ԹՈՒՂԹ՝ ԳՐՎԱԾ ՄԻ ՁՅՈՒՆՈՏ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՕՐ…
Չբացատրեմ, թե ինչու որոշեցի մի քանի նախադասություն էլ կանանց մասին գրել։ Ապրիլի 7-ն էլ` Աստվածամոր Ավետման տոնը, բացարձակապես կապ չունի։ Արդարանալու ցանկության այցերից էլ միշտ հաջողությամբ խուսափել եմ, թեպետ պատճառ ասվածը հաճախ է տեղ զբաղեցրել մեր հարաբերություններում։ Ավելորդ զգացմունքային հայտարարություններից էլ եմ պահել համապատասխան հեռավորություն, ուզում եմ ասել՝ անիմաստ սադրանքի չեմ ենթարկվել։
Ճիշտ է, կանայք սիրում են մեր ուշադրության կենտրոնը զբաղեցնելը, բայց, հաստատ, ձանձրանում են օրը մի քանի անգամ մատուցվող խոստովանությունից ու ձոներից։ Գիտե՞ք ինչու, որովհետև ավելի իրատեսական են, քան մենք, մի տեսակ, ավելի երկրային, ավելի, ո՞նց ասեմ, ավելի հողեղեն... Ուժեղ էլ են, ավելի ճիշտ ու ազնիվ կլինի ասել՝ ուժեղը նրանք են, ուղղակի կարողանում են մեզ համոզել, որ նման բան չկա, որ մենք ենք որոշում կայացնողը, երկիր պահողը, հրամաններ արձակողը... որովհետև, հակառակ դեպքում, մենք կարող ենք վիրավորվել, հիասթափվել, անգամ մեղադրել երկնային Տիրոջը։ Բայց տրամաբանությունը պահանջում է իրականությունն ընդունել այնպես, ինչպես կա։ Քարանձավից մինչև այսօր այդպես է... Հակաճառողը, օրինակի համար, դեռ նրա մութ խորքերում է և այն լքելու ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ էլ՝ մտադրություն-ունակություն։ Անընդհատ կրկնվող բառերի անիմաստ կուտակումներ...
Խոստովանեմ՝ չեմ սիրում, երբ ասում են հայ կին, ռուս կին, պարսիկ կին, ամերիկացի կին, մեքսիկ կին... և՜ շարունակությունը` միայն հայ կինը կարող է այսպես լուռ ու մունջ տանել կուտակ-կուտակ ցավը, չվախենալ չարչարանքից ու նորանոր աղետներից, երկրին արժանի երեխա դաստիարակել, ամեն օր, ամեն ժամ ավելի ու ավելի անառիկ դարձնել մեր ընտանիք-ամրոցը, պինդ պահել մեր ավանդույթներն ու սովորույթները... և... այդպես շարունակ... Ավելորդ մեծարում...
Եթե մտածում եք, որ մեր կանայք դրա կարիքն ունեն, որ այս մի քանի ամուլ-անճարակ նախադասությունը ոգևորում է նրանց, կարծում եմ, սխալվում եք։ Միամիտ տղամարդ՝ ինչքան ասեք, միամիտ կին գտնելն ուղղակի բացառվում է։ Եվ եթե նրանք մեր այս լավ վարժեցված նախադասությունները լսելիս չեն ծիծաղում, չի նշանակում, թե ընդունում-հիանում են, դա, պատկերացնո՞ւմ եք, մեզ խնայելուց է։ Ի վիճակի՞ եք տեսնել, ի վիճակի՞ եք ընկալել իրականությունը...
Հայրս ասում էր՝ տունն առանց կնոջ գել ու գազանից վտանգավոր է... բայց երբեք չէր ասում՝ տունն առանց հայ կնոջ... Եվ երբեք ոչ մեկն ինքն իրեն իրավունք չէր վերապահում հակաճառել, անգամ անհամաձայնության նշաններ ցույց տալ՝ ո՛չ կանայք, ո՛չ էլ տղամարդիկ։ Պարզ երևում էր, որ նրա ասածը բոլորին հաճելի էր, հատկապես՝ կանանց։ Ոչ մի «երկրին արժանի զավակ», ոչ մի «ընտանիքի ամրություն ու ավանդույթների պահպանում...»: Նրա կարծիքը կանանց մասին դա էր՝ տունը...
Մեծարումի ավելի ազնվացեղ խոսք ես ոչ մեկից չեմ լսել, ոչ էլ ինձ է հաջողվել հորինել, ուզում եմ ասել՝ ոչ մեկն այդքան ճիշտ ու իրական չի կարողացել ներկայացնել կին արարածին, մեր այդ առեղծվածային կողակցին... մեր այդ անբացատրելի Ես-ին...
Երբեք չասեք՝ բայց չէ՞ որ հենց նրանց պատճառով զրկվեցինք դրախտում արքայավայել ապրելու իրավունքից։ Խորհուրդ չեմ տալիս։ Դա կործանման տանող մոտեցում է։ Այդպես դուք ուղղակի ինքներդ ձեզ կզրկեք մի օր այնտեղ վերադառնալու հնարավորությունից, դրախտի դարպասները ձեր առաջ բացող չի լինի, ոչ էլ՝ դիմավորող... Այնպես որ, լայն-լայն բացեք ձեր մտքի գոց աչքերը և ըմպեք ձեր բաժին ճշմարտությունը, ձեր բաժին ապաշխարանքը... նաև՝ սկիզբը...
Մեծարգո պարոնայք, գոնե մի եզակի անգամ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչո՞ւ են նրանք այդքան ներողամիտ, ինչո՞ւ են անձայն համակերպվում մեր կոշտության, մեծամտության, անտրամաբանական ու հաճախ խակ քայլերի, սխալների ու մերժումների հետ։ Ես մտածել եմ և, կարծում եմ, գտել եմ ճիշտ պատասխանը, որը, բնականաբար, հանրության սեփականությունը դարձնելու մտադրություն չունեմ։ Պարզապես խորհուրդ եմ տալիս փնտրել ուժի բնակության վայրը, գուցե մի օր հաջողվի գտնել, թեպետ դա քիչ հավանական է, չեմ ուզում ասել` անհնար մի բան, միամիտ զբաղմունք ու ժամանակի կորուստ։ Այնպես որ, հանձնվիր ու վայելիր կյանքը, շնչիր քո բաժին ժամանակը, խոստովանիր գործած ու չգործած մեղքերդ ու ձևացրու, որ ոչինչ չգիտես, որ տերը դու ես, առաջնորդը, տանողը, ծովն անցնողը... թե չէ կմնաս մենակ, հասկանո՞ւմ ես, լրիվ մենակ, ամբողջությամբ դատարկ...
Ասե՞մ մենք երբ ենք մոլորվել, եթե չգիտեք, կարող եմ հիշեցնել, հավատալ-չհավատալն արդեն ձեր գործն է, երբ ոգևորված սկսել ենք բոլորին պատմել, որ հեռու-հեռավոր, մառախլապատ անցյալում ենք թողել մայրիշխանության ծանր ժամանակները։ Մի՞թե ծիծաղելի չէ, պարոնայք, նաև՝ տխուր... սուտ էլ...
Կարո՞ղ էիք պատկերացնել... Այսքանից հետո էլ չհամոզվեցի՞ք, որ պատահական ոչինչ չկա աշխարհիս երեսին, որ ամեն ինչ բծախնդրորեն ծրագրավորված է, և մեր ցանկությունները բացարձակապես կապ չունեն տեղի ունեցող երևույթների հետ։ Հանդիպումնե՜ր, մեր կողքին ապրող մարդի՜կ, մեզ ուղեկցող գաղափարնե՜ր, ծնո՜ւնդ ... նաև՝ մահ... և ոչ մեկը չի կարող գուշակել, թե ինչ է լինելու վաղը և ո՞վ է մեզ դիմավորելու ... անծանոթ բնակավայրի արվարձաններում ... և զարմանալու ենք այնտեղ տեսնելով... ՆՐԱՆՑ... կամ՝ ՆՐԱՆ... և հասկանալու ենք, որ մենակ ապրել չենք կարող, որ մեզ խնամող է պետք, մեծարող-հերոսացնող, մեր գոյությունը կարևորող-զինվորագրող...
Իմ միակ, եզակի, գուցե փրկարար խորհուրդը սա է, մենք ինչքան շուտ վայր դնենք ունեցած մեր զենք-զինատեսակը և կամովին, առանց մենամարտի, հանձնվենք նրանց, այնքան լավ... մեկ է, մի օր դա տեղի է ունենալու, և ուշացողները ստիպված են լինելու արդարանալ, լավագույն դեպքում, իհարկե...
Հետգրություն. Քանի դեռ ժամանակ ունեք, թաքուն, մտքում, ամեն ժամ, ամեն օր փառաբանեք նրանց, գուցե կարողանան ներել մեզ...
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ