comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 13 Մարտի 2019 http://www.artsakhtert.com Sat, 20 Jul 2019 22:40:19 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26257-2019-03-14-16-13-58 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26257-2019-03-14-16-13-58 Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ ֆինանսների նախարարությունը կառավարությանն առաջարկություններ է ներկայացրել պետական բյուջեի հաշվին իրականացվող ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով շրջանների կարողությունների զարգացման ծրագրի իրականացման կարգի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Գերատեսչության ղեկավար Արթուր Հարությունյանը փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ որոշման ընդունմամբ կկանոնակարգվեն ճանապարհների պահպանման, շահագործման, գյուղերի ճանապարհների սալապատման, շրջանների համայնքներին և բնակիչներին շինանյութերի տրամադրման, սանմաքրման, կանաչապատման, բարեկարգման և ջրամատակարարման համակարգերի պահպանման ու շահագործման ենթածրագրերով նախատեսված աշխատանքների նկատմամբ պահանջները և դրանց վերահսկողական գործառույթները։

Նախագծով առաջարկվում է ավտոճանապարհների պահպանման, շահագործման ենթածրագրով նախատեսված աշխատանքների կատարումը և դրանց դիմաց վճարումն իրականացնել քաղաքաշինության բնագավառի օրենսդրությանը համապատասխան՝ շրջանի վարչակազմի կողմից, իսկ դրանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնել բնագավառի պետական լիազորված մարմնի միջոցով։ Գյուղերի, փողոցների սալապատման մասով առաջարկվում է սահմանել 1 քառ.մ-ի համար աշխատանքների կատարման և սալապատման համար անհրաժեշտ շինանյութերի առավելագույն գնային սահմանաչափերը, հստակեցնել այդ աշխատանքների ընդունման ընթացակարգը։ Համայնքներին և բնակիչներին շինանյութերի տրամադրման շրջանակներում այսուհետ վարչակազմի ղեկավարի կողմից կստեղծվի հանձնաժողով, որն էլ, խորհրդակցելով համայնքների ղեկավարների հետ, կգնահատի շինանյութի տրամադրման հայտը` հաշվի առնելով հայտ ներկայացնողի բնակարանային ոչ բավարար պայմաններն ու սոցիալական կարգավիճակը։ Սահմանված շինանյութերի տրամադրումն առաջարկվում է իրականացնել որոշման մեջ նշված պայմաններին համապատասխան. այն է՝ շինանյութ կարող է տրամադրվել ոչ հաճախ, քան երկու տարին մեկ անգամ, և այն չի կարող գերազանցել 1 մլն դրամը։ Շինանյութը տրամադրվում է բացառապես շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով: Այն երեք ամսվա ընթացքում չօգտագործելու կամ ոչ նպատակային օգտագործելու դեպքում շահառուն պարտավոր է վերադարձնել շինանյութը կամ դրա արժեքը։ Սանմաքրման, կանաչապատման, ջրային համակարգերի պահպանման և շահագործման մասով առաջարկվել է հստակեցնել իրականացվող աշխատանքների շրջանակը և դրույքաչափերի սահմանման իրավական կարգավորումները։
Հաջորդ հարցը, որով Ֆինանսների նախարարությունը ներկայացավ կառավարության վերջին նիստին, վերաբերում էր պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների օգտագործման և վերահսկողության կարգին։ Նշվեց, որ պետական գնումների գործընթացի կազմակերպման մասին որոշման մեջ մշակվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ներկայացվել են բոլոր շահագրգիռ մարմինների քննարկմանը. նախագծով առաջարկվում է շուրջ 11 փոփոխություն, դրանք վերաբերում են պետության կողմից հաճախակի գնվող ապրանքների ու ծառայությունների մասով եռամսյակային պարբերականությամբ կատարվող գների մոնիթորինգին և նախահաշվային գներին՝ մեկ անձից կատարվող գնումների հետևանքով առաջացող որոշ հարցերի կանոնակարգման նպատակով։ Մասնավորապես, անհետաձգելի համարվող և մրցույթը երկու անգամ, չկայացած համարելու պարագայում մեկ անձից գնում իրականացնելու դեպքում պահանջվելու է առնվազն երեք տնտեսվարող սուբյեկտի գնային առաջարկ։ Մրցույթով հայտարարված ապրանքային նշանից տարբերվող ապրանք մատակարարելու դեպքում առաջարկվում է հստակեցնել դրանց համարժեքության որոշման դրույթները։ Գնումների գործընթացը կազմակերպող հանձնաժողովը հաղթող ճանաչված մասնակցից պարտադիր պետք է պահանջի մատակարարվող կոնկրետ տվյալ ապրանքի տեխնիկական բնութագիրը և տա եզրակացություն մրցույթով հայտարարված և մատակարարվող ապրանքների միջև համարժեքության վերաբերյալ։ Մեկ այլ փոփոխությամբ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 30 մլն դրամ և ավել արժողությամբ ապրանքների և ծառայությունների գնման մրցույթների վարչարարությունն իրականացնել կենտրոնացված կարգով` Գնումների աջակցման կենտրոնի միջոցով։ Որոշմամբ կկանոնակարգվեն նաև շինարարական ծրագրերի կատարման ընթացքում սկզբնական նախագծանախահաշվային փաստաթղթերի համեմատ շեղումների մասով թույլատրելի դրույթները: Դրանք բաժանվում են երկու մասի` կորուստների, որոնք առաջանում են սխալ կազմված նախագծի արդյունքում, և լրացուցիչ աշխատանքների, որոնք ի հայտ են գալիս շինարարության կատարման ընթացքում։ Նախկինում գործող 20 տոկոս թույլատրելի շեղումը շինարարության դեպքում կթույլատրվի 5 տոկոս, իսկ կորուստների դեպքում շեղում չի նախատեսվում. այդ գումարը կգանձվի նախագծողից։
Որոշ առաջարկներ դեռևս մշակման փուլում են։ Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարեց հաշվի առնել հատկապես տնտեսվարող սուբյեկտների առաջարկները, ուսումնասիրել դրանք, քանի որ կա նման անհրաժեշտություն, և լիազոր մարմինները պարտավոր են դրանք ուսումնասիրել և հաշվի առնել։ Նշվեց, որ կոնկրետ շինարարության մասով Քաղաքաշինության նախարարության կողմից ստացվել են առաջարկներ, դրանք ներառում են նաև շինարարությամբ զբաղվող սուբյեկտների տեսակետները։ Նախագահը նշեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները քաշքշուկների մեջ չընկնեն, ընդհակառակը, ընթացակարգերը պարզեցվեն։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Thu, 14 Mar 2019 16:13:05 +0000
ԱՎԵՐՎԱԾ, ԲԱՅՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՂԱԶԱՆՉԻ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26256-2019-03-14-16-06-25 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26256-2019-03-14-16-06-25 ԱՎԵՐՎԱԾ, ԲԱՅՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՂԱԶԱՆՉԻ
Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Հորինված ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող Ադրբեջանում երբեք չեն խոսում Ղազանչիում կատարվածի մասին։ Այն մասին, թե ինչպես 1992թ. մարտի 5-ին ադրբեջանական զինուժը ողջակիզեց գյուղում մնացած ծերերին՝ մի մասին հետո բռնարարքների ենթարկելով Աղդամից ոչ հեռու։ Եվ սա այն դեպքում, երբ դրանից օրեր առաջ Արցախի ինքնապաշտպանության ուժերը մարդասիրական միջանցք են ապահովել Խոջալուում՝ պատերազմի ընթացքում առաջնորդվելով խաղաղ բնակիչներին չթիրախավորելու սկզբունքով։

Ղազանչեցիները Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության զավթողական նպատակներին ծանոթ էին դեռ Արցախյան շարժումից առաջ։ Այն ժամանակ, երբ գյուղի հարևանությամբ սնկի պես աճում էին ադրբեջանաբնակ գյուղերը՝ սկզբում լուրջ վտանգ ներկայացնելով գյուղացիների երթևեկությանը, այնուհետև` գյուղատնտեսական աշխատանքներին, հետո՝ նաև կյանքին։ Մարտին Եսայանը հիշում է՝ անգամ մարզական խաղերի վերջում ադրբեջանցիները պարտադիր պետք է վիճեին. ՙՍովորույթ կար երբեմն ադրբեջանական գյուղերի մեր հասակակիցների հետ ֆուտբոլ խաղալ։ Ինչպես միշտ, խաղն ավարտվում էր մեր օգտին, որին հաջորդում էր նրանց կողմից հրահրված կռիվը։ Վերջնարդյունքում պարտություն կրած, ծեծ կերած վերադառնում էին իրենց գյուղը։ Ինչ ոտնձգություն մեր հանդեպ կատարել են, կարող եմ ասել, տասնապատիկը ստացել են ղազանչեցիներից՚։
Ղազանչեցիները պատմում են, որ հարևան ադրբեջանաբնակ 13 գյուղերից վտանգն ավելի մեծ էր Արցախյան շարժման տարիներին, երբ գյուղ տանող ճանապարհով երթևեկելն այլևս անհնարին էր կամ էլ հղի սպանություններով։ Այս գիտակցումով 1990 թվականին բացվում է Ղազանչի տանող երկրորդ ճանապարհը։ Թեմուր Առուստամյանի խոսքով՝ ճանապարհի բացմանը նպաստել են ինչպես ղազանչեցիները, այնպես էլ Շարժման առաջամարտիկները. ՙԱրդեն 1990 թվականին մենք գրեթե շրջափակման մեջ էինք՝ կային դիրքային հրաձգություններ, փոքր խմբերով հարձակումներ։ Այդ օրերին Ղազանչիից մեկնողներն ստիպված էին ձեռքի տակ զենք ունենալ և պարտադիր երթևեկել տղամարդկանց ուղեկցությամբ։ Կանխազգալով սպասվող իրադարձությունները՝ կարճ ժամանակահատվածում մենք ձեռնամուխ եղանք այլընտրանքային ճանապարհի կառուցմանը՚,-հիշում է նա:
1992 թվականի մարտի 4-ին տեղի ունեցավ այն, ինչ ղազանչեցիները սպասում էին։ Դրանից առաջ գյուղացիները կազմավորել էին ինքնապաշտպանական ջոկատ և աշխարհազոր։ Աշխարհազորում ընդգրկված էին տարեց տղամարդիկ՝ այդ թվում նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, ովքեր հերթապահում էին ցերեկային ժամերին, իսկ ինքնապաշտպանական ջոկատում գյուղի երիտասարդներն էին, և Ղազանչիի պաշտպանությունը ստանձնել էին որսորդական հրացաններով ու հատուկենտ ինքնաձիգներով։ Գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Թեմուր Առուստամյանը պատմում է, որ առավոտյան ժամը 9-ին Կիրովաբադից բերված գումարտակն ու հարևան ադրբեջանական գյուղերի խաժամուժը հարձակվում են Ղազանչիի վրա՝ դիրքերում աշխարհազորն էր, ջոկատի տղաներն իջել էին տներում փոքր-ինչ հանգստանալու: ՙԻնքնապաշտպանական ջոկատում ունեինք 28 հոգի, որոնցից 5-ն այդ օրը բացակայում էին։ Օղակի մեջ գցելով մեր գյուղը՝ ադրբեջանական զինուժը սկսում է թիրախավորել նաև խաղաղ բնակիչներին. միայն մարտի 4-ին 9 զոհ ենք ունեցել։ Ամբողջ օրը մարտ վարելով՝ մեզ հաջողվեց պահել այն դիրքը, որի ուղղությամբ կարող էինք նորակառույց ճանապարհով կապ հաստատել Կիչան գյուղի հետ՚,-ասում է Թ. Առուստամյանը:

Արդեն երեկոյան ադրբեջանական ուժերը հետ են քաշվում։ Ստեղծված իրավիճակում ջոկատի հրամանատարը հրավիրում է կարճատև խորհրդակցություն, որտեղ որոշվում է օգնություն չստանալու դեպքում հանել խաղաղ բնակչությանը։ Ղազանչիի պաշտպանության մասնակից Մարտին Եսայանի խոսքով՝ երջանկահիշատակ Վլադիմիր Բալայանը փորձել էր աջակցել Ղազանչիին. ՙՕգնության գալու փորձերն ապարդուն էին, որովհետև գյուղ բերող ճանապարհը տրակտորով փորված էր՝ շրջանաձև ականապատված։ Հետո էլ, առանց կապի միջոցների ինչպե՞ս իմանայինք, թե ովքեր են եկողները՝ անգամ հնարավոր էր փոխհրաձգությունը յուրայինների միջև։ Ստեղծված իրավիճակում մնացինք 23 հոգով, կյանքի և մահվան գոտեմարտում հարյուրավոր ադրբեջանցիների դեմ՚։
1992թ. մարտի 5-ին ադրբեջանական զինուժը նորից հարձակվում է Ղազանչիի ուղղությամբ։ Առանց արտաքին աշխարհի հետ կապի, ջոկատի տղաները շարունակում են պայքարել։ Մարտին Եսայանի խոսքով՝ Ղազանչիի պաշտպանությունը հերոսամարտ էր առանց չափազանցության, որն առայժմ ամբողջությամբ չի ուսումնասիրվել. ՙԱնհավասար մարտում ջոկատի տղաներն արել են անհնարինը։ Նրանք համարձակվել են կռվել հակառակորդի պատրաստված զինուժի դեմ, որը քանակով ու զինամթերքով գերազանցում էր մի քանի անգամ՚։
Ծանոթ լինելով հակառակորդի ձեռագրին՝ Ղազանչիի ինքնապաշտպանական ջոկատն սկսում է դուրս բերել Ղազանչիի խաղաղ բնակչությանը։ Նրանց ուղեկցող դասակի հրամանատար Բ. Ալավերդյանն ասում է՝ ընտրել էին դժվար, բայց համեմատաբար անվտանգ ուղղությունը. ՙՄորեխի նման հարձակվել էին մեզ վրա։ Մեր ձեռքում մնացել էր մեկ դիրք ու այն արահետը, որով պետք է տեղափոխեինք անզեն մարդկանց։ Տեսնելով, որ այլևս հնարավոր չէ դիմադրել, մենք որոշեցինք գնալ այդ քայլին՚։
Մարտի 5-ին Ղազանչին ընկնում է։ Գյուղում մնացած անշարժունակ տարեցներին ադրբեջանցիները ողջակիզել են՝ հրդեհելով տները։ Գյուլխաս Հայրապետյանի մասունքները հարազատները մի կերպ են գտել։ 15-ամյա թոռը կռվում էր։ ՙԳյուղի ազատագրումից հետո մեր հրդեհված տանը հայտնաբերել ենք տատիս ոսկորները։ Նա անկողնային վիճակում էր և շարժվել չէր կարող։ Իսկ մենք կռվում էինք։ Թողնել դիրքերն ու գալ տատին օգնության, կնշանակեր դիմել ռիսկի և չփրկել ժողովրդին՚,-պատմում է Սերգեյ Հայրապետյանը։
Գերեվարված ղազանչեցիներին ադրբեջանցիները տեղափոխել են Աղդամից ոչ հեռու։ Նրանցից Ասյա Ավագիմյանը հրաժարվել է քայլել ու սպանվել է գյուղում։ Որդին՝ Վլադիմիր Ավագիմյանը, մոր դիակը դուրս է բերել, երբ դեռ գյուղը գերության մեջ էր։ Նրան հաջողվել էր բանակցությունների միջոցով գնալ Ղազանչի. ՙԿրակել էին մորս սրտին՝ նա բերանքսիվայր ընկած էր աղբյուրի մոտ, որտեղ ես գտել եմ նրան մարտի 18-ին։ Մինչ այդ ինձ հաջողվել է լինել ՙՇաղբուլաղ՚ կոչված տեղամասում, որտեղ պահում էին մեր գյուղից 5 հոգու՝ մնացածին սպանել էին՚։
Գերեվարված ղազանչեցիներին ադրբեջանցիները ենթարկել են բռնարարքների։ Վլադիմիր Ավագիմյանը պատմում է, որ գերեվարված համագյուղացիներին ադրբեջանցիները ենթարկել են կտտանքների, ողջակիզել կրահորերի մեջ։ Ղազանչիի խաղաղ բնակչության կոտորածի, հայրենի գյուղի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և Ղազանչիի հերոսամարտի մասին է նրա ՙՂազանչի՝ դրախտի և դժոխքի միջով՚ գիրքը. ՙՙՇաղբուլաղում՚ տեղի է ունեցել իսկական բարբարոսություն։ Ինձ պատմել են, որ բոլորին մերկացրել են և բանտարկել մեկ խցի մեջ՝ անկախ սեռից ու տարիքից։ Վայրագություններն այն աստիճանի էին, որ ամուսնու աչքի առաջ բռնաբարել են կնոջը, որդու աչքի առաջ՝ մորը։ Եվ սա այն դեպքում, երբ գերիները տարեց մարդիկ էին՚։
Ղազանչին ազատագրվել է 1992 թվականի մարտի 22-ին՝ գրեթե առանց կրակոցների։ Այդ օրվանից գյուղացիները հաճախ են այցելում հարազատների շիրիմներին։
1995 թվականից ղազանչեցիներն ապրում են իրենց իսկ հիմնած Նոր Ղազանչիում։ Պատերազմի դառնությունը ճաշակած գյուղում առավոտները կրկին խաղաղ են։ Հպարտությամբ են ասում՝ Մարտակերտի շրջանի այս հատվածում ադրբեջանական զավթողական նպատակները ձախողել է Ղազանչին՝ դիմակայելով հարևան 13 ադրբեջանաբնակ գյուղերի բոլոր սադրանքներին։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Thu, 14 Mar 2019 16:04:43 +0000
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26255-2019-03-14-16-04-41 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26255-2019-03-14-16-04-41 ԿԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Օրերս Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել՝ մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը Ստեփանակերտ քաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին:

Միամսյակի կապակցությամբ աշխատանքների նախապատրաստման և անցկացման համար ստեղծվել է հանձնաժողով, հաստատվել դրա անհատական կազմը: Հանձնաժողովին, որի նախագահն է քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, հանձնարարված է 10-օրյա ժամկետում մշակել և քաղաքապետի հաստատմանը ներկայացնել միամսյակի անցկացման միջոցառումների ծրագիրը:
Բացի այդ, ապրիլի 20-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր:
Միամսյակի և համաքաղաքային շաբաթօրյակի առնչությամբ Ս. Գրիգորյանը նաև խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա են եղել ինչպես քաղաքային համայնքի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ, այնպես էլ մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ:
Հանդիպման ժամանակ հստակեցվել են այն հիմնական տեղամասերը, որտեղ նախատեսվում է սանմաքրման գործընթացներ ու բարեկարգման աշխատանքներ իրականացնել, ծառատունկ կատարել, ընդլայնել կանաչ տարածքները։
Քաղաքային համայնքի ղեկավարը ներկաներին կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ միջոցառումը կազմակերպված և արդյունավետ անցկացնելու համար։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Thu, 14 Mar 2019 16:02:34 +0000
ՄԵԾՆ ՇԻՐԱԶԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26254-2019-03-14-16-00-07 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26254-2019-03-14-16-00-07 Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ՙ...Որ գարունները գան ու չգնան,

Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան՚
Հովհ. ՇԻՐԱԶ

1984թ. մարտի 14, անհավատալի, անսպասելի բոթ՝ վախճանվել է Հովհաննես Շիրազը: Նույն թվականի մարտի սկզբին ուսանողուհիներով հերթական անգամ այցի էինք գնացել... Ամեն անգամվա պես ընդառաջ չեկավ մեզ և չճանապարհեց հրաժեշտին, հիվանդ պառկած էր։ Ինչպես միշտ, կանգնած էինք ունկնդրում նրան (աթոռ չկար, մի հին բազմոց և գրասեղան էր ընդարձակ սենյակի ամբողջ կահավորանքը)։ Հերթով համբուրում էինք ձյունաճերմակ աջը, պատասխանում հարցերին, խնդրում հեղինակային գրքերն ընծայագրել։
-Ինչպե՞ս է Հայոց Արցախը, թուրքերը նեղո՞ւմ են ձեզ, շա՞տ են,-հարցնում էր,-Երևանում սովորեք, չմնաք այստեղ, գնացեք Արցախը հայ պահեք,-ասում էր։
-Չէի՞ք ցանկանա լինել Արցախում,- միաբերան հարցնում ենք։
-Շատ կուզիմ, ամոթ էլ է, որ ոչ մի անգամ չեմ եղել իմ Արցախում,-պատասխանում է մտախոհ...
Ոչ մեկիս մտքով չանցավ, որ դա մեր վերջին հանդիպումն էր լինելու... Տեսաձայնագրող հեռախոսներ չկային։ 2 շաբաթ հետո լսում ենք մահվան բոթը...
Մեծերը մարգարեներ են
Հովհ. Շիրազի ՙՈղբ Ղարաբաղի՚, այն ժամանակ մեքենագիր՝ տնետուն շրջող, այսօր, արդեն տպագրված երկում կարդում ենք.

Կոմիտասի երգից զատված,
Քեզ կուլ կտան մուղամները...
Ա՛խ, երբ պիտի վեր բռունցքվեն
ձեռքերն Հայոց...որ ազգովին Մասիս ելնենք...
Դու, իմ Ղարսի, իմ Մասիսի, իմ Սիփանի թայ
Ղարաբաղ...

Եվ 4 տարի հետո, 1988-ի փետրվարին վեր են բռունցքվում ՙձեռքերն հայոց՚, Արցախում ծավալվում է ազգային-ազատագրական փրկարար շարժումը՝ ՙՎերամիավորում մայր Հայաստանին՚ կարգախոսով։ Հովհ. Շիրազը Արցախին անդրադարձել է ոչ միայն ՙՈղբ Ղարաբաղի՚ ստեղծագործության մեջ։ Հայաստանից բռնազավթված և Ադրբեջանին կցված ՙՀայոց Արցախը բանաստեղծին կեղեքող ազգային վշտերից մեկն է եղել ցվերջ. ՙԲարեկամդ, որ քեզ խլեց, էլ թշնամին բան կտա՞ քեզ... թե լուռ մնա քար աշխարհը, չարը Երևանն էլ կտանի՚։
Այսօր՝ երեքուկես տասնամյակ հետո, երբեմնի բարեկամ ձևացող ՙչարը՚ հոխորտում է գրավել Երևանը... և աշխարհով մեկ անհեթեթ կեղծիք է ցրում ՙագրեսոր՚ Հայաստանի մասին։
Իր մեծակտավ երկերում, անգամ սիրո թեմայով հյուսված պոեմներում բանաստեղծը չի մոռանում իր Մասիսի ՙթայ՚ Արցախը։
Ներկա էի Հովհ. Շիրազի համազգային հուղարակավորմանը։ Երևանի օպերայի հրապարակում ծովացել էին բանաստեղծի քնարերգության երկրպագուները, ովքեր եկել էին ոչ միայն ԽՍՀՄ հայաբնակ վայրերից և Հայաստանի տարբեր ծայրերից, այլև հայկական սփյուռքից։ Ոչ միայն սերն առ քնարերգություն, այլ նաև՝ սերն առ արգելված ճշմարտություն, անձնազոհ խիզախություն և անթաքույց հայրենապաշտություն, ինչպիսին էր Շիրազ մարդն ու բանաստեղծը, մեր հայրենակիցներին մագնիսի պես քաշել-բերել էր քաղաքամայր Երևան։ ՙԱնդրանիկից և Թումանյանից հետո հայ ժողովուրդը նման համաժողովրդական թաղում չէր տեսել...՚,- գրել են թերթերը։
Հետխորհրդային
Հովհաննես Շիրազը
Ահռելի է Հովհ. Շիրազի անտիպ երկերի ծավալը, որոնց հրապարակմամբ զբաղվում է բացառիկ շիրազագետ, Երևանի պետհամալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը։ Նրա խմբագրմամբ հետմահու լույս են ընծայվել ՙԱնի՚ պոեմը (307 էջ), ՙԹոնդրակեցիները՚ պոեմը, նույն ծավալի ՙԱնտիպ էջեր. գիրք առաջին՚ բանաստեղծությունների ժողովածուն, 299 էջ, Երևան-2018թ., ՙՀայրապետ՚ հրատարակչություն։ Հավելենք հարգարժան գիտնականի գիտական հունձքը ՙՀովհաննես Շիրազ բանաստեղծը, մարդը՚ ՙԱ՚ և ՙԲ՚ գրքերը։
Ընթերցողի սեղանին դրված Հովհ. Շիրազի ՙԱնտիպ էջեր. գիրք առաջին՚-ում զետեղված է տասնամյակներ ձեռագիր ՙշրջող՚ ՙՂարաբաղի ողբը՚ (էջ 178)։ Ի դեպ, այս երկը գրվել է 1959 թվականին, ազգային-ազատագրական շարժումից 30 տարի առաջ: Ազգային մեծ բանաստեղծը, դիմելով Արցախին, գրել է.
ՙՄենակ դու չես , որ դիմանամ, յոթը դրախտ ունեմ խլված` Վանա ծովը, Կարսն ու Վանը, Սիփան սարը, Անին փլված, Հայկ Նահապետը Մասիսի պես դեռ բանտում է՝ ծունկը ծալված, Տարտարո՛ս է Տարոնը դեռ, ո՛ւր ես, Ավարայր Ղարաբաղ...՚:
Շուրջ երեք տասնամյակ հետո Արցախը դարձավ Ավարայր. առայսօր... Հայոց լինել-չլինելու հարցը, ազգային մեր տեսակի, թշնամի թրքության դեմ մեր գոյամարտի Ավարայրը դարձավ Արցախը... այսպես են մարգարեանում հեռատես մեծերը...
Հետխորհրդային Հովհ. Շիրազը, վերջապես, խորհրդային գրաքննության կողմից մկրատված չէ ընթերցողին ներկայացվում, այլ անխաթար, այնպես, ինչպիսին կա...
Իր սերնդի ապրած մղձավանջային ժամանակների արձագանքը կա նրա հրատարակված անտիպում, ինչը բացառվում է Շիրազի` խորհրդային տարիներին տպագրված երկերում։
Հետխորհրդային Հովհ. Շիրազը հայոց մեծ ըղձասածն է, աննահանջ պահանջատերը, կորուսյալ հայրենիքի անշիրիմ մնացած ցեղակիցների ողբասացը և ՙԱվարայրի Վարդան դառած՚ արդարություն պահանջող ուղղամիտն ու արդարախոս քնարերգուն, ով ընթերցողին առաջին անգամ ներկայացնում է հեղինակային հանիրավի չոտնահարված իրավունքներով, լիաթոք ու հզոր ձայնով.

...Երբ արդարիս հետ կռվում է
աշխարհն այսքան անարդար,
Կոտորածների մեղքն անպատիժ է
թողնում անաստված...

Հայոց լեզվի համար տագնապ հնչեցնող զանգահար է հետխորհրդային Շիրազը.

Սարսափում եմ, թե չլինի՞
Եղնիկ լեզուն իմ միակ
Ճերմակ ջարդով այն դեռ գաղտնի
Կուլ տան արջերն սպիտակ... (էջ 226):

Մռնչալով, պահանջեցի հողն հայոց
Կեսս կերավ լուռ բռնությունն, իմացեք...
Իմ քնարը, ով գալիքներ,
սարսափելի դարով անցավ,
Աքսորանքի գողգոթայով ,
հազար գերի սարով անցավ,-
Կողպեք դրին իմ բերանին,
բայց այն հալվեց երգիս հրով,-
Կյանքս՝ գերի Արազի պես
հույսի շիրմաքարով անցավ:

Այսպիսին է հետխորհրդային, չխաթարված շիրազյան քնարը։
35 տարի՝ ուղիղ երեքուկես տասնամյակ է անցել 1984թ. մարտի 14-ից, երբ դադարեց բաբախել մեծ հայրենասերի վշտակոծ սիրտը։ Մեր ժողովրդի մթին՝ հայրենիքից մինչև սփյուռք, ղողանջում է երգի վերածված Շիրազյան արյուն բոցավառող քնարը` կատարելով գրականության թիվ 1 առաքելությունը՝ ՙշանթանման հերոսներ քամելով Ցեղի ընդերքից՚ (Նժդեհ)։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Thu, 14 Mar 2019 15:59:27 +0000
ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26264-2019-03-15-11-47-43 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26264-2019-03-15-11-47-43 ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

 Հուշամրցաշարը՝ նվիրված Արցախյան գոյապայքարում զոհված դիպուկահար-ազատամարտիկների պայծառ հիշատակին, մեկնարկեց փետրվարի 27-ին, Ստեփանակերտի հ. 1 հիմնական դպրոցի հրաձգարանում: Այն տեղի ունեցավ ՙՍպարտակիադա-2019՚-ի շրջանակում և միտված է դառնալու ավանդական միջոցառում:

Հրաձգության հուշամրցաշարին մասնակցեցին հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտները: Բացման խոսքով հանդես եկավ և մասնակիցներին հաջողություն մաղթեց հ. 1 դպրոցի կազմակերպիչ Անուշ Ավանեսյանը. ՙԱյսօրվա մրցաշարը,-նշեց նա,-նվիրված է Արցախի ազգային-ազատագրական պայքարում զոհված դիպուկահար-ազատամարտիկների հիշատակին, ովքեր առանց հապաղելու մեկնեցին ռազմի դաշտ ու, սեփական կյանքը չխնայելով, ազատագրեցին Արցախը դարավոր թշնամուց՚:
Հրաձգության թիմային մրցույթում առաջին տեղը գրավեց Ստեփանակերտի թիմը, երկրորդ տեղը՝ Հադրութի միջնակարգ դպրոցը, երրորդը՝ Ասկերանի ավագ (հոսքային) թիմերը: Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներն են Էդիկ Մարդիյանը (առաջին տեղ), Հարութ Սարգսյանը (երկրորդ տեղ), Վյաչեսլավ Վարդանյանը (երրորդ տեղ): Աղջիկներից առաջին տեղը գրավեց Ինգա Եփրեմյանը, երկրորդ և երրորդ տեղերը՝ Աննա Մկրտչյանը և Շողեր Ավետյանը:
Միջոցառումն իրականացվեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Արցախի ազատամարտիկների միության աջակցությամբ:
Հրաձգության մրցաշարում հաղթողներին մեդալներ, պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց ԱՀ ԿԳՍ նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը:
Ներկայացվեց Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ողջույնի խոսքը մրցաշարի մասնակիցներին: ՙԱնշուշտ, նոր սերունդն արժանի հետնորդն է հաղթանակներ կռած ազատամարտիկների: Հերոս հայրերի և պապերի երազանքներն իրականություն դարձնող այս աշակերտները վաղվա հայրենյաց պաշտպաններն են, մեր փառապանծ բանակի ապագա զինվորները՚,- ասված էր խոսքում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Thu, 14 Mar 2019 11:46:10 +0000
ՙՆԵՄԵՍԻՍ՚ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26253-2019-03-14-10-51-54 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26253-2019-03-14-10-51-54 ՙՆԵՄԵՍԻՍ՚ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 98 տարի առաջ, 1921-ի մարտի 15-ին տեղի ունեցավ հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող իրադարձություն։ Այդ օրը Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը ոչնչացրեց արյունարբու դահիճ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից ու մեղավորներից մեկը հանդիսացող` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշային։ Մարդկային կերպարանքով հենց այդ հրեշն էր հրաման արձակել ՙԱնողոքաբար ու անգթորեն ոչնչացնել բոլորին՝ (նկատի է առնվում հայերին - հեղ.) մեկ ամսականից մինչև իննսուն տարեկանը...՚, մարդկային կերպարանք առած հենց այդ սատանան Հայոց ցեղասպանությունից հետո պարծենում էր նրանով, որ հայկական հարցի լուծման համար նա երեք ամսվա ընթացքում արեց ավելին, քան Աբդուլ Համիդ 2-րդը` 30 տարիներին։

1918 թվականին Համաշխարհային պատերազմն ավարտվեց Գերմանիա, Ավստրո-Հունգարիա և Թուրքիա դաշինքի պարտությամբ, ընդ որում` Թուրքիայի ճակատագիրը կանխորոշված էր. նրան սպասվում էր բաժանում հաղթանակ տարած դաշնակիցների միջև։ Եվ արյունարբու դահիճներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ովքեր իրենց երիտթուրքերի երբեմնի եռապետերն էին համարում, շնագայլերի պես պոչներն իրենց քաշելով, փախան։ Բայց նրանք երկար չվայելեցին կյանքը:
Հայ ազգային շարժումը, ՙՆեմեսիս՚ գործողության շրջանակներում, երդում տվեց, որ հայ ժողովրդի ողբերգության մեջ մեղավորներից ոչ մեկը հատուցումից չի խուսափի: Եվ նրանք իրենց խոստումը կատարեցին։ Հատուցման առաջին գործողությունն իրականացվեց 1921թ. մարտի 15-ին. Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Թալեաթին։ Ինչո՞ւ հենց Թեհլերյանին հանձնարարվեց այդ առաջադրանքը։ Բանն այն է, որ Թալեաթը Հարություն Մկրտչյան անունով մի հայ լրտես ուներ։ Հենց նա էր կազմել Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ցուցակը (ավելի քան 250 մարդ) ու այն փոխանցել Թալեաթին, հենց նա էր այդ դահիճին իրազեկում այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում հայերի շրջանում։ Հայ մտավորականության ճակատագրին բոլորս ենք տեղյակ, իսկ դավաճանը դրանով կարողացավ իր համար հարստություն դիզել։ Թեհլերյանն իմացել է նրա մասին, Կոստանդնուպոլսում գտնվելու ժամանակ, ՙՀայրենիք՚-ի խմբագրությունից Երանուհի անունով մի ամերիկացի լրագրողից և վրեժ լուծելու որոշում կայացրել։
Նախքան դրան անցնելը՝ մի փոքր նախապատմություն. Կոստանդնուպոլսում ուսումն ավարտելուց հետո Սողոմոնը վերադառնում է տուն` Երզնկա, որտեղ ականատես է լինում երիտթուրքերի ոճրագործություններին։ Քաղաքից քիչ հեռու, Քեմախ-Բողազ կոչվող վայրում, նրա ընտանիքն ամբողջությամբ ոչնչացվեց։ Հայերի շարասյան վրա հարձակվեցին սանձարձակ թալանչիների խմբեր և փախստականներին ուղեկցող ոստիկանների հետ միասին սպանդ կազմակերպեցին։ ՙԹալանի ժամանակ շարասյան առջևից կրակ բացեցին։ Այդ ժամանակ ոստիկաններից մեկը քարշ տվեց քրոջս, իսկ մայրս սկսեց գոռալ.ՙԵրա՛նի կուրանայի՚։ Ինձ համար հիմա ավելի լավ է մեռնել, քան այդ սև օրվա մասին պատմել՚,- նա պատմում էր Բեռլինում, 1921թ. դատավարության ժամանակ։ ՙԵս չեմ կարողանում այդ ամենը պատմել, քանի որ ամեն անգամ ես նորից վերապրում եմ այդ բոլորը։ Բոլորին բռնեցին ու տարան, ինձ հարվածեցին։ Հետո ես տեսա, թե ինչպես կացնով եղբորս գլուխը ջախջախեցին։ Չեմ հիշում՝ ինչքան ժամանակ եմ այնտեղ մնացել, գուցե երկու օր։ Երբ բացեցի աչքերս, շուրջս շատ դիակներ տեսա, քանի որ ողջ քարավանը կոտորել էին՚։ Ականատես լինելով քույրերի, մոր ու եղբայրների բռնարարքների ենթարկվելուն և սպանությանը, Սողոմոնը որոշեց ապրել հանուն իր վրեժի։ Նրան հրաշքով հաջողվեց փրկվել (նա մի քանի օր անգիտակից վիճակում պառկած էր մնացել դիակների տակ), ավելի քան երեք ամիս թաքնվելով քուրդ-ալավիտների մոտ, այնուհետև տեղափոխվեց Իրան, իսկ հետո՝ Թիֆլիս։ Նրա գոյության նպատակն ու իմաստը դարձավ վրիժառությունը։
Շատ չանցած, այն բանից հետո, երբ նա իր դատաստանը տեսավ ազգի դավաճանի հետ, ՙԴաշնակցության՚ ընդհանուր ժողովը որոշում է կայացնում Թեհլերյանին վստահել դահիճ Թալեաթին պատժելը։ Արմեն Գարոյի ղեկավարությամբ հսկայական աշխատանք է իրականացվում, Սողոմոնին Բեռլին են ուղարկում, որտեղ այդ ժամանակ հաստատվել էր Թալեաթը։ Վախկոտ գիշատիչն ապրում էր Շարլոտենբուրգում, Հարդենբերգշտրասե 4 փողոցում գտնվող երկհարկանի առանձնատանը։ Նա զգում էր, որ հայերի ձեռքով կմեռնի (դա մի անգամ խոստովանել էր կնոջը), և վախից փոխել էր իր անունն ու ազգանունը. հիմա նա Ալի Սալի բեյ էր։ Փոխել էր նաև արտաքինը, սափրել բեղերը, սկսել էր եվրոպական զգեստներ հագնել։ Բայց դա նրան չօգնեց։ Դատավճիռն ի կատար ածվեց։ Շանը` շան մահ, կամ Թեհլերյանի խոսքով՝ ես շուն գնդակահարեցի։
Սպանությունից հետո Թեհլերյանին գերմանական իշխանությունները ձերբակալեցին։ Նա Բեռլինի բանտում մնաց 2,5 ամիս։ 1921թ. հունիսի 2-ին սկսվեց դատավարությունը, որն ընդամենը երեք օր տևեց, և Սողոմոն Թեհլերյանին արդարացրին։ Ս. Թեհլերյանի նկատմամբ դատը փաստացի վերածվեց Թալեաթի ու նրա կամակատարների նկատմամբ դատի։ Հենց այդ ժամանակ լուսավորյալ Եվրոպան առաջին անգամ առաջին շուրթերից իմացավ երիտթուրքերի վայրագությունների մասին։ Ի դեպ, Բեռլինում հրապարակված սղագրական հաշվետվությունը հետևյալ կերպ էր վերնագրված. Թալեաթ փաշայի դատավարությունը։ Թեհլերյանի դատապաշտպաններն էին Գերմանիայի այնպիսի ականավոր իրավագետներ, ինչպիսիք են արդարադատության գաղտնի խորհրդական, դոկտոր Ադոլֆ ֆոն Գորդոնը, արդարադատության խորհրդական, դոկտոր Յոհաննես Վերթհաուերը, կառավարական գաղտնի խորհրդական, Քիլի համալսարանի իրավունքի պրոֆեսոր, դոկտոր Նիմայերը։
Պետք է արժանին հատուցել նաև հենց Սողոմոն Թեհլերյանին։ Բոլոր հարցերին տալիս էր հստակ, կոնկրետ ու համոզիչ պատասխաններ։ Այսպես, օրինակ, այն հարցին. ՙՍպանե՞լ եք Թալեաթին՚,- Սողոմոնը պատասխանեց. ՙԱյո՜՚։ Հերթական հարցը միանգամայն տրամաբանական հնչեց. ՙԱրդյո՞ք, նա իրեն մեղավոր է համարում՚։ ՙԵս ինձ մեղավոր չեմ համարում, քանի որ իմ խիղճը հանգիստ է՚,- հետևեց բացասական պատասխանը. ՙԻնչո՞ւ է Ձեր խիղճը հանգիստ՚,- հարցրեց նախագահը, որին ամբաստանյալը պատասխանեց. ՙԵս մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ՚։

Դատարանի դահլիճում բոլոր ներկա գտնվողներն անձամբ համոզվեցին, որ հայ երիտասարդի հոգում եռում էր զայրույթը և իր ժողովրդի, անմեղ նվաստացված ու ոչնչացված հայերի, սպանված մոր, սրբապիղծ մեղսագործների կողմից կացնով մորթված եղբոր, բռնաբարված քույրերի համար վրեժխնդիր լինելու ազնիվ զգացմունքը։ Դատարանի նախագահի այն հարցին, արդյո՞ք նրա մտքում վաղուց է հասունացել Թալեաթին սպանելու ծրագիրը, Թեհլերյանը պատասխանեց.ՙՍպանությունից մոտ երկու շաբաթ առաջ ես ինձ մի տեսակ վատ էի զգում ու աչքերիս առաջ նորից ջարդերի պատկերներն էին։ Մորս դիակը տեսա։ Դիակն իմ առաջ ոտքի կանգնեց ու ասաց. ՙԴու տեսար, որ Թալեաթն այստեղ է ու անտարբեր ես մնացել, դու ա՜յլևս իմ որդին չես՚։
Դատավորների ու դահլիճում ներկա գտնվողների վրա հսկայական տպավորություն գործեց գերմանացի ականավոր հումանիստ, մեծ գիտնական ու հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի ճառը։ Նա հայտարարեց, որ երիտթուրքական կազմակերպության ծրագրով նախատեսվում էր պանթուրքական և պանիսլամական պետական համակարգի ստեղծում, որտեղ տեղ չկար քրիստոնյա ժողովուրդների համար։ Իսկ հայ ժողովուրդը գլխովին ոչնչացման էր ենթարկվում այն նպատակով, որպեսզի նա չկարողանա բալկանյան ժողովուրդների օրինակով ազատագրական պայքար մղել։
Չնայած նրան, որ մեղադրող կողմը ներկայացնող դատախազ Գոլնիկը պահանջում էր Ս. Թեհլերյանի համար մահվան դատավճիռ կայացնել, դատապաշտպաններն ու վկաները կարողացան համոզիչ կերպով հիմնավորել և ապացուցել ամբաստանյալի անմեղությունը։ Օրինակ, ներկաների վրա մեծ տպավորություն գործեց դատապաշտպանի՝ դոկտոր Վերթհաուերի հայտարարությունը, որ եթե Թուրքիայի ռազմական դատարանը Թալեաթին մահվան է դատապարտել, ապա նա ինչպե՞ս կարող է գերմանական դատարանի կողմից անմեղ ճանաչվել, իսկ Ս. Թեհլերյանը` մեղավոր։
Քիլի համալսարանի իրավաբանական բաժնի պրոֆեսոր Նիմայերի ելույթից հետո էլ ավելի խորը համոզմունք առաջացավ երկու միլիոն հայերին վայրագորեն ոչնչացնելու մեջ Թալեաթի մեղավորության և գործած սպանության համար Ս. Թեհլերյանի անմեղության շուրջ։ Երդվյալ ատենակալների կարճ խորհրդակցությունից հետո գլխավոր երդվյալ ատենակալ Օտտո Ռայնիկեն կարդաց Ս. Թեհլերյանի անմեղության մասին միաձայն ընդունված վճիռը։ Դահլիճը, հոտնկայս, բուռն ծափահարեց։
ՙՆեմեսիս՚ գործողությունը վերականգնեց զանգվածային ոչնչացման սարսափները և հոգեբանական խորագույն ողբերգություն կրած ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։
Իր ՙԹուրքերը և մենք։ Վերագնահատումներ՚ գրքում ՙՆեմեսիս՚ գործողության ղեկավարներից մեկը՝ Շահան Նաթալին, սերունդներին խրատ թողեց. ՙՄեր վարդապետական քարոզները թուրքերի դեմ ոչ թե մեր կյանքն են ապահովում, այլ միայն խաղաղ կերպով մեռնելու մեր համամիտությունն են հայտարարում... Ապրելու և գոյատևելու համար մենք պետք է քայլենք իրականության հետ համընթաց, ընդունենք այդ խաղի կանոնները և ինքներս էլ այդպես խաղանք՚։ Իսկ սա նշանակում է, որ քանի դեռ Քեմալը, Թալեաթը և մյուս դահիճները շարունակում են Թուրքիայի հերոսներ լինել, քանի գիշերը կացնով հանցագործություն կատարած ստոր մարդասպանն Ադրբեջանի հերոս է հանդիսանում, մեզ այլ ելք չի մնում, քան Աստծուն և ինքներս մեզ ապավինելը։ Թշնամիների հետ տարվող պայքարում հայ ժողովրդի միակ օգնականը եղել ու շարունակում են մնալ միայն հայ ժողովուրդն ինքն ու իր բանակը...Պատմությունը մեզ սովորեցրել է ոչ մեկի վրա հույս չդնել, ոչ ոքից ճանաչում ու հավանություն չսպասել, այլ ինքներս մեր ճակատագիրը տնօրինել։ Այդ դասի ճշմարտացիությունն ապացուցեցին 1988թ. ազգային-ազատագրական պայքարը, Արցախյան ու ապրիլյան պատերազմները։ Միայն մենք ինքներս կկարողանանք մեր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել՝ հույսեր չկապելով երկակի չափորոշիչներ ունեցող եվրոպական որևէ կառույցի հետ։
Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն, Մարաղան..., ինչպես և ողջ Արցախը։ Եվ ինչպես ասված է Մ. Յու. Լերմոնտովի ՙՓախստականը՚ լեռնական լեգենդում. ՙՆրանց արյունը հոսում և վրեժ է խնդրում...՚։ Այնպես որ՝ ՙՆեմեսիս՚ գործողությունը ցայսօր չի կորցրել իր արդիականությունը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Thu, 14 Mar 2019 10:47:24 +0000
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26252-2019-03-14-10-44-21 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26252-2019-03-14-10-44-21 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության ու ՀՀ մշակույթի նախարարությունների համագործակցության ծրագրի շրջանակներում օրերս տեղի է ունեցել Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի և Երևանի Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցների սաների համատեղ համերգը:

Ըստ կազմակերպիչների` համագործակցության ծրագրում ներառված են մի քանի ուղղություններ, այդ թվում նաև ՀՀ և ԱՀ արվեստի դպրոցների համատեղ համերգներ, որոնք հետապնդում են ճանաչողական, մշակութային կյանքի, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության խթանման, ինչպես նաև փորձի փոխանակման, մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակ:
Արվեստի երկու դպրոցները համերգին հանդես եկան երգուպարով` ներկայացնելով ինչպես ազգային, այնպես էլ այլ երկրների մշակույթը: Անշուշտ, երկու դպրոցներն էլ ներկայացրեցին իրենց լավագույն համարները, որոնք մեծ արձագանք գտան դահլիճում: Աչքի ընկան հատկապես պարերը, որոնց վրա զգացվում էր պարուսույցների հետևողական աշխատանքը:
Երևանի Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սոնա Գալաջյանը ողջույնի իր խոսքում կարևորեց նման այցերը մի շարք առումներով` շեշտը դնելով ճանաչողական բաղկացուցչի վրա, որը ջերմություն ու լիցք է հաղորդում: Նա վստահեցրեց, որ Ստեփանակերտի արվեստի դպրոցի սաները ջերմության պակաս չեն զգա նաև Երևանում: Տնօրենը պատմեց, որ դպրոց է այցելում մոտ 250 երեխա, գործում են արվեստի գրեթե բոլոր բաժինները: Կրթօջախը շուրջ 45 տարվա պատմություն ունի, սաներն ամեն տարի մասնակցում են տարբեր ազգային և միջազգային մրցույթների և զբաղեցնում մրցանակային տեղեր: Նա ընդգծեց, որ իրենց սաները երկօրյա այցի ընթացքում հասցրել են լինել նաև Ստեփանակերտի պարարվեստի քոլեջում և այնտեղ անցկացնել վարպետության դասեր, որոնք կխթանեն երեխաների տեսական ու գործնական գիտելիքները:
Ըստ Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանի` համատեղ համերգային ծրագիրը մի յուրօրինակ ստուգատես է, որը հնարավորություն է տալիս ամփոփել տարվա ընթացքում գեղարվեստական կրթության ոլորտում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև վերհանել բացթողումները:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Thu, 14 Mar 2019 10:43:52 +0000