[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԱԿՈՂ ՕՐՈՐՈՑՆԵՐ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

…Թուրքը կրակում է… հոխորտում է… փորձում է սարսափ տարածել… Ինքնասիրահարված ղեկավարից մինչև սովորական, մի փսլնքոտ ասկյար… Զարմանալի՞ է, չէի՞նք պատկերացնում, անսպասելի՞ է, իհարկե, ո՛չ։ Հիշո՞ւմ եք, ինչպես էինք պատժում, լռեցնում, հերներն անիծում։ Տեղին ու ճիշտ ժամանակին։ Ուշացում-մուշացումը բացառվում էր։ Ասե՞մ ինչու էր այդպես, որովհետև զենք ունեինք, և այդ զենքը կրակում էր, որովհետև որոշում կայացնող հրամանատար էլ կար, այդ հրամանները կատարող տղաներ էլ, որովհետև… Մենքն ու Մունքը մի էր, ձույլ, ուզում եմ ասել՝ Մենքը Մունք էր, Մունքը՝ Մենք։

Հիմա թուրքը կրակում է… Մտածո՞ւմ էիք, որ չի՞ կրակելու, և խաղաղությունն էլ լինելու է գունավո՞ր, խելո՞ք, երկար-երկա՞ր… Ես չեմ կարծում, որ մեր այս մի բուռ, մի պտղունց երկրում կա այդպիսի մեկը։ Ասեն էլ, չեմ հավատա… Միշտ էլ ապրել ենք կռվելով, ճանապարհին անզեն հայտնվածները չեն վերադարձել, բարձի տակ զենք չունեցողը չի դիմավորել լուսաբացը…

Տեսնո՞ւմ եք ինչ միջազգային հանրություն ունենք։ Եվրոպական երկրնե՜ր, քաղաքակրթության օրրա՜ն… ժողովրդավարությո՜ւն… բարեկամությո՜ւն… գերհզոր Միացյալ Նահանգնե՜ր… Սուտի լաց ու կական, ատելությո՜ւն, փրկության անիմաստ կոչե՜ր, վերջը չերևացող դիմակահանդես… Իսկ մենք հավատում էինք, արդարությունից էինք խոսում, սպասում սարերը բարձրացող նավերին… Սպասում էինք, սպասում էինք ու կորցնում… Տուն, արժանապատվություն, երկի՜ր… հետո էլ սկսեցինք պահանջել, որ ընդունեն, խոստովանեն, ճանաչեն… պատկերացնո՞ւմ եք, ներողություն խնդրեն… Մինչև հիմա… Չհիշեցնե՞մ հորս ասածը՝ էդ շանտղեքը մինակ զենքանն վախում, ինել վեր տրաքումա… խոխին ծերքին էլ պիտի թիվանգ ինի… կնգանը ծերքին էլ…

Դա, գիտե՞ք, երբ էր, 60-ականներին, Շուշիում, սովետի ժամանակներում ես սովորում էի առաջին դասարանում և արդեն մի քանի ծանր ու անհավասար մարտեր էի մղել իմ թուրք հասակակիցների դեմ…

-Եթե զենքդ գոնե ղաթումը տրաքեվեչ, սոտա… կարելչս էդ շանտղորանցը մաչին աշկ պեցանիս… Հըրսանեք քինիյիս էլ պիտի քիզնհետ տանիս…

Քիչ էր մնում մոռանայի։ Հայրս ոչ մեկին չէր ասում, որ պատրաստվում է հերթական թիվանգը բերել տուն, հսկայական դանակը, ատրճանակը… ուղղակի ինքն իր համար հանգիստ իր գործն էր անում, և ոչ մեկը չէր կարող գուշակել, որ ես էլ կրակել գիտեի, եղբայրս էլ… Դա մեր 10-12 տարեկան տեղով…

Իհարկե, կարելի է այս մասին ոչինչ էլ չգրել, բայց չեմ կարծում, որ մի քանի նախադասությունը կարող է տրամադրություն փչացնել կամ, ասենք, ինչ-որ ավելորդ երանգ հաղորդել այս օրերի տրամաբանությանը։ Ավելորդ հարցեր, խնդրում եմ, չտալ։ Մեկ է, չեմ պատասխանի… Դրա համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ պատճառ, ո՛չ էլ՝ ցանկություն։ Հաշվեք ոչինչ էլ չեմ ասել, պարզապես մտորել եմ բարձրաձայն։

Ուղղակի թուրը կրակում է…

Լավ, էլ չասենք ուր էինք հասել և հիմա որտեղ ենք։ Ամեն ինչ էլ տեսել-իմացել ենք, գիտենք բոլոր մեծ ու փոքր հարցերի պատասխանը։ Հերոսներին էլ ենք ճանաչում, դավաճաններին էլ… Հիմա եղածը պինդ պահելու, իրար կողքի կանգնելու, միայն ու միայն ինքներս մեզ վստահելու ժամանակները կրկին ծեծում են մեր դուռն ու լուսամուտը։ Մտածենք, որ թույլ մեկը չկա մեր այս երկրում, ցավի ու չարչարանքի առաջ ծնկած մեկը, պարտված ու ինքնասպան…

Ամենաանվրեպ կրակողն էլ օրորոցներն են… Բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահզոր զինատեսակը…

Թուրքը կրակում է… բայց այդ ե՞րբ էր, որ չէր կրակում… Ինձ սպանելու որոշումը միշտ էլ պինդ պահած քնել, այդպես էլ արթնացել է… Այս աշխարհում նրան խանգարողը միայն ու միայն ես եմ, ուրիշ ոչ մեկը… միայն ես, իմ եկեղեցին, իմ տունը, քաղաքը, խաչը… օրորոցը… և թիվանգը…

Համը հանեն, կրակելու է… Դե, թիվանգի կրակածն էլ, գիտեք…