[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՂԱՎՈՐԸ ԵՍ ԵՄ կամ՝ ՆԱՎԵՐԸ ՁՅԱՆ ՄԵՋ

 

Միջազգային հանրությո՜ւն… կարծես այնքան էլ վատ չի հնչում… և շատերն էլ օրը, ամենաքիչը մի քանի անգամ, տեղի-անտեղի օգտագործում են այն… թեպետ բոլորը չէ, որ գիտեն՝ ի՞նչ է դա, ի՞նչ է իրենից ներկայացնում, որտե՞ղ է ապրում և ի՞նչ լեզվով է խոսում-արտահայտվում… Լավ, ենթադրենք այդքան բան իմացանք, հետո՞… ի՞նչ է փոխվելու Տիրոջ արարած, բայց մարդու կողմից, իբր սեփականաշնորհված, երկիր մոլորակում։ Կհավատա՞ք, չէ՞, եթե առանց երկար-բարակ մտածելու հնչեցնեմ՝ ոչինչ։ Այո, այո, ոչինչ։ Օրինակի համար, մի շատ-շա՜տ սովորական թվաբանություն. անգլոսաքս+ֆրանկ +իսպանացի+կանադացի +ֆին+… մի խոսքով՝ աշխարհիս երեսին ինչքան ազգ ու ցեղ կա=դա… թուրքը՝ չէ, թուրքը լրիվ առանձին հանրություն է, առանձին ձայն, տարր, բացիլ, վարակ… ես, կոնկրետ, այդպես եմ մտածում… Եվ հետաքրքիրն այն է, որ թուրքն ինքն էլ գիտի դրա մասին։

Եվ այդ հավաքական ձայնարկղը հաճախ ինքն էլ կարևորում է իր ներկայությունը, իր փայլուն հագ ու կապով, իր «քաղաքակիրթ» շարժ ու ձևով անարգել հայտնվում է մեր քաղաքներում ու շեներում, հանգիստ մտնում է մեր տները, գայթակղում մեզ, ծուլացնում-ծվատում մեր միտքը, փակում մեր աչքերը, մեզ զրկում իրականությունը տեսնելու և զգալու գենետիկ շնորհներից… Եվ դրա առաջ միայն դուռ փակելով խնդիրը չի լուծվում։ Գիտե՞ք ինչու, որովհետև նա անտեսանելի է, չշոշափվող, մի տեսակ՝ վերացական, և ամեն տեղից գալիս է։ Պատկերացնո՞ւմ եք, իբր օգնելու, փրկելու, ափ հանելու…
Եվ ամենևին էլ տարօրինակ չէ, որ դրան, ուզում եմ ասել՝ այդ միջազգային հանրությանը դեռ հավատող կա, աղ ու հացով՝ սպասող էլ… Տեսարանը, կարծում եմ, բավականին հուզիչ է, մի քիչ էլ՝ ծիծաղելի… Տարիքն առած ընկեր ունեի, գիտե՞ք ինչ էր ասում այդ «միջազգային»-ի մասին, ասում էր՝ ութսուն տարի է փորձում եմ հանդիպել դրան, չի ստացվում… ո՛չ Մոսկվայում եմ գտել, ո՛չ Փարիզում, ո՛չ էլ, անգամ՝ Լոնդոնում… Ումից էլ փորձել եմ պարզել տեղը, զարմացել-ծիծաղել է… Մի ֆրանսիացի էլ ուղղակի խնդրել է՝ բան է, եթե գտնեք, եթե, իհարկե, դժվար չէ, ինձ կտեղեկացնեք դրա մասին…
Ինչ մնում է ինձ, թաքցնելու բան չկա, ես էլ շատ-շա՜տ տարիներ առաջ նման որոնումների մեջ էի, ավելին՝ համոզված էի, որ հաջողելու եմ, որ հրաշալի հարաբերություններ եմ ստեղծելու դրա հետ և ուղիղ աշխարհի կենտրոն եմ հասցնելու իմ՝ աշխարհից մի քանի անգամ մեծ ցավը, իմ պատմությունը, Հիսուսին առաջինը ճանաչածի չարչարանքը…
Զարմանո՞ւմ եք։ Իրավունք ունեք։ Ինձ լուրջ մարդ չե՞ք համարում։ Կարող եք։ Ես եմ մեղավորը այս քաոսի, պարտությունների, նահանջի, կորուստների ու անորոշության… նաև… Չասե՞մ՝ մեզանից յուրաքանչյուրն առանց իր զենքը սեփական ճակատին դնելու քաջության իրավունք չունի խոսելու հայրենասիրությունից։
Չհարցնե՞մ՝ ով է «Մարդու իրավունքներ, ազատություններ» հորինվածքի հեղինակը… և, օրինակի համար, ո՞վ է գլորում Երկիր մոլորակը… Տեսնո՞ւմ եք հայկական նավերը մեր լեռների վրա, ձյան մեջ…
Հասկանում են…
Խորապես մտահոգված են…
Օր առաջ պետք է ամեն ինչ անել աղետը…
Անթույլատրելի է… երբ մարդիկ են զոհվում… կոչ ենք անում… Ամուլ… Անփոփոխ, ծաղրելու նման…
Եվ ինքնաթիռները երկնաքերերի մեջ… անսպասելի ոչինչ… որովհետև նավերը միայն ծովերի ու օվկիանոսների համար էին…
Հիշո՞ւմ եք, սենտիմենտը ինչպես էր խժռում, պատառոտում մեր իմացած հզորագույն պետությունը… ընդամենը՝ երեք շենք… Չեմ ուզում ասել՝ խորհրդանիշ… Եվ ես ոչ մեկին չէի կարողանում բացատրել, որ չափազանց մտահոգված եմ և հանցագործները արժանի են ամենադաժան պատժի… Ես նույնպես դարձել էի ավելորդ զգացմունքայնության ավելորդ զոհը…
Իսկ նավերը մինչև հիմա չեն գտել լեռները հաղթահարելու ճանապարհը… և միայն ու միայն միամիտները կարող են հավատալ, որ դրանք մի օր տեղ են հասնելու… Հասան, խոստանում եմ ինքնասպանվել, իհարկե, բոլորից ներողություն խնդրելուց հետո… Ինչքան էլ այդ միջազգային հանրությունը խորապես մտահոգված լինի…
Կարծում եմ, հասկանում եք` ինչ եմ ասում…
Չերկարացնեմ։ Մարդիկ մի քանի տողից ավել կարդալու ժամանակ չունեն։ Ուղղակի նշեմ, որ փափուկ պարգևավճար եմ խոստանում նրան, ով կկարողանա գտնել կամ գոնե ցույց կտա այդ «հանրության» տեղը…

Հետգրություն.
Թաքցնելու բան չկա, մեկ-մեկ թվում է «Միջազգային հանրություն» կոչվող հորինվածքի հեղինակը ես եմ… միայն ու միայն ես…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ