[ARM]     [RUS]     [ENG]

ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼԸ՝ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձմռան այս օրերին բարեհաճ եղանակը հնարավորություն է ընձեռում Ստեփանակերտում թափով առաջ տանել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինարարությունը: Արցախի հավատավոր բնակչությունը մեծ ակնկալիքներով է սպասում Մայր տաճարի բացմանը և նրա լիարժեք գործունեությանը:

 Բուն եկեղեցու կառուցումն ավարտված է, շենքի ներսում ընթանում է հարդարման վերջին փուլը, վարպետներն աշխատում են խաչքարերը, եկեղեցու զարդանախշերը վերջնական տեսքի բերելու վրա: Եվ չնայած այն դեռևս վերջնականապես պատրաստ չէ, եկեղեցու ներսում կարելի է տեսնել առաջին այցելուներին, հավատացյալներին: Մեր այդտեղ գտնվելու պահին խորանի մոտ վարպետներ էին աշխատում, նրանցից մեկը պատուհանի գլխամասի զարդանախշերն էր փորագրում:

Մոմավառության համար նախատեսված մասում, աշտանակների մոտ մոմեր կային ու մանրադրամ` որ այցելուները թողնում էին մոմը վերցնելու դիմաց: Ամեն ինչ ներդաշնակ էր և վեհաշուք, ու վարպետների մուրճի ձայնն ամենևին չէր խանգարում աղոթողներին: Ավելին, այն միաձուլվելով զանգերի ղողանջին ու աղոթքին, յուրահատուկ մթնոլորտ էր ստեղծում, ստիպում խորհել աստվածային արարչագործության ու մարդու` արարելու ձգտման, աշխատանքից բերկրանք ստանալու մասին: 

Տաճարը զվարթնոցատիպ ճարտարապետական լուծումներ ունի` կառուցված Անիի քարով, իսկ արտաքնապես այն նման է Սբ Հռիփսիմե վանքին: Ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։ Համաձայն նախագծի՝ եկեղեցու տրամաչափը 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր։ Շինության ներքևում 6 մետր բարձրությամբ նկուղային դահլիճ է, որի տակ էլ 2,60 մետր խորությամբ երկաթբետոնե բարձիկն է։ Այն ծառայելու է նաև որպես ապաստարան, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Եկեղեցու զանգակատան բարձրությունը 24 մետր է:
Սկսած նախագծանախահաշվային փաստաթղթերի ձևակերպումից` եկեղեցու շինարարությունն իրականացվում է բարեգործական ներդրումների հաշվին: Հիմնարկեքը կատարվել է դեռևս 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Անցած 12 տարիներին տաճարի կառուցման ընթացքը դանդաղեցվել և դադարեցվել է միջոցների սղության պատճառով: Խոշոր ներդրումների շնորհիվ տաճարը կառուցվել է, տեղադրվել են խաչերն ու զանգերը:


Այժմ կատարվում են տարածքի բարեկարգման աշխատանքները: Այն ավարտելու հետ կավարտվի շինարարության առաջին փուլը: Շահագործումը և պաշտոնական բացումը նախատեսվում է ընթացիկ տարվա ապրիլի 7-ին:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙՊանտ՚ ՍՊԸ-ն: Ներկայումս շինարարության մեջ ներգրավված է 26 հոգի, աշխատում է չորս միավոր շինարարական տեխնիկա: Ինչպես մեզ հետ զրույցի ընթացքում նշեց ընկերության աշխղեկ Արամ Գևորգյանը, օգտվելով եղանակի ընձեռած հնարավորություններից, աշխատում են վաղ առավոտից մինչև ուշ երեկո` տեղավորվելու սահմանված ժամկետներում: Ոչ բարենպաստ եղանակի դեպքում էլ, Ա. Գևորգյանի խոսքով, աշխատանքը չի դադարի, քանի որ նոր տեխնոլոգիաներն ու ժամանակակից նյութերը թույլ են տալիս աշխատել նաև նման պայմաններում` առանց ազդելու շինարարության որակի վրա: Անհրաժեշտության դեպքում շինարարական գործընթացում ներգրավվում են նոր ուժեր` տեխնիկա և աշխատուժ: Կառուցապատման վրա աշխատում են հիմնականում տեղացի վարպետներ ու բանվորներ: Ժամանակ առ ժամանակ, կարիքի դեպքում, վարպետներ են հրավիրվում նաև Հայաստանի Հանրապետությունից:


Եկեղեցու հարակից տարածքի ներքևի հատվածի բարեկարգումը կավարտվի մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո շինհարթակը կտեղափոխվի վերևի մասը:
Ա. Գևորգյանից հետաքրքրվեցինք աշխատանքի ընթացքում ծագող խնդիրներով. նա նշեց, որ դրանք լուծվում են տեղում, առանց բարդացումների: Շինարարության մեջ ներգրավվածների մեծ մասն աշխատում է օրավարձով, բացառությամբ մի քանի պայմանագրային աշխատողների: Աշխատավարձերի ուշացումներ, պահումներ չեն լինում:


Շինարարության երկրորդ փուլը, Ա. Գևորգյանի տեղեկատվությամբ, կսկսի ապրիլից հետո` եկեղեցու հարակից տարածքում գտնվող շինությունների ապամոնտաժմամբ: Այնտեղ նախատեսվում է կառուցել կանաչ գոտի, ցայտաղբյուր, տեղադրել նստարաններ և ստեղծել հարմարավետ հանգստյան գոտի: Դրանով Աստվածամոր Սուրբ Հովանու տաճարը ձեռք կբերի ավարտական տեսք: Ա. Գևորգյանը գտնում է, որ իրենց վրա պատվաբեր գործի պատասխանատվություն է դրվել, և իրենք պարտավորված են այդ վստահության համար: ՙԴրանից ելնելով, մենք հուսախաբ չենք անի և՜ մեր գործատուներին, և՜ քաղաքի բնակիչներին ու հյուրերին՚,- եզրափակեց նա:


Սրբուհի ՎԱՆՅԱՆ