[ARM]     [RUS]     [ENG]

Երբ լիալուսին չլինի /2016. խրամատային խոհեր`լուսաբացից առաջ…./

 

Նույնիսկ ամառվա տապը կսարսռա ապրիլյան ցրտի վերհուշից: Նրանք փորձել էին սպանել մահը` փշալարերով, բահերով, բռունցքով ու վերջին նռնակով: Սարսափած ու խուճապահար մահը Նրանց էլ իր հետ տարավ: Հետո ուղեկիցներ ունեցան, որոնց հետ տախտակյա, լաքապատ ամենագնացներով հասան վառոդահոտ լավաների դրախտ: Այստեղ բոլորը պիտի անհոգ ու ներդաշնակ ապրեին: Եղբայրաբար: Անականջ, անգլուխ, անոտ ու անթև: Քավարանում դիմավորող Սերովբեի հայացքը բազմանշանակ էր: Դողէրոցքով էր բռնվել: Թևերն աննկատ ցնցվում էին: Նրանց տեսքից: Այստեղ Ձեզ երկար ենք սպասել, բայց փոքր-ինչ շտապեցիք: Ճանապարհին պահապան հրեշտակներ չմնացին: Մի' մտահոգվիր, Նրանք դրախտի ճամփան կգտնեն: Գիտեմ, բայց Նրանք թևեր չունեին, որովհետև ճանապարհվելուց առաջ սրսռուն ցրտից այրվեցին: Միևնույն է, նրանց թևերն այդպես էլ թռչելու չափ չէին աճելու, որովհետև այրվեցին Քավարանի պարիսպների տակ ապրիլյան ցուրտ գիշերով` նեռին սպասելիս: Այդ օրվանից էր, որ ոչ ոք այլևս չդիմավորեց արևածագն ու լիալուսինը, թեկուզ Նրանք միշտ վերադառնում էին: Պահապան հրեշտակները։ Նրանց հետ այլևս ոչ ոք չի լուսանկարվում: Այլևս ոչ ոք ժամադրության չի կանչում: Աղջիկներն իրարից չեն խլում: Ոչ ոք, բացի Նրանցից, չի իմանա` դաշույնի՞ շեղբն էր առավել սառը, թե՞ ապրիլյան գլխատող ցուրտը: Պահածոների տուփերը, ժանգից փտած փշալարը, մաշված անվադողերն ու դատարկ պահեստատուփերն էին մեղավոր: Նրանք միշտ երկնքում են գիշերում: Այն խավարման օրից, երբ արնաքամ կիսալուսինը խժռած հրեշները պաշարեցին դրախտի դարպասները: Աննկատ: Որովհետև մարդակուլ չաստվածների աչքերն ագահության որդերն էին կրծել: Հրեշների ոլոր ու լորձոտ սողքը գիշերային տեսասարքերի փոխարեն միայն կիսալուսնով կարելի էր տեսնել: Զինվորական ճտքակոշիկի կրնկով հրեշները սեղմվեցին գետնին ու ստիպված էին անզոր գալարվել, որովհետև Թուր Կեծակին Մըսրա մելիքն էր թռցրել, երբ հրեշտակները մահաբեր նիրհում էին: Հետո արնածարավ սողունները վերածվում են անզգա խրտվիլակների՝ անտարբեր ատելության մոլուցքի, զզվանքի, արհամարհանքի, ցրտի, ցավի, լրագրողների ֆոտովիդեոխցիկների ու սարդոստայնային հոխորտումների հանդեպ: Պահապան հրեշտակների հետ հանդիպումից առաջ դրանք կարողանում էին ոտքի մեկ հարվածով դռներ կրնկահան անել, իրենց գործառույթից զրկված, անպաշտպան ականջներ կտրել ու անթև հրեշտակներ գլխատել: Խրտվիլակի կիսախուփ աչքերն անթարթ են: Կիսամութ: Դրանց խորքում լուսինն անհագ խժռելու ու նրա արնածոր վերքն անհագ լիզելու մշուշ է, առջևում` անէություն, դատարկություն, զրո: Ատեի* կատարյալ մարիոնետներ: Վախը ոչ թե մահվան հետ ժամադրությունն է, այլ` դրա համար պատճառներ չգտնելը: Հնարավոր է, որ նեռին կրկին դրախտ են տեղափոխելու: Նրա մեղքերի ներման հարցում կարծես վերևներում համաձայնության են եկել: Հնարավոր է, որովհետև հիմա տեղեկատվական բարձրագույն տեխնոլոգիաները, վարդագույն պատմուճաններով դատավորներն ու համասեռական զոմբիներն են դատում: Մինչդեռ, երբ արնախում հրեշները լլկում էին լուսինն ու պահապան հրեշտակներին, գլամուրային ատյանների մուրճերը վաղուց արդեն թանգարանային փնտրված ցուցանմուշներ էին: Հիմա էլ որոշել են բնապահպանական նկատառումներից ելնելով սատարել` ուտելի, մանր ու սև ձվերով վերարտադրվող, հազվագյուտ խավարասերների այդ պոպուլյացիային, որը գլամուրացիների ավտոարշավներ, գնդախաղեր ու մարդ ու լուսին խժռելու անթույլատրելիության վերաբերյալ կոնֆերանսներ է կազմակերպում, որոնց ժամանակ 1 րոպե լռությամբ հիշում են լիալուսինը խժռած հրեշներին, որոնց երազանքներն արդեն որդերի օրապահիկ են: Հետո, կապտավարդագույն երազանքները կիրականան: Կիսամութ գիշերներին վառ կարմիր գիշերազգեստները կնվաղեն կրքոտ մատնահետքերից, լաքապատ ու արնագույն բարձրակրունկները չեն դիմանա… մեղքի ծանրությանը: Ատելությունից ու տրփանքից փրփրած բերանները կմթագնեն շամպայնի կատաղի հորդումից, իսկ աչքերը` դյուրավառ ու լպրծուն հեղուկով, որի սև կրակը անհաշիվ հոգիներ է լլկում` դժոխքում, դրախտում…

…Ում` ինչ, որ վաղը հնարավոր է լիալուսին չլինի: 

* Ատե-խաբեության հունական աստվածուհի

Վան Նովիկով