[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԻ ՏՂԱ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

ԱՐԺԵՀԱՄԱԿԱ՞ՐԳ,  ԹԵ՞․․․

              Ստեփանակերտում ամենաշատ օգտագործվող արտահայտությունը։ Եվ ես դրանում վատ բան չեմ տեսնում։ Դա մի տեսակ հարազատ քաղաքի, սիրելի քաղաքի գովք է, մեծարում, ինչու՞ չէ, նաև սիրո խոստովանություն։ Ասեմ, որ կարգին էլ հնչեղություն ունի, չնայած նոր սերունդն ամենևին էլ նույն ոգևորությամբ ու ջերմեռանդությամբ չի օգտագործում այդ երկու, կարծես, հենց իրար համար ստեղծված բառը՝ ՔԱՂԱՔԻ ՏՂԱ․․․

              Իսկ ահա իմ սերունդն ուրիշ է, ուզում եմ ասել՝ իմ սերունդը այդ երկու, իրար կողքի ապրող սովորական բառը դարձրել է կենսագրություն, պատում, ժամանակաշրջան, անկախություն՝ եթե կուզեք․․․ Բա ո՜նց․․․  Մեկ-մեկ նույնիսկ համարձակվում ես շփոթել՝ սկզբում քաղա՞քն էր, թե՝ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ։ Հարցնես, հնարավոր է բացատրեն, համոզեն, որ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ միշտ էլ կար, որովհետև քաղաքը միշտ էլ գոյություն է ունեցել, այսինքն՝ այդ քաղաքն ու ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ նույն ամսվա, նույն օրվա, նույն րոպեի ծնունդ են, երկվորյակ․․․ Ավելի համարձակ բան ասեմ՝ չլիներ քաղաքը, չէր լինի նաև այդ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ, չլիներ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ՝ չէր լինի քաղաքը։ Մի խոսքով, մեկը մյուսի շարունակությունն է, մեկը մյուսի սկիզբը․․․ Իմ կարծիքով՝ վատը միայն ու միայն այն է, որ տարիների ընթացքում այդ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆԵՐԸ մի տեսակ, նույնիսկ անտրամաբանական շատացել են։ Պատկերացնու՞մ եք, բոլորն էլ քաղաքի տղա են, բոլորը, այդ քաղաքում ծնված-մեծացածները, այդտեղ ընդամենը մի քանի տարի ապրածները, անգամ քաղաքի մի ժամանակ լավ էլ տեսարժան-հանրահայտ վայրերի մասին չլսածները, երբեմնի ճանաչված տղաների կենսագրությունից ու արկածներից անտեղյակները․․․ Իսկ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ ուղղակի պարտավոր է նման հասարակ բաներն իմանալ։ Չիմացավ՝ կդառնա ծաղր ու ծանակի առարկա։ Եվ ոչ միայն այդ հասարակ բաները, քաղաքի ամբողջ, գրված ու չգրված պատմությունը, պատմական իրադարձությունները, աննշան միջադեպերը։ Նա պարտավոր է ճանաչել հանրահայտ միլիցիոներներին, թաղային հեղինակություններին, դերասաններին ու գրողներին, բոլոր ժամանակներում ինքնասպանություն գործածներին, թղթախաղի վարպետներին, վարսավիրներին, ամենալավ գինին վաճառողներին ու կոշկակարներին․․․ Քաղաքի տղան գիտի նրանցից յուրաքանչյուրին՝ ընտանյոք հանդերձ։ Բնակավայրի մասին գիտելիքներով ու կատարած բանավոր ուսումնասիրություններով նրան չի կարող հավասարվել  նույնիսկ պատմության մասնագետը։

             Ամենահետաքրքիրն էլ այն է, որ չի լինում քաղաքի լավ տղա կամ քաղաքի վատ տղա։ Նման բան չի կարող լինել։ ՔԱՂԱՔԻ ՏՂԱ՝ և վերջ, հարցը քննարկման ենթակա չէ։ Ուզում եմ ասել ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ չի կարող,  ուղղակի իրավունք չունի վատը լինել, նա ամենակարողն է, ամենախելոքը իր նմանների մեջ, ամենահզո՜րը․․․ Դա հատուկ կարգավիճակ է, կոչում, բնականաբար՝ նաև պատասխանատվություն ու պարտականություն։ Հիմա գուցե ինչ -որ բան փոխվե՞լ է, բայց առաջ այդպես էր։ Նրանցից ոչ մեկը ոչ  մի տեղ չէր ասի, որ ինքը ստեփանակերտցի է, գիտե՞ք ինչու, որովհետև ինքը, ո՞նց ասեմ, հա, ինքը շատ ավելի բարձր կոչում ուներ, որովհետև ինքը ՔԱՂԱՔԻ ՏՂԱ էր․․․

             Եվ ինչքան ինձ հայտնի է, այդ ՔԱՂԱՔԻ ՏՂԱ-ների մեծ մասը մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Նաև շնորհիվ նրանց քաղաքը հանգիստ էր, խաղաղ, թշնամիների առաջ՝ ամրոց։ Հենց այդ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ մանկասպան թուրքերի մոխիրը տվեց քամուն հենց Ստեփանակերտի կենտրոնում, Խորհրդային միլիցիայի ու զինվորի աչքի առաջ, Մեծ հոկտեմբերի 50- ամյակի նախօրյակին, որովհետև գիտեր, որ թուրքն էլի մնալու է անպատիժ ու շարունակելու է արածը․․․

Մեր պատերազմի ժամանակ էլ էր այդպես, որտեղ հայտնվում էր ՔԱՂԱՔԻ ՏՂԱն, այնտեղ պարտություն չկար։ Հետաքրքիր բան էր ասում մեր հին բնակավայրերի պաշտպանական մարտերին մասնակցած տղաներից մեկը, ասում էր՝ վիճակը ավելի քան ծանր էր, դիմադրելն արդեն անհնար, սպառվել էր ամեն ինչ, պատրաստվում էինք նահանջել և․․․ հասան տղերքը․․․ Նրանց տեսնելը միայն հերիք էր, որպեսզի թշնամու հերն անիծեինք։ Մինչև հիմա չգիտեմ այդ պահին ինչ կատարվեց մեզ հետ․․․  որ ասես հսկայամարմին էին, ոչ, լավ զինված էին, սուտ կլիներ, էն կինոյի տղաներից էին, ոչ մեկը չի հավատա․․․ մի ուրիշ, անտեսանելի, աննկարագրելի բան կար նրանց մեջ․․․

                Չասեմ՝ չի լինի, մեկ-մեկ էլ  այդ  ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ իրեն բոլորից առանձնացնում-բարձրացնում է, տառապում տեղայնական մտածողությամբ, դուրս մղվում տարիներով ձևավորված ավանդույթներից ու արժեքներից՝ ամենևին էլ չհասկանալով, որ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ միայն Ստեփանակերտում ծնվելու համար քիչ է, որ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ մտավորականի, բանվորի ու գյուղացու համաձուլվածք է, ժամանակակից մտածողության կրողը անցյալը ներկայից պինդ կապողը, իր քաղաքը պաշտողը, նրա ամեն օրը ուսերին անտրտունջ տանողը։ Առանց այս ամենի ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ սուտ է, հորինված ու ժամանակավոր․․․

               Մի բան էլ, մեր այս քաղաքում պատահական մարդ չի ապրում, շատերն իրար ճանաչում են, կարգին բարեկամություն, ընկերություն, հարևանություն են անում, երբեք իրար մենակ չեն թողնում, լավ ու վատ օրերին իրարից չեն հեռանում, տարբեր բնակավայրերից եկածներին էլ հարազատի պես են ընդունում, եթե, իհարկե, այդ ուրիշ տեղից եկածները չեն փորձում ինչ-որ բան փոխել այդ հարաբերություններում և Ստեփանակերտը  համարում են աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը, ինչու՞ չէ՝ աշխարհի կենտրոնը։ Գիտե՞ք ինչու, որովհետև ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ ուրիշ տեղ չի կարող ապրել․․․