածքից  սկսած՝ պլանավորում են բարեկարգել քաղաքի բոլոր ճանապարհները, կառուցել հենապատեր, ասֆալտապատել ու   սալապատել դրանք,  փոխել էլեկտրասյուները:

Ասկերանում հրատապ է ջրի խնդիրը, բայց, համայնքապետի խոսքով խնդիրն առաջանում է ոչ թե դրա սակավության, այլ ոչ ճիշտ կառավարման պատճառով: Որոշ թաղամասերում ջրի օգտագործման հաշվիչներ տեղադրված չեն, և բնակչությունն օգտագործված ջրի դիմաց վճարումները կատարում է  ըստ շնչերի: Շուրջօրյա ջուր Ասկերանում կա, բայց գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին  մատակարարումը  պարբերաբար է կատարվում, որպեսզի այն  բավարարի կենցաղային պայմանները: Համայնքապետի խոսքով՝ հարցի կարգավորման  ծրագիրն արդեն մշակված է. այն թաղամասերը,  որտեղ հաշվիչներ չկան, կտեղադրվեն, և երեք-չորս  ամսվա ընթացքում խնդիրը կլուծվի:

Ասկերանը մայրաքաղաք Ստեփանակերտից մոտիկ բնակավայր է: Այս հանգամանքը ինչպես դրական, այնպես էլ բացասական ներգործություն է ունենում քաղաքի զարգացման վրա: Բացասականն այն է, որ  սպասարկման, զվարճանքի օբյեկտները չեն զարգանում, քանի որ բնակիչներն ինչպես  իրենք, այնպես էլ քաղաքի հյուրերը օգտվում են  մայրաքաղաքի հնարավորություններից: Դրականն  այն է, որ հեռավոր բնակավայրերի համեմատ ստիպված չեն տրանսպորտային մեծ ծախսեր կատարել կամ այլ ուղիներ   փնտրել՝ ստացված գյուղմթերքը շուկա հասցնելու համար: Ասկերանում շատերն են բանջարաբոստանային  կուլտուրաների, հատապտուղների և պտուղների մշակությամբ  զբաղվում ու  ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս արդեն ունեն իրենց հաճախորդները, ովքեր հենց տեղում են  գնում դրանք:

Հողագործությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ ու գինեգործությամբ  ասկերանցիները սիրում են զբաղվել: Յուրաքանչյուր ընտանիք այստեղ  գինեգործության ավանդույթներին, կարելի է ասել, տիրապետում է: Ասկերանում է գտնվում հանրապետության խոշոր ալկոհոլային խմիչքների գործարաններից մեկը՝  ՙՙԱրցախբրենդի կոմպանի՚՚-ն, որն արդեն  համաշխարհային ճանաչում ունի:  ՙՙՎարանդա՚՚  ընկերությունը, որը հայտնի է  իր կաղնու տակառներով,  ոչ լրիվ հզորությամբ, բայց՝ նույնպես աշխատում է: Վերջին տարիներին Ասկերանում  սկսել են զարգացնել ջերմոցային տնտեսությունները. տնտեսվարողներ կան, որ  զբաղվում են ծաղիկների, մորու, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ՝  հաշվի առնելով շուկայի պահանջարկը և նույնիսկ խստաշունչ ձմռանը սպառողին են հասցնում թարմ ծաղիկներ ու պտուղ-բանջարեղեն:  Քաղաքապետը տեղեկացրեց, որ Խնաբադի և  Ասկերանի համայնքների վարչական տարածքներում  ռուսաստանաբնակ գործարարի ներդրումներով 20 հա ազնվամորու այգիներ  են գցվել:

Ասկերանում այս պահին երեք բազմաբնակարանոց  շենք է կառուցվում, նախադրյալներ կան, որ   կկառուցվի ևս երկուսը:  Քաղաքի Մշակույթի տունն է  նախագծանախահաշվային փուլում, մոտ  ապագայում կսկսեն դրա կառուցման աշխատանքները:   ՙԲերդ՚  թաղամասում էլեկտրաֆիկացումն ավարտված է, ընթանում է գազիֆիկացման գործընթաց: Հայկ Շամիրյանը տեղեկացրեց, որ դրանք  պետական  միջոցներով են արվում են: Ասկերանի հիվանդանոցի հարցն արդեն մի քանի տարի քննարկվում է տարբեր ատյաններում. այն գտնվում է  անմխիթար վիճակում, իսկ նորը կառուցելը բավականին ծախսատար է: Ամեն դեպքում, նոր փոքրիկ հիվանդանոց կառուցելու որոշում կայացվել է. երկրի  նախագահը խոստացել է, որ 2021 թվականին  Ասկերանի հիվանդանոցի կառուցման աշխատանքերի առաջին փուլը կմեկնարկի: Քաղաքի  Ղըլիշբաղ կոչվող տեղամասում  նոր կոյուղագիծ պիտի կառուցվի,  նախագիծը՝ 216 մլն դրամ արժեքով, կազմված է, երկու տարվա ընթացքում այն ևս պիտի շահագործման հանձնվի:  Ներկա դրությամբ դպրոցի հին շենքն են  ապամոնտաժում՝ նախադպրոցական կրթօջախ կառուցելու համար:

Հ. Շամիրյանը համոզված է, որ կյանքն իր առօրյա հունը պիտի մտնի, և աշխատանքներ կան, որ չի կարելի կանգնեցնել նաև   կորոնավիրուսի պայմաններում: