Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԳԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ՝ ՀԵՏԵՎԵԼՈՎ ՕՐԵՆՔԻՆ

Սուսաննա Բալայան

 Չնայած համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին, մարդիկ հաճախ են դուրս գալիս տնից՝  գնումներ կատարելու համար։ Ինչ խոսք, մթերք, բանջարեղեն, մրգեր վաճառող խանութները քաղաքի ամենաբանուկ կետերն են, որտեղ մարդկանց հոսքը գրեթե մինչև երեկո չի դադարում։ Մարդաշատ այդ կետերից մեկն էլ <<Հաղթանակ>> /<<Կոլցեվայա>>/ հրապարակից դեպի հին երկհարկանի շենքերը տանող ճանապարհին տեղակայված մրգաբանջարեղենի խանութներն են։ Սակայն…

Այստեղ ուզում եմ կանգ առնել ու բարձրաձայնել մի երույթի մասին, որ մեր քաղաքում օրինաչափություն է դարձել՝  իր բնույթով լինելով անօրեն։ Ոչ մեկին չեմ զարմացնի /թեկուզ հենց զարմանքի առարկա է/, եթե ասեմ, որ նշված խանութների առջևի՝ հետիոտնի համար նախատեսված ողջ մայթը, անգամ մեքենաների համար նախատեսված ճանապարհի զգալի մասը, <<բռնագրավված է>> խանութների կողմից։ Արկղներով մթերքը, բանջարեղենը տեղադրված են դրսում՝ գետնին, դարակներում, անգամ կույտերով՝ մեծ արկղներում։ Ինչպիսի¯ գունային, ախորժալի խայտաբղետություն… Բայց չորս կողմից գնորդի վրա <<հարձակվող>> այդ առատությունից վերջինիս պարզապես շարժվելու տեղ չի թողնում։ Մնում է դուրս գալ մեքենաների համար նախատեսված ճանապարհ։

Այսպիսի <<ճոխ>> պատկեր կարելի է տեսնել քաղաքի շատ կետերում։ Օրինակ, Բաղրամյան փողոցի վրա գտնող <<Էլինա>> մթերքի խանութի հարևանությամբ տեղակայված է երկու մրգաբանջարեղենի խանութ, որոնց կողքի մայթերով հնարավոր չէ անցնել։ Նույն պատկերն է տիրում Դատախազության շենքից փոքր-ինչ վերև գտնվող երկու նման խանութի շուրջը։ Դա կարծես քիչ էր, վերջերս էլ հանդիպակաց մայթին է նման <<վարքագծով>> ևս մեկ խանութ բացվել։ Ինչպես ասում են՝ վատ արարքը վարակիչ է։ Իսկ թե ինչքան են իրենց <<ազատ>> զգում Աբովյան և Կամո փողոցների խաչմերուկին տեղակայված  մրգաբանջարեղենի խանութների տերերը, խոսք չկա նկարագրելու։ Բայց նրանք գոնե գիտեն, թե  ինչ է մարդասիրությունը. մի նեղլիկ առահետ են թողել հետիոտնի համար։

Այս երևույթի մասին գրել ենք մի քանի ամիս առաջ՝ անդրադառնալով Ծովակալ Իսակովի արձանի շուրջ և հարևանությամբ գտնվող մրգաբանջարեղենի խանութների մայթերին առևտուր իրականացնող տերերի, գյուղացիների մասին։ Դեռ այն ժամանակ դիմեցինք քաղաքապետ Դավիթ Սարգսյանին՝ իրավական դաշտը պարզաբանելու նպատակով։ Քաղաքապետարանն, ինչպես այն ժամանակ տեղեկացա, իրավասու է թե՛ դիտողություն անելու և թե՛ գործող վարչական օրենսդրությամբ սահմանված տուգանք նշանակելու։ Եվ դա ոչ միայն փողոցում առևտուր իրականացնողների /ֆիզիկական անձանց/, այլև մթերային խանութների սեփականատերերի /իրավաբանական անձանց/ նկատմամբ՝ օրենքի խախտման դեպքում։ Հիշեցնենք՝ համաձայն օրենքի, բոլոր տեսակի խանութների սեփականատերերը իրավունք չունեն հետիոտնի համար նախատեսված մայթերի, առավել ևս` մեքենաների համար նախատեսված ճանապարհների տարածքում առևտուր իրականացնել։ Ինչպես ականատես ենք լինում՝ այս օրենքը խախտում են հիմնականում գյուղմթերքի խանութների սեփականատերերը։ Հետևաբար` օրենքով սահմանված տուգանքը քաղաքապետարանի կողմից ժամանակ առ ժամանակ կիրառվում է հենց այս խանութների տերերի հանդեպ։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը թե՛ նախկին, թե՛ այս զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ քաղաքապետարանը իրազեկված է՝ քաղաքի որ կետում ինչ է կատարվում, ինչ իրավիճակ է տիրում։

Սակայն, ունենալով օրենքով սահմանված բոլոր գործիքները, միջոցները, քաղաքապետ Դ. Սարգսյանը գերադասում է նախապես մարդկանց հետ զրուցելը, նրանց հորդորելը, համոզելը՝ սխալն ուղղելու նպատակով, ապա նոր՝ կոշտ քայլերի դիմում։ Դրանով իսկ նա ձգտում է չնվազեցնել նրանց եկամուտը։ <<Սակայն, երբ նման քաղաքակիրթ ու մարդկային մոտեցումը արդյունք չի տալիս,- հավելում նա,- քաղաքապետարանը դիմում է կոշտ քայլերի՝ կիրառելով օրենքով սահմանված միջոցներ, անհրաժեշտ դեպքում՝ ընդգրկելով ոստիկաններին>>։

Հիշեցնենք՝ ըստ գործող վարչական օրենսդրության, ֆիզիկական անձի նկատմամբ չթույլատրվող տարածքում վաճառք իրականացնելու դեպում սահմանված է տուգանք 15-20 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 50-60 հազար։ Եթե իրավաբանական անձը առաջին տուգանքից հետո կրկին մույն օրինախախտումն է թույլ տալիս, սահմանված է մինչև 500 000 դրամ տուգանք։

Այս համատեքստում հարկ են համարում ընդգծել, որ վերջին 1-2 ամսվա ընթացքում նշածս օրինազանցություններն ինչ-որ չափով նվազել են։ Սակայն դրանք դեռ շարունակում են  աչք ծակել և խանգարել հետիոտներին, մեքենաների վարորդներին։ Ու նաև հարցեր առաջացնել։

Վերոնշյալ Սարոյան և Կամո փողոցների խաչմերուկում տեղակայված են մթերային, մրգաբանջարեղենի և այլ խանութներ։ Դրանցից երկուսի տերերը թույլ չեն տալիս խանութից դուրս ինչ-որ բան տեղադրել։Հարց է ծագում. ինչո՞ւ նույն փողոցում սերտ հարևանությամբ գործող խանութների տերերից մեկն օրինապահ է, մյուսը՝ օրինազանց։ Եվ այս իրարամերժ մոտեցումը, վերաբերմունքը տեսնում ենք գրեթե բոլոր փողոցներում։

Հարցին պատասխանելով, քաղաքապետ Դ. Սարգսյանը հավաստիացրեց, որ նաև նման օրինազանց սեփականատերերը կմտնեն օրենսդրական դաշտ, պարզապես ժամանակ է պետք։ Նա համոզված է, որ տուգանքը պետք է լինի ձեռնարկվող քայլերից վերջինը։ Մինչ այդ նա գերադասում է համոզել, հորդորել, որ օրենքը պահպանվի։ Դրա համար քաղաքապետը չի զլանում ամեն օր քաղաքով շրջել՝ անձամբ իրավիճակին տեղեկանալու նպատակով։ Եթե որոշ ժամանակից հետո նշված խանութները չդադարեն խախտումներով աշխատել, ապա նրանք կտուգանվեն օրենքի ամբողջ խստությամբ, հավաստիացնում է  Դ. Սարգսյանը։

Հուսանք, որ քաղաքապետի մարդկային, քաղաքակիրթ վերաբերմունքը սեփականատերերին օրենսդրական դաշտ կբերի։ <<Հարգենք միմիանց՝ հետևելով օրենքին>>,- այս կոչով ավարտեց զրույցը Դ. Սարգսյանը։