ՄԱՐԴԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ես նրան լավ եմ ճանաչում։ Համարյա ամեն օր տեսնում եմ։ Հաճախ՝ պատահաբար։ Բարևում էլ եմ։ Փոքր քաղաքի սովորություն է, ավելի ճիշտ կլիներ ասել՝ բնավորության գիծ։ Առաջին հայացքից էլ երևում է, որ մարդն այդ այնքան էլ ուշադիր չէ իր հագ ու կապի հանդեպ, բայց երևում է նաև, որ չի հագնում ինչ պատահում է։ Ասում են վարժապետ է, այո, այո, ոչ թե ուսուցիչ, այլ՝ վարժապետ, կյանքի յոթանասուն տարիներից մի հիսունը դպրոցում թողած։ Գրում-կարդում է առանց ակնոցների։ Ասում են նաև, որ դասարանում ճանճի տզզոցը լսվում էր։ Իսկ ահա դպրոցը լավագույն օր և պատմական իրադարձություն է համարում նրան թոշակի ուղարկելը։ Բոլորն ուրախ էին, ծիծաղ էր թառել անգամ տնօրենի դեմքին։ Ցնծում էին հավաքարարները, տնտեսվարը… իսկ հաշվապահը օրերով, առանց ընդմիջման ու դադարի, ինչ-որ անհասկանալի պատմություններ էր ներկայացնում եկող-գնացողի… երիտասարդ ուսուցիչ-ուհիներն սկսեցին ավելի հաճախակի հայտնվել նոր շորերով ու կոշիկներով, մի տեսակ ավելի ազատ, թափանցի՛կ… գունավո՛ր… փոխվեց նաև տարեց ուհիների շրթունքների գույնը… քայլվածքը… Իսկ ռազմագիտության զինվորական ուսուցիչը համարձակվեց դասարան մտնել սովորական, քաղաքացիական հանդերձով… ուզում եմ ասել` առանց համազգեստի… Մարմնակրթության ուսուցիչն էլ ուսուցչանոցում մարզական հագուստով էր, մի բան, որը չլսված-չտեսնված արարք էր ՙվատ մարդու՚ ժամանակներում։ Դասերից ուշանալը դարձավ սովորական կենցաղ։ Միջանցքներում ծխելը՛… գրկախառնվել-համբուրվելը՛…
Անբացատրելի էր հատկապես դպրոցի պահակի հազար կիլոմետրից երևացող ցնծությունը։ Ծերուկն ուղղակի ճախրում էր, թռչկոտում, պարում բոլորի ներկայությամբ։ Եվ չէր մոռանում անընդհատ հիշեցնել ՙմարդու՚ հրաժեշտի ելույթից մի քանի տող, որն, ըստ այդ պահակի, պետք է հիշի մեզանից յուրաքանչյուրը։ Խնդրեմ.
-Ընկերնե՜ր…,-այո հենց այսպես, ոչ թե՝ տիկնայք ու պարոնայք, այլ՝ ընկերներ, այն էլ՝ հատուկ շեշտադրությամբ,- ես խորը կսկիծով թողնում եմ դպրոցը… ափսո՛ս, ոչինչ չհասցրի… չեմ կարծում, որ առանց ինձ տխուր ու դժվար է լինելու… բոլորդ անհամբեր սպասում էիք այս օրվան… Կներեք, որ ձեզ անհանգստացրել եմ իմ ավելորդ ներկայությամբ… Ափսո՛ս, հազար ափսո՛ս…
Մի ուրիշ ձևի ուրախ էր նաև երթուղայինի վարորդը, ում հանրակառքով ամեն օր, նույն ժամին, նույն նստատեղին դպրոց էր հասնում մարդը։ Ուղևորը, ում կողքին նստում էր, հանրակառքում գտնվողները։ Նրանք էլ էին միշտ նույնը։ Հատկապես՝ կանայք։ Ճիշտ է, առաջին մի քանի օրը մի քիչ անսովոր էր, նաև՝ տարօրինակ, բայց ժամանակի հետ ամեն ինչ կարգավորվեց։ Թվում էր, նման մեկը ո՜չ եղել է, ո՜չ էլ կլինի։ Չնայած երկար ժամանակ նրա նստատեղը ոչ մեկը չէր համարձակվում զբաղեցնել… ինչքան էլ վարորդը համոզում-պարտադրում էր։
Իսկ վերևներում, ուզում եմ ասել` այնտեղ, որտեղից ղեկավարում են մեզ, որոշեցին հատուկ ընդունելություն կազմակերպել ի պատիվ աճող սերնդի դաստիարակության գործում հսկայական ավանդ ունեցող մանկավարժի ու արժանի մարդու։ Ճոխ էին սեղանները, ելույթները, նվերները։ Ներկա գտնվող կանանցից մի քանիսը նույնիսկ ջերմորեն գրկախառնվեցին նրա հետ` համբուրելուց հետո դեմքից, մի առանձին հոգատարությամբ, մաքրելով շրթներկի հետքերը։ Ճիշտ է, մարդը նեղվում էր, անհանգիստ շարժումներ անում, հառաչում, բայց առաջին անգամ ձայն չհանեց, ասածը միայն մի պռատ ՙշնորհակալություն՚ էր և նստած տեղից տեղի-անտեղի վեր թռչելը։ Չափն անցել էր հատկապես ամենավերևինը.
-Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք
Ո՞վ կմտածեր… Մի՞թե… իսկապե՞ս ինքը… սխալվե՞լ է… Չի՞ հասկացել մարդկանց…
-Երջանկություն է Ձեր կողքին լինելը…
Այ քեզ բա՛ն… ինչպիսի՛ նորություն… Ամաչելը չլիներ, կարելի էր նույնիսկ մի երկու արցունք գլորել ցած… Պատկերացնո՞ւմ եք… ինչ տեսարան կլիներ… գեղանկա՛ր… Արցունքներով տղամարդը… մի խոսքով՝ փառահեղ մի գործ… Շեդեվր…
Մարդն, ինչ խոսք, ուզում էր հավատալ, որ ամեն ինչ անկեղծ է, որ, իսկապես, այնքան էլ հեշտ չէ կայացած մասնագետին հրաժեշտ տալը, որ ինքն է հաճախ անցել սահմանը՝ չգնահատելով մարդկային նորմալ հարաբերությունները, բայց… ո՞նց ասեմ, չէր կարողանում, մի բան անընդհատ խանգարում էր, հեռացնում կողքին տեղի ունեցող երևույթներից… Այդ ՙվերևներում՚ տեղի ունեցածից հետո էլ երկար ժամանակ ուշքը գլուխը չէր հավաքում, միտքը անիմաստ շարժումներ էր անում, համարյա չէր խոսում… նույնիսկ թանկագին կնոջ հետ չէր կիսվում… Անտեսանելի, անշոշափելի մեկը մտել էր իր և մնացածների արանքն ու չարչարում էր, ու հեռացնում էր, մղում չկշռադատված արարքների… անիմաստ վեճերի ու դատարկ, իրականությունից դուրս մեկնաբանությունների…
Իսկ երբ մի անգամ, օրվա ամենաեռուն ժամին, կողքին կանգնեց ծանոթ հանրակառքը և վարորդը հենց փողոցի կենտրոնում, այնքան մարդու ներկայությամբ, փաթաթվեց իրեն՝ ասելով, որ իր պակասը շատ են զգում, մարդը լրիվ խառնվեց, մոլորվե՛ց… կորա՛վ…
Խանգարողն էլի էդ ամաչելն էր, թե՝ չէ… բայց նա այն անձնավորությունը չէր, ով կարող էր դառնալ ավելորդ զգացմունքայնության պատանդը, ով կարող էր մոլորվել մի համբույրից, մի պինդ ձեռքսեղմումից… Դա, ինչպես ընդունված է ասել, նման դեպքերում բացառված էր։ Եվ մեկնաբանություններն էլ ավելորդ են։
Մի խոսքով, մարդուն ճանապարհեցին տուն, հասկացրին, որ հեռանալու ժամն է, որ էլ դիմանալ- հաղթահարել չի լինում, որ… և ոչ մեկը չմտածեց, որ տնեցիների վիճակն է կտրուկ ծանրանալու, որ հարևաններն են ստիպված լինելու դիմանալ, համակերպվել ու համաձայնվել… դիմացի, կողքի շենքերի բնակիչները… որ բոլորը պարտադիր մտնելու են կարգ ու կանոնի մի տարածք, որտեղ վաղուց տեր ու տնօրենություն էր անում անտարբերություն կոչվող վարակը …
Հիմա տեսանելի՞ են աղետի չափերն ու ծավալները… Առաջին հանդիպման ձևաչափը… մուտքը՝ երկար դադարից հետո… Փողոցի ամենածայրի շենքում ապրող մեդալներով մի վետերան էլ իր նման մի քանի վետերանի գլխին հավաքած դժգոհեց.
-Մեզ համար հանգիստ ապրում էինք…
Կարծում եմ, կանանց կարծիքն ավելի հետաքրքիր էր.
-Պըրծ։ Մեր խաղաղ ժամանակներն ավարտվեցին։ Պատրաստվեք մեծ պատերազմի…
Իսկապես, զարմանալի բաներ են տեղի ունենում մեր էս կլորիկ-գնդլիկ, էս ինքնահավան, էս` ինքն իրենից վախեցած աշխարհում։ Մեկն էլ չկա հարցնի՝ էս ինչո՞ւ եք այսպես խառնվել, ի՞նչ է պատահել, ո՞վ է ձեր այդ հոգնած էշին ՙչու՚ ասել… բան գիտեք, ասեք, մենք էլ իմանանք, թե չէ…
Լավ։ Երկար խոսելն էլ է անիմաստ, կարճ խոսելն էլ։ Հավատացեք, լռելն էլ։ Աշխարհն այդպես եղել է, այդպես կա, այդպես էլ շարունակելու է քշել իր էշը։ Եթե մեկն ասի այդպիսի բան չկա, հաշվեք էդ աշխարհից ոչինչ չի հասկանում, և ամենևին էլ մեղավոր չէ, որ չի հասկանում, մարդն ուղղակի ցանկանում է մեր այս ծերուկին (խոսքն, իհարկե, աշխարհի մասին է) մի քիչ, շատ չէ, գոնե մի քիչ, փոխված տեսնել… Եվ չեմ կարծում, որ նրա այդ ցանկությունը որևէ վտանգ է ներկայացնում հանրությանը կամ վիրավորում է ծանոթներին, անծանոթներին ու մտերիմներին։ Ընդհակառակը, կարծես, նույնիսկ օգնում է ամեն օր ու ժամ հետևել մեր այդ գնդլիկի շարժին։
Թաքցնելու բան չկա, նա հենց մեր հերոսն է, մարդը, ում մեծ ուրախությամբ հրաժեշտ են տվել բոլորը՝ ակամայից խոստովանելով, որ նրա կողքին ապրելն ուղղակի քաջություն է, որ նրա ներկայությամբ մարդ ի վիճակի չէ վայելել սովորական ազատությունը, շարժվել, արտահայտվել ինչպես ուզում է…
Ծիծաղելի՞ է… չգիտեմ։ Բայց, որ նրա ներկայությունն ինձ համար հաճելի է, քննարկման ենթակա չէ։ Ես նրան անգամ կարոտում եմ։ Օրինակի համար, երբ մի քանի օր չեմ տեսնում, սկսում եմ անհանգստանալ և առանց նրա չեմ կարողանում պատկերացնել ո՜չ մեր բակը, ո՜չ քաղաքը, ո՜չ էլ՝ երկիրը… Էլ մեր ինքնահավան ծերուկի մասին չեմ խոսում… Նա, հաստատ, առանց այդ ՙվատ մարդու՚ հոգին փչողն է…