Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՕՐԵՆՍԴԻՐ-ԳՈՐԾԱԴԻՐ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ԼՂՀ  6-րդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի՝ փետրվարի 24-ին հրավիրված  առաջին լիագումար նիստի օրակարգով նախատեսված էր օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ։

Կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, խորհրդարան ներկայացան ավանդական ժամին։ Հարցերի համար գրանցվեց 9 պատգամավոր։ 

Լեռնիկ Հովհաննիսյանը կառավարությանն ուղղեց Բերձորի շրջանային հիվանդանոցի բժիշկների կողմից բարձրացված հարցն առ այն, որ 2016 թվականից հիվանդանոցը զրկվել է ֆինանսական աջակցությունից, որը տրամադրվում էր սոցվճարների տեսքով, այնինչ, նույն ՊՈԱԿ-ում գործող մի շարք գյուղական վայրերի բժիշկներ այդ աջակցությունն ստանում են։ Ինչո՞վ է հիմնավորված շրջկենտրոնի հիվանդանոցի բժիշկներին սոցվճարներից զրկելու որոշումը, եթե նկատի առնվի, որ այդ հիվանդանոցի բժիշկներն ամբողջ շրջանին են սպասարկում, և նույնիսկ նրանց են դիմում Կովսականի ենթաշրջանի բնակիչները։ 

Պատասխանելով հարցին՝ ԼՂՀ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը նախ նշեց, որ համաձայն կառավարության համապատասխան որոշման՝ հավելավճարները տրամադրվում են առողջապահության նախարարության կողմից հրավիրված բժիշկներին։ Նախարարությունը տրամադրել է սոցվճարները՝ սկզբից որպես  վերաբնակեցվող տարածք հենց Քաշաթաղի շրջանի  բժիշկներին։ Իսկ այս տարի հիշյալ բժիշկներին հավելավճարներից զրկելը չի կարելի ընդունել որպես ընդհանուր մոտեցում, կամ քաղաքականություն, ըստ որի՝ նախարարության կողմից հրավիրված բժիշկները միայն կարող են ստանալ այդ հավելավճարները, և ոչ թե նրանք, ովքեր ցանկություն են հայտնում ուղղակի գալ և իրենց համար աշխատել Արցախում։ Ինչ վերաբերում է Քաշաթաղի շրջանի բուժմիավորման բժիշկներին, փոխնախարարի խոսքով, նրանք չեն տարբերվում մյուս շրջանների բժիշկներից այն առումով, որ սպասարկում են ողջ շրջանի բնակչությանը։ Պարզապես բացառություն է արվել գյուղական բնակավայրերում աշխատող բժիշկների համար, և նրանց  հավելավճարները պահպանվել են։ Հաշվի է առնվել այն իրողությունը, որ գյուղական բնակավայրերում բժիշկների ավելի խիստ կարիք է զգացվում։  

Հայկ Խանումյանի հարցը վերաբերում էր վերաբնակեցվող, ինչպես նաև վերաբնակեցման գոտուց դուրս գտնվող այն համայնքներին, որոնցում վերաբնակների համար կառուցվել են տներ, սակայն դրանք մինչ այսօր ազատ են։ Արդյո՞ք հնարավոր չէ այդ տները հատկացնել տեղացիներին, հարցրեց պատգամավորը։ 

Հարցին պատասխանեց ԼՂՀ  վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ասելով, որ գործադիրը ոչ միայն դեմ չէ, այլև կողմ է նման մոտեցմանը, բայց այդ կարգի հարցերը սովորաբար առաջարկությունների տեսքով  բարձրացվում են վարչակազմերի ղեկավարների կողմից։  Վարչապետը Հ. Խանումյանին խորհուրդ տվեց գրավոր ներկայացնել առաջարկությունը՝ մատնանշելով նման տների գտնվելու վայրը։ Կառավարությունը կքննարկի, հավաստիացրեց Ա. Հարությունյանը,  նմանատիպ հարցեր նախկինում էլ են եղել, և լուծում են ստացել։ 

Գագիկ Բաղունցը, նախքան հարցը հնչեցնելը, հիշեցրեց, որ 5 տարի առաջ ՀՀ Ագրարային ակադեմիայի Շուշիի բաժանմունքին ոչ ճիշտ  մոտեցում է ցուցաբերվել, ինչի պատճառով մինչ այսօր չի հաջողվում լուծում տալ բաժանմունքի կայացման հետ կապված հարցերին։ Այսօր մտավախություն կա Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման և զարգացման հարցում. խոսքը վերաբերում է թե՜ կառուցվածքային, թե՜ կադրային ու  տեխնիկական ապահովման և թե՜ մասնագիտությունների ցանկին։ Արդյո՞ք հինգ տարի հետո չի արձանագրվի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման գաղափարի տապալման փաստը՝ պահանջների և հնարավորությունների ոչ իրական հաշվարկի պատճառաբանությամբ։ 

Պատգամավոր Բաղունցի երկրորդ հարցը հետևյալն էր. ՙԱրցախէներգոի՚ գրեթե բոլոր մասնագետների հետ էլեկտրացանցերի վիճակի քննարկումներից կարելի է ենթադրել, որ եթե մոտակա երկու-երեք տարիներին չլուծվեն տեխնիկական վերազինման խնդիրները, ապա  մեզ սպասում են լուրջ խափանումներ։ Ենթակայանների քանակի մինչև 50% ավելացման և հաղորդալարերի փոխարինման անհրաժեշտություն կա, ասաց պատգամավորը՝ հարցնելով՝ ոլորտում ի՞նչ  աշխատանքներ են նախատեսված 2016 թվականի համար։ 

Վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցի առնչությամբ ասաց, որ ցանկացած նախագիծ և ծրագիր կարող է տապալվել, եթե հետևողականություն չի ցուցաբերվում դրա իրագործման հարցում։ Նրա համոզմամբ՝ տարիների ընթացքում կունենանք ոչ թե ձախողում, այլ հակառակը, ձեռքբերում, կունենանք  բարձր մակարդակ ու որակ ունեցող կրթական համակարգ։ Բոլոր առումներով դժվարությունները մեծ են, շարունակեց կառավարության ղեկավարը, բայց այն տեսլականը, որ կա, ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի մասշտաբով  լավագույն կրթական համակարգերից մեկն ունենալու հույս է ներշնչում։ Անհրաժեշտ է գնալ բարեփոխումների, աշխարհը գնում է տեխնոլոգիաների զարգացման ճանապարհով, միասին ու հետևողական, գումար չխնայելով՝պետք է լուծենք մեր խնդիրները։ Օգտվելով առիթից՝ վարչապետը տեղեկացրեց, որ շուտով քննարկումներ կծավալվեն Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցման շուրջ։ Համալսարանի մասով վարչապետը հավաստիացրեց, որ ինքը բոլոր առաջարկությունները միասին քննարկելու կողմնակից է, ինչը թույլ կտա կյանքի կոչել ծրագիրը։ 

Երկրորդ հարցի հետ կապված՝ Ա.Հարությունյանը նշեց, որ խնդիրներ կան ոչ միայն ՙԱրցախէներգո՚-ում՝ ներդրումների, հաղորդալարերի փոխարինման առումով, այլ առաջին հերթին զգացվում է հմուտ մասնագետների պակաս։ 2016-ի և հետագա տարիների համար ներդրումներ նախատեսված են։ Վերջին հինգ տարում ավելի քան 10 միլիարդ դրամի չափով ներդրում է կատարվել ցանցերի զարգացման ուղղությամբ. ամենացավոտ խնդիրներից մեկը Սոտք-Հաթերք բարձրավոլտ  գծի կառուցումն է, որը մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմնական գործիքը կարող է հանդիսանալ։ ՙԱրցախէներգոի՚ զարգացման մեծ նախագիծ գոյություն ունի՝ ավելի քան 25 միլիարդ դրամ արժողությամբ, որը կիրագործվի փուլ առ փուլ։ Բարձրավոլտ գծերի ծրագիրն ավարտելու նպատակով առաջին մեկ-երկու տարում հիմնականում շեշտը կդրվի ենթակայանների կառուցման, այնուհետև ներքին ցանցի վերակառուցման և վերազինման վրա։ 

Արսեն Առստամյանն իր հարցն ուղղեց ԼՂՀ  կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանին. երկու հայկական հանրապետություններն ունեն կրթական նույն համակարգը, ՀՀ-ում տարիներ շարունակ գործում է ուսուցման հնգօրյա ռեժիմը, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի մեր հանրապետությունում ևս անցնեն հնգօրյա ռեժիմին, մանավանդ որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ և՜ ծնողները, և՜ աշակերտները կողմ են դրան։ 

Նախարարը նշեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում հարցն անընդհատ բարձրացվել է, քննարկվել է ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունում և Ստեփանակերտի դպրոցների տնօրենների հետ։ Նախարարն իր կարծիքը չի պարտադրում ոչ մեկին, հակառակը, տնօրենների հետ վերջին հանդիպմանն  առաջարկել է արտահայտվել այդ հարցի շուրջ։ 12 տնօրեններից միայն 2 են հնգօրյա ռեժիմին կողմ արտահայտվել։ Կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատությունը տարին սկսելուց առաջ, տասնհինգ օրվա ընթացքում, դիմում է նախարարություն, որի հետ համաձայնության գալուց հետո կարող է անցնել հնգօրյա աշխատանքային ռեժիմի։ Առ այսօր նման առաջարկություն նախարարությունը ոչ մի դպրոցից չի ստացել։ Կրթության նախարարն առիթը բաց չթողնելով՝ հայտարարեց, որ եթե դպրոցներն անհրաժեշտ  համարեն այդ ռեժիմով աշխատելը, նախարարությունն արգելք չի հանդիսանա։ Ս. Ասրյանն անհրաժեշտ համարեց պարզաբանում մտցնել հարցի մեջ այն իմաստով, թե ինչ է տալու դա մեզ։ Ներկա դրությամբ գործող ուսումնական պլաններում ավագ դասարաններում շաբաթական 34 ժամ ծանրաբեռնվածություն է, և եթե թիվը բաշխվում է հինգ օրերի միջև, ստացվում է, որ աշակերտն օրվա մեջ 7 ժամ պետք է ներկա լինի ուսումնական պարապմունքներին։ Ստեփանակերտում երկհերթ երկու դպրոց է գործում, և երկու հերթով 7 ժամ պարապելը նշանակում է դասերն ավարտել բավական ուշ։  Իսկ գյուղական վայրերում, որոնցում մշտապես ուսուցիչների պակաս է զգացվում, դասավանդում են մեկ դրույքից ավելի դասաժամեր, այսինքն՝ այս դեպքում էլ ուսուցչի ծանրաբեռնվածությունն է շատանում։  Պարտադրանք չի լինի, եթե դպրոցները գտնեն, որ նոր ռեժիմին անցնելն իրենց ուսումնական գործընթացին չի խանգարի, թող անցնեն, ասաց նախարարը։

Ալյոշա Գաբրիելյանի առաջին հարցը վերաբերում էր սոցիալական աջակցության ծրագրերին. 2016-ի նորամուծությունը սեզոնային զբաղվածության  աջակցության միջոցով գյուղական տնտեսությունների խթանման հիմնադրամի ի հայտ գալն է, նախատեսված է 20 միլիոն դրամ հատկացնել հողօգտագործողներին։ Գարնանային աշխատանքների ծավալման փուլում դրամական միջոցների հայթայթումը, ինչ խոսք, հույժ կարևոր է, սակայն պատգամավորին հետաքրքրում էր այն հարցը, թե որքանով է հիմնադրամը ծառայում իր նպատակին, և  ներկա դրությամբ ի՞նչ ընթացքի մեջ է հիմնադրամի գործունեությունը։ Երկրորդ հարցը կենսաթոշակների ուշացումների հետ էր կապված. ամիսն ավարտվում է, բայց Ասկերանի շրջանի թոշակառուներն իրենց թոշակները դեռ չեն ստացել։           

Աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանն առաջին հարցի առնչությամբ նշեց, որ հիմնադրամի գործունեությունը սահմանված է նոր օրենքով և կառավարության որոշումով, ծրագիրը պետք է աշխատի։ Նախարարությունն այս տարի կփորձի պարզել թե ինչ օգուտ կարելի է դրանից ստանալ և ինչ ձեռնարկել հետագայում։ Մեկ շաբաթ անց գյուղերում վարչակազմերի և գյուղնախարարության համապատասխան բաժինների հետ կսկսվեն աշխատանքները։

Երկրորդ հարցի  առնչությամբ  փոխնախարարն ասաց, որ օրենքով սահմանված է թոշակը քաղաքացուն  տրամադրել նույն ամսում։ Կան որոշ ֆինանսական խնդիրներ, բայց դա չի խանգարի գործին. Ստեփանակերտում թոշակների տրամադրումն ավարտված է, փետրվարի 24-ից  մի որոշ գումար էլ կտրամադրվի շրջաններին։ 

Արպատ Ավանեսյանին հետաքրքրում էր, թե ինչու է փակվել ՙՄեր երկիրը՚ հաղորդաշարը։  Պատգամավորի խոսքով՝ այդ հաղորդաշարն ուսուցանող նշանակություն ունի, արդյո՞ք հնարավոր չէ վերականգնել այն։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարեց, որ հարցին տրվելու է գրավոր պատասխան։

Լյուդմիլա  Բարսեղյանի հարցը  Ղարաբաղ Տելեկոմի ՙ111՚ ծառայության սպասարկման աշխատանքին էր վերաբերում։ Տեղեկատուից փորձում ես օգտվել, բայց հաջորդ պահին փոշմանում ես, որովհետև մի քանի րոպե անընդհատ անգլերեն լեզվով բացատրվում է, թե ինչ կոճակ ինչի համար պետք է սեղմել։ Նորարարությունն ուղղակի զայրացնում է բաժանորդներին, դժգոհեց պատգամավորը։ Ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի բաժանորդն իրեն անհրաժեշտ հեռախոսահամարն իմանա օպերատիվ կերպով։

Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանն իրավիճակին տեղյակ չէ  քանի որ ինքն անձամբ չի զանգում այդ համարով։ Խոստացավ հարցը ներկայացնել ընկերության ղեկավարությանը՝ լուծում ստանալու ակնկալիքով։

Ռոմելա Դադայանի մոտ հարցեր էին կուտակվել։ 1995-96 թվականներից Ստեփանակերտում բացվել են ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դասարաններ։ Արձագանքները միայն դրական են։ Վերջին անգամ դասագրքերը ստացել են 1998 և 2002 թվականներին, այսօր աշակերտներն օգտագործում են հնամաշ գրքեր։ Անցյալ տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը, գտնվելով Արցախում, ասաց, որ գրքերը դրված են նախարարությունում, բայց  Ղարաբաղ ուղարկելու իրավունք չկա։ Ինչո՞ւ իրավունք չկա, հարցրեց պատգամավորը, մի՞ թե կառավարությունը  չի կարող միջամտել գրքերը մեր հանրապետություն հասցնելու հարցում։  Պատգամավորը տարբերակ հուշեց. կամ այդ գրքերը վերատպելու իրավունք տան մեզ, և ծնողներն էլ գնեն, կամ էլ պետությունը դրանք ձեռք բերի։ 

Մարտունու շրջանի զորավանի բնակիչները խնդրել են իրենց երեխաների համար հարմարություններ ստեղծել. հնարավո՞ր է  օրվա երկրորդ կեսին՝ դասերից հետո, դպրոցական շենքում բացել արտադպրոցական  խմբակներ։ 

Մատաղիսի զորավանի բնակիչները ևս խնդրել են Մատաղիսում մանկապարտեզի երկու խումբ ստեղծելու հնարավորություն ընձեռել, քանի որ այնտեղ 2-5 տարեկան երեխաներն են, և նպատակահարմար չէ բոլորին ընդգրկել միևնույն խմբում։ 

Կրթության, գիտության և սպորտի նախարար Ս. Ասրյանն ասաց, որ Զորավանի (Ներքին Ճարտար) թիվ 5 միջնակարգ դպրոցը նորակառույց շենք է՝ բոլոր հարմարություններով, և վերջերս նախարարության տեսչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում բավականին առաջընթաց է արձանագրվել։ Օրվա երկրորդ կեսին դպրոցում խմբակային աշխատանքներ կազմակերպելու համար հնարավորություն դպրոցն ու՜նի։ Պարզվել է, որ այնտեղ կան չբաշխված խմբակային դասաժամեր, հանձնարարություն է տրվել դրանք օգտագործել երեխաների հետաքրքրություններին համապատասխան։ Ինչ վերաբերում է արտադպրոցական խմբակներին, այս տարվա  բյուջեն ձևավորելիս խմբերի ավելացում չի նախատեսվել։ Եթե հետագա տարիներին նման հնարավորություն լինի, ուրեմն խնդիրը կլուծվի։ Ոչ միայն այդ դպրոցում։

Ռուսերենի դասագրքերի առնչությամբ նախարարը նշեց, որ դրանք ստեղծվել են 10-15 տարի առաջ, երկու անգամ նախարարությունը դրանք բերել է Հայաստանից։ Մասնագետների կարծիքով՝ այդ դասագրքերը ոչնչով չեն տարբերվում գործող դասագրքերից, նպատակահարմար է օգտվել վերջիններից, բացի այդ, ուսուցիչը կարող է օգտվել ցանկացած գրականությունից։  Դասագրքերն անվճար չեն տրամադրվում, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, նախարարությունը հաջորդ տարվա համար կնախատեսի և ձեռք կբերի։ 

Մատաղիսի մանկապարտեզի հետ կապված՝ նախարարը նշեց, որ այն  փոքր է, և չի բավականացնի, որ առանձին խմբեր պահվեն, բայց եթե նման առաջարկություն լինի՝ կքննարկվի և հնարավորության դեպքում նոր խմբեր կբացվեն։

Պատգամավոր Արթուր Թովմասյանի առաջին հարցը միաժամանակ առաջարկություն էր Շուշին մայրաքաղաք հռչակելու մասին։ Դրանով լուծվում են տնտեսական ու քաղաքական հարցեր, համոզված է պատգամավորը։

Երկրորդ հարցն ուղղված էր Ս. Ասրյանին. 2016թ. հունվարի 1-ից Արցախում գործող սոցիալական ծրագրերի թիվն ավելացավ ևս մի քանիսով։ Նրանցից մեկով նախատեսվում է ուսման վարձավճարից ազատել սպաների և պաշտոնաթող սպաների երեխաներին։ Շատ լավ ծրագիր է, բազմաթիվ երեխաներ սովորում են տարբեր բուհերում, բայց ծրագրից դուրս են մնացել քոլեջներում սովորողները։ Հնարավո՞ր է հաջորդ տարի խնդիրը  լուծել։

Կրթության, գիտության և սպորտի նախարարը  շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերի հեղինակներին և ապա, կարևորելով նշված ծրագիրը, իրազեկեց, որ բուհերին տրված են ցուցակները ճշտելու, ինչպես նաև  համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու հանձնարարականներ։  Եղել է նախնական պայմանավորվածություն ծրագիրն առաջին հերթին հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսելու շուրջ։ Դուրս են մնացել ոչ միայն միջին մասնագիտական հաստատությունները, այլև հայաստանյան բուհեր, որոնք վճարովի համակարգում նշված խմբին պատկանող  ուսանողներ ունեն։ Նախարարի խոսքով՝ ծրագրի իրագործումը նոր է սկսվել, հետագա  ընթացքը ցույց կտա, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել։     

                                           

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ