ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼԸ
ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Գիտե՞ք որն է մեր սիրած արտահայտություններից մեկը։ Ասեմ՝ մենք մշակութային ժողովուրդ ենք։ Լավ էլ հնչեղություն ունի, ամեն մի բառից ուղղակի հանգստություն, համերաշխություն ու, ամենակարևորը, խաղաղություն է ծորում։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ բոլոր ժամանակներում էլ մեզ համար առաջնայինը եղել է մշակույթը։
Մենք առաջինն ենք պետականորեն ճանաչել Քրիստոսին, մեր տառերն առաջիններից են աշխարհում, մեր էպոսը նմանը չունի Երկիր մոլորակում, և ոչ մեկը, ինչքան էլ ցանկանա, չի կարող դա ժխտել, մեր երկրի մի ծայրը մի ծովի մեջ էր, մյուս ծայրը՝ մի ուրիշ ծովի։ Մեր այրուձին չգիտեր` ինչ բան է պարտությունը, պարսից բանակի փղերն էլ աշխարհազորի մեր ռամիկ-զինվորի համար՝ եղած-չեղած, հաշվեք՝ ոչինչ։ Մեր շինած բերդերի, ամրոցների ու պալատների մասին էլ չեմ խոսում։ Հազար ու մի եկեղեցի, հազար ու մի դպրոց, հազար ու մի ուսյալ, հազար ու մի ձեռագիր մատյան-վկայություն... Եվ, կարծում եմ, մենք վաստակել ենք իրավունքն ասելու, որ քաղաքակրթությունն առանց մեզ ինչ-որ տեղ կլիներ պռատ ու ձանձրալի...
Երևի նկատել եք, մեր միտքը բոլոր ժամանակներում էլ ճամփորդել է աշխարհով մեկ, մտել է համարյա ամեն երկիր, սեղան նստել մեծերի հետ և նեկտարը հաճախ հասցրել հայրենիք։ Միայն նեկտարը... ուրիշ ոչինչ... Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ 200-250 տարի առաջ Շուշիում կառուցված տները նման էին Փարիզում կամ Հռոմում կառուցված տներին. նույն բարձր պատուհաններն են, նույն դռները, դարպասները, շարվածքը, բնականաբար, հայկական ընդգծված լուծումներով ու մոտեցումներով։ Մարդիկ այդպես քաղաքը հեռացրել են գավառական կենցաղից ու մտածողությունից՝ անհնարին դարձնելով ժամանակից ետ մնալը... Ոչ մի ավելորդություն, ոչ մի խախտում, ոչ մի խանգարող շինություն...
Չասե՞մ՝ ես գժվում եմ այդ քաղաքի համար, մշակութային այդ հավերժական արժեքի համար։ Չասեմ՝ ազնիվ չէր լինի, ճիշտ չէր լինի, խոսքիս հավատացող չէր լինի։ Գիտե՞ք ինչու, որովհետև Շուշին ծուռ մարդկանց քաղաք է...
Լավ, Շուշին հանգիստ թողնենք ու գնանք, հասնենք միջնադար։ Իսկ այնտեղ շատ թափառել պետք չէ իրականությունը տեսնելու համար, ուզում եմ ասել՝ մի Նահապետ Քուչակ ցաք ու ցրիվ է արել բոլոր հոգևոր կամուրջները, կաղապարվող ավանդույթները և ազատել մարդ արարածի միտքն ու մարմինը... Պատկերացնու՞մ եք, միջնադարում, մնացած աշխարհից այդքան հեռու, մնացած աշխարհից դուրս... Չասե՞մ՝ գժվում եմ Քուչակի տեսակի համար... Ինչքան մտածում եմ, ծուռը նա է...
Երբ թշնամին Աղդամ գորշ բնակավայրից քարուքանդ էր անում Ասկերանը, ծերունի մի այր ավերված տան կողքին նոր տան հիմքերն էր փորում, իսկ կինը թթենի էր տնկում այգում... Այ, ես այդ ծուռ տեսակի համար եմ գժվում... Այդպես չլիներ, հաղթելը կդժվարանար, ուզում եմ ասել՝ կուշանար հաղթանակը...
Իսկ երբ դպրոց աճապարող փոքրիկին 1992-ին փողոցում մի քանի անծանոթ փորձում էին համոզել, որ պատերազմի ժամանակ դպրոց գնալը վտանգավոր է, փոքրիկը մեծավարի պատասխանել է.
-Կռեվը կարողա պրծնեվեչ, ես անգրագետ կենա՞մ...
Ես ամենաշատն այդ ծուռ փոքրիկի համար եմ գժվում։ Ինչ ուզում եք ասեք, հաղթողը նա է, առանց նրա ոչ մի զինվոր մարտի չէր գնա, առանց նրա գաղափարն էլ սուտ դուրս կգար, նվիրումն էլ, կատարածն էլ։ Չասե՞մ՝ նա էր մեր ծանր ու արյունոտ օրերի փիլիսոփայությունը, չէ, փիլիսոփայության գեներալը... գերագույն գլխավոր հրամանատարը... առանց ուսադիրների, առանց մեդալների ու շքանշանների...
Մաճկալաշենի կանանց փոքրիկ ջոկատը պատերազմի տարիներին ամեն օր չորս հարյուր թոնրահաց էր ուղարկում խրամատում կանգնած զինվորին, չորս հարյուր խոստովանություն, չորս հարյուր աղոթք... Չասե՞մ, որ նրանք էլ էին ծուռ և հենց նրանք էին թշնամու հերն անիծողը, թշնամու զորախմբերը ցաքուցրիվ անողը։ Չասե՞մ՝ ես մշակույթի ծուռն եմ սիրում, այն, որ պինդ է, չի նվնվում, որ չի թողնում մոռանաս տեսակդ, որ քեզնից առաջ է ու անընդհատ ընդլայնում է իր սահմանները, համոզում, որ ծովից ծովն էլ է քիչ, տիեզերքից տիեզերքն էլ։ Հենց նման պահերի համար են ասել՝ ումի՞ց ենք պակաս։ Ողղակի մեկ-մեկ, մի տեսակ, կարծես վախենում ենք մեր գրածից, մեր նկարածից, մեր պարերից ու երգերից, մեր արարածից, չենք համարձակվում հանել մարդամեջ, մատուցել առանց ավելորդ համեմունքի ու բացատրության։ Մեզ թվում է՝ ուրիշների ստեղծածից լավը գոյություն չունի, և պարտադիր պետք է թարգմանել, ցուցադրել, բաժանել ժողովրդին, պարել այդ ուրիշների նման, երգել, շարժվել, վերջապես՝ ապրել ինչպես նրանք՝ ամեն օր մերժելով ինքներս մեզ, ամեն օր հեռանալով մեզանից...
... Հետաքրքիր է, ինչքան ենք դիմանալու...
Ասեմ, որ Գոգենն իմ ընկերն է, Վան գոգն էլ, Ռոդենը, Մանդելշտամը, Դոստոևսկին, Մարկեսը, հնդիկ Թագորը, Վիվալդին, Պագանինին, Շուկշինը... Իմ բախտը, կարծում եմ, բերել է, նման ընկերներ շատ ունեմ։ Եվ գիտե՞ք ինչու եմ նրանց հետ այսքան մտերիմ, ասեմ. որովհետև նրանք ինձ չեն ստիպում ինձնից հրաժարվել, նրանք ինձ անընդհատ վերադարձնում են տուն... Իսկ ես, խոստովանեմ, իմ տան համար գժվում եմ...