ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԻ ԱՍՈՒՄ՝ ՃԻՇՏ ԹԱԳԱՎՈՐ ԸՆՏՐԵՔ...
Ինա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հարյուր չէ, հազար օր էլ անցնի, արցախցին կուրծքը դեմ տված բան կունենա խոսելու՝ լավից, արվածից, իր սպասածից...
Ռուբեն պապս ֆրոնտ տեսած մարդ էր։ Զիլ տեսակ էր։ Թիկնեղ, հասակով, միշտ էլ կոկիկ, մեղվանոց մտնելիս էլ էր սպիտակաշորը մաքուր-հարդուկած պահանջում։ Կարգուկանոնի մարդ էր, գյուղում ու ենթաշրջանում հարգված։ Տեխնիկում, թե ինչ, բայց ասում էր՝ ինձ պես կրթվեք, որ մարդ դառնաք։ Գյուղի ցեխոտ գործ արած չկար. կինոմեխանիկ էր, շենի կլուբում գյուղացի կանանց խաթրն առնելու համար հնդկական կինո էր մեկ-մեկ ցուցադրում։ Լենինի մասին ժապավենների ցուցադրությանն էլ պուբլիկա հավաքելու համար շատ հաճախ խորամանկում էր՝ աֆիշաներին հնդկական կինոների անուններ էր գրում, որ տոմսերը վաճառվեն։ Հնդկականի անպարկեշտ կադրերի ժամանակ էլ գլխարկն էր օբյեկտիվին դնում՝ իբր ամոթ է։ Ձեռքի հետ էլ գյուղի շտապ օգնության մեքենան էր վարում։ Մականունն այդպես էլ Դոխտուր մնաց. Բաքվից թե Աշխաբադից հրավիրված մասնագետի հետ էլ ի՛նչ մաղարիչներ, ի՛նչ կերուխում…
Սովետի տարիներին աշխարհ էլ էր տեսել՝ ամենաթանկ առողջարաններում է եղել, տատիկիս չէր տանում, մարդը գնում էր ողնաշարի աղերը բուժելու։ Անյա, Դաշա ու էլի սիրունատես օտարուհիների մի քանի լուսանկարներ ասես դիտմամբ պահում էր։ Աստված չաներ, թե տատիկիս աչքով ընկնեին, իսկական պատերազմ էր, երևի ՝ հարյուր-հազարերորդ անգամ։ Այդ պատճառով էլ մահճակալի տակ դրված փայտե, կողպեքը միշտ ճակատին, մեծ արկղում էր պահում։ Դե արկղն էլ, միջինն էլ մի ուրիշ պատմություն է։ Ուզում եմ ասել՝ իմ այդ աչքաբաց պապս լեզվապաշարի համարձակության խնդիր երբեք չի ունեցել։ Թե որևէ մեկի հերն անիծելու լիներ, կանգ չէր առնի։ Բայց արի ու տես, մի բան կար, որ խեղճացնում էր մարդուս. Հանկարծ ղեկավարի հասցեին մի բառ, անունն անգամ շշուկով… Չէր կարելի և վերջ։ Մեծ Սովետի ղեկավարի չէ, նույնիսկ գյուղսովետի նախագահի, նույնիսկ ձի նալած ձիու ոտնաձայներով իր շառ այցն ազդարարող ղուրուղչու հասցեին մտքում հայհոյածի մեջ էլ զգուշավոր պիտի լիներ մարդը։ Ղեկավարի պաշտամունք եմ ասել է՛…
Ի՛նչ ժամանակներ էին։ Այծամիրուք մեկի բավականին մեծ նկար կար մեր տանը, ավելի դեղնոտած, աչքիս ավելի հին էր, քան մի դարակ վերև, արդեն ոչ սովորական, այլև չեխական սպասքի տակ երեսնիվայր փռված քաչալի դիմանկարն էր, գլուխն էլ լաքոտած։ Փոքր էի, ովքեր էին, ինչու էին մեր տանը, բան չէի հասկանում։ Իսկ եթե տնեցիք խնամքով էին պահում, ինչու սպասքի դարակների տակ… Հետո հասկացա՝ ղեկավարի նկար պահելը այն ժամանակ մեծ հպարտություն էր, շարքային քաղաքացու սրբազան պարտք գուցե։ Միահեծան իշխանությունը կորցնելու վախից էր, թե՝ ինչ, դաժան պատիժ չէ, մահապատիժ էր սահմանված խորհրդային այն քաղաքացու համար, ով իր տեղը հանգիստ չէր նստում։ Տղա ես՝ լեզու թրջեիր, պատերն էլ ականջներ ունեին։ Թեպետ կարծում եմ, մարդը առիթներ շատ է ունեցել։ Թագավորն ապրած կենա…
Հիմա ժամանակները փոխվել են, քաղաքացին համարձակ է դարձել։ Համարձակ չէ է՝ մեծից փոքր քաղաքագետ-դիվանագետ են դարձել։ Նախագահ ընտրելու ժամանակներն էլ թե մոտենում են, պատշգամբից պատշգամբ էլ են ձայները գլուխները գցած թեկնածու քննարկում, բանավիճում, քննադատում, այսպես ասած՝ ամենքն իրենց թագավորացուն հաստատած՝ գիշերելու գնում։ Ինչ ժամանակներ են է՛…Անձի պաշտամունքը վաղուց ոտնատակ տված է։ Քաղաքացին հանգիստ կարող է ասել` թագավորն ապրած կենա՝ տեղդ ծուխ է, վեր կաց այն կողմ նստիր։ Վերջինս էլ ժամանակակից մահկանացուին է ասում՝ եկեք մի պայմանի նստենք։ Աչքներս ջուր չկտրեց ընտրածիս խոսքն ու գործը իրար կողքի դնելու համար։ Գյուղերում` է՜լ ջրագծեր, է՜լ ասֆալտապատում… Գյուղս էլ է շուտով մշտական ջուր ունենալու, հազար տարվա քարուքանդ ճանապարհին էլ ասֆալտ են փռելու, որ գյուղացու ոտքը ցեխին չդիպչի։ Պապս վեր կենար տեղից-տեսներ՝ երանելի ժամանակը որն է։ Հարյուր օրը համ շատ է, համ՝ քիչ։ Մի հազարն էլ որ անցնի, մի բան այն չլինի, մարդը կաշկանդող բան չունի, կկանգնի, կասի՝ թագավորն ապրած կենա, դա լավ չէ, սա է լավը, դա չենք ուզում, սա ենք ուզում։ Ուզում եմ ասել՝ ես ժամանակին էի ասում՝ ճիշտ թագավոր ընտրեք…