[ARM]     [RUS]     [ENG]

…ԱՅՍՊԵՍ ԵՐԿԻՐԸ ԵՐԿՐԱՊԱՀ ԴԱՐՁԱՎ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Շնորհավոր Հանրապետության հռչակման օրդ, շնորհավոր տոնդ՝ իմ Արցախ… Ասեմ շնորհավոր ու ետ դառնամ, գնամ ու հասնեմ ոչ թե մինչև 1991թ. սեպտեմբերի 2-ը, այն օրը, երբ ընդունվեց պատմական Հռչակագիրը, ոչ թե մինչև նույն 91-ի դեկտեմբերի 10-ը, երբ իմ մեկ ձայնով ու քո ընթացքի ամենավերջին շարքայինի խոնարհությամբ մասնակցեցի պատմական փաստաթղթիդ վավերացմանը, այլև ետ դառնամ ու գնամ հասնեմ 88 թվական, երբ համաժողովրդական քո փոթորիկի քայլորդներից մեկն էի… Դավին անտեղյակ, ռոմանտիկ, հովերով տարված, դրոշակակիրներիցդ մեկը դարձա, զի իմ էությամբ ու բնությամբ հավատում էի, որ բարին, արդարը միշտ հաղթում է: Բազմամարդ իմ ուղեկիցների շարքերում, հոծ, կուռ համախմբված շարքերում ես տեսնում էի ինձ նման հազարավոր հավատացողների, որոնք ինձ պես հավատում էին, որ արդարությունը կարող է հիվանդանալ, տկարանալ, բայց մի օր անպայման հաղթելու է, որովհետև արդար է, այլապես աշխարհը կկորցնի իր հավասարակշռությունը, իսկ մարդկությունը հիասթափությունից ինքնաոչնչանա պիտի:

Ես հավատում էի իմ բռնած ճանապարհի ճշմարտացիությանը, ու ինձ նման շա՜տ-շատերը… ու մենք միասին հասկացանք, որ եթե մեկտեղ ենք, մեզ չեն հաղթի, ու երդվեցինք մեկտեղել մեր ջանքերն ու հնարավորությունները, ու երբ ազգովին հռչակում էինք Ազատ ու Անկախ ապրելու  մեր իրավունքը, մենք քաջ գիտակցում էինք, որ մեր ճանապարհից, մեղմ ասած, փուշ ու տատասկն անպակաս են լինելու… Ու մինչ մենք հրապարակներում կոկորդ էինք ՚՚պատռում՚՚, կամաց-կամաց մեր բռունցքված, համաժողովրդական ընթացքից առավել աչքաբացներն ու հեռատեսները առանձնացան ու, ինչպես ժողովուրդն է ասում, կանխազգալով գլխներին գալիքը, զենք ու զինամթերքի հոգս էին անում… Սկզբում դրանք ինքնաշեն էին, ապա բարյացկամ-պատրաստակամների միջոցով մի քանի միավոր մարտական զենք հայթայթեցին: Հետո  ՚՚ձեռքներն ընկավ՚՚ առաջին զրահատեխնիկան… Ու այս ընթացքի մեջ էլ Երկիրը՝ Երկրապահ դարձավ… Այսպես ինքնաբուխ տղաները բռունցքվում էին, քայլ առ քայլ դրվում էին Պաշտպանության բանակի հիմքերը: Երբ արդեն թշնամին ողջ հասակով կանգնեց սահմանագլխին, ու չէր հերիքում ունեցած զենք-զինամթերքը, տղաները հակառակորդի /վախից լեղաճաք եղած, թողած ու փախած/ զենքով էին նրանց հեռու քշում մեր սահմաններից: Առաջին իսկ հաղթանակների հետ աշխարհազոր դարձած ժողովուրդը նշմարեց իր առաջին հրամանատարներին, նրանց, որոնք սերնդեսերունդ բյուրեղացած Հայկական Ցավը վերածելու էին Մեծ Հաղթանակների:

՚՚Վարդանանք՚՚-ի  գեղջուկ Առաքելի պես շինականը հակադրվեց աշխարհին իր պարզ ու շիտակ կենսափիլիսոփայությամբ. ՚՚Երկիրը  ծտի բու՞ն ա՝ բռովդ վերցնես տաս ուրիշին, երկիրը ո՞նց կտաս: Գլու՜խ կբարձրացնի ռամիկը, գլու՜խ կբարձրացնի հայոց աշխարհը՚՚… Համաժողովրդական վրեժի ու ցասման առաջն առնել թշնամուն չհաջողվեց ու նա սկսեց ոչ միայն նահանջել, այլև փախուստի դիմել մեր տղաների հուժկու հարվածից, իսկ 94թ.-ին ձեռքով կոկորդը բռնած զինադադար աղերսեց: Աղերսեց ու ստացավ, ստացավ, բայց չհանգստացավ, լիզեց ու լիզեց վիրավոր թաթը ու 2016-ին կրկին փորձեց վերադարձնել իր <<կորցրածը>>…

Համահայկական երկրորդ պոռթկումը կրկին փակեց ոհմակի երախը, մեր  ՚՚ոխերիմ բարեկամը՚՚  կրկին զինադադար աղերսեց, այս անգամ էլ Ռուսաստանի միջնորդությունը հայցելով… Ես, որ քո ընթացքի ամենավերջին շարքայինի խոնարհությամբ ու ճակատագրի կամոք, այդ բոլոր օրերին քո տարեգիրն էի, քո բոլոր փոքր ու մեծ հաղթանակների անխոնջ տարեգիրը, կարկամեցի 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը, շուրջ 44 օր ես աղոթքների մեջ սպասում էի քո երրորդ ու գուցե վերջին Հայրենամարտին: Նման ելք՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Համաձայնություն կոչված թղթով վավերացված, ամենավատ երազում անգամ չէի պատկերացնում: Սակայն եղավ այն, ինչ  եղավ… Հիմա ասեմ` ով ականջ ունի, թող լսի. ես ո՜չ հուսահատ եմ և ո՜չ էլ վհատված, գիտե՞ք ինչու, որովհետև 30 տարիներ ի վեր իմ հերոսների սխրանքներին, նրանց քաղաքացիական ու զինվորական տեսակին ծանոթ եմ ոչ թե դրսից, ոչ թե ուրիշների պատմածից, այլև նրանց ասքապատումները վավերագրողների առաջին շարքերում էի ու ականատեսը նրանց ռազմական ու ռազմավարական հաղթանակների ու թռիչքների: Հիմա էլ, անկեղծ ասած, չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել ու հետևել, թե Արծիվներն իրենց թևերն ինչպես են չորացնում թռիչքի պահին, ես միանալու եմ այն Արծիվների թռիչքին, որոնք գնալու են խաղաղության հետևից, որովհետև. ՚՚ Ծառն ի պտղո յուրմե ճանաչի՚՚, որովհետև իմ ծառի բոլոր պտուղներին  ՚՚դեմքով՚՚  եմ ճանաչում: Ես հուսահատվելու իրավունք չունեմ, որովհետև  Կենաց Ծառի հնաբնակներից եմ, և հիմա պատերազմի ու խաղաղության այս ճամփաբաժանին խորհեմ պիտի, որ ավելի ուժեղ եմ, քան երբևէ…

Հանրահայտ գրող և օդաչու Ռիչարդ Բախը մի հրաշալի պատմվածք ունի` ՚՚Ճոնաթան Լիվինգսթոն ճայը՚՚ , ուր ասում է, որ ամենամեծ երջանկությունը մտքի, հոգու, և կյանքի ազատությունն է /մի բան, որ կեր փնտրողները չեն հասկանա/… Եվ որպեսզի մտքի, հոգու և կյանքի ազատությունն ու Աստվածային պարգև խաղաղությունն այլևս փխրուն  ու հարաբերական չլինի, մենք 88-ի ու 91-ի միասնությամբ գալու ենք քո հետևից, իսկ թե ինչով և ինչպես, ասեմ. Մեր պայքարի փորձառությունը բազմաթիվ ծալքեր ու խորքեր ունի՝ մեզ հատուկ, մեր տեսակին յուրահատուկ, որ մոխիրներից փյունիկվում-հառնում ու ինչ էլ լինի գտնում է իր ճանապարհը: Մենք միասին այդ ուղին գտնելու ճանապարհին ենք, այդ Ճանապարհի հոժար ու նվիրյալ ճամփորդներն ենք այսօր ու ընդմիշտ: Մենք կրկին վերադարձնելու ենք մեր հաղթանակները՝ մեր սերնդին ի վերուստ տրված  ու վերապահված և որոնք, ինչպես ժողովուրդն է ասում, վաղեմության ժամկետ չունեն: Մեր հավատը հույսի կերոն դարձրած, իսկ բռունցքը սալին զարկելով, վերստին հաղթելու ենք չարին, հաղթելու ենք նրան, ով մեր շեն բնակավայրները մոխիրների է վերածում, սրբապղծում դարերի հետ ոտք մեկնած մեր սրբատեղիները: Ամուր եղիր, Երկիրս, մենք քո հավերժաքայլ երթի մեջ ենք, այն հոծ շարքերում, որոնք մեզ 88-ի Շարժում պարգևեցին, որոնք 1991թ. սեպտեմբերի 2-ին ամրագրեցին իրենց Հավատամքը ու այն 30 տարի թրծեցին Հավատո Հանգանակով՝ կրակե խառնարաններում՝ մերկ ձեռքերով կռեցին Խաչի ու Սրի զորությամբ՝ հայի հոգուց հանելով պարտվածի, զոհի հոգեբանությունը, դարձրին հայրենատեր-հայրենապաշտ: Իմ ճանաչած բանակը կենսունակ է, պատրաստ դիմակայել բոլոր խորշակներին ու այն այսօր թեկուզ վիրավոր, սակայն թռիչքի պատրաստվող առյուծի պես չափում է իր իսկ թռիչքի բարձրությունը… Շնորհավոր Տոնդ, Արցախ…