ԻՍ ԷԼ ՍՏԻ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Շատ բան չեմ ասելու, ձեր ժամանակը չեմ ծանրաբեռնելու ավելորդ մանրամասնություններով ու բացատրություններով, ինչքան էլ զգացվի դրա կարիքը, մի բան, որը հաճախ նկատելի ու ընդունված պատկեր է ՙժամանակակից՚ կոչվող լրագրության տարածքում։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ տարիների հետ գրելը դժվարանում է, որ բառերն ավելի ու ավելի ծանր են շնչում ու դադարում են կատարել քո հրամանները, որ գրածիդ տակ երկյուղածությամբ են տեղադրվում անուն-ազգանունդ, պատահում է նույնիսկ օրեր շարունակ մտածելուց հետո։ Ծիծաղելի ու զարմանալի բան է, կարծես, պարտադիր 60 տարի պիտի ապրեի` հասկանալու համար շատ սովորական, աննկարագրելի պարզունակ մի ճշմարտություն. որ խղճով գրելը, ազնիվ գրելը, շնորհքով գրելը խիզախություն է։ Իսկ անդադար գրողները, խոստովանենք, շատ են, անասելի շատ, այնքան շատ, որ հաճախ, թվում է, բոլորն էլ գրում են, պարապ մարդ չկա, ավելի ճիշտ կլինի ասել՝ ուրիշ գործով զբաղվող չկա։ Գրում են` ինչ ուզում են, ինչպես ցանկանում են, որտեղ պատահի։ Ամեն օր ոտնահարվում է լրագրության, մի ժամանակ կարգին մշակված գայթակղիչ տարածքները։ Գրիչը դուրս է մղվել գաղափարի, պետական մտածողության, սկզբունքի ու անանձնականի համակարգից։ Ազգային գաղափարախոսությունը դարձել է անտեսանելի ու անշոշափելի երևույթ, դարերով մշակված արժեքները մատնվել են անտարբերության ու արհամարհանքի։ Տիրություն անողը հաճախ օտարածին չափանիշներն են։ Մենք անընդհատ հեռանում ենք ինքներս մեզնից, մենք մեզ դավաճանում ենք, և մեր մատուցածի մեջ հաճախ բացակայում են հիշողությունը, տեսակը, երկրաշեն ցավն ու սերը...
Վախենում եմ... Չգիտեմ որտեղ ենք մնացել... Ավելի հասկանալի բան ասեմ. մեր հացի մեջ ցորենը քիչ է, աղը քիչ է, ձեռքի ջերմությունը քիչ է, մեր հացը չի կշտացնում... Մեր բառը, եթե ուզում եք իմանալ, չի ծոցվորվում, չի պտղավորվում...
Կռիվ չկա, խաղաղությունը շատ է, ավելի ճիշտ, խաղաղության ավելցուկի ձեռը կրակն ենք ընկել...
Գեներալ խոսք չունենք, ոչ էլ գնդապետ, մեր ամեն մի խոսքը, լավագույն դեպքում, շարքային է... առանց հրամանատարի մարտադաշտում հայտնված... մենակ, խաղաղությանը սիրահարված...
Ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք ապրելու...
Ընտրություններ, նոր նշանակումներ, հարուստներ ու աղքատներ, ով ինչ ասաց, ինչու ասաց, ինչպես ասաց, ով ում հանդիպեց, պաշտոնյաների հագուկապ, նստել-վերկենալ, նոր գներ, թանկացումներ... քաղաքական գնահատականների փորձ... Ամենաքիչը՝ սահման, խրամատում կանգնած զինվոր, երկրի դռները թակող թշնամի... Անիմաստ էլ է ասել, մեկ-մեկ այն տպավորությունն է, որ դրսերում թշնամի չունենք, որ մեր թշնամուն փնտրում ենք մայրաքաղաքի փողոցներում, բակերում, խանութներում ու տներում, պետական հիմնարկներում ու աշխատասենյակներում... գյուղերում ու փոքրիկ բնակավայրերում... Ամենատարօրինակն ու զավեշտալին` բոլորը կարող են և պատրաստ են երկիր ղեկավարել, առաջնորդել տառապյալ ժողովրդին, իսկ եթե պահանջվի, հանուն այդ ժողովրդի ու երկրի կախաղան բարձրանալ... Ուզում եմ ասել՝ նահատակվել... Եվ, ամենազարմանալին, մինչև այդ նոր ղեկավարը, հանկարծ պարզվում է երկրում ոչինչ չի արվել, տուն չի շինվել, սահման չի պահվել, ամեն ինչ եղել է սուտ, հորինված, կեղծ... ոչ մեկը չի համաձայնել ասել՝ վեր կաց և եկ իմ ետևից...
Եվ, պարզվում է, հիշողությունն էլ սուտ կատեգորիա է, ընդհանրապես, չկա նման բան, այսինքն, եթե մեկը կապ ունի հիշողության հետ, դա, հաստատ, ժողովուրդը չէ... Եվ անհարմար էլ է ասել, բացարձակապես այդ ժողովրդի վեջը չէ, ինչպիսինն ես եղել երեկ, ընդամենը մի քանի տարի առաջ և ինչպես ես ապրել։ Ոչ մի խնդիր։ Ինչպես ասում են՝ նոն պրոբլեմ։ Դու առաքյալ ես... ուղարկված... միակը...
Երբեք չես բռնացել, չես պատժել, չես արհամարհել ու ճնշել, երբեք չես լքել անանձնականի տարածքները։
Իսկապես, վախենալու բան է...
Պատերազմի ժամանակ այդպես չէր։ Ամեն ինչ հստակ էր, շոշափելի, ավելորդություն չկար։ Լրագրողի ներկայությունն առաջին գծում ոգեղեն հաց էր, զինվորի խոսքը թերթի էջերում ու հեռուստաէկրանին՝ թիկունքը պինդ պահող գաղափար։ Կարելի է ասել՝ էլի ոգեղեն հաց։ Սխալվելն անթույլատրելի էր, արգելված, դավաճանության նման։ Դա նոր ձևավորվող ստորաբաժանում էր՝ անընդհատ մշակվող կարգ ու կանոնով, ընթացքի մեջ հաստատվող սկզբունքներով ու մոտեցումներով, անընդհատ կատարելագործվող, միշտ զգոն ու զորեղ։ Մի բան, որ, բնականաբար, չկար մինչև պատերազմն ու չկար նաև պատերազմից հետո: Եթե կար էլ, ոչ ամբողջական, ոչ այնքան մշակված ու կարելի է ասել՝ դաշտային։
Զինվորին հաց ուղարկողին, թիկունքում օր ու գիշեր բանողին, երեխա մեծացնողին այլ բան մատուցեինք, հաղթելը կդժվարանար, ցավին դիմանալ չէր լինի, հավատը կլիներ խախուտ ու բզկտված։ Ուզում եմ ասել` խոսքը զենքի նման գործ էր անում և վայ էն լրագրողին, ով կատարյալ չէր տիրապետում այդ զենքին, ով դիպուկահար չէր, հատուկջոկատային։ Այդ ստորաբաժանումն էլ ուներ իր շարքայինը, իր սպայական կազմը, իր գեներալները...
Եվ ամեն օր գործ կար անելու, կանգառը նահանջ էր, հապաղելը՝ բարձունքի հանձնում, փախուստ... Ամեն ինչ չէր, որ թույլատրվում էր, որ կարելի էր, բոլորը չէին, որ դիմանում էին, որ կարողանում էին հաղթահարել, ընկնել ու բարձրանալ, զարկվել, բայց ապրել...
Զորքի հետ, զորքի ետևից, նաև՝ առանց զորքի, մենակ... Աշխարհին ի տես... ազնիվ, ճշմարիտ... Տիրոջ իրավունքով, տիրոջ պահանջով... ՙմիջազգային հանրություն՚ կոչվածից ոչինչ չսպասելով...
Դա իմ պատերազմն էր... ինձ պարտադրվածը... իմ մղելիքը... Ուրիշը կխանգարեր, ուրիշը կարող էր շեղել և զրկել հաղթելու շնորհներից...
Որովհետև մենք մի եզակի անգամ համոզվել էին, որ մենակ պիտի անեինք մեր գործը, որ մենք դատապարտված ենք ազատագրելու, փառավոր էջեր գրելու, զորանալու և պարտադրելու...
Ուզում եմ ասել` էս մենք, էս էլ՝ դուք...
Հենց այն օրերին էլ համոզվեցինք, որ ՙԱշխարհ՚ կոչվող առեղծվածը միշտ էլ ապրել է իր օրենքներով ու շահերով, իր անձնականով, մենք՝ մեր։ Ցավոք, հաճախ ոչ մենք ենք նրան հասկացել, ոչ էլ նա՝ մեզ։ Ավելի ճիշտ կլիներ ասել, որ մենք ուղղակի ցանկացել ենք հավատալ, որ նա պատրաստ է օգնել մեզ, պատրաստ է կանգնել մեր կողքին, պատրաստ է, ծիծաղելի է ասել, պատժել՝ մեղավորին և մի օր, անկասկած, այդպես էլ լինելու է։ Եվ երբ օտար մեկը, կապ չունի բրիտանացի, ֆրանկ, ամերիկացի, շվեդ, մխիթարել է ինձ, մի քանի ժամ էլ կանգնել է կողքիս, ես աստվածացրել, պաշտել եմ նրան, հերոսացրել, համոզված, որ հենց ամբողջ աշխարհն է ինձ հետ, այն էլ, պատկերացնո՞ւմ եք, անշահախնդիր...
Մի շատ լավ բան ասեմ։ Իրար հաջորդող փորձությունները լա՛վ էլ հասունացրել են մեզ, և մենք այդ ԱՇԽԱՐՀ կոչվող գայթակղության առաջ կանգնած ենք հպարտ, իմաստուն, կոփված, մեր խնդիրները միայնակ լուծելու վճռականությամբ և նոր պատերազմի պատրաստ և, ավելի քան երբեք, իր աշխարհի հետ հաշտ, անպահանջ, մեր շահերով, մեր փիլիսոփայությամբ, մեր ընկալումներով։ Շարունակեմ, թեպետ ասածս կարող եք նաև չընդունել, այդ զառամյալ ծերունին վաղուց ննջում է իր անընդհատ վերանորոգվող ճոճաթոռին՝ ամենևին էլ չգուշակելով, որ կործանիչ պատերազմը վաղուց արդեն հասել է իրեն, և ի վիճակի չէ մտածել, որ փրկվել չի լինելու, որ միակ փրկվողը լինելու ենք մենք, միայն ու միայն մենք։ Որովհետև այդ մենք կատարեցինք Աստծո պատվիրանը և չերերացինք մեզ վրա եկողների քանակից և կռիվ տվեցինք Երկնայինի ուղեկցությամբ՝ մաքրամաքուր պահելով դաշտեր ու այգիներ, քաղաքներ ու գյուղեր, վանքեր ու ամրոցներ։ Այդ մենք երկիրը դարձրինք Նոյյան տապան...
Եվ, քանի տեղն է, շարունակեմ խոսքս. ես երբեք սուրս պատյան չեմ դնելու, ո՜չ այսօր, ո՜չ վաղը, նույնիսկ եթե լսեմ, որ աշխարհում ոչ մի զինյալ չկա, որ անցել են պատերազմի ժամանակները։ Ես միշտ էլ սուր եմ կրելու, իբրև Հիսուսի աշակերտ, իբրև ամենախաղաղասերն աշխարհում... Իսկ, բան է, եթե այդ նույն աշխարհը հուսահատ, չհավատալով օգնություն խնդրի ինձնից, ես ամեն ինչ մոռացած օգնելու եմ նրան, ես նրան փրկելու եմ, և ասեմ ինչո՞ւ, որովհետև ես այլ կերպ չեմ կարող, որովհետև դա է իմ առաքելությունը...
Կարող եք և իրավունք էլ ունեք հարցնել` ինչ կապ ունի այս ամենը լրագրության հետ։ Դասական լրագրության հետ՝ ոչ մի։ Բայց մենք այդ դասական լրագրությամբ տանուլ կտայինք։ Մեզ ուրիշ լրագրություն է հարկավոր, և մենք ստեղծեցինք այդ լրագրությունը՝ հենց խրամատում, դաշտային հոսպիտալներում, ավերված գյուղերում ու բնակավայրերում, մեր զարկված ընկերներին ճանապարհելիս...
Հիմա էլ, երբ բավականին ժամանակ է անցել այդ օրերից, ապրածի վավերագրությունն ուսումնասիրելիս, չենք ամաչում, ավելին, համոզված ենք, որ ճիշտ ենք ապրել, որ տեղն ենք պահել երկրի անվտանգությունն ու արժանապատվությունը, զինվորի ոգին, ռամիկի մտածումն ու հավատը։
Եվ, ամենակարևորը, մեր ստորաբաժանման մարտիկները չեն գնացել տներով, թեպետ զորացրված էլ կա, հանգստի անցած էլ, խոստովանենք, հիասթափված էլ։ Բայց մնում են կարգ ու կանոնը, ապրելու ձևը, գաղափարն ու սկզբունքը, ստեղծածին հենված ապրելու կարողությունը։ Կանգառը պարտություն է, իսկ մեր պարտությունների բոլոր պաշարները վաղուց սպառված են...
Պապս սովորություն ուներ. ամեն մի գործ ավարտելուց հետո ասում էր՝ իս էլ ստի։ Այն օրերին, իհարկե, ես ի վիճակի չէի հասկանալ այդ մի քանի բառի իմաստը, և միայն հիմա, երբ ամեն ինչ պարզ է, ես էլ պապիս նման ուղղակի ասեմ՝ իս էլ ստի։