[ARM]     [RUS]     [ENG]

ՇԵՆԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

ՄԱՐԴԸ ԳԻՏԵՐ ԻՆՉ ԷՐ ԱՆՈՒՄ

 

           Ես գյուղ սիրող մարդ եմ։ Ասեմ՝ չզարմանաք, ամենահարազատն էլ գյուղի հոտն է։ Եվ դա նոր չէ, երեխա ժամանակներից է։ Աչքերս փակեն, առանց շփոթելու, այդ հոտը բռնած կգնամ-կգտնեմ շատ-շատ գյուղեր։ Շատերին թվում է, այդ հոտը բոլոր գյուղերում էլ նույնն է, բայց փորձառու մարդը, նորից եմ ասում՝ գյուղ սիրող մարդը, լա՜վ էլ գիտի, որ ամեն գյուղ ունի իր յուրահատուկ հոտը, իր կոդը, ուզում եմ ասել՝ գաղտնագիրը։ Տներն էլ են տարբեր, պատերի քարերն էլ, փողոցները, դռներն ու դարպասները։ Բայց, թվում է, ժամանակն այնտեղ կանգ է առել, հանգստանում է։ Տներն էլ թեքվել, ուսերը հենել են իրար... պատերի ճաքը հողի խորքերից բարձրացել, դեմ է առել տանիքին։ Տներ էլ կան՝ գլխաբաց են, վաղուց խոնարհված... Ծերացել է մեր գյուղը, տեսողությունն արդեն այն չէ, լսողությունից է հաճախ բողոքում... մենակ արդեն չի կարողանում հաց ու ջրի խնդիրը լուծել, ինքն իրեն տիրություն անել, մեկ-մեկ էլ մոռանում է անելիքը... հեռացողը չի վերադառնում... Բայց էլի, փառք Բարձրյալին, երեխա է ծնվում, հանդ գնացող-եկող կա, գյուղամիջում՝ նստոտած մարդիկ...

             Բան չունեմ ասելու, տխուր են պատկերները, բայց խոստովանենք, ծերունին աննկարագրելի գեղեցիկ է, պատկառանքի արժան, մի տեսակ՝ էպոսահեքիաթախառն... Մարդ կա՝ ծնված օրից այնտեղից դուրս չի եկել, մարդ էլ կա՝ նոր է վերադարձել, ամեն ինչ թողել-եկել է ու, չեք պատկերացնի, տուն է շինում, իր ձեռքով, ինքն իրենով, մենակ... եթե, իհարկե, չհաշվենք հիշողությունն ու ամեն օր կողքին կանգնող մտերիմ պատկերները...

             Ինչքան փորձում եմ ինքս ինձ մխիթարել, բան չի ստացվում։ Միակ անփոփոխ պատկերը, կարծես, գյուղի քարքարոտ փողոցն ի վեր բարձրացող-իջնող հոտն ու նախիրն են... տանը կպած գոմում պահվող կովն ու ոչխաը, ժանգոտած, դժվար բացվող դարպասը, ամռանը՝ փոշոտ, աշնանը՝ ցեխոտ բակը, այգու ամենավերջում թաքնված, պարտադիր ծռված, հազար տարվա անդուռ... չասեմ ինչը, գիտեք խոսքն ինչի մասին է...

            Պապս ամեն աստծո օր շենացնում էր հոր շինած տունը, ամեն օր ինչ-որ բան էր անում, փոխում-թարմացնում էր, ամրացնում-ավելացնում...

-Տունը միշտ պիտի զգա ձեռքիդ ջերմությունը,-ասում էր,-չզգաց՝ չի դիմանա... դուռն էլ է այդպես, ծառն էլ, չզարմանաք՝ կինն էլ...

            Չէ, հիմա ոչ մեկը այդպես չի ապրում, տունը տիրոջից, թվում է, խռով է, հետը չի խոսում։ Սյունը ծռվում է, չեն նկատում, ջուրն ու քամին մտնում են ներս, դեմը չեն առնում, ցեխը աստիճաններն ի վեր հանգիստ բարձրանում է... հերն էլ անիծա՜ծ... գյուղ տեղ է, բան չկա, սաղ չենք պրծել, մնացել է ցեխը... հետո էլ՝ պետություն կա, բան կա...

             Իսկ ես ահա չեմ հասկանում մա՞րդն է հեռանում տնից, թե՞ տունը մարդուց... ո՞վ է ումից հոգնել-ձանձրացել, վիրավորվել՝ վերջապես... ո՞վ է, որ մնալու է մենակ...

             Ինչքան մտածում եմ, մեր այդ բնակավայրերից ննջող ժամանակը ճիպոտներով քշելու միակ ճանապարհն էլի մեր մտածողությունը փոխելու խիզախությունն է։ Եվ, չեմ կարծում, որ կոմունիստ պապս դրանից կվիրավորվի, որ ավանդապաշտ տատս կմեղադրի ինձ, որ մենք հետո կամաչենք մեր արած քայլերի համար։ Ուրեմն նախ հրաժարվենք << գյուղ տեղ է>> արտահայտությունից, հետո էլ՝ կովն ու ոչխարը տան բակում պահելու սովորությունից, հետո էլ՝ ծռված դարպասներից ու ցեխոտ փողոցներից, հետո էլ՝ հինգ-վեց հարյուր բնակիչ ունեցող բնակավայրը չանվանեք գյուղ, հինգ-տաս հազարանոց բնակավայրը՝ քաղաք։ Ես դա չեմ ընդունում։ Ուղղակի կա մեծ բնակավայր, և կա փոքր բնակավայր։ ժամանակակից նույն կենցաղային պայմաններով, նույն հարմարավետությամբ ու վերաբերմունքով, նույն հարաբերություններով։ Եվ այդ փոքր բնակավայից՝ մեծ բնակավայր հարազատներին տեսության գնացողին չփորձեն, չկարողանան զարմացնել ոչ մեծ-մեծ շենքերով, ոչ փողոցները խցանած ավտոմոբիլներով, ոչ լիքը-լիքը խանութներով, ոչ էլ, նույնիսկ, զուգված-զարդարված կանանցով։ Ուզում եմ ասել` այդ փոքր բնակավայից գնացածի համար այդ մեծ բնակավայրը կտարբերվի միայն ու միայն իր չափսերով։ Հա, մոռացա ասել, մարդն այդ մեծ բնակավայր հասնելու համար  ոչ մի խնդիր չի ունենա, երբ սիրտը տա, կարող է հագնել տոնական հանդերձն ու նստել ժամանակակից, հարմարավետ հանրակառքը... բա ո՜նց, ախպերս...

           Թե չէ, այսպես անընդհատ խոսելով ոչինչ չենք փոխի, մնացած ուս-ուսի տված մի քանի տունն էլ անվերադարձ կհեռանա, մի քանի ադաթն ու ավանդույթն էլ... հիշողությունն էլ...

            Մեր տունն էլ մենք պիտի շինենք, հատուկ նախագծով,ճարտարապետական ինքնատիպ լուծումներով ու մոտեցումներով։ Ինչ անենք, էլի միասին պիտի անենք, ժամանակից առաջ ընկնելով, ամենաքիչը մի հարյուր- երկու հարյուր տարվա երաշխիքով։

             Գյուղի մեր տանը ծանր, պինդ ոտքերով մի սեղան կար, պապիս ասելով` իր պապի շինածն էր, այսինքն՝ այդ օրերին արդեն մի յոթանասուն-ութսուն տարեկան։ Հիմա էլ այդ սեղանը կա և հարյուր ամյակն էլ սրանից մի քսան  տարի առաջ հարազատներով նշել ենք։ Չե՞ք մտածում, որ պապիս պապը հենց այնպես չի շինել այդ սեղանը, որ պապիս պապը ժամանակից առաջ ընկած գնում էր...

             Այդպես էլ հորս Մարտիրոս պապն է շինել մեր տունը հարյուր տարի առաջ՝ էլի ժամանակի հետ զրույց անելով։ Մեր ավելացրածը քանդվել-գնացել է, իսկ Մարտիրոս պապինը չի կարող քանդվել և իրավունք էլ չունի, որովհետև մարդը գիտեր ինչ էր անում... Ուզում եմ ասել` ինչ էլ լինի, մենք պարտավոր ենք գտնել ժամանակների հետ զրուցելու մեր ունակությունը։ Թե չէ մեր հին շեներում մրափած ժամանակը մի օր անտեր շան նման կծոտելու է մեզ...