1967…
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կուրոպատկինո կոչվող բնակավայրում էին հայն ու թուրքը ապրում միասին, միասին դպրոց հաճախում, նստում նույն սեղանի շուրջ։ Արշադը միշտ ժպտերես էր, բարի մարդու տպավորություն էր թողնում` թվում էր, հիացած էր հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամությամբ։ Նա դպրոցի տնօրենն էր, Նելսոնը` դպրոցի սան, ընդամենը ութ տարեկան, նման իր բոլոր հասակակիցներին, անմեղ, միամիտ, գեղեցիկ։ Արշադին էլ Արշադ քեռի էր ասում, հպարտ, որ դպրոցի տնօրենն իր հայրիկի ընկերն էր։ Հեծանիվ ուներ և սիրում էր դասերից հետո գյուղի փոշոտ փողոցներով հեծանիվ քշել։ Մեկ-մեկ էլ Արշադի դեղին Մոսկվիչով Կուրոպատկինոյից գալիս էր Բերդաշեն՝ տատիկի ու պապիկի մոտ։
Էռնեստ ԱՌՍՏԱՄՅԱՆ. ՆԵԼՍՈՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՔԵՌԻՆ:
-Դա զուտ ազգային ձեռագիր էր։ Նրանք ուզում էին Կուրոպատկինոն ամբողջությամբ դարձնել ադրբեջանական։ Դրանից առաջ մորս հորեղբոր տղային էին սպանել` տեղամասի պետն էր, Գրիշա Սողոմոնյանը։
Բերդաշեն գյուղում, թեպետ առիթից առիթ են հիշում 40 տարիներ առաջ տեղի ունեցածը, ամեն ինչ պատմում են մանրամասնորեն, ցավով, ոչինչ չմոռանալով։ Ասում են` թուրքից վնասներ շատ ենք տեսել, բայց էս մեկը, կարծես, անսպասելի էր, անպատմելի դաժան, ինչ-որ տեղ՝ զարմանալի։ Գյուղը ցնցված էր։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ներքին փոթորիկ էր, ամեն ինչ անկանխատեսելի էր, սակայն ոչ ոք չէր կարող գուշակել, թե ինչ էր տեղի ունենալու։
Յուրի ՍՏԵՓԱՆՅԱՆ. 1967-ԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԴԱՏԱԽԱԶ:
-Քննությանը ես ակտիվ մասնակցել եմ։ Արշադը անզուսպ, անհավասարակշիռ բնավորության տեր մարդ է եղել։ Միշտ խանգարում էր մեզ, քրեական գործի նախաքննությանը։
Էռնեստ ԱՌՍՏԱՄՅԱՆ.
-Ձերբակալել են էդ սրիկային, Զոհրաբ անունով մի մարդու, հետո էլ՝ Ալամշադին: Բաքվից նրանց ասել են` ոչինչ չխոստովանեք, հրաժարվեք ամեն մի մեղադրանքից և չմտահոգվեք, գործը լավ ընթացք է ունենալու։
Ալբերտ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՄԱԿԱՆՈՒՆԸ` ՋԱԳԱ:
-Հասե ստեղ (ցույց է տալիս դատարանի դահլիճի տեղը` նախկին սովետական զորամասին կից, Ազգային անվտանգության կոմիտեի և Ներքին գործերի վարչության շենքերից ընդամենը մի քանի մետրի վրա գտնվող) սուդընա իլալ։ Վեր կարթալն` Արշադին տվալն 15 տարի, Մամեդով Ալամշադին՝ ռաստրել, Զոհարբին էլ դատարանի դահլիճից ըզադալ։ Ստեղ ժողովուրդը սկսալա…
Այն տարիներին դա ամառային կինոթատրոն էր։ Կողքին՝ լուսանկարչատուն կար և կրպակ, որտեղ ամռան ամիսներին սառը ջուր և հյութ էին վաճառում։ Եվ դատը տեղի էր ունենում հենց այդտեղ, թեպետ շատ իրավապահներ խորհուրդ էին տալիս այն կազմակերպել փակ մի տարածքում՝ ժողովրդի աչքից ու ունկից հեռու։ Եվ երբ ներկայացվեց մեղադրական եզրակացությունը, ժողովուրդը հարձակվեց, քանդեց, ավերեց՝ ուշադրություն չդարձնելով պահակախմբի սադրող կրակոցներին, ժողովուրդը ինքը դատեց հանցագործներին` կայացնելով միակ, ճիշտ որոշումը, ժողովուրդը մահապատժի ենթարկեց մարդասպաններին։
Արտյուշա ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ: 1967-ԻՆ 18 ՏԱՐԵԿԱՆ: ԴԱՏԱՎՃԻՌԸ` ՄԱՀԱՊԱՏԻԺ: ՀԵՏՈ ԱՅՆ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ Է 15 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ:
-Ես էլ ժողովրդի հետ մտա։ Մտա էնտեղ, զինվորների հրամանատարը, նա, էլի, որ հսկում էր հանցագործներին, գոռում էր, որ կրակելու են` հեռացեք այստեղից, և սկսեցին կրակել։ Մեր տղերքից մեկը կանգնեց դրանց առաջ և ասաց՝ կրակիր, սրիկա։ Եվ հարձակվեցինք։
Ալեքսանդր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ։ 1967-ԻՆ ԿՈՄԿՈՒՍԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ:
-Հարձակվում են, կալանավորներին սպանում, հետո շրջում են մեքենան և վառում։
Ս. ԴԱՎԹՅԱՆ. 1967-ԻՆ ԼՂԻՄ ԿՈՄԵՐԻՏՄԱՐԶԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ:
-Հենց նման դատավարությունը ժողովրդին ստիպեց գնալ այդպիսի քայլերի։ Ճիշտ է, որոշ պաշտոնյաներ փորձում էին դա ներկայացնել որպես ինքնադատաստան, բայց այդպես չէր։ Ժողովուրդը ուրիշ քայլի չէր կարող դիմել այն ժամանակ, ժողովրդին ուղղակի զրկել էին ընտրության հնարավորությունից։
Ալբերտ ԴԱՆԻԵԼՅԱՆ.
-Կնեգը դատի ժամանակ ասումա` Արշադ, վախումել, 5 կիլո վեսկեյմ տլական քեզ ըզադիմ, հենգ օր էլ չըս նստլական։
Դե 5 օր նստլականչըս, նստլականչըս։ Մունք էլ ստեղ թըխումնք, լոխ կըլխըրներեն կուտըրհատըմնք։
Այդ իրադարձությունների մասին ոչ մի փաստաթուղթ չկա։ Ոչ ԽՍՀՄ Պետանվտանգության մարզային կոմիտեի շենքում, ոչ էլ ԽՍՀՄ Ներքին գործերի մարզային վարչությունում։ Ամեն ինչ տարվել է Բաքու, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ամբողջ արխիվը։ Մեզ ամեն ինչ ներկայացնում են ականատես մարդիկ, ովքեր ապրել են այն ամենը, ինչը ցնցել է խորհրդային երկիրը, երկրորդ ցնցումը 1988-ին էր։
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ.
-Էն երկուսին վեր սպանալնք, սկսալն մըզրա կրակելը, 17 ավտոմատչիկա իլալ, մոտ մի 50-60 էլ միլիցա` պիստալետներավ։ Մենք սալդաթներան ավտոմատնեն խլալ ընք, հետո, իհարկե, խնդրալն, տըվալնք ուրանց, բայց մի պայմանով, որ չկրակեն։
Էռնեստ ԱՌՍՏԱՄՅԱՆ.
-Մեզ հաջողվումա տրանց սատկացնել։
Ալբերտ ԴԱՆԻԵԼՅԱՆ.
-Վարանոկը պարանընք տվալ, էն մին տարե տվածը մեչին վառվումա… Սիգարետա լի՛, թողում ըրալ, մաշինը նիյա կացալ… էն երկուսին էլ տիրալնք ուրուր յիրա, բենզինը ածալ… դե…մնացածը տուք գիդըմք։ Իրեքին էլ շինալընք պեպել:
Պահակախումբը կրակել է ժողովրդի վրա։ Շատերն են վիրավորվել։ Ժողովրդին ճնշելու համար փորձել են օգտագործել նույնիսկ Ստեփանակերտում տեղակայված խորհրդային բանակի զորամասերից մեկը, սակայն հրամանատարությունը հրաժարվել է՝ ասելով, որ բանակը գործում է միայն ու միայն Պաշտպանության նախարարի հատուկ հրամանով։ Անզոր են գտնվել նաև հրշեջ ջոկատները, ներքին գործերի աշխատակիցները, ոչ մեկին չի հաջողվել կանգնեցնել վրիժառուներին։ Ութամյա Նելսոնի հայրը՝ Բենիկ Մովսիսյանը, լսելով անարդար դատավճիռը, ջարդում է ամառային կինոթատրոնի դուռը և հայտնվում ուղիղ Արշադի գլխավերևում, և ժողովուրդը ընդամենը մի քանի վայրկյանում գրավում է ամբողջ կինոթատրոնը։ Դատավորներին հաջողվում է դիմել փախուստի։ Համբարձում Առստամյանը` Նելսոնի պապը, մատներով փորում է հանցագործի աչքերը՝ գոռալով, որպեսզի էն աշխարհում ոչինչ չտեսնես։
Շարունակությունը
հաջորդ համարում