ՋԱՀԱՆ ՍԻՄՈՆԻ ԼԱԼԱՅԱՆ

121212.jpgԼՂՀ գյուղատնտեսության համակարգը անդառնալի կորուստ ունեցավ: Կյանքի 84-րդ տարում իր մահկանացուն կնքեց վաստակաշատ գյուղատնտես, իր աշխատանքային հերոսական կենսագրությամբ հայրենիքի բարգավաճմանը անուրանալի ծառայություններ մատուցած մի անձնվեր քաղաքացի, որի անունը ոսկե տառերով կգրվի Արցախի ժողովրդի  մերօրյա պատմության մեջ:
Ծնվել է 1929թ. Ասկերանի (նախկին Ստեփանակերտի) շրջանի Սարուշեն գյուղում: Դեպքերի բերումով միջնակարգ կրթություն է ստացել Գանձակում եւ Բաքվում: 1949թ. ընդունվել է Երեւանի Միչուրինի անվան գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1952թ.: Որպես գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ՝ առաջարկում են ուսումը շարունակել Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայում: Մեկ տարի անց նա արդեն ակադեմիայում էր, որն ավարտեց 1957թ.: Սակայն հայրենի եզերքի կարոտը զգացնել էր տալիս, եւ նա շուտով վերադառնում է Ղարաբաղ: 1960 թվականից աշխատանքի է անցել Ճարտարի կոլտնտեսությունում՝ որպես գյուղատնտես՝ այդ պաշտոնում մնալով գրեթե 20 տարի: Հենց այդ ընթացքում էր, որ Ճարտարը հասավ իր փառքի գագաթնակետին
1979թ. նրան գործուղում են Ղզղալա (ներկայիս Բերդաշեն)՝ որպես գյուղատնտես: Այստեղ էլ ակնառու հաջողությունների է հասնում: ՙԵրբ եկա Բերդաշեն, այստեղ տարեկան արտադրվում էր մոտ 2800 տոննա խաղող: 1983 թվականին այդ ցուցանիշը հասել էր 8 հազարի՚,- վերհիշում էր նա: Ջ. Լալայանը ջերմ հիշողություններ ուներ Բերդաշենից: Սակայն Ճարտարն ուրիշ արժեք ուներ նրա համար: 1984 թվականից նորից տեղափոխվում է Ճարտար, որտեղ եւ ապրեց կողակցի՝ տիկին Աիդայի հետ՝ շրջապատված դուստրերի ու թոռնիկների սիրով և հոգատարությամբ: 
Ճարտարի ներկայիս համապատկերում նրա նախկին նվաճումները հիրավի հրաշք են թվում: Նրա համար այդ ՙհրաշքը՚ միանգամայն իրական, հիմնավորված զարգացման արդյունք է, որի ընթացքին ինքն էր հաղորդակից ու մասնակից: Դա հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում էր խաղողագործությանը: ՙԽաղողի մշակության նկատմամբ իմ սերը դեռ դպրոցական տարիներին էր ծնվել՚,- վերհիշում էր Ջահան Լալայանը: Ճարտարի զարգացման հարցում նա մեծ ավանդ էր վերապահում կոլտնտեսության նախագահին՝ Սուրեն Ադամյանին: 
Նա բոլորին գնահատել ու սիրել գիտեր: Գնահատում էր և՜ մեծերին, և՜ թեկուզ փոքր-ինչ օգտակար գործ կատարած մարդկանց:
Ջ. Լալայանն ապրեց մեզ հետ ու մեր հոգսերով, արարեց շատերից շատ, ապրեց համեստ, շատերի համար անտեսանելի ու աննկատ կյանքով: Հենց այդ համեստության ու շիտակության տակ էին պահված նրա տարիների փորձն ու վաստակը: Արժանացավ շքանշանների ու այլ պարգևների, բայց նրա համար ամենամեծ պարգևն այդպես էլ մնաց հարազատ Ճարտարի ու Արցախ աշխարհի բարգավաճմանը ծառայելու սուրբ գործը, իր հայրենակիցների սերն ու հարգանքը, որոնք նա կրում էր իր ուսերին ու սրտում մինչև կյանքի վերջը։ 
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին: 
Ջահան Լալայանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրzտերում:
 
ԼՂՀ գյուղատնտեսության 
նախարարություն