ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԲԱՐԴ ԱՐՎԵՍՏԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ինչո՞ւ։ Հիվանդությո՞ւն, թե՞… չեմ ուզում ասել՝ գնահատական կամ՝ ճանաչում։ Պարտադրանք էլ, երևի։
Կանգնած։ Հաճախ՝ բուռն, ինքնամոռաց։ Երկա՛ր… Սուտ… ձևական էլ… Եթե բոլորը, ուրեմն նաև՝ ես… Չասեն՝ ո՛վ է այս ինքնահավան մեծամիտը… այս չծափահարողը… Իբր՝ ի՞նչ… ընդամենը մեկը հինգ հարյուրից, հազարից կամ՝ հինգ հազարից… Ծիծաղելի էլ է… Միակ անկեղծը… չէ մի՛… Գտիր տեղդ, եղբայր, թաքնվիր, հանգցրու լույսը… տեսնող չլինի… Մի՞թե մինչև հիմա չես հասկացել, որ ոչ մեկին պետք չէ քո այդ, պիտի ասեմ, անճոռնի, չէ, ավելորդ ներկայությունը, քո այդ… ավելի լավ է չասեմ ինչը… լռությո՛ւն… Ինչքան մտածում եմ, էլի ճիշտը չտարբերվելն է, ուզում եմ ասել՝ ինչպես բոլորը, այնպես էլ՝ դու… Գոնե մի անգամ կարելի է, օրինակի համար, փորձել… մի քանիսին խորհուրդ եմ տվել, մինչեւ հիմա ձեն-ձուն չկա, կարգին էլ ապրում են։ Թաքցնելու բան չկա, ուրախ եմ, թեպետ ոչ մեկն այդպես էլ մի ձևական շնորհակալություն չհայտնեց իմ այդ իմաստուն ու փրկարար խորհրդի համար։ Կարելի՞ էր, չէ՞։ Իհարկե, կարելի էր։ Բայց, դե, կարևորն այն է, որ մարդիկ վերջապես գտել են իրենց տեղը ու ամբողջությամբ վայելում են կյանքը։ Այնպես որ, դժվարը մի անգամ ծափահարելն է, պարտադիր՝ ոտնկայս… թե չէ՝ մինչև ե՞րբ… մարդ մենակ մնալուց էլ է հոգնում, մենակ տառապելուց, մենակ սպասելուց էլ…
Հետո էլ այդ ծափահարելն այնքան դժվար ու բարդ գործ չէ, ուղիղ կանգնում ես ու… գնացի՛նք… ձեռքերիդ պարապությունից ձանձրացած ափերը համապատասխան հեռավորությունից, համապատասխան արագությամբ գալիս հանդիպում են իրար… մասնագետների մոտ դա, կարելի է նշել, ուղղակի հրաշալի է ստացվում… համարյա առանց հատուկ նախավարժանքի ու պատրաստության։ Սովորական կենցաղ։ Մի քանի օր դադար տվեցին, ձեռքերը թուլացած կկախվեն… Էլ քարուքանդ տրամադրությունից չեմ խոսում…
Չասեմ, չի լինի։ Մի քանիսն էլ այդ սովորական գործողությունը հասցրել են համազգային մակարդակի, համարյա համոզել, որ առանց դրա ոչինչ չի ստացվում, որ առանց դրա ո՜չ թռչունները կմնան երկնքում, ո՜չ էլ ձկները՝ ծովում։ Մարդ արարածն էլ կընկնի-կմեռնի, ուզում եմ ասել, ոչինչ չի կարող անել, արժեքավոր ոչինչ չի ստեղծվի։ Եթե, էլի օրինակի համար, մեկն ասի, որ դա զենքի նման մի բան է կամ նոր զինատեսակ, որը հաճախ անվրեպ օգտագործվում է մարդաշատ դահլիճներում ու հրապարակներում, իմացեք, որ ճիշտ է։ Կարևորագույն մի խորհուրդ էլ. երբեք չփորձեք մտածել ինչու… Անիմաստ է, դա, հաստատ, ձեզ տեղ չի հասցնի։ Կմնաք կես ճանապարհին… լքված, մենակ, անօգնական էլ… ոչ մեկը ձեզ գտնելու ցանկություն չի ունենա…
Ծանոթ ունեի, թատրոն սիրում էր, բայց նրան երբեք թատրոնի դահլիճում չտեսա… Ինչո՞ւ։ Ասում էր` սարսափում եմ, երբ սկսում են ինքնամոռաց ծափահարել… հարյուրավոր մարդիկ, մեծ ու փոքր, կին ու տղամարդ, միասին… նույն ռիթմով…
Մարդը տարօրինակ բա՞ն է ասում։ Չեմ կարծում։ Երեխա ժամանակ ես էլ էի վախենում, փոքրիկներ կային լացում էին։ Մեր հարևան Մակարն էլ ասում էր` թատրոնը խոխի տեղ չի… սկի կընգա տեղ էլ չի…
Իհարկե, կանայք Մակարի ասածի երկրորդ մասի հետ համաձայն չէին, բայց երեխաների մուտքը խստիվ արգելվեց։ Բնականաբար, դա ինձ էլ էր վերաբերում, ամենաշատը՝ երևի ինձ։ Ճիշտ է, սկզբում բողոքի որոշակի դրսևորումներով փորձեցի համոզել, որ ես այնքան էլ երեխա չեմ, այն էլ՝ Մակարի ասած, բայց հետո հարմարվեցի իմ այդ մեկուսացմանը, ավելին, սովորեցի ոչ մեկին անիմաստ չծափահարել, ուրիշներին չնմանվել, ապրել ամբոխավարությունից դուրս, համայնական մտածումից հեռու… լավ չէ՞, իհարկե, լավ է, ուղղակի՝ գերազանց։ Գոնե ծափահարությունների արժանի բան լիներ։ Գիրք, ներկայացում, համերգ, գործ, կաղապարներ քանդող քայլ, խոսք… կտավ… պահվածք… ձեռքսեղմում, խոստովանություն… օրինակի համար՝ կյանք…
Ծափահարող… ամեն դասակարգից էլ կա։ Այստեղ բոլորն էլ հավասար են։ Ոչ մի տարբերություն։ Ճաշակի խնդիր չկա։ Կարող ես ասել՝ կեցցե՛ ազատությունը։ Բոլորը… ՙՀետ՚-ն խաղից դուրս է, նրան հանդիպելու ցանկությունը մեզ հետ ոչ մի կապ չունի… Էլի Մակարի ասածն է, երևի մի հիսուն տարի առաջ.
-Մեր էս խեղճ ու կրակ վիճակը, ինչքան էս հոգնած գլուխս աշխատեցնում եմ, էդ ծափահարությունից է… Ուրիշ բան ասեմ, երբ մեր էս կարկատած աշխարհը մի օր կործանվի, իմացիր, դրանից է… Տեսե՞լ եք, չէ՞, մարդ կա ինքն իրեն է ծափահարում… ձեռքերը կապես, շունչը կփչի…
Է՛, Մակար, Մակար… Գոնե գիտե՞ս քանի մարդ է կանգնելու կողքիդ, քանի՞սն է ընդունելու ասածդ…
Իհարկե, չգիտես, և դա այնքան էլ վատ չէ…. մեկ է, աշխարհն այսպես եղել է, այսպես էլ մնալու է, ի՞նչ ասեմ, աշխարհը, Մակար տղա, փոխվելու, ինքն իրենից հրաժարվելու մտադրություն չունի, մինչև… չասեմ՝ երբ… դա դու գիտեիր…
Ելքը: Կա՞։ Տեսնող եղե՞լ է։ Ի՞նչ են ասում։ Մոտեցող։ Գոնե մեկը։ Միամիտ բա՞ն եմ ասում։ Ժամանակն ինձնից առա՞ջ է։ Որտե՞ղ եմ։ Ինձ հասկացող-ընդունող մեկը…
Լավ։ Անելիքս։ Իմ։ Քո։ Քվեների քանակը՝ 0։ Կանգա՞ռ։ Ձուլո՞ւմ։ Հետո՞։ Նույնը։
Չէ։ Ես համաձայն չեմ։ Հազարը որտե՛ղ, մեկը՝ որտե՛ղ… Հազարի ցանկության առաջ աշխարհը մերկանում է… Իսկ Մակարին, բնականաբար, լսող չկար։ Իհարկե, ինձնից բացի։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև այդ Մակարը հասարակ մարդ էր, սովորական մի կոշկակար Շուշի քաղաքում։ Թեպետ նրա կարած կոշիկը մարդ ամենաքիչը 10-15 տարի հանգիստ, առանց խնդիրների, կրում էր։ Ուզում եմ ասել, եթե, օրինակի համար, այդ Մակարը փողկապով, կոստյումով ու պլպլացող կոշիկներով մեկը լիներ, կասեին՝ Մարգարե… Եվ ՙԿոշկակար Մակար՚ ցուցանակով դուքանից ձգվող շարքի վերջը չէր երևա… Մարդիկ կժամանեին նաև երկրի ամենահեռավոր անկյուններից՝ իրենց ապագայի մասին մեր Մակարից ինչ-որ բան իմանալու հավատը պինդ ու ապահով փաթեթավորած…
Թե չէ՝ կոշկակար… կոշկակարից՝ Մարգարե… Ծիծաղելի էլ է… Այնպես որ, ինչքան կարողանում եք, ծափահարեք, դրանից մի գրամ անգամ վնաս չկա, ավելին, դա նույնիսկ օգտակար է առողջությանը… նաև՝ հա-սա-րա-կար-գին…
Ուրեմն՝ ավելի երկար, ավելի բուռն, ավելի ինքնամոռաց…
Տիկնայք ու պարոնայք…