[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴԸ ԵՎ ՎԱԽ ՓԱԽՑՆՈՂԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Արդեն քանի օր է, ուզում էի ասել, բայց մի տեսակ չէի համարձակվում, ավելի ճիշտ՝ մտածում էի, որ ինձ չեք հասկանա։ Բայց լռելն էլ մի տղամարդկություն չէ։ Լավ, չերկարացնեմ, մատուցեմ մտածածս․ մի ինչ-որ անբացատրելի տագնապ է պաշարել ինձ ու չարչարում է՝ օրեցօր մեծանալով, օրեցօր դառնալով ավելի ու ավելի ներկա ու իրական։ Չէ, չէի ասի, որ դա նորություն է ինձ համար, բայց տարիներ առաջ, օրինակ, դրան այսքան ուշադրություն չէի դարձնում, հաճախ չէի էլ նկատում, որովհետև համոզված էի, որ ինչ-որ բան, հաստատ, փոխվելու է, որ չարությունը չի կարող երկար դիմանալ հավաքական բարությանն ու ներողամտությանը, որ ժամանակավոր են պատերազմները, մեղադրանքները, հալածանքներն ու սխալները։ Միամի՞տ էի։ Գուցե։ Ոչինչ չէի՞ հասկանում աշխարհի անցուդարձից։ Երևի։ Կորցրե՞լ էի տեսողությունս։ Հնարավոր է։ 

Շատ բան, իհարկե, չի փոխվել, բայց ես հիմա տեսնում եմ բաներ, որ առաջ չէի տեսնում կամ չէի կարող տեսնել, եթե չասեմ՝ չէի ուզում տեսնել։ Պարզվում է, քաղաքակրթությունն ամենևին էլ չի փոխել մարդուն։ Բան չունեմ ասելու, գեղեցիկ քաղաքներ ենք կառուցել, տիեզերքի ճանապարհը դարձրել ենք ջրի ճանապարհ, աշխարհի մի ծայրից մյուսը աչքթարթոց է, տափաստաններն ենք զարդարել այգիներով ու ծաղիկներով, որբանեցներով ու ծերանոցներով մեղմել ենք ցավն ու անտարբերությունը, սակայն ցանկացած պահի պատրաստ ենք քարուքանդ անել այդ ամենը, հալածել մեր մերձավորին, կախաղան հանել, կոխկրտել մեզանից թույլերին ու քմծիծաղել, երբ իր տան ավերակներում թաքնված փոքրիկը որոշի գնալ տիրոջ մոտ մեզնից բողոքելու։
Իսկ ես հենց այդ տղեկին լսելուց հետո էլ սկսել եմ վախենալ;
Պապս, ով ոտքը Արցախից դուրս չի դրել, համոզված ասում էր, որ մարդն ամեն տեղ էլ նույնն է, ոչ մի տարբերություն։ Նա մի տեղ բարի է, մի ուրիշ տեղ՝ չար։ Սևը խաղաղասեր չէ, դեղինը՝ անտարբեր, սպիտակը՝ռազմատենչ։
Համաձայն եմ, մարդուն ճանաչելու համար պարտադիր չէ ոտքի տակ տալ աշխարհի բոլոր քաղաքներն ու գյուղերը, տիրապետել տասնյակ լեզուների, գտնել ու կորցնել, ընկնել ու բարձրանալ։ Սխա՞լ էր ասում պապս, որ անձնականից այն կողմ եղածը քիչ է, որ հանուրը դարձել է գործիք՝ հաճախ բանականությունից դուրս... չեղած մի հրամանով խանութներ թալանող, մեքենաներ ջարդող ու այրող, հոշոտող... աշխարհի բոլոր անկյուններում, ամենուր նույն ձեռագիրն է, նույն տրամաբանությունը, նույն անապատայինն ու քարանձավաբնակը... Չարության բացիլը տարածվում է անասելի արագությամբ, մտնում է ցանկացած բնակավայր, ցանկացած տուն, առանց ընտրության ու դժվարության... Դրա դեմն առնելն արդեն, թվում է, հնարավոր չէ և, պատկերացնու՞մ եք, իմաստ էլ չունի։ Կանայք տղամարդկանց հետ լցվել են փողոցները, տղամարդիկ քաշքշում են կանաց, կանայք պառկում են փողոցներում։ Մի՞թե կա ավելի տգեղ պատկեր, ավելի նվաստացուցիչ ու խեղճ... Արժեհամակարգը չի գործում, դարերով ձևավորված մեր պաշտպանիչ համակարգը մղվում է երկրորդ պլան, կանայք ճանկռոտում են ոստիկաններին, ոստիկանը ապտակում է ծերուկ հայհոյողին, ոստիկանի ոտքի տակ շնչահեղձ է լինում սևամորթ հանցագործը և մեծարվում փողոցներում, համարյա սրբադասվում...
...ես Տիրոջը բողոքելու եմ ձեզանից...
...որովհետև սատանան ամենուր ներկա է... ուղղակի մենք իրավունք չունենք ուրիշներին նմանակելու, մենք դատապարտված ենք ինքներս մեզ փրկելու, մենք չենք դիմանա ժամանակի ալեկոծությանը, օտար ափերից ներխուժող քամիներին ու ցրտերին։ Չեմ թաքցնում, ես հենց փողոց դուրս եկած կանանցից եմ վախենում, կանանց քաշքշող տղամարդկանցից, դասադուլ հայտարարող ու ուսուցիչներին վիրավորող երեխաներից, ես վախենում եմ օտարամոլությունից ու խիստ ազգային մտածումից, Հիսուսի կողքին կանգնելու համարձակությունից... վախենում եմ մտքիս տեսողությունը կորցնելուց, մոլորվելուց ու դարձի չգալուց, սուտ խոստումներից ու հերոսացվելուց, մաքուրների վրա գնացողներից ու կեղտոտին սրբացնողներից... երկրիս երեսը չտեսած, հեռուներից մեզ խրատ տվողներից, մեզ ապրել, երկիրը սիրել սովորեցնողներից... Ես ԵՐԿՐԻՍ համար եմ վախենում, իմ ունեցած-չունեցած մի բուռ, մի ափ, մի սիրտ ՀԱՅԱՍՏԱՆը արհամարհողներից... Դա է իմ ամենամեծ վախը, իմ ահագնացող տագնապը, իմ ծովից-ծով չարչարանքը...
Զարմանալի բան է, պատերազմների ժամանակ չկար այդ տագնապը, պատերազմների ժամանակ ես աննկարագրելի խաղաղ էի, վստահ։ Այդ ողորմելին հետո եկավ, հետո ամեն ինչ այսպես խառնեց իրար, հարազատին տարավ հարազատի վրա և մոռացության մատնեց պատերազմից բերած մեր մաքրությունը, մի կտոր հացը տասներկու հավասար մասի բաժանելու մեր շնորհը, հանուն հանուրի զարկվելու մեր առաքելությունը...
Երբ երեխա ժամանակ սկսեցի վատ երազներ տեսնել և քնիս մեջ էլ լացել ու անհասկանալի ձայներով լցնել մեր տունը, տատս ինձ տարավ վախ փախցնողի մոտ։ եվ այդ հազար շորի ու շալի տակ, կարծես, թաքնված պառավը մի քանի րոպեում հաջողությամբ ինձնից հալածեց իմ այդ մի քանի տարեկան վախը։ Եվ դրանից հետո ես հանգիստ քայլում էի մութ փողոցներով, ծիծաղելով անցնում է թուրքերի թաղերով և, ամենակարևորը, գիշերը հանգիստ քնում էի... Հիշում եմ, պառավը տատիս երկար ու մանրամասնորեն բացատրում էր, որ երեխան, այսինքն՝ ես, վախեցել է շներից, շները փողոցում թափվել են երեխայի վրա, և երեխան չէր կարող չվախենալ։
Հետաքրքիր է, պառավը գուշակու՞մ էր, որ այդ նույն երեխան, այսինքն՝ ես, տարիներ հետո սկսելու է վախենալ մարդկանցից... և աշխարհի երեսին էլ վախ փախցնող չի լինելու... նույնիսկ, եթե լինի էլ, չի կարողանալու փախցնել այդ վախը...