[ARM]     [RUS]     [ENG]

ԼԱՎ ԵՄ ԱՆՈՒՄ

Նորեկ Գասպարյան

 Էս` մենք, էս էլ` մեր ունեցածը, հազար անգամ զարկված, հազար անգամ էլ հարություն առած մեր ԵՐԿԻՐԸ: Չկասկածեք` Երկնայինի շնորհածը: Բայց այս անգամ չգնանք հասնենք անցյալի դաշտերն ու այգիները, զրույցի չբռնվենք ամենուր մեզ ուղեկցող մեր նախնիների հետ, չխոսենք բարոյական հաղթանակներից ու հեքիաթային հերոսամարտերից, ուզում եմ ասել` 88-ից այն կողմ չանցնենք: Պարզապես փորձենք ներկայացնել մեր տեսածը, մեր ապրածն ու ստեղծածը, երբ այնքա՜ն միամիտ ու իմաստուն էինք, այնքա՜ն ամբողջ ու պինդ, ձույլ: Երբ ժողովուրդը ամբոխ չէր և չունեինք ոչ մի հերոս, ոչ մի շքանշանակիր, ոչ մի ուսադիր:

Մենք էինք...

Չէինք բամբասում, չէինք մեղադրում, չէինք հալածում... և հավատում էինք ինքներս մեզ, մեր կողքինին, մեզ իր հետևից տանողին... նույնիսկ` Մոսկովին...

Տեր էինք...

Մեզ հնարավոր չէր սպանել: Եվ աշխարհ կոչվածը չէր կարող գուշակել, որ հարյուր տարվա չհարձակվելու պայմանագիր ենք կնքել մահվան հետ: Մի կտոր հացն էլ հավասար բաժանում էինք տասներկու մասի: Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը դարձել էր տուն ամբողջ երկրի համար: Եվ բոլորս այնտեղ էինք, օր ու գիշեր, անձրևի ու ձյան տակ, բայց մրսել չկար, թրջվել չկար, չկար նահանջ...

Եվ չէինք մտածում, որ մենակ ենք, որ մեր կողքին կանգնող, մեզ հասկացող-ընդունող չի լինելու, որովհետև մեզնից ուժեղը միայն մենք էինք, որովհետև հավաքական ուժը տեսիլային-վերացականից փոխվել-դարձել էր իրական, հավերժական շարժիչ, եզակի զինատեսակ...

Եվ ոգի՜ն... ընդվզումի, խիզախումի, ճախրելու այդ Աստվածը...

Եվ Մայր Հայաստանը...

Սփյուռքը՜...

ՄԵՆՔ-ՄՈՒՆՔ...

Ոչ մի գունաբաժանում...

Բոլորը` մեկի, մեկը` բոլորի համար... բանվոր, գյուղացի, մտավորական` մի հսկայական բռունցք, մի գաղափար` ՄԻԱՑՈՒՄ... Եվ ոչ մի սխալ, բռնության ոչ մի կոչ... Զենք չէինք կրում, պարտադրեցին... պատերազմի մասին չէինք մտածում, ստիպեցին... սպանել չէինք ուզում, եկան մեր տան վրա...

Եվ այսօր իրավունք ունեմ ասելու` փետրվարը իմն է, անկախությունը իմն է, ԱՐՑԱԽ աշխարհն իմն է, և լավ եմ արել, որ դուրս եմ եկել հրապարակ, որ ՄԻԱՑՈՒՄ եմ պահանջել, որ զենք եմ վերցրել, լավ եմ արել, որ երկրիս վրա եկողի հերն անիծել եմ, որ ազատագրել եմ ունեցածս, և լավ եմ անում, որ այսքան կորուստներից հետո շարունակում եմ ապրել...

Լավ եմ անում...