ՈՒՄԻ՞Ց ԵՆՔ ՊԱԿԱՍ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Երկիր կառուցելուց մեծ երևույթ չկա աշխարհի երեսին, հատկապես, երբ ոչ մեկը քեզ չի ասում ինչպես կառուցել։ Ինչպես ասում են՝ մենք ենք, մեր սարերը« կամ` ուղղակի մունք ու մունք։ Եթե մեր արանքում էլ ինչ-որ մեկը կա, էլի այդ մունք ու մունքից է։ Այսինքն՝ եթե սխալվենք, ուրիշներին մեղադրելու հնարավորություն չենք ունենա, ուզում եմ ասել՝ լավն էլ է մերը, վատն էլ, ինչ ունենք՝ մերն է։ Ոչ մեկը մեր փոխարեն մեզ համար տուն չի շինելու, ճանապարհ չի բացելու, ծառ չի տնկելու, ոչ էլ մեր սահմանների ամրության մասին է մտածելու։ Հազար ու մի գործ ունենք անելու` թեպետ հազար ու մի գործ էլ արդեն արել-պրծել ենք։ Մեր ամեն օրը պռնկեպռունկ լիքն է տքնանքով, սիրով, ավարտվածով ու նաև կիսատով, անցյալով ու ներկայով, գովերգությամբ ու մեղադրանքով…
Մտածում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ բան արել է երկրի համար և ամենևին էլ կարևոր չէ՝ ում արածն է ավելի շատ կամ ով է մի քիչ ծուլացել։ Կարևորը մեր ունեցածն է, մեր ստեղծածը, մեր պահած-պաշտածը։ Սկսեցինք ամեն մեկս մեր արածից խոսել՝ կարող ենք եղածն էլ կորցնել։ Վերջին հաշվով բոլորը չեն ունակ վաշտեր ու գումարտակներ ղեկավարել, ուսուցչություն անել, շենքեր կառուցել, գրել գրքեր, երաժշտություն արարել։ Մեկը հրաշալի պատ է շարում, մյուսը կրակում է անվրեպ, մեկի տնկած ծառը պտուղ է տալիս առատորեն, մյուսինը՝ չորանում է առանց պտղավորվելու։ Պապիս ասած` ծառն էլ գիտի ինչ է անում, ծաղիկն էլ, երկինքն էլ։ Պապս մի բան էլ էր ասում, որ այն ժամանակ, խոստովանեմ, չէի հասկանում, ասում էր` ուրիշի արածն արհամարհեցիր, միշտ կիսատ կմնաս, ծերը ծերին չես հասցնի… Ձիավորի և ոչ ձիավորի տարբերությունն անցած ճանապարհով որոշողն աշխարհից ոչինչ չի հասկանում… Մի անգամ էլ ուղղակի ասաց. ձիավորը ոչ ձիավորի հետևից չի կարող հասնել…
Ես դա, իհարկե, պատկերացնել չէի կարողանում, բայց որ պապս էր ասում, ուրեմն ճիշտը դա էր, ուրեմն այդ ոչ ձիավորի արածը ոչ ոք չի կարող անել և չէր էլ համարձակվի…
Չէ, շատ ծանր է եղել մեր ուսած բեռը։ Ճանապարհը՝ անմշակ։ Հետևողները` չարակամ։ Համակրողների հավատը՝ երերող։ Եվ ինչ արել ենք, մենակ ենք արել, լրիվ մենակ, հազար տարվա ճանապարհ անցածի վստահությամբ՝ վախի ու ցավի հերն անիծելով։ Մաքուր։ Ոչինչ չունենալով հիշողությունից, զորությունից բացի։ Միամի՞տ էինք։ Նաև։ Անձնականից հրաժարվե՞լ էինք։ Եվ այն ամենից, ինչը մեզ խանգարում էր, ինչը կարող էր դանդաղեցնել մեր ընթացքը, շեղել, մոլորեցնել… Մտածու՞մ էինք` ով է առաջնորդը։ Բնավ։ Կար գաղափարի իշխանություն, գուցե՝ թագավորություն։ Դրա հրամանի տակ չմտնելն ուրացում էր։ Ուզում եմ ասել՝ մեր գերագույն գլխավոր հրամանատարը հենց գաղափարն էր, միայն գաղափարը, անքննելի… մյուսները՝ զինվոր…
Հրաժարականների պահանջ չկար, հասարակարգի տապալման կոչեր չէին հնչում, միայն ազատություն, միայն մասնատված Հայաստան երկրի ամբողջացում, միայն արժանապատիվ ապրելու ցանկություն։ Խաղաղ, անզեն… առանց ատելության… Մենք գիտեինք` ուր ենք գնում և ինչի համար ենք գնում, անորոշը միայն մայրաքաղաք Մոսկվայի վերաբերմունքն էր, կարմիր կուսակցության բռնած դիրքն ու անելիքը, որին բախվելով փշուր-փշուր եղավ մեր իմաստուն միամտությունը, յոթանասուն տարվա մեջ մի կերպ ձևավորված մեր հավատը։
Շա՛տ էինք ուժեղ։ Մեզնից ուժեղը չկար։ Դա նույնիսկ հարևան 100 տարեկան Մարտիրոս պապը գիտեր։ Այդ նա էր, որ մի օր հրապարակից եկավ, կանգնեց մեր շենքի առաջ ու բառերը հատիկ-հատիկ շարեց բակում.
-Տեղ չըմ ճարալ, թա վեննը կենամ… Ասալն տու գործ չոնիս, մեծ մարդըս, քինի պառավդ պահե, վեր հարկավեր ինիս կընչըլականընք… Ես էս տարիքում քիչ պենչըմ տեսալ, բայց ստի պեն տեսածչըմ… էն յերենը վկա…
Հայրս էլ էր նույն բանն ասում, բայց մի քանի բառ ավելացնելով.
-Լոխ լավա, բայց ես թորք շանտղեն լավում ճինանչում, էս գործն առանց թիվանգ ամալ չի կիլական…
Տարիները ցույց տվեցին, որ Մարտիրոս պապի ասածն էլ էր ճիշտ, հորս ասածն էլ, ուզում եմ ասել` իր անկախության ու ամբողջական Հայաստանի ետևից գնացողներից յուրաքանչյուրի ասածն էլ ճիշտ դուրս եկավ։ Սխալ մեկը չկա։ Դրա համար մեր շարած քարը պատից չէր պոկվում, մնացած աշխարհ կոչվածը մեզ չէր մեղադրում, մեր ամեն քայլը բարձունք տանող էր։ Սերն էլ՝ ինչքան ասեք, բոլորին հերիքող։ Չպրծնող։ Երկրի մի ծայրից` մյուսը։ Մեկն ասեր ընդդիմադիր եմ, ուղղակի կծիծաղեին, որովհետև չէին հասկանա, թե ինչ բան է այդ ընդդիմադիրը…
Հիմա ամեն ինչից էլ ունենք, ասում ենք` ինչ մտածում ենք, գրում ենք` ինչ ցանկանում ենք, ինչ սրտներս է ուզում… համոզված, որ խոսքի սահման ասվածը ազատության դահիճն է, որ ժողովրդավարությունը չունի արգելելու առաքելություն… Օրինակի համար, եթե Մարտիրոս պապը ողջ լիներ, մի գրամ անգամ չեմ կասկածում, էլի կասեր՝ մունք հուրանայընք պակաս… բայց, եթե ասողը մինը չիլավ, տիժեր կինի, քե մատաղ… շատ տիժեր…