comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 28 Փետրվարի 2019 http://www.artsakhtert.com Tue, 16 Jul 2019 20:56:49 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26184-2019-03-01-15-35-30 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26184-2019-03-01-15-35-30 ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ

Արցախում հարգեցին սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակը

1988-ի փետրվարը Արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ առանձնացավ նաև ծանր ու դաժան իրողությամբ՝ սումգայիթյան եղեռնագործությամբ։ Երեսունմեկ տարի առաջ, 1988-ի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը երեք տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող հայաշատ Սումգայիթ քաղաքում, Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ, ադրբեջանական խաժամուժը հայ բնակչության նկատմամբ իրականացրեց սարսափելի ոճրագործություն։ Փետրվարի 27-ին քաղաքում ծայր առավ ավելի քան 18 հազար հայ բնակիչների ջարդը։ Երեք օր շարունակ Սումգայիթը հեղեղված էր հայերի արյամբ… Ականատեսների ու տուժածների պատմածները, տեղի ունեցածի մասին, սահմռկեցուցիչ մանրամասնությունները հավաստեցին, որ 1988-ի դահիճները ոչնչով չեն տարբերվում 1915-ի իրենց նախահայրերից։ Նույնն էին և՜ նպատակը, և՜ այդ նպատակին հասնելու միջոցները։
Սումգայիթյան ոճրագործությամբ Ադրբեջանը բացեց 20-րդ դարավերջի ցեղասպանությունների մի նոր շղթա։
Փետրվարի 28-ի վաղ առավոտից մարդկային հոսքը ձգվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։ Մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների և կրթօջախների կոլեկտիվներ, հասարակական կազմակերպությունների ու տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ դաժան ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով եկել էին ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, այլև մեկ անգամ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ միջազգային ատյաններում կատարվածին առ այսօր քաղաքական գնահատական չտալու համար։ Ընդհանուր կարգախոսը մեկն էր՝ Ադրբեջանի իրականացրած հրեշավոր ոճիրը պետք է ստանա իր համապատասխան գնահատականը, այլապես ՙսումգայիթները՚, ՙբաքուները՚, ՙկիրովաբադները՚ կշարունակեն մնալ պաշտոնական Բաքվի քաղաքական օրակարգում։
Հուշահամալիր այցելեցին Արցախի հոգևոր և աշխարհիկ ղեկավարությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Ի՞նչ դասեր ենք քաղել սումգայիթյան եղեռնագործությունից, ի՞նչ աշխատանքներ են տարվել բռնագաղթածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Տարիներն անցնում են, իսկ մինչ այսօր Ադրբեջանի հայահալած քաղաքականությունն ամենևին էլ չի փոխվել։ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Մարաղայի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի եղեռնագործությունների հեղինակ ազերի-թուրքը՝ միջազգային հանրության ներողամիտ հայացքի ներքո, ոչ միայն մարսեց իրականացրած ոճիրը, այլև մինչ օրս շարունակում է քարոզչության դաշտում արդարացնել իրականացրածը՝ կեղծելով իրականությունը։ Դեռ ավելին. Ադրբեջանի քարոզչական հնարքներից մեկն էլ Սումգայիթում և ամբողջ Ադրբեջանում հայության դեմ իրականացված ցեղասպանությունների հակակշռի ստեղծումն է. ալիևյան վարչախումբը փորձում է այդ նպատակին ծառայեցնել այսպես կոչված Խոջալուի դեպքերը, որոնք իրականում իրենց իսկ կողմից սեփական ժողովրդի նկատմամբ կազմակերպված ջարդերն էին։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ, Ազգային ժողովի նախագահ.
-Այն տրամաբանությունը, որ կար մեր ազգային-ազատագրական պայքարի հիմքում, և այն քաղաքականությունը, որ վարում էր Ադրբեջանը այդ և նախորդ տարիներին, խոսում է այն մասին, որ ադրբեջանական խտրական քաղաքականությունը պետք է ինչ-որ ժամանակ պայթեր։ Կարծում եմ, եթե 1988-ին մենք չսկսեինք Արցախյան շարժումը, մեզ սպասում էր Նախիջևանի օրինակը։ Շարժումը մեր ազգի նորագույն պատմության մեջ մեծ նշանակություն և կարևորություն ունեցավ՝ որպես համաժողովրդական պայքար։
Մենք միջազգային հանրության հետ խոսում ենք միջազգային լեզվով, անընդհատ բարձրացնում ենք ազգերի ինքնորոշման խնդիրը։ Բայց այն հանգամանքը, որ ազգային-ազատագրական մեր պայքարով կանխեցինք հաջորդ ցեղասպանությունը, որն անպայման տեղի կունենար և գուցե թե հենց այս տարածքում՝ որևէ կասկած չպիտի հարուցի։ Բոլոր հնարավոր տարբերակներով տարաբնույթ հանդիպումների, տարբեր կառույցների հետ քննարկումների ժամանակ մենք փորձում ենք միջազգային հանրությանը հասցնել և ամրապնդել այն գաղափարը, որ Արցախում 1988-ին սկսած պայքարը պատահական չի եղել, որ դա էր միակ ձևը՝ այս տարածքում ապրող բնիկ հայությանը ցեղասպանությունից փրկելու համար։
Ցավալի է, անշուշտ, որ Ադրբեջանն իր հակահայկական քարոզչության մեջ փորձում է օգտագործել այնպիսի հարցեր, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Ըստ իս՝ Ադրբեջանում բավական հաջող օգտվում են միջազգային տարբեր կառույցների և տարբեր երկրներում հանրային շրջանակների անտեղյակությունից։ Ադրբեջանը երկար ժամանակ փնտրում էր Սումգայիթում իրենց կատարած սպանդին որևէ հակակշիռ, հակափաստարկ, որպեսզ ցույց տա, որ միայն ադրբեջանցիները չեն ոճրագործություն կատարել։ Ուստի նրանք Խոջալուն դարձրին այն կետը, որից կարելի էր կառչել և հորինելով ուռճացնել՝ դարձնելով հայության կողմից իրականացված ոճրագործություն։ Մենք լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել Խոջալուում, ինչի էր վերածվել այդ բնակավայրը, և ինչ մարդասիրական դիրքորոշում են ունեցել Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա իշխանությունները։ Շրջափակման պայմաններում այլ ելք չունեինք, և պետք էր վերացնել Խոջալուի կրակակետը, որը պատուհաս էր դարձել հարակից խաղաղ բնակավայրերի համար։ Բայց այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանին, այնուամենայնիվ, հաջողվել է Խոջալուն հակակշիռ դարձնել և դա նրանց քաղաքականության շարունակությունն է, ինչի համար շատ մեծ հնարքներ, միջոցներ ու ռեսուրսներ են օգտագործվում։ Ժամանակի առումով գուցե թե դա որոշակի արդյունք տալիս է, բայց, կարծում եմ, ընդհանրական պատմության կտրվածքով այն նստվածք չի տա։


Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ, ԱՀ արտաքին գործերի նախարար.

-Միջազգային ատյաններում սումգայիթյան ոճրագործությանը իրավական գնահատական տալու ուղղությամբ աշխատանքներ, անշուշտ, տարվում են։ Մոտ օրերս այդ կապակցությամբ դարձյալ հայտարարություն է տարածվելու միջազգային կառույցներում։ Ընդհանրապես վերջին տարիներին այդ առումով ակտիվություն կա, բազմաթիվ նյութեր ենք տարածում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդարանում։ Անցյալ տարի մոտ 10 ծանրակշիռ փաստաթղթեր ենք ստեղծել ու տարածել միջազգային կառույցներում՝ իրազեկելով կատարված ոճրագործությունների մասին։ Սումգայիթյան սպանդի 31-րդ տարելիցի կապակցությամբ նույնպես փաստաթղթերը պատրաստ են։ Դրանցում մեկ անգամ ևս միջազգային հանրությանն իրազեկում ենք, թե ինչ է տեղի ունեցել իրականում, նաև տեղեկացնում ենք այս տարիներին կատարված մյուս դեպքերի մասին, և ձգտում համոզել, որ մեր ժողովրդի գոյության միակ երաշխիքն ու գրավականը մեր անկախ պետությունն է։
Իհարկե, գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում՝ աշխատելով հակառակ ուղղությամբ, տարբեր շինծու մեղադրանքներ են տարածում՝ փորձելով հայերիս մեղադրել ոճրագործության մեջ։ Կարելի է ասել, որ այս առումով մենք կարողանում ենք հավասարակշռել իրավիճակը։ Բայց արդարությունը մեր կողմն է, և մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որպեսզի սումգայիթյան ոճրագործությունն, ի վերջո, ստանա իր քաղաքական գնահատականը։
Ինչ վերաբերում է բռնագաղթածների իրավունքների պաշտպանությանը, այդ առումով ևս շատ անելիքներ ունենք։ Պետությունը համագործակցում է մի շարք հասարակական կառույցների հետ՝ ադրբեջանահայության շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 01 Mar 2019 15:31:07 +0000
ՙՀԱԿԱՐԻ՚ ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26183-2019-03-01-15-05-33 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26183-2019-03-01-15-05-33 ՙՀԱԿԱՐԻ՚ ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է  ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Փետրվարի 28-ին տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՙՀակարի՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՙՀագարի-2՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելուն: Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Կարեն Բեգլարյանի ներկայացմամբ` ընկերության հայտը նախապես քննարկվել է, հաստատվել, որ այն համապատասխանում է Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ սահմանված պահանջներին և ներկայացվել առաջարկություն: Նիստին որոշվեց վերոհիշյալ ՍՊԸ-ն ԱՀ Քաշաթաղի շրջանի Հագարի գետի համապատասխան գետահատվածներում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրել մինչև 2035թ. գործողության ժամկետով: Կառուցման վերջնաժամկետ է սահմանվել 2020թ. նոյեմբերը: ՀԾՏՄԿՊՀ-ն նաև ընկերության հետ հստակեցրել է տրամադրվող լիցենզիայի պայմանները:
Նիստի ընթացքում հայտարարվել է մի շարք ազատ (չզբաղեցված) հաճախականությունների շերտերում՝ ԱՀ տարածքում, ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ: Ըստ Հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության կարգավորման բաժնի պետ Աննա Առաքելյանի՝ մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձ հանդիսացող մասնավոր ընկերությունները, որոնք մրցույթին մասնակցելու հայտն ու կից փաստաթղթերը Հանձնաժողովի աշխատակազմ կարող են ներկայացնել 2019թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 29-ը:
Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև ՀԾՏՄԿՊՀ 2018թ. գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Հայկ Թորոսյանը: Տարվա ընթացքում տեղի է ունեցել հանձնաժողովի 18 նիստ, ընդունվել է 79 որոշում, լիցենզավորվել է 16 և հաշվառման վերցվել 9 նոր սուբյեկտ, գրանցվել է 14 պայմանագիր: Ստուգումների, դիտանցումների անցկացման նպատակով 249 հրաման է պատրաստվել, մշակվել և ընթացքավորվել հազարից ավելի գրություն. սա Հանձնաժողովի գործունեության մի մասն է: Ըստ զեկուցողի՝ ծառայողական պարտականություններով և աշխատանքային ծրագրերով պայմանավորված՝ Հանձնաժողովի աշխատակիցները 88 անգամ գործուղվել են հանրապետության շրջաններ, ՀՀ և արտերկիր: Հանձնաժողովի թեժ գծի և ֆեյսբուքյան էջի միջոցով ընդունվել է 13 դիմում-բողոք: Կառույցի կայքէջը տարվա ընթացքում 8800 այցելու է գրանցել:
Հ. Թորոսյանն անդրադարձել է նաև հանձնաժողովի կողմից իրականացվող կարգավորման և վերահսկման միջոցառումներին` նշելով, որ Էներգետիկայի բնագավառում իրականացվել են էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվությունների և տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունների վերլուծություն, լիցենզավորված գործունեության իրականացման պայմանների վերահսկում, սպառողների սպասարկման որակի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունների ամփոփում և բազայի համալրում: Տրամադրվել է էներգիայի արտադրության 14 լիցենզիա. 2019թ. հունվարի դրությամբ հանրապետությունում, բացի ՙՍարսանգՀԷԿ՚-ից գործում են 25 փոքր և կառուցման փուլում են 14 փոքր հէկեր: Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում իրականացվել են մի շարք աշխատանքներ առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մոնիթորինգի, անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման, գերիշխող դիրքի ճանաչման, ապրանքային շուկաների կառուցվածքի և գնագոյացման դեպքերի ուսումնասիրության, ինչպես նաև մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվությունների վերլուծության ուղղությամբ:
Տարվա ընթացքում մայրաքաղաքում իրականացվել է պարենային և ոչ պարենային 43 ապրանքային շուկաների 80 ապրանքատեսակների մանրածախ գների 58 մոնիթորինգ 30 առևտրային օբյեկտում, կատարվել դրանց արդյունքների վերլուծություն: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրված ապրանքատեսակներից գնանկում արձանագրվել է 28 ապրանքատեսակի, գնաճ` 13-ի համար: Մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, իրացման ծավալների և գնային քաղաքականության ուսումնասիրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման և գերիշխող դիրքի չարաշահման երևույթներ չեն հայտնաբերվել:
Տարվա ընթացքում շարունակվել է սերտ համագործակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովների հետ:
Նշելով, որ նիստին ներկայացվել են Հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփ և ցուցանիշային տվյալները, ՀԾՏՄԿՊՀ նախագահ Միքայել Վիրաբյանը տեղեկացրել է, որ հաշվետվության ամբողջական տարբերակը մամուլի միջոցով կներկայացվի հանրությանը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 01 Mar 2019 15:03:38 +0000
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26182-2019-03-01-15-02-09 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26182-2019-03-01-15-02-09 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
Հարցազրույց ԱՀ ԿԸՀ…

-Տիկին Արզումանյան, oրերս Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղակիորեն սահմանում են ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագծեր շրջանառության մեջ դնելու ընթացակարգեր։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ որոշումները և որքանո՞վ էր ակտուալ դրանց ընդունումը այս ժամանակահատվածում։
-Սկսեմ հարցի երկրորդ մասից։ 2019թ. փետրվարի 18-ին ԿԸՀ-ն ընդունել է գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր, ինչը պայմանավորված էր ԱՀ Սահմանադրության 122-րդ և 162-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այս հոդվածներից բխող իրավակարգավորումները իդեալական տարբերակում պետք է կանոնակարգվեին նախ ՙՀանրաքվեի մասին՚ ԱՀ օրենքով, և ապա ` ԱՀ ԿԸՀ որոշումներով։ ՙՀանրաքվեի մասին՚ ԱՀ օրենքը` նոր խմբագրությամբ, արդեն իսկ նախագծված է և դրված շրջանառության մեջ։ Սակայն, հաշվի առնելով, որ բավական ժամանակ է պետք, որպեսզի օրինագիծն ընդունվի, ինչպես նաև այն իրողությունը, որ արդեն հրապարակային հայտարարություն կար շրջանառության մեջ` քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագիծ շրջանառելու մտադրության մասին, ուստի այս ամենը գոնե ժամանակավոր իրավակարգավորումների անհրաժեշտություն ուներ` ԿԸՀ որոշումների տեսքով։ Հակառակ դեպքում, գործ կունենանք քաղաքացիների իրավունքների պատշաճ ապահովման պայմանների բացակայության հետ։ ԿԸՀ հիշյալ որոշումները պետական գրանցում են ստացել 20.02.2019թ. և ուժի մեջ կլինեն ս.թ. մարտի 2-ին։
Ինչ վերաբերվում է դրանց բովանդակությանը, որոնք, ի դեպ, մշակվել են ՀՀ օրենսդրական դաշտին համահունչ, ապա այն համառոտ կարելի է այսպես ներկայացնել։
Օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 10 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ, որն, ի թիվս կարգով սահմանված մի քանի փաստաթղթերի, ԿԸՀ է ներկայացնում նաև համապատասխան օրինագիծը՝ ԿԸՀ կայքում հրապարակելու և հանրությանը իրազեկելու նպատակով, որին հաջորդում է ստորագրահավաքի իրականացումը։
Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման հատուկ ձևաթերթիկի միջոցով՝ տեղում ստորագրելու եղանակով։ Ի դեպ, ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները։ Ստորագրությունների հավաքումն իրականացվում է համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում)։ Եվ ոչ միայն. դրան կարելի է միանալ նաև այդ մասին նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանված է ԿԸՀ որոշմամբ։
-Ո՞րն է ստորագրահավաքի գործընթացում համայնքապետարանների և շրջվարչակազմերի դերը։
-Նախևառաջ, դա նպատակ ունի քաղաքացիների սպասարկման համար տեխնիկական պայմաններ ապահովելու։ Քանի որ այս գործընթացին մեր քաղաքացիներն են ընդգրկվում, տեղական իշխանությունները պարտավորվում են որոշակի պայմաններ ստեղծել նրանց քաղաքացիական իրավունքների իրացման համար։ Այն դիտարկումները, որ դրանք նպատակ ունեն հսկողության տակ առնել, այսպես ասած, ՙգործընթացն ուզած հունով տանելու համար՚, էժանագին շահարկումների դաշտից են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ընդամենը տեղական իշխանության ներկայացուցիչների` հանրային ծառայողների մասնակցությամբ է այս գործընթացն ապահովվում, մարդիկ, ովքեր, ի դեպ, ևս այս երկրի քաղաքացիներ են և բարեխիղճ ծառայողներ, հետևաբար, նրանց գործունեության օրինականությունն ի սկզբանե, առանց հիմնավորման, կասկածի տակ առնելն առնվազն անբարոյականություն է ։
ԿԸՀ կարգով սահմանվում է, որ ստորագրությունների հավաքմանը ստորագրողը կարող է մասնակցել՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։ Տեղում ստորագրելու դեպքում ստորագրությունների հավաքումն իրականացնող անձը՝ ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի մասնակցությամբ, ստուգում է ստորագրողի ինքնությունը, այնուհետև, ձևաթերթիկում համապատասխան լրացումներ կատարելուց հետո, հնարավորություն է ընձեռում ստորագրողին ձևաթերթիկում ստորագրելու իր տվյալների դիմաց համապատասխան սյունակում։ Ձևաթերթիկն ամբողջական լրացվելուց հետո ստորագրվում է նախաձեռնող խմբի՝ ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցչի և ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի կողմից։
-Նշեցիք ժամկետների մասին։ Արդյո՞ք դրանք իրատեսական են, օրինակ` 45-օրյա ժամկետը ստորագրահավաք իրականացնելու համար։
-45 օր տրամադրվում է ստորագրահավաք իրականացնելու, ևս 15 օր ` դրանք ամփոփելու և ԿԸՀ ներկայացնելու համար։ ԿԸՀ ներկայացված նյութերը ստուգվում են 1 ամսվա ընթացքում։
Իրատեսականությունն ակնառու է, եթե հաշվի առնենք հետևյալ իրողությունները։ Ամենամեծ համայնքի` Ստեփանակերտի օրինակով ասենք. Ստեփանակերտում ընտրողների թիվը 01.01.2019թ. դրությամբ 38 647 է։ Տվյալ դեպքում նախագիծ ընթացքավորելու համար պետք է կլինի առնվազն 3 865 ընտրողի ստորագրություն, ինչը նշանակում է, որ օրական կարող է սպասարկվել 86-90 քաղաքացի, ինչը լիովին կարելի է ապահովել առնվազն մեկ կետում սպասարկում իրականացնելիս։ Իսկ սպասարկման կետերը կարող են նաև մեկով չսահմանափակվել։
-Հանրաքվեի մասին օրենքի ընդունումից հետո հնարավո՞ր են վերանայումներ գործող կարգերում։
-Ոչ միայն հնարավոր, այլ պարտադիր են` առնվազն իրավական ակտին ուղղակի հղումներ նախատեսելու առումով։ Իսկ եթե օրենքով նաև բարելավումներ ենթադրվեն, ապա այդ դեպքում ԿԸՀ որոշումներում փոփոխություններն անխուսափելի են։
Առայժմ քաղաքացիական նախաձեռնությամբ օրինագծեր շրջանառելիս առաջնորդվելու միակ իրավական հիմք են մնում ԿԸՀ հիշատակվող որոշումները։

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 01 Mar 2019 15:01:12 +0000
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26181-2019-03-01-14-58-23 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26181-2019-03-01-14-58-23 ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը մարտի 1-ին ՙԵվրոպա՚ հյուրանոցային համալիրում կազմակերպել է հանրապետության նախադպրոցական հիմնարկների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման դասընթաց-քննարկում երեխաների սննդի կազմակերպման, նախադպրոցական հիմնարկներում սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, վարչարարական հարցերի շուրջ: Այն իրականացվեց ԱՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների մասնագետների համագործակցությամբ:

Նպատակը, ինչպես իր ողջույնի խոսքում ասաց ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախում նախադպրոցական կրթությունը, երեխաների ֆիզիկական, հոգեկան առողջության պահպանումը բերել պատշաճ մակարդակի և ստեղծել ավելի լավ պայմաններ երեխաների զարգացման, նախադրյալներ` նախադպրոցական կրթության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակման համար: Նախարարությունն անցած մեկ տարվա ընթացքում ոլորտում մշտադիտարկում է անցկացրել, որն ի հայտ է բերել մի շարք ընդհանրական խնդիրներ և առաջացել է նախադպրոցական կրթության ոլորտը կանոնակարգելու, միասնական չափորոշիչներ ներդնելու և այդ չափորոշիչներով ու մեխանիզմներով առաջնորդվելու անհրաժեշտություն: Ն. Աղաբալյանը նշեց, որ նախադպրոցական կրթությունը մեր պետության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, և այդ ուղղությամբ մինչ այսօր զգալի աշխատանքներ են կատարվել. ամեն տարի ստեղծվում են նախադպրոցական նոր հաստատություններ, բացվում են նոր խմբեր:
Բանախոսներից ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Երանուհի Հայրապետյանը, անդրադառնալով նախադպրոցական և դպրոցական ոլորտներում երեխաների սննդի կազմակերպմանը, ասաց, որ հարցի վերաբերյալ 2013թ. ԱՆ-ի կողմից մշակվել են նախադպրոցական հիմնարկներում առողջ սննդի կազմակերպման սանիտարական նորմեր և կանոններ, որոնցով էլ տեսչությունն առաջնորդվում է: Հավաստեց, որ, իրոք, երեխաների սննդի բարելավման անհրաժեշտություն ամբողջ հանրապետությունում կա: Ընդհանրապես, մարդկանց մոտ որոշ հիվանդություններ պայմանավորված են նրանց մանկական հասակում սննդի ոչ ճիշտ կազմակերպումով: Ըստ նրա` ինչ կորցնում ենք այսօր երեխաների վաղ հասակում, հետագայում վերականգնել չենք կարող: Համաշխարհային վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ մանկական մահացությունների 35-40 տոկոսը հետևանք է թերսնուցման: Այն պատճառ է դառնում թերաճի, իսկ սխալ սնուցումը` գերաճի: Երկուսն էլ հետագայում պատճառ կարող են դառնալ այնպիսի հիվանդությունների, ինչպիսին են շաքարային դիաբետը, սակավարյունությունը, սրտի անբավարարությունը և այլն: Սխալ սնուցման մեջ նշվեց սպիտակուցներով պակաս, վիտամիններով, հանքային տարրերով չհագեցած սնունդ ստանալը: ԱՆ վերոհիշյալ ծառայության կողմից բավականին մեծ աշխատանք է տարվում մանկապարտեզներում սննդի էներգետիկ արժեքը նորմայի սահմաններում պահելու ուղղությամբ: 3-6 տարեկան երեխաներին անհրաժեշտ կալորիան մեծ մասամբ մանկապարտեզներում ապահովված է: Ոչ նորմալ փաստը, որին առնչվում է վերահսկող կազմակերպությունը, սննդի մեջ մտնող տարրերի` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի ոչ ճիշտ հարաբերակցությունն է: Մասնագետի դիտարկմամբ` ավելի հաճախ երեխաների կալորիաներն ապահովվում են ածխաջրերի` հացաբուլկեղենի, քաղցրավենիքի հաշվին, ինչը սխալ է:
ՙԱնվտանգ սնունդ, առողջ մանուկ՚ թեմայով զեկուցումով հանդես եկած ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության որակի և օպերատիվ հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Մխիթար Առաքելյանն էլ իր հերթին ներկայացրեց հանրային սննդում անվտանգ և սանիտարական նորմերին համապատասխան սննդամթերք մատուցելու գործում ծառայության պահանջները:
Մանկապարտեզի տնօրենների բարձրացրած հարցերը վկայեցին թե՜ առաջին և թե՜ երկրորդ վերահսկողական ծառայությունների կողմից ներկայացվող որոշ պահանջներն իրականության հետ անհապատասխանության մասին: Այսպես, կառավարության կողմից մի քանի տարի առաջ սահմանվել էր մանկապարտեզի մեկ երեխային անհրաժեշտ օրական չափաբաժնի գումարը` 566 դրամ, սակայն դրանից հետո մի քանի անգամ ապրանքների թանկացում է եղել, և անհնար է այդ գումարի սահմանում պահանջվող սննդակարգն ապահովել: Օրենքը պահանջում է երեխայի սննդակարգում ամեն օր կաթ ներառել, սակայն գործարանային արտադրության կաթնամթերքը շրջանների մանկապարտեզներ է առաքվում շաբաթական մեկ անգամ: Էլ չենք խոսում այն մասին, որ մատակարար կազմակերպությունների կաթնամթերք տեղափոխող մեքենաներն էլ ապահովված չեն սառնարանային պայմաններով, ինչը հատկապես ամռան եղանակին մթերքը փչանալու վտանգ է ստեղծում: Իսկ վերահսկող մարմինը չի թույլատրում տեղում արտադրվող գյուղմթերքը` միսը, կաթը, մածունը, ձուն, չնայած բժշկի կողմից համապատասխան տեղեկանքի ուղեկցումով, օգտագործել` պատճառաբանելով, որ դրանք անասնաբուժական լաբորատոր փորձաքննություն չեն անցել, ինչը գյուղական բնակավայրերում ամեն օր հնարավոր չէ կազմակերպել, քանի որ այդպիսի լաբորատորիաներ գործում են միայն շրջկենտրոններում: ՀՕՄ-ի ՙՍոսե՚ մանակապարտեզների աշխատանքները համակարգող Արտեմիս Գրիգորյանն իրավացիորեն զարմացած է. ամբողջ աշխարհում քարոզվում է բիոսնունդը, իրենց հովանավորներն էլ են դա պահանջում, իսկ Արցախի գյուղերի մանկապարտեզներին դա արգելվում է: Բացի այդ, գյուղմթերքը տեղում իրացնելով` չէ՞ որ նպաստում են գյուղացիների աշխատանքի խրախուսմանը, համայնքների զարգացմանը: Սննդի անվտանգության տեսչության պետ Ռոբերտ Առուստամյանը, հղում անելով օրենքին, ասաց, որ առանց լաբորատոր փորձաքննության չի կարելի: Անհեթեթությունը նաև այն է, որ այդ նույն երեխաները և ընտանիքի ոչ մանկապարտեզային մյուս երեխաներն իրենց տներում օգտագործում են տնական կաթնամթերք, մսամթերք, ձու: Նույն տրամաբանությամբ արդյո՞ք այդ երեխաների առողջական խնդիրնե՞րն էլ չպետք է վերահսկվեն պատկան մարմինների կողմից:
Դասընթացին տնօրենները, Առողջապահության նախարարության աշխատողը փորձի փոխանակում կատարեցին դժվարագույն խնդիրը լուծելու համար` ինչպե՞ս ապահովել երեխաներին անհրաժեշտ օրական 1800 կալորիան և ճիշտ սնուցում կազմակերպել` չխախտելով կանոնը:
Մեկ այլ զեկուցում էլ, որը ներկայացրեց համաճարակաբան Կարինե Բալայանը, նախադպրոցական հիմնարկներում հակահամաճարակային միջոցառումների և ախտահանման ռեժիմի մասին էր: Այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան. մասնավորապես` գյուղական մանկապարտեզների բժշկական վերահսկողությունը դրված է գյուղի բուժքրոջ վրա, որը ծանրաբեռնվածության պատճառով ի վիճակի չէ լիարժեք կատարելու պարտականությունները, պակասում են որոշ գործիքներ երեխաների աճին հետևելու համար: Իսկ ամենացավոտ հարցը մայրաքաղաքում խմբերի գերծանրաբեռնվածությունն է, որը հակասում է սանիտարահիգիենիկ նորմերին:
Հանդիպմանը վերհանված բազմաթիվ խնդիրներ միջգերատեսչական համագործակցության արդյունքում է հնարավոր լուծում տալ, ասաց Ն. Աղաբալյանը, ինչի ուղղությամբ էլ կծավալեն աշխատանքները: Նա առաջարկեց մանկապարտեզների ղեկավարներին` խնդիրներն առանձին ներկայացնել, որպեսզի կոնկրետ գյուղերի համար նաև առանձին քննարկում անեն: Երևի թե դրանց մի մասի լուծումը լրացուցիչ ծախսերի հետ կապված լինի և մասնագետների խնդիր առաջանա, որոշ դեպքերում` օրենսդրական փոփոխությունների կարիք լինի, ամեն դեպքում խնդիրը պետք է քննարկվի պատկան մարմինների հետ:
Ընդմիջումից հետո թիմային և գործնական հետաքրքիր աշխատանք ծավալվեց դասընթացի մասնակիցների հետ: Ամերիկյան համալսարանից դասընթացավար Արտակ Ալոյանը թրենինգ անցկացրեց ՙԱշխատանքային էթիկա, միջանձնային կոնֆլիկտների լուծում՚ թեմայով: Խմբերը ներկայացրին մանկապարտեզներում հանդիպող կոնֆլիկտային իրավիճակների վերաբերյալ նախարարության կազմած հարցաշարերի շուրջ լուծման իրենց տարբերակները, նախարարության հարցումին ի պատասխան` գրավոր ներկայացրին իրենց առաջարկությունները:

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 01 Mar 2019 14:54:27 +0000
ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26180-2019-03-01-12-37-09 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26180-2019-03-01-12-37-09 ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 (Սկիզբը՝ նախորդ համարում)

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը հիշեցրեց 2018 թվականի ամռանը մեր հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել էր Հանրային խորհուրդ, իսկ Ազգային ժողովում՝ Քննիչ հանձնաժողով։ Կատարված աշխատանքներն ի մի բերելուց հետո արվել են որոշ եզրակացություններ, մասնավորապես շեշտվել է այն միտքը, որ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) արձանագրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Այդ մասին բարձրաձայնելուց հետո որոշ փոփոխություններ կատարվել են նշված հիմնարկներում, սակայն դրանով չի կարելի բավարարվել։ ՔԿՀ-ները ոստիկանության համակարգից դուրս բերելու և արդարադատության նախարարությանը փոխանցելու խնդիրը հստակ պետք է դրվի։
Գաբրիելյանի երկրորդ հարցը գյուղատնտեսության ոլորտից էր։ Գյուղատնտեսության զարգացման աջակցության ծրագրերը, պատգամավորի բնորոշմամբ, առանձին անհատների են ծառայում, հասու չեն փոքր հողակտորներ մշակողներին կամ միջին բիզնես ունեցող հողօգտագործողներին։ Կոնկրետ բանջարաբուծությանն առնչվող ծրագիրը մենատնտեսներին անհասանելի է։ Պետության կողմից սահմանված կարգը ծառայում է մի խումբ մարդկանց։
Առաջին հարցին պատասխանեց ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։ Քրեակատարողական հիմնարկները ոստիկանության համակարգից դուրս բերելը գերակա խնդիր է համարվում։ ԱՀ նախագահի հանձնարարականի համաձայն՝ խնդրին լուծում կտրվի չորրորդ եռամսյակում, քանի որ խոսքը գնում է մի քանի տասնյակ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի հետ կատարվելիք աշխատանքի մասին։ Նկատի ունենալով այն, որ օրենսդրական կարգավորումը կատարվելու է ԱԺ-ում, Դանիելյանն ակնկալում է այդ գործընթացում խորհրդարանականների ակտիվ ներգրավվածությունը։
Երկրորդ հարցի առնչությամբ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը նշեց, որ ոլորտի զարգացման աջակցության ծրագրերը համաձայնեցվում են շրջանային վարչակազմերի հետ։ Ծրագրերի մշակման ժամանակ նախարարությունը ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր հողօգտագործողներին և անասնապահներին։ Փոխնախարարի կարծիքով, խոչընդոտներ չկան, իսկ եթե որևէ մեկը չի կարողանում օգտվել նշված ծրագրերից, նշանակում է, որ գործող կարգի շրջանակներում նրա գործառույթները չեն տեղավորվում։ Փոքր հողատարածքներում նման ծրագրերի իրականացումը, համաձայն մասնագետների եզրակացության, կարող է ոչ արդյունավետ լինել։
Պատգամավոր Արամ Սարգսյանն անդրադարձավ 2008թ. ԱՀ-ում մեկնարկած պետական աջակցության հիփոթեքային վարկավորման ծրագրին՝ ընդգծելով, որ անցած տասը տարիների ընթացքում այդ ծրագիրն էական փոփոխությունների չի ենթարկվել։ 2018-ին ընդունվեց ծրագրի իրականացման նոր կարգ, որով նախատեսվում էր վարկավորման տոկոսադրույքը 12%-ից (ՀՀ դրամով) հասցնել15%-ի, այն դեպքում, երբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից սահմանված տոկոսադրույքներն ավելի ցածր էին։ Ինչո՞վ էր պայմանավորված մեր հանրապետությունում վարկավորման տոկոսադրույքի բարձրացումը։
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պարզություն մտցրեց՝ ասելով, որ նոր կարգով տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսվել։ Սահմանված առավելագույն դրույքաչափերն են՝ 15% (ՀՀ դրամի համար) և 12%՝ (արտարժույթի համար)։ Այդ որոշման ընդունումը պայմանավորված էր շուկայում գործող տոկոսադրույքներով։ Ներկա դրությամբ դրանցում նվազման որոշակի միտում է նկատվում, բայց՝ ոչ մեծածավալ վարկային ռեսուրսների մասով։ Սահմանվել է այնպիսի մեխանիզմ, որը կշահագրգռի շահառուին՝ ընտրություն կատարել տարբեր բանկերի կողմից առաջարկվող վարկերի միջև։ Պետնախարարի խոսքով՝ տոկոսադրույքի համաֆինանսավորման տրամաբանությունը դրվել է սուբսիդավորման մեջ, որպեսզի մի կողմից շահագրգռի մարդկանց, մյուս կողմից՝ բանկերին ստիպի նվազեցնել տոկոսները։ Փաստորեն պահպանվել են գործող տոկոսադրույքները, ավելացվել է պետության կողմից համաֆինանսավորումը։
Պատգամավոր Արարատ Օհանջանյանի հարցի հասցեատերը, ինչպես միշտ, առողջապահության նախարարությունն էր։ Բնակչության առանձին խմբերի համար սահմանված են արտոնություններ բուժման և բժշկական հետազոտությունների իրականացման համար։ Այդ ամենը կատարվում է պետպատվերի շրջանակներում։ Օհանջանյանը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամներից, որոնցից գումար են պահանջել՝ բուժհիմնարկներում իրականացված ՙՄՌՏ՚ և ՙԿՏ՚ հետազոտությունների համար։ Մտահոգիչ հանգամանքն այն է, որ պետությունն օգնում է բնակչության այդ խմբերին, որպեսզի նրանք անվճար բուժում ստանան, բայց, միաժամանակ, որոշ հետազոտությունների դիմաց նրանցից գումար է վերցնում։ Ինչպե՞ս է գերատեսչությունը վերաբերվում այս խնդրին։
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի իրազեկմամբ՝ ՙՄՌՏ՚ հետազոտությունը մեր հանրապետությունում իրականացվում է անցյալ տարվա դեկտեմբերից։ Մինչ այդ բոլոր հետազոտվողներն ուղեգրվում էին Հայաստան։ Բոլոր քաղաքացիների համար՝ լինեն սոցիալապես անապահովներ, թե ոչ, կամ հաշմանդամության կարգ ունեցողներ, անհետաձգելի հետազոտություններն անվճար են։ ՙԿՏ՚ հետազոտության դիմաց նախատեսված գումարը պետության կողմից սուբսիդավորվում է. 60%-ը՝ պետությունն է վճարում, 40%-ը՝ քաղաքացին։ Եթե դեպքերը պլանային են, ՙՄՌՏ՚-ի համար գումարի կեսը քաղաքացին է մուծում, մյուս կեսը՝ պետությունը։ Բաղրյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ անհետաձգելի հետազոտություններն անվճար են բոլոր քաղաքացիների համար։
Պատգամավոր Ռիտա Մնացականյանը տեղեկացրեց, որ ՙԴաշնակցություն՚ խմբակցությանն են դիմել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մի խումբ այրիներ և ծնողներ։ Նրանց համար վիրավորական է այն, որ 28 տարի առաջ պետության կողմից սահմանված նպաստի չափը՝ 15 հազար դրամ, առ այսօր չի փոխվել։ Անցած տարիներին մի քանի անգամ բարձրացրել են և՜ աշխատավարձերը, և՜ թոշակները, սակայն տրվող նպաստը փոփոխության չի ենթարկվել։ Օրըստօրե աճող գներն ավելի են ծանրացնում այդ մարդկանց հոգսերը, ուստիև, նրանք խնդրում են վերանայել նպաստի չափը։
Երկրորդ հարցը բռնադատվածներին էր վերաբերում։ Գործող օրենքում հստակ նշված է, թե ով է համարվում բռնադատված։ Կա նաև այսպիսի բնորոշում. ՙԱդրբեջանի հետաքննական և նախաքննական մարմինների կողմից անձը պահվել է անազատության մեջ՚։ Մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր կամայականորեն ձերբակալվել են, պահվել Շուշիի կամ ադրբեջանական այլ բանտերում, ենթարկվել դաժան կտտանքների, սակայն կարգավիճակ չեն ստացել։ Ի՞նչ հիմքերով են մերժվել այդ մարդկանց՝ բռնադատվածի կարգավիճակ ձեռք բերելու մասին դիմումները։
Աշխատանքի, սոցիալական ապահովության և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն առաջին հարցի առնչությամբ ասաց, որ անցած 28 տարիների ընթացքում վերանայվել են աշխատավարձերի, թոշակների և դրամական օգնությունների չափերը։ Նախարարի խոսքով՝ եթե ամբողջ փաթեթից մի նպաստի տեսակ չի վերանայվել, չի նշանակում, թե այդ ընտանիքներն իրականում շատ լուրջ տուժում են։ Նպաստի բարձրացման հարցն, իհարկե, օրակարգային է, և առաջին իսկ հնարավորության առկայության դեպքում չափերը կվերանայվեն։
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը վկայակոչեց բռնադատվածների մասին օրենքը և ասաց, որ վերջին 6 տարիների ընթացքում կարգավիճակի հարցով նախարարությանը դիմած քաղաքացիներից ոչ մեկը մերժում չի ստացել։ Օրենքում նաև փոփոխություն է կատարվել. Արցախյան ազատագրական շարժման ժամանակ բռնադատված քաղաքացիների վերաբերյալ նոր հոդված է մտցվել։ Նախարարի պարզաբանմամբ՝ խնդիրն այն է, որ ենթադրյալ բռնադատվածի կարգավիճակ ունեցող քաղաքացին, համապատասխան փաստերը ներկայացնելուց բացի, պետք է դիմի նաև դատարան։ Գործերը քննվում են առաջին ատյանի դատարանում, վկաները հարցաքննվում են, կայացված վճիռը փաստաթղթերի հետ ներկայացվում է պետական հանձնաժողով։ Հնարավոր չէ, որ մեզ մոտ քաղաքացու՝ հիմնավորված փաստարկներով դիմումը մերժվի։ Ընդհանուր հաշվով, մեր հանրապետությունում 285 քաղաքացի ունի բռնադատվածի կարգավիճակ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 01 Mar 2019 12:36:08 +0000
ՄԱՏԱՂԻՍԻ ՆՈՐ ՕՐԸ... http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26179-2019-03-01-12-24-57 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26179-2019-03-01-12-24-57 ՄԱՏԱՂԻՍԻ ՆՈՐ ՕՐԸ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Բազում փորձությունների դիմակայած Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղն առավել շատ զինվորական ավան է հիշեցնում։ Մեր փորձերը` մտնել գյուղում տեղակայված զորամասի տարածք, ապարդյուն են անցնում։ Հրամանատարական կազմն առաջնագծում է, իսկ ավելի ցածր օղակներում նախապատրաստական եռուն աշխատանքներ են ընթանում. հաջորդ օրը նրանց մոտ Երդման հանդիսավոր արարողություն է։ Մեզ մնում էր ենթարկվել բանակային կարգուկանոնին ու հայացքով շոյելով գյուղի նորակառույցները` բռնել համայնքապետարանի ճանապարհը։ 

Գյուղապետ Զավեն Ավանեսյանը տեղում չէր, գյուղի հոգսերով գյուղավերև էր բարձրացել, որ վերին թաղամասի ոռոգման ջրի հարցը լուծի։ Մատաղիսի համայնքի քարտուղար Սվետլանա Ստեփանյանից տեղեկանում ենք, որ գյուղի խմելու ջրի հարցը լուծված է, բնակիչները լրիվությամբ ապահովված են։ Գյուղի միջնամասում գտնվող նորակառույց 16 տների բնակիչներն էլ ոռոգման ջրի խնդիր ունեն։ Խնդիրն առկա է, օրակարգային, մնում է ընթացքավորել։ Համայնքի ղեկավարը փորձում է վերանորոգել ջրմաբարն ու ջրագծերը ու օր առաջ ջուրը հասցնել կարիքավորներին։
Երկար տարիներ (նաև` խորհրդային շրջանում) քարտուղար աշխատած տիկին Սվետլանան հերթով ներկայացնում է գյուղի գլխով անցածը, նրա հոգսերը, խնդիրներն ու ձեռքբերումները... 1992 թվականի հունիսի 16-ին թողել են գյուղը և կրկին տուն վերադարձել 1994թ. օգոստոսին։ Ամուսինը՝ Սուրենը, առաջիններից մեկն է գյուղ եկել և մասնակից դարձել վերաբնակեցման գործընթացին։
Այսօր Մատաղիսը 581 բնակիչ ունի, որոնցից 257-ը ժամանկավոր են հաստատվել գյուղում։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Մանկապարտեզը շատ փոքր է, նախատեսվում է ավելի մեծ ու տիպային մանկապարտեզ կառուցել և անպայման ապաստարանով։ Տիկին Սվետլանան ամենօրյա շփումների մեջ է գյուղի բնակչության հետ, լավ տեղյակ է նրանցից յուրաքանչյուրի հոգս ու խնդրին։ Տեղյակ է, թե ով ինչպես է ապրում, առավել շատ ինչի կարիք ունի։ Համայնքապետարանում ձգտում են հնարավորինս կարեկից լինել բնակիչներին։ Գալիս տեղեկանք են վերցնում, հետն էլ կիսվում իրենց առօրյայով, հոգս ու խնդիրներով։ Ըստ քարտուղարի` բնակիչները հիմնականում ապահովված են աշխատատեղերով։ Զորամասում, դպրոցում, մանկապարտեզում, զույգ հէկերում մարդիկ վաստակում են իրենց ապրուստի միջոցները։ Այնպես, որ եթե կա վաստակելու ցանկություն, աշխատատեղը գյուղի համար այլևս խնդիր չէ։ Գյուղում աշխատում են բազմաթիվ շինարարներ, որոնք նոր տեսք ու շունչ են հաղորդում սահմանամերձ համայնքին։ ՙՄենք ընտանիքով բոլորս էլ աշխատում ենք, ասում է համայնքապետարանի քարտուղարը, և այդպես շատ-շատերը։
Գյուղի համար խնդիր է մնում երիտասարդ, նորաստեղծ ընտանիքների բնակավորման հարցը։ Եթե բնակարանաշինությունն էլ նոր ու լայն թափ ստանա, մեր գյուղի հետևից հասնող չի լինի, անկեղծանումէ տիկին Սվետլանան՚։
Գյուղացիները տներում մշտական ջուր ունեն, ոռոգման ջրի հարցն էլ մեծամասնության համար լուծված է։ Անասնապահությամբ են զբաղվում, միայն թե տարին այնքան էլ բարենպաստ չէր. խոզերի, ընտանի թռչունների մեծաքանակ անկում արձանագրվեց։ Մի քանի անասուններ էլ հանդերում ականի վրա են պայթել, բայց փոխհատուցում այդպես էլ չստացան։
Գյուղացին ինքը ստեղծող-արարող է, բայց պետությունն էլ նրան թիկունք պիտի կանգնի, որ գյուղացին շատ արտադրի, ավելցուկը շուկա հանի, մի քանիսին էլ ինքը կերակրի։
Ողջ գյուղը հարգանքով է վերաբերում սպաներին ու նրանց ընտանիքի անդամներին, մեր պահապան հրեշտակներն են՝ ասում են, թող նրանց մատն անգամ փուշ չընկնի։
Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչպես է Մատաղիսն օր օրի փոխվում, տարածում իր թևերը՝ լայնքով ու երկայնքով... Մատաղիսցիները վստահում են սահմանում կանգնած իրենց պաշտպաններին ու քարը քարին են դնում, հույսով, վաղվա օրվա հանդեպ հավատքով և վստահությամբ, որ հենց իրենք են ամուր պահելու իրենց պահապան զինվորի թիկունքը` չնայած թիկունք ու ճակատ հասկացությունն այս կողմերում, իրոք, հարաբերական է։ Հարաբերական է նաև խաղաղությունը։ Իսկ Մատաղիսի նոր օրը կերտվում է զորեղ հավատքով, քրտինքով, արմատներից պինդ կառչած՝ արարող ձեռքերով...

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 01 Mar 2019 12:24:21 +0000
ՈՐՏԵ՞Ղ ԿԱՅԱՆԵԼ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26178-2019-03-01-12-21-35 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26178-2019-03-01-12-21-35 ՈՐՏԵ՞Ղ ԿԱՅԱՆԵԼ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Արցախի խորհրդանիշը հանդիսացող ՙՄենք ենք, մեր սարերը՚ հուշարձանի հարակից տարածքում ավտոշուկայի կառուցման նախաձեռնությունը հասարակության կողմից միանշանակ չի ընդունվել. հնչել են կարծիքներ, որ դրա տեղը ճիշտ չի ընտրված, և այնտեղ սկսված շինարարական աշխատանքները, որ իրականացվում էին մասնավոր ներդրողի կողմից, դադարեցվել էին: Մինչդեռ և՜ համապատասխան մարմինները, և՜ բնակիչներն ու անձնական օգտագործման ավտոմեքենաների տերերը հասկանում են, որ նման մի վայր Ստեփանակերտը պետք է ունենա: Թե որտեղ` դա արդեն խնդրի մյուս կողմն է:

Վաճառքի դրված տրանսպորտային միջոցների սեփականատերերն իրենց մեքենաները ներկայումս կայանում են քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես` ավտոկայանի հարևանությամբ, Մաշտոց-Հեքիմյան խաչմերուկի մոտ` ՙՄռակած՚ բենզալցակայանի հարակից տարածքում: Մայրաքաղաքի այդ թաղամասի բնակիչներից ու վարորդներից բողոքները, որ ՙՄռակած՚-ի մոտ կայանված ավտոմեքենաների պատճառով անվտանգ երթևեկության համար խոչընդոտներ և խցանումներ են ստեղծվում, հաճախակի են դարձել:
Խնդրի պարզաբանման ակնկալիքով դիմեցինք ԱՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ Իգոր Օհանյանին և Ստեփանակերտի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանին: Վերջինիս խոսքով` տրանսպորտային միջոցների սեփականատերերն այդ տարածքում մեքենաները կայանում են սեփական նախաձեռնությամբ, որքան ինքն է տեղյակ` այդտեղ այդ նպատակի համար նախատեսված տարածք չկա: Քանի որ այդ տեղամասում տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը արգելող որևէ ճանապարհային նշան չկա, հետևաբար և չկա օրինախախտում այդ մեքենաները կայանող վարորդների կողմից:
Բայց, ինչպես բացատրում են վարորդներն ու բնակիչները, խնդիրներ առաջանում են այն պատճառով, որ կայանված մեքենաների պատճառով տարածքը ծանրաբեռնվում է և անհարմարություններ է ստեղծում հետիոտների ու այլ` տեղաշարժվող տրանսպորտային միջոցների համար: Երբեմն էլ տրանսպորտային միջոցները կայանվում են երթևեկելի մասում կամ խաչմերուկին մոտ: Այս առնչությամբ ՃՈ պետ Ի. Օհանյանը նշեց, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից մշտական վերահսկողության տակ են պահվում ոչ միայն այդ հատվածի, այլև մայրաքաղաքի ու հանրապետության մյուս բնակավայրերի համապատասխան ճանապարհահատվածներում կանգառների կանոնների խախտման կամ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրները: Կոնկրետ այդ տարածքում կայանված տրանսպորտային միջոցների պատճառով խցանումների դեպքեր չեն դիտարկվել։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վերահսկում են վարչական իրավախախտումների բացահայտման ու կանխարգելման գործընթացը, մշտապես համապատասխան աշխատանքներ տանում: ՃՈ պետի խոսքով` նշված հատվածում՝ ՙՄռակած՚ բենզալցակայանի խաչմերուկում, տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումն օրենքով սահմանված կարգին որևէ ձևով չի հակասում։ ՙԳոյություն ունեն ճանապարհային երթևեկության կանոնների սկզբունքային կետեր, թե խաչմերուկից քանի մետր հեռավորության վրա է թույլատրվում կանգառը կամ կայանումը,-ասաց նա:- Գուցե կայանված ճանապարհատրանսպորտային միջոցների պատճառով այդ հատվածում որոշակի ծանրաբեռնվածություն կամ տեսանելիության նվազում դիտվում է` առաջացնելով որոշակի անհարմարություն, բայց իրավիճակը լրիվությամբ վերահսկելի է. ճանապարհային որևէ նշանի կամ գծանշանի խախտում չկա։ Մշտապես հսկողության տակ պահելով այնտեղ կայանված տրանսպորտային միջոցները, վերահսկվում է, որպեսզի դրանք խցանումների կամ վթարային իրավիճակների պատճառ չհանդիսանան։ Իսկ եթե տրանսպորտային միջոցը խոչընդոտում է երթևեկությանը կամ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում ճանապարհին, ապա համապատասխան ծառայությունը վերացնում է այդ խոչընդոտը՚։
Մայրաքաղաքը պետք է ունենա ավտոշուկա` Է. Ավանեսյանն ու Ի. Օհանյանը միակարծիք են: Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետը տեղեկացրեց, որ դեռևս անցյալ տարի գրություն են ստացել ճանապարհային ոստիկանության կողմից, որ մայրաքաղաքի` ավտոկայանից դեպի Հաղթանակի հրապարակ ու դրանից ցած գտնվող տարածքում կայանված տրանսպորտային միջոցները խոչընդոտում են երթևեկությանը: Այդ իսկ պատճառով առաջարկություն է արվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի միջոցների հաշվին մայրաքաղաքում ստեղծել ավտոշուկա. քանի որ վաճառքի ենթակա ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված են լինում երկարաժամկետ դրանք կայանել նույն վայրում, դրանով իսկ խանգարելով երթևեկողներին: Անհրաժեշտություն կա այդ աշխատանքը համակարգել` արհեստական խցանումներից, երթևեկության խոչընդոտներից խուսափելու համար։
ՙՄեր կողմից հարցն ուսումնասիրվել է և առաջարկություն արվել, որ խնդրի լուծման մեջ ներգրավվի մասնավոր հատվածը. քաղաքապետարանն ակնկալում էր, որ մասնավոր ներդրումներ կկատարվեն` կյանքի կոչելու Ստեփանակերտում ավտոշուկայի ստեղծման ծրագիրը՚,-տեղեկացրեց Է. Ավանեսյանը, մեր հարցին ի պատասխան նշելով, որ տարածքի ընտրության և տրամադրման վերաբերյալ հարցին ինքը լիազորված չէ պատասխանել, քանի որ դրանով իրենց բաժինը չէ, որ զբաղվում է:
Ինչ վերաբերում է ՙՄռակած՚-ի հարակից տարածքի ծանրաբեռնվածությանը, Է. Ավանեսյանի տեղեկատվությամբ` քաղաքապետարանի և ՃՈ միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ համապատասխան ճանապարհային նշաններ տեղադրելու մասին: ՙՓետրվարի 5-ին պայմանագիր ենք կնքել մայրաքաղաքում ճանապարհային նշանների` նորով փոխարինման մասին, և այդ ծրագրի շրջանակներում նշված տարածքում էլ կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ մեքենաների կայանումն ու կանգառը համապատասխան կարգով իրականացնելու համար։ Սա խնդրի մասնակի լուծում է. հարցի վերջնական լուծման համար, անշուշտ, պետք է լինելու մտածել վաճառվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված հարմար տարածք ունենալու մասին: Թե որտեղ, ինչ պայմաններով` քննարկման հարց է: Մենք սերտորեն համագործակցում ենք համապատասխան բոլոր կառույցների, և առաջին հերթին` ճանապարհային ոստիկանության հետ ու հաշվի առնում առաջարկություններն ու դիտողությունները՚,- ասաց Է. Ավանեսյանը:
Ի. Օհանյանն էլ այն կարծիքին է, որ ավտոշուկայի ձևավորումը մայրաքաղաքի համար հրատապ է: Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկության ծանրաբեռնվածությունը, կբաձրացնի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:
Այն, որ տարեցտարի մայրաքաղաքի փողոցներն ու հանրապետության ճանապարհներն առավել ծանրաբեռնված են դառնում, դժվարացնելով ինչպես ՃՈ աշխատակիցների աշխատանքը, այնպես էլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների տեղաշարժը, միանշանակ է: Ի՞նչ աշխատանքներ են տարվում, համագործակցության ի՞նչ մեխանիզմներ են գործում ՃՈ և պետական մյուս կառույցների, ասենք` քաղաքապետարանի ու Քաղաքաշինության նախարարության միջև, այս մասին Ի. Օհանյանն ասաց, որ համագործակցությունը Քաղաքաշինության նախարարության և մյուս կառույցների հետ շատ բարձր մակարդակի վրա է. համագործակցությունը շարունակական է, հսկայական աշխատանք տարվել է, կան քննարկման փուլում գտնվող ծրագրեր: Տեխնիկական կահավորման տեսանկյունից քաղաքապետարանի հետ համագործակցությամբ բավականին աշխատանքներ են իրականացնում:
Մայրաքաղաքի ճանապարհների թողունակության հարցը շատ արդիական է ու մտահոգիչ, խնդրի լուծման վերաբերյալ կան առաջարկություններ։ Այս պահի դրությամբ քննարկվում է կանգառ- գրպանիկների կառուցման հարցը, ինչը հնարավորություն կտա մի շարք փողոցներում տրանսպորտային միջոցներն անվտանգ կանգառ կատարեն և չխոչընդոտեն երթևեկության մյուս մասնակիցների տեղաշարժը։ Քննարկվում են որոշ փողոցների լայնացման, որոշների բարեկարգման հաշվին մայրաքաղաքի կենտրոնական մասը բեռնաթափելու հարցերը։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 01 Mar 2019 12:20:18 +0000
ՄՈՄԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ ԱՅՐՎԵԼ ՄԵՂՔԵՐԻՍ ՀԱՄԱՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26177-2019-03-01-12-16-40 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26177-2019-03-01-12-16-40 ՄՈՄԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ ԱՅՐՎԵԼ ՄԵՂՔԵՐԻՍ ՀԱՄԱՐ
Մարտիրոս ՈԲՆ

(հատված վիպակից)
1993 թվականի դեկտեմբերն էր։ Իսկ պատերազմի ժամանակ մի տեղից մեկ այլ տեղ գնալու համար փոխադրամիջոց գտնելը անասելի դժվար էր, ուր մնաց թե երթուղային ավտոբուս լիներ։ Այնպես որ՝ մերը ոչ թե երթուղային, այլ երջանկության ավտոբուս էր։ Մեկը մյուսի ականջը գցելով՝ դեռևս լուսումութին, արդեն ահագին ուղևորներ էին խմբվել վարորդի տան բակում, ուր կայանված էր նաև մեր երջանկության ավտոբուսը, երբ ես ոտքով տեղ հասա։
Օխրայագույն ավտոբուսը իր շուրջը ծովացածներին սպունգի պես կլլեց մինչև վերջին մարդը։ Սրահում, նստածներից երեք անգամ շատ, կանգնածներ էին։ Գրողը տանի, նույնիսկ մի ոտքից մյուսին հենվելու համար ստիպված էիր լինում կողքինիդ հրել։ Ու այդ վիճակում՝ տասը ժամ։ Եվ, այնուամենայնիվ, դա մեզ համար երջանկության ավտոբուս էր թեկուզ հենց այն պատճառով, որ ռազմաճակատից մեզ թիկունք էր տանում, որտեղ կյանքը, այնուամենայնիվ, նման էր կյանքի։ Ու հիմա՝ ողջ ճանապարհին՝ երբ մեկնումեկի սիրտը խառնում էր, սրահի առաջնամասում կանգնածներից յուրաքանչյուրը ներքուստ ցնծում էր, որովհետև ավտոբուսից դուրս գալու առիթ կար, իրենք պիտի իջնեին, որպեսզի վատացած ուղևորը կարողանար դուրս գալ։ Իսկ այդ մի քանի րոպեն նրանց համար մաքուր օդ շնչել էր, ծխախոտ ծխել էր, վերջապես անշարժությունից ընդարմացած մարմնիդ ճմլկոտելու հնարավորություն ընձեռել էր։
Ձյունն առատորեն տեղալ սկսեց Գորիսում, երբ վարորդը այս անգամ ավտոբուսից իջավ ու զրույցի բռնվեց երկու տղամարդու հետ, որոնցից բեղավորի ափի մեջ, ի վերջո, սկսեց հատ¬հատ դնել ծոցագրպանից հանած թղթադրամները, որոնց փնջած պահողը ռետինե օղակապն էր։ Նույն այդ ժամանակ մյուս տղամարդը ցրիվ գալու պատրաստ ՙԺիգուլու՚ բեռնախցիկից ծանրորեն հանեց քսան լիտրանոց կանիստրը և, ինքը մի կողմի վրա ծռված, կանիստրը բերեց ավտոբուսի մոտ։ Բայց սպասեց, որ վարորդն ինքը սոլյարկան լցնի ավտոբուսի բաքը։ Այդ ժամանակ է, որ ձյունը սկսեց առատորեն տեղալ։
Ավտոբուսի դիմապակու մաքրիչները չէին հասցնում վարորդի տեսադաշտը պարզ անել, մանավանդ որ՝ քամին էլ, պտտահողմի պես դաշտերի ձյունը օդ հանելով՝ բերում¬թափում էր գրեթե ամայի մայրուղու վրա ու երկվայրկյան անց, դեռևս այսուայնտեղ սևին տվող ասֆալտը կորչում էր համատարած կաթնամշուշ մռայլության մեջ։ Մի երկու տեղ նույնիսկ վարորդի խնդրանքով (ես նրա վաղեմի ծանոթներից էի) իջա ու սկսեցի գնալ ավտոբուսի առջևից՝ ինքս վարորդի համար դառնալով ուղեցույց։
Կապան տանող մայրուղու մի զգալի հատվածը թուրքերի նշանառության տակ էր, և այդ էր պատճառը, որ մեր ավտոբուսը գնում էր շրջանցիկ ճանապարհով, անցնում էինք և՜ գյուղերի միջով, և՜ հանդամիջյան խճուղով։ Դա մի տեսակ շուրջերկրյա ճանապարհորդություն էր, իսկ ավելի ստույգ՝ դա էլ մեր գողգոթայի ճանապարհն էր, որտեղ հայտնվածը Քրիստոսին միայն երանի էր տալիս... Եթե ոլորապտույտ, կիրճ իջնող ճանապարհով ավտոբուսը զգուշորեն, փնչալով, այնուամենայնիվ, մեզ անփորձանք հասցրեց ձորատակ, հիմա՝ հանդիպակաց սարալանջն ի վեր, պարզ է, որ տղամարդ ուղևորներս էինք ավտոբուսը առաջ հրում։ Այդպես մինչև սարագլուխ, որտեղ Տաթևն էր։ Մեզ այդքանը իբր քիչ էր, գյուղատակի ձորակում էլ ավտոբուսը ՙշունչը փչեց՚։
Սարալանջն ի վեր ավտոմեքենան հրելիս չէի նկատել կոշիկներիս մեջ լցվող ձյունը, միայն հիմա, երբ լռվել էինք գյուղատակի ձորակում, կոշիկներիս մեջ զգում էի անասելի տհաճ թացություն, ու որպեսզի ոտնաթաթերս չսառչեն, կանգնած տեղս՝ ավտոբուսի սրահում, մատներս վրա¬վրա շարժում էի, շարժելիս զգում, թե ինչպես է մատներիս արանքով ջուրը պզզում թաց գուլպաներիս մեջ։ Բայց ոչ այնքան դրանից, որքան քաղցած լինելուց էի սկսել մրսել։ Թե որ ասեմ առավոտվանից ոչինչ չէի կերել, ինքս էլ պիտի հավատամ, որ երեկ կուշտ էի, մինչդեռ պատերազմի ժամանակ մարդ մշտապես քաղցած է լինում։ Դուրսը արդեն տեսանելի չէր ու դժվար էր ասել՝ ձյունը շարունակում էր տեղա՞լ, թե՝ ոչ։ Եթե ուզենայիր քրտնած պատուհանից դուրս նայել, միայն պիտի տեսնեիր քո աղավաղված արտացոլանքը, երբ սրահի լույսը միացնում էր վարորդը։ Իսկ դա անում էր ծայրահեղ դեպքում, երբ ինչ¬որ մեկի երեխան սկսում էր լաց լինել, կամ երեխայի տակաշոր էր փոխել պետք, կամ ինչ¬որ մեկը ավտոբուսից դուրս գալու անհրաժեշտություն ուներ։ Մնացած ժամանակը նույն խավարն էր տիրում թե ավտոբուսի մեջ, թե դրսում։ Վարորդը մինչ այդ ուղևորներին ասել էր.
-Քանի դեռ շատ չի մթնել, հարկավոր է մտածել գիշերելու մասին։ Էստեղ բոլորիս համար դժվար կլինի։ Ովքեր երեխեքի հետ են, ովքեր կարող են, լավ կանեն բարձրանան գյուղ։ Էն ա գյուղը։
Համատարած ձյան մեջ գյուղի տները նման էին սև տուփերի, որտեղից նավթավառի ճպռոտ լույսեր էին ծիկրակում տարաժամի մթնում։
-Ինչ էլ լինի՝ հայ մարդիկ են, գիշերելու տեղ կտան։ Գոնե չեք սառչի։
Գնացողները գնացել էին, ու հիմա ավտոբուսում չնայած խեղդոց չէր, բայց նստելու տեղ չկար։ Միջանցքում, որը նկատելի թեթևացել էր, կանգնածները շարունակում էին ոտքի վրա մնալ՝ այս ու այնտեղից կառչած։ Իհարկե, շատերը պատրաստ էին հենց հատակին էլ նստել, բայց դա լինելու բան չէր. հատակն ամբողջովին ցեխալղոզ էր։
Ես մեծագույն հաճույքով կպառկեի գետնին, լինի՝ ծառի տակ, թե հենց խճուղու վրա, կպառկեի ցանկացած տեղ, միայն թե գետինը չոր լիներ։ Բայց գետինը ձյունածածկ էր ու դեկտեմբերյան ցուրտը հեշտությամբ էր մրսեցնում տանջահար ու քաղցած մարմինս։ Ցավում էր ամեն մի բջիջ, անգամ մազերս, իսկ կոշիկներիս մեջ մատներս ուղղակի ծփծփում էին...

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 01 Mar 2019 12:13:34 +0000
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26176-2019-03-01-12-11-04 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26176-2019-03-01-12-11-04 Սիրվարդ Ստեփանյան

 Վերջերս ՙԳեղarm՚ հրատարակչության լույս ընծայած Համլետ Մարտիրոսյանի ՙՄոմերն իզուր են այրվել մեղքերիս վրա՚ վիպակի նկատմամբ երիտասարդ ընթերցողների շրջանում զգացվող աշխուժությամբ ու գրքի մասին նաև տարբեր կարծիքների առկայությամբ պայմանավորված վիպակը վերընթերցելու իմ ցանկությունը զուտ ընթերցողական չէր։ Նշենք, որ այսպիսի, թերևս, ավելի բուռն ու նաև հակասական մուտք է ունեցել հեղինակի ՙՀրեշտակին այցելիր գիշերով՚ գիրքը, թեև հեղինակի խոսքերով, դա իր ՙհաջողված գրքերից է՝ թե՜ մտահղացման, թե՜ ասելիքի և թե՜ ձևի ու բովանդակության առումով՚։

Նորընծա վիպակի հանդեպ մեր տեսական մոտեցումը կարելի է համարել նոր գեղարվեստական արժեքի ճանաչման փորձ։ Վիպակում հեղինակը դիտարկում է կյանքի արժեքաբանությունն անհատի դրսևորման իրավիճակներում, ինչն արդի գրականության հիմնական դրույթներից է, և ինչը ենթադրում է այս ստեղծագործության ուսումնասիրումը նաև հոգեբանական ու փիլիսոփայական համատեքստում։
Գրականագիտական առումով ակնհայտ է, որ Համլետ Մարտիրոսյանի այս վիպակը հին անցյալի մասին գեղարվեստական կերտում չէ, այստեղ առկա է մոտ անցյալում ապրած օրերի արձագանքը։ Ժամանակագրական առումով արցախյան հետպատերազմյան շրջանն է, կերպարներն էլ ժամանակային ու տարածական այդ ծագումն ունեն։ Այս տեսանյունից հեղինակի ստեղծագործության համապատկերում թեմատիկ մտահղացումը (ՙԱմառ էր, կիրակի՚, ՙՀորադիզ՚, ՙՏեղ պիտի հասնենք մինչև լուսաբաց՚, ՙՌեկետ՚) ոչ թե կրկնվում, այլ զարգանում է, հեղինակային ես-ը որպես հերոս, պատերազմի հասցրած հարվածներից ու ցավի հաղթահարումներից կոփված չափից դուրս անմիջական ու տեղական լեզուն, հայրենիքի ու օջախի իմաստավորումը Հ. Մարտիրոսյանի գեղարվեստական կերտումի առանձնահատկություններն են:
Թեմատիկ, կերպարային ու ներզգայական մղումներով հեղինակը ստեղծագործությունն ընդգրկել է վիպակի ժանրում։ Ժանրի տարբերակման հիմքում, ծավալային յուրահատկությունն այստեղ առաջնային չէ, որովհետև ծավալը որոշվում է սյուժեի և կառուցվածքի առանձնահատկություններով։ Կոնֆլիկտն այստեղ եզակի չէ, ինչպես պատմվածքում։ Մարդկային արժեքների կործանումը որպես հիմնական խնդիր` ներկայացվում է անձնական խոր տառապանքի միջոցով, իր հետ բերում հարակից խնդրահարույց այլ անդրադարձներ։ Այս կոնֆլիկտներն ի հայտ են գալիս կերպարի նկարագրականության (արտաքին նկարագրություն, գործողությունների, մարդկանց հետ եղած փոխհրաբերությունների ընթացքում արտաքին պահվածքը, հարաբերությունների նկարագրությունը) և ինքնացուցադրման (մենախոսություն, ինքնադրսևորում երկխոսություններում, խոհեր) ընթացքում։ Վիպակի սահմանման վերոնշյալ ժանրային պայմաններն այս կամ այն չափով գործուն են, բայց առանցքային են հերոսի մենախոսությունն ու խոհերը, նրա ներքին զրույցն ընթերցողի հետ։
Վիպակի գլխավոր հերոսը պատերազմի մասնակից ու ականատես է, ինչը թույլ է տալիս խոսել ստեղծագործության իրական նշանակության մասին։ Թեմայի մատուցման ու ընկալման նպատակով հեղինակը կատարում է հետաքրքիր մանրամասնություններ ոչ միայն արտաքին նկարագրություններում, ինչպես, օրինակ, մեքենայի մեջ տան ճանապարհին, կամ կերպարի խոհերում, այլ նաև ինտիմ բնույթ կրող պատկերներում։ Վերջիններս, եթե նույնիսկ որոշ ընթերցողներ դիտարկում են որպես բաց նկարագրություններ, դրանից ստեղծագործության գեղարվեստականությունը չի կորչում, որովհետև դրանք ընդամենը կցվում են արտաքին նկարագրությանը՝ որպես գլխավոր կերպարի զարգացման ինքնաբուխ լրացումներ։
Գլխավոր կերպարը, նստած հայրական օջախում՝ ութ տարի առաջ դատարկված, հիշում է իր Նոյյան տապանի պատմությունը, որ հեղինակը ներկայացնում է առաջին մասում։ Այս պատմության հերոսն իրեն անվանում է Ռոբինզոն։ Ինչպես հայտնի է, գրականության մեջ ռոբինզոնանտի շարքը տարբերակվում է իրական և հանգամանքների բերումով։ Այս ՙՌոբինզոնն՚ ասես երկիմաստ է։ Մեկ տարվա բացակայությունից հետո նա ուզում է գնալ Կապան՝ հայրենի տուն։ Ճանապարհին մեքենան փչանում է։ Հերոսը մնացած ուղևորների նման չի փորձում իջնել մոտակա գյուղ, նախընտրում է ձմեռվա բքին սառած ու կիսամեռ վիճակում կանգնել ճանապարհին՝ համոզված լինելով, որ դա իր ՙհնարավոր վերջն՚ է։ Հերոսին պատահական փրկում է նրա հարևանը Երանոսը, որ մեքենայով անցնում էր այդ կողմերով։ Երանոսը հանդիսանում է հեղինակի նպատակի գլխավոր հիմքը։ Այդ մասին նա մենախոսում է անմիջապես, երբ տեղավորվում է Երանոսի կողքին նույն մեքենայի մեջ ՙՌոբինզոնիս համար այս ամենը հեքիաթ էր։ Մի ամբողջ տարի ապրել եմ մոմի լույսի տակ՝ կիսաքաղց ու զրկված քաղաքակիրթ աշխարհին բնորոշ բաներից, հրետակոծությունների պատճառով էլ բազում գիշերներ լուսացրել նկուղում՝ հանուն ահա այս տանջահար մարմնի փրկության։ Ու ընձեռնվեց բացառիկ հնարավորություն, որոշեցի տարեմուտի գիշերը լինել ծնողներիս կողքին, չիմանալով, որ երջանիկ այդ պահի համար պիտի անցնեմ Գողգոթայի ճանապարհով՚։
Երկրորդ մասում նույն տան մեջ, բազմոցին նստած՝ այս պատմության հիշողություններով մտազբաղ ու հայրական տան լռությունից ճնշված հերոսն անսպասելի հյուր է ունենում։ Այցելուն Երանոսի կինն է, որը չորս տարի առաջ կորցրել էր ամուսնուն։ Սովորական ողջագուրման թեթև շեղումից այս երկուսի միջև ստեղծվում է այլ իրականություն, որտեղ ինտիմ ցանկությունն իր ձեռքն է վերցնում իրավիճակն ու հաղթող դուրս գալիս։ Սա էլ դառնում է վիպակի գագաթնակետը. հայրական օջախում մոմի լույսի տակ կատարվում է ՙմեղսագործություն՚։ Միայն հետո, երբ նրանք բաժանվում են, հերոսը հասկանում է կատարվածի դառնությունը և անմիջապես լքում է այդ իրականությունը.ՙԳիշերվա այն ժամն էր, երբ փողոցում նույնիսկ թափառական շուն չի լինում։ Այնպես որ՝ քաղաքն արագ ու հեշտ լքեցի՚։ Ճանապարհին նա ենթարկվում է վթարի ու մահանում։
Գիրքը բաղկացած է երեք մասից։ Ստեղծագործության ժամանակագրությամբ առաջին մասը ներառվում է երկրորդ մասում՝ որպես հերոսի գիտակցության իրականություն։ Այս մասում հերոսն ունի հավաքական բնույթ, որովհետև ուղևորներից յուրաքանչյուրի համար կերպարի նկարագրությունը նույնքան անմիջական ու հասկանալի է բոլորին, ըստ այդմ` նաև իրական։ Նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն չափով Արցախի գոյատևման ռազմական ու բարոյական պայքարի ականատեսն է ու մասնակիցը։ Երկրորդ մասում հերոսն աստիճանաբար ի ցույց է դնում իր տեսակը։ Այստեղ նա փոքր- ինչ շահամոլ է (տունը վաճառելու ցանկությունը), փոքր-ինչ հոգնած ու թույլ ( անցյալի հուշերից հուսահատ ու ճնշված), և, ի վերջո, ցանկասեր ու անլուրջ (Արփինեի հետ հանդիպումները)։ Ի վերջո հերոսը մեղավոր է իրեն ճանաչում սեփական կնոջ (որին նա սիրում էր), Երանոսի ( որն իրեն փրկել էր, երբ ՙինքը սատկում էր շան պես ճանապարհին՚) ու ծնողների առաջ (որոնց նա պաշտում էր)։ Այս ամենի հետ մեղսագործ են դառնում նաև հերոսի պատկերացումները: Հերոսը սթափվում է, այդ պահից կերպարն արագ թափով սկսում է զարգանալ։ Այրվող մոմերը չկարողացան հետ պահել նրան մեղսագործումից, ինչն էլ գիտակցաբար մերժելով` երրորդ մասում կերպարը մղվում է կործանման։
Վիպակի ժանրային էությունը թույլ չի տվել հեղինակին մանրամասնել այլ կոնֆլիկտներ ու կերպարներ։ Ծնողների կերպարների ներտեքստային ներկայությամբ կերտվում է հերոսի բարոյական բնութագիրը։ Ծնողների հանդեպ պաշտամունքն այստեղ նույնպես թեմատիկ զարգացում է ապրում, և հեղինակը փորձում է վերծանել այդ խորհրդավոր կապը. ՙԱպշելու բան է. Մարդ մորը գրկելիս սիրտը ծուլ է լինում, մինչդեռ հոր հետ գրկախառնվելիս ներքուստ իրեն հավաքում է զինվորի նման՚։ Մոր ներկայությունը, նրա ձայնը, նրա սաստող կամ ջերմացնող հայացքը հեղինակին ուղեկցում է նրա բոլոր երկերում։ Հայրական դատարկ մնացած տանը տիրող ծանր լռությունը խախտում է նրա հոգեվիճակը, և այդ ժամանակ այրվող մոմերի լույսի տակ բնազդն ու կիրքը գլուխ են բարձրացնում։ Ու հենց սա էլ սթափեցնում է հերոսին և մղում նրան ողբերգականության։ Այստեղ կարելի է ավելացնել, որ մոմերն, այնուամենայնիվ, իզուր չեն այրվել։ Հերոսի աչքի առաջ մոր կերպարն ու հոր զգաստ հայացքը վանում են նրան։ Անհատի տառապանքը դառնում է փորձություն և ձեռք բերում դաստիարակչական ու հոգեբանական այն նշանակությունը, ինչը թույլ է տալիս սովորել հաղթահարել տառապանքը, ինչից և մարդն իմաստնանում է։ Սա է վիպակի ընկալման առանցքային գիծը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 01 Mar 2019 12:09:30 +0000
ՄԻ ՀՈՒՇԱՔԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26175-2019-03-01-12-06-05 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26175-2019-03-01-12-06-05 ՄԻ ՀՈՒՇԱՔԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 (Հուշի պատառիկ)

Մայր Հայաստանին վերամիավորվելու` արցախցիների փետրվարյան խաղաղ ցույցերը ազերիները իշխանությունների թողտվությամբ պատասխանեցին հայերի ջարդերով: Փետրվարի 22-ին ասկերանցիները կասեցրին նրանց ներխուժումը` տալով արժանի հակահարված: Գորբաչովը հանդես եկավ սթափության կոչով, ինչին ազերիները պատասխանեցին սումգայիթյան կոտորածներով:
Այդ օրերին Արցախում կատարվող իրադարձություններից մի փոքրիկ հուշ է ներկայացնում Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը:

-Սումգայիթում կատարված ողբերգության մասին լուրերը մեզ մոտ անմիջապես չհասան: Զանգվածային լրատվամիջոցներում այդ մասին տեղեկատվություն չկար: Բայց աստիճանաբար սկսեցինք իմանալ: Հայաստանում էլ կոմկուսը փորձեց կասեցնել Շարժումը, բայց չկարողացավ:
Մարտի 1-ին գնացի Ստեփանակերտ` հերթական հանրահավաքի մասին պայմանավորվելու: Շտաբի անդամները ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթի խմբագրության առաջին հարկում էին նստում: Այնտեղ հանդիպեցի Գուրգեն Գաբրիելյանին, հարցրի հանրահավաքի մասին, ասաց` չգիտի, Մանուչարովը կիմանա: Բարձրացա նրա մոտ, որը խմբագրի սենյակում էր: Հարցիս պատասխանեց, որ այդ օրը հանրահավաք լինելու է, բայց մի գործ կա, պիտի վերջացնեն` հետո, Առնոլդ Աբրահամյանի մոտ ( իր ղեկավարած շինանյութերի կոմբինատի գլխավոր ինժեներն էր), մի տեքստ կա, գնամ կարդամ, ինքը շուտով կգա:
Այդպես էլ անում եմ: Դա Գորբաչովին հղված մի հեռագիր էր, որտեղ նշված էր. ՙՀարգելի Միխայիլ Սերգեևիչ, մարտի 2-ին` Ձեր ծննդյան օրվա առթիվ, դադարեցնում ենք գործադուլը և հանրահավաքները՚: Ասացի` Լենինին ուղարկված Գայի հեռագիրն է հիշեցնում, երբ գրել է, որ նրա հայրենի Սիմբիրսկի գրավումը պատասխանն է նրա մեկ վերքի, իսկ երկրորդը Սամարան կլինի: Հեռագիրը տանք, էլի, կարող է մի արդյունք տալ, ասացի: Մանուչարովի խոսքով` հեռագրի տեքստը երեկոյան կներկայացվի հանրահավաքի մասնակիցներին և հավանություն ստանալու դեպքում` կուղարկեն:
Քանի որ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը շատ վտանգավոր էր դարձել (թուրքերը քարկոծում էին մեքենաները, ջարդում), Մանուչարովին ասացի` քանի ցերեկ է, գնամ, անհետաձգելի գործեր ունեմ:
Գնացի: Երեկոյան զանգեցի Մանուչարովին և իմացա, որ հրապարակում, ոտքի վրա կազմակերպություն են ստեղծել` ՙԿռունկ՚-ը: Ճիշտն ասած` առաջին պահին վիրավորվեցի, որ ինձ տեղյակ չի պահել, բայց հետո մտածեցի, որ ճիշտը դա է, Շարժումն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում: Մեզանից միայն ընդգրկվել էր Հենրիկ Զաքարյանը` սովխոզտեխնիկումի տնօրենի տեղակալը սովորողների գծով: Գյուղատնտեսական տեխնիկումն այն ժամանակ Ասկերանի շրջանի` Բալուջայի կազմում էր: Դրանից հետո Կոմիտաս Դանիելյանին էլ, որպես Ասկերանի ներկայացուցիչ, ընտրեցին` չիմանալով, որ Հենրիկն արդեն կա:
Մանուչարովն ինձ ասաց, որ միջոցառում են նախատեսում Սումգայիթին նվիրված, հուշարձան են պատրաստում անմեղ զոհերի հիշատակին, գնանք տեսնենք: Գնացինք: Տեսա այդ քարը հղկողին, որը ասկերանցի Ալեքսանդր Բարսեղյանն էր: Զարմացա, շինանյութերի կոմբինատում ղեկավար աշխատողներից էր, բրիգադավար էր, բայց ինքն էր աշխատում քարի հետ: Երեք հատ փոքր քարեր էին: Մանուչարովին հարցրի, թե ինչու են քարերն այդքան փոքր: Պատասխանեց, որ ձմեռ է, քարհանք գնալը հնարավոր չէ, փորձել են, մեքենաներից մեկը գլորվել է ձորը: Երեք հատ տարբեր չափսի քարեր են, որ խորհրդանշում են, թե կոտորել են և՜ փոքրերին, և՜ մեծերին: Ասացի` լավ է մտածված: Չգիտեմ` ով է հեղինակը, բայց լավ է մտածված: Ճիշտն ասած` այնտեղ հեղինակային մի առանձին բան էլ չկար, երեք քարեր են, ուղղակի այդ գաղափարը մեջը դնելն էր ուշագրավը, որի մտահղացումը երևի հենց Ալեքսանդր Բարսեղյանինն էր: Նա շատ հայրենասեր մարդ էր, անգիր գիտեր Շիրազի ՙՂարաբաղի ողբը՚ և տարբեր տեղեր արտասանում էր: Միշտ զարմացել եմ, թե այդ քարագործ մարդը ոնց կարող է այդքանը հիշել: Ընդհանրապես, եթե տան մեծերը հայրենասեր են, ժառանգներն էլ են նույնը լինում: Նրա որդիներից էդմոնը, առաջիններից է նվիրվել Արցախյան պայքարին և զոհվել պատերազմում, մեծ հայրենասեր էր, եղբայրը` Սասունը, նույնպես այդպիսին է, նա էլ է մասնակցել մեր պատերազմին: Ալեքսանդրն էլ, թեպետ տարիքն առած մարդ էր, մասնակցել է մեր ինքնապաշտպանությանը:
Ես դրանից հետո մեկ էլ մարտի 8-ին եմ եկել Ստեփանակերտ: Կարծում էի` մեր ժողովուրդը հուսալքված կլինի Սումգայիթից հետո, բայց, լսելով նրանց ելույթները հանրահավաքներում` ես էլ շատ ոգևորվեցի, նոր լիցք ստացա: Հանրահավաքները շարունակվում էին` չնայած ահաբեկչությանը: Սումգայիթի կոտորածների անմեղ զոհերի հուշաքարը մեկ շաբաթ անց` մարտի 8-ին, տեղադրված էր հուշահամալիրում: Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատել և հասցրել էին: Այդ օրն այդտեղ մեծ հանրահավաք էր…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 01 Mar 2019 12:03:53 +0000