ԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՄ ԻՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ... ԻՍԿ ԴՈՒ՞...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՙ...Քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին։ Պետական գործիչը մտածում է հաջորդ սերունդների մասին՚:
(Ուինսթոն Չերչիլ)
2020թ. մարտ-ապրիլին ես ընտրելու եմ իմ Նախագահին, նրան, ով Վաչագան Բարեպաշտի պես ոչ միայն Երկրի Տերն է լինելու, այլև՝ Ծառան... Ընտրելու եմ նրան, ով քաջատեղյակ է, թե ինչ ծանր լուծ է քաշում արցախցին Երկիրը երկիր դարձնելու համար, իսկ նրան շատ բան պետք չէ, մի փոքր թեթևացրեք նրա հոգսը, ու նա իր իշխանավորին էլ կպահի, իր Երկիրն էլ։ Առաջնորդեք այդ ժողովրդին և կհամոզվեք, թե նրա հետ ինչպիսի՛ հաջողությունների կարելի է հասնել։ Վաչագան թագավորն Արտաշես 1-ին արքայի նման իր կառուցվելիք մայրաքաղաքի համար քար է շալակում ի ցույց ժողովրդի, և համոզված է, որ արքայությունը միայն հաճույք չէ, այլև՝ հոգս ու պարտավորվածություն...Իմ ընտրյալ Նախագահի մեջ տեսնել եմ ուզում այդ երկու հզոր արքաների իմաստնությունը, նվիրվածությունը, բարեպաշտությունը, կամքն ու վճռականությունը։
Անսանք Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի ՙԻշխանությունները ժամանակավոր են, պետությունը հավերժական է՚ իմաստուն խոսքերին ու թիկունք կանգնենք մեր պետությանը, կերտենք մեր պետականությունը` քայլ առ քայլ իրագործելով մեր պահանջատիրությունը։ Հայրենյաց շահի ջահակիրը դառնանք ու միավորվենք այդ գաղափարի շուրջ ոչ թե հանուն մեր ամբիցիաների, սևը` սպիտակ տեսնելու մղձավանջի: Սիրո և համերաշխության առաքյալներ դառնանք, ոչ թե սեպ խրենք սիրո և համերաշխության միջև՝ մեր անհանդուրժողականությամբ։
Առավել քան վստահ եմ. արցախցին ոչ միայն իմաստուն, այլև ողջախոհ է... Մեր շուրջ վեց հազար Սուրբ Նահատակները զրկել են նրան սխալվելու մարդկային տարրական թուլությունից, զի հենց նրանց արյամբ է գծված մեր ողջախոհության սահմանը։ Այնպես որ, մի պահ կանգ առնենք որոշում կայացնելուց առաջ։ Մեր ցանկացած փոքր սխալն անգամ կարող է ճակատագրական լինել։ Ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս նայելու ժամանակն է։ Ժամանակն է ժողովենք, ի մի բերենք մեր բոլոր ղեկավարների իմաստնությունն ու բարոյականությունը։
Վերցնենք յուրաքանչյուրի դրական կողմերը, մի պահ ժողովենք հասարակության ծովացած, մաքրագործված կարծիքը...
Ձեզնից վանեք նրանց թերություններն ու սխալները կրկնելու հավանականությունը և դարձեք խորհրդանիշ պետության ու պետականության:
Վերջապես` ես ընտրելու եմ այն գլխավոր հրամանատարին, ով ապրում է շարքային զինվորի խոնարհությամբ, սակայն պողպատից կարծր է նրա ոգին: Ընտրելու եմ նրան, ով հաջորդ օրը հայտարարելու է, որ ինքը նախագահն է 150 հազարի, իրեն ընտրողի ու չընտրողի, նախ` իրեն չընտրողի, ապա` նոր սատարողի։ Նրան, ով գնահատելու է լավագույն կադրերին և նրանց կարողություններն ի սպաս է դնելու Արցախի կենսունակության նոր փուլի կերտմանը, առավել ուժեղ, առավել պաշտպանված Արցախի ընթացքին, երջանիկ, ապահով ու ինքնաբավ Արցախի վերածննդին: Ով աշխարհի հայության համար դրոշակակիր դարձած Արցախը շարունակելու է դարձնել հայության երազանքների օրրանն ու այն հարթակը, որտեղից տեսանելի են հայերիս երազանքների հանգրվանները։
2020 թվականի մարտի 31-ին ես ընտրելու եմ խղճի, արդարության, ուժի ու կամքի իշխանությանը և ամեն օր աղոթելու եմ, որ իմ ընտրած նախագահը չձախողի։ Զի նրա ձախողումը ի՜մն է լինելու, ի՜մ զավակներինն ու հոգեզավակներինն է լինելու։ Եվ ոչ միայն աղոթելու, այլև պահանջելու եմ, որ իր տված մեկ խոստումը բազմապատկի տասով, որ իր գիշերները ցերեկ դարձնի, իսկ կամքը՝ կանթեղ` արդարության ճանապարհին։ Ես այլընտրանք չունեմ. ես երդվել եմ իմ 6 հազար հոգեզավակների շիրիմների առջև, խոստացել եմ, որ իրենց զավակներն ապրելու են հզոր Արցախում... Ես նրա հետ խոսելու եմ այն մահապարտների անունից, որոնց մարտական կենսագիրն ու սխրագործությունների վավերագիրն եմ եղել տասնամյակներ շարունակ։ Վստահ եմ, որ իմ նախագահը նայելու է ոչ միայն մեր փողփողացող դրոշի հպարտ ծփանքներին, այլև սահմանամերձ շրջաններում հող ու քարի հետ կռիվ տվող, հողին իր մարգարտաշար քրտինքը շաղող գյուղացուն ու նրա կոշտացած ձեռքը սեղմելով` շարունակելու է տեր կանգնել նրա չարչարանքներին, նրա մի կտոր հացը (մի ճոթ հացը` կասեր ղարաբաղցին) երկուսն է դարձնելու։ Հա, մոռացա ասել, խնդրելու եմ նրան մեկ-մեկ էլ այցելել հերոսներ ծնած որդեկորույս մայրերին ու նրանց սև հանդերձի հետ դաշինք կապած հարսներին, որոնց սրտին արված գրառումներից դեռևս արյուն է կաթում։ Ես ընտրելու եմ Քեզ` այդ ծանր բեռն ուսելու համար... իսկ դու պատրա՞ստ ես...
Խոստովանեմ, որ ինձ համար դժվար է լինելու ընտրություն կատարել, որովհետև լավ եմ ճանաչում բոլոր թեկնածուների թե՜ դրական, թե՜ բացասական կողմերը, և միակ բանը, որի վրա չեմ կասկածում, նրանց հայրենասիրությունն է... Մի դեպք հիշեցի հարյուրավորներից ու հիշեցնեմ. երբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտը սկսվեց հրթիռակոծվել, Արցախյան պատերազմի ՙՄարտական խաչ՚¬ի շքանշանակիր, նվիրյալ հրետանավոր Արամ Առուշանյանը կնոջը` Էլլադային, ասաց. ՙԵրեխաներին հագցրու` ձեզ տանեմ նկուղ, ես պիտի դիրքեր գնամ՚։ Երբ կինը հարցրեց, թե բա երեխաների շորերը չվերցնե՞մ, Արամի պատասխանը կտրուկ էր` թուրքն ո՞վ է, որ շորերը վերցնես ու փախչես նրա առջևից, էսա գնում ենք, դաս կտանք ու ձենը կկտրի: Այդպես էլ արեցին, բայց մայոր Արամ Առուշանյանը տուն չդարձավ։ Այսօր Էլլադան իր զույգ որդիներին ու զույգ աղջիկներին մեծացնում է Ստեփանակերտում ու նրանց դաստիարակում է հոր ոգով ու հավատքով և չի տրտնջում իր բախտից, իսկ նրա համար Արամը ողջ է բոլոր ողջերից։
150 հազար բնակիչ ունենք ընդամենը, ովքեր հայի ըմբոստ երակն են փառավորում ամեն Աստծո օր և որոնք անհատական ուշադրության ու հոգածության կարիք ունեն։ Նրանցից յուրաքանչյուրն իր ՙԲարի լույս՚¬ով ՙոչ՚ է ասում պատերազմին, ու որպես կենդանի վահան կանգնում Հայոց Արևելից կողմանց սահմանում։ Նրանցից յուրաքանչյուրն ուզում է ապրել քաղաքական խարդավանքներից հեռու, իրավական պետության մեջ, տնտեսապես հզոր երկրում, որտեղ սոցիալական խնդիրները նվազագույնի են հասցված, և նա 2020 թվականի գարնանն ընտրելու է այն նախագահին, ում համար պաշտոնը սոսկ գործիքակազմ է այդ ճանապարհին: Այո, մահու չափ ծանր է սեփական արյան վրա սայթաքելը, մենք հավիտյանս հավիտենից զրկված ենք այդ հավանականությունից…
Ահա թե ինչու ընտրություն կատարելիս ես սխալվելու իրավունք չունեմ։