ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՈՐՆ ԱՇԽԱՐՀԸ ՉՏԵՍԱՎ
«Անմահները», այսպես է կոչվում ՌԴ-ում ապրող ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ֆիլմը, որի պրեմիերան կաjացել էր Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին: Հայազգի ռեժիսորը ֆիլմը նվիրել է Աֆղանստանի պատերազմն անցած զինվորականներին: Դաշնային առաջատար ալիքները, ինչպես հարկն է և, ինչպես սովորաբար լինում է նմանատիպ ֆիլմերի պարագայում, հատուկ պաթոսով անդրադարձել են ֆիլմի պրեմիերային. Երկիրը հերթական անգամ պատշաճն է հատուցել իր հերոսներին:
Դա արվել է հիմա, երբ արդեն վաղուց դեռևս խորհրդային երկրի մայրամուտին էլ բոլորի համար պարզ էր, որ աֆղանական հողում «ինտերնացիոնալ օգնություն» կոչվող պատերազմը խորհուրդների երկրի կազմում ապրող թերևս բոլոր ազգությունների համար ոչ թե հերոսական, այլ ցավոտ էջ է, որին հիմա էլ ՌԴ-ում ընդունված չէ անդրադառնալ: Օտար երկրում ամենադաժան պատերազմներից մեկն անցած ու խաղաղ, աշխարհակարգային փոփոխությունների մեջ գտնվող հայրենիքում իրենց տեղը չգտնող զինվորականների մասին պատմող ֆիլմը դեռ կինոքննադատների տեսադաշտում է: «Այս ֆիլմը հնարավորություն է խոնարհվելու իմ մանկության ընկերների առջև, նաև նրանց առջև, ում չեմ ճանաչել, ովքեր ազնվորեն կատարել են իրենց զինվորական պարտքը աֆղանական հողում և անարդարորեն մոռացության մատնվել: Դա մեր ընդհանուր հիշողությունն է, պատմությունը, որը չպետք է մոռացվի»,- իր ֆիլմն այսպես է ներկայացրել հեղինակը: Ռուսաստանում և հետխորհրդային այլ պետություններում քիչ չեն կինոյի և հեռուստատեսության հայազգի հայտնի դեմքերը, որոնց մի մասը վաղուց նաև միջազգային ճանաչման է հասել: Նրանք անձնվիրաբար ծառայում են իրենց ժամանակավոր հայրենիքին, առաջ են տանում տվյալ պետության շահը, շատ հաճախ կամավոր ստանձնում նրա քաղաքականության քարոզչության բեռը, դառնում առաջատար դեմքեր, ժամերով բանավիճում այլախոհների հետ, պաշտպանում ամեն «հայրենականը»: Դա հատկապես վառ է արտահայտված ՌԴ-ում, և դժվար թե գտնվի մեկ այլ էթնիկ խումբ, որը նման ջանադրությամբ կստանձնի այդ դերը:
Տիգրան Քեոսայանը Կրեմլի քարոզչության առաջատարներից է: Նա իր յութուբյան ալիքում ակտիվորեն անդրադառնում է նաև ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Երկու տարի առաջ հայկական լրատվամիջոցի հարցին՝ պատրաստվո՞ւմ է, արդյոք, Հայաստանի ու Արցախի թեմայով լուրջ որևէ ֆիլմ նկարահանել, նա պատասխանել է՝ դա Աստծո ձեռքին է, մի օր երևի դա էլ կլինի: Երևում է` Աստված դեռևս ռեժիսորին այլ` ավելի կարևոր գաղափարներ է հուշում: Տեղին է հիշել, որ նրա հայրը` խորհրդային գաղափարախոսության շրջանակներում գործող մշակութային գործիչ համարվող կինոռեժիսոր Էդմոն Քեոսայանը, Մխիթար Սպարապետի մասին «Հուսո աստղ» ֆիլմն էր հեղինակել, որի մեջ հնչող շատ մտքեր առավել քան հրատապ են հատկապես այսօր: Էդմոն Քեոսայանի մեկ այլ` միանգամայն անվտանգ սյուժեով «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում Ռուսաստանի հեռավոր քաղաքում ապրող աղջկա ընտանիքին տեսակցության գնացած հայրը` Արմեն Ջիգարխանյանի մարմնավորմամբ, կեսգիշերին դստերը գրկած «Ախ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ» է երգում, և դա՝ խորհրդային ամենախուլ տարիներին, դաժան գրաքննության պայմաններում:
Հայկական արմատներով կինոմշակույթի գործիչների անունները ամբողջ էջեր կարող են զբաղեցնել: Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահ Ալեն Թերզյանն էր կարծեմ ասել, որ կինոյում անհնար է ազգային պատկանելությունն ի ցույց դնել։ Չլիներ այդպես, գուցե մի փոքր այլ կլիներ վերջին պատերազմի օրերին աշխարհի վերաբերմունքը մեր հանդեպ:
Հայերիս պատմությունը անվերջանալի պատերազմների, լեգենդի, հրաշքի նմանվող հաղթանակների և, ցավոք, առավել շատ դառն ու դժվար պարտությունների պատմություն է: Մեր ժողովուրդը դեռ մինչև խորհրդային պետության փլուզումը ներքաշվեց թեժ հակամարտության մեջ: Արցախում տարբեր ընդմիջումներով երեք պատերազմ եղավ: Առաջինն անհավատալի, ողջ հայությանը ոգեշնչած հաղթանակներ գրանցեց, կերտվեց պատմություն, որը կարող էր աշխարհով մեկ սփռված ու աշխարհի կողմից ընդունված տաղանդավոր, հնչեղ ազգանուններով հայ ռեժիսորների, սցենարիստների համար աշխարհի հետ հայկական թեմայով կինոյի լեզվով խոսելու հարուստ նյութ դառնալ: Դրանք ոչ միայն մի պահ համամարդկայինը մոռանալու, սեփական արմատներին վերադառնալու առիթ կդառնային. այլև կոմերցիոն հաջողության տեսակետից նոր բարձունքների կարող էին հասցնել նրանց:
Նման ակնկալիքներ կային 2017թ., երբ Ստեփանակերտում էր աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ տիկնոջ՝ պրոդյուսեր և դերասանուհի Արսինե Խանջյանի ու հանրահայտ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: Լրագրողներիս հետ ունեցած հանդիպմանը ռեժիսորը որպես գաղտնիք հայտնել էր, որ լրջորեն մտածում է Արցախի պատերազմի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ուղղությամբ, նա նույնիսկ կոչ արեց լավ պատմություններ ուղարկել իրեն: «Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի, ես զարմացած եմ, թե ինչու այլ կինոռեժիսորներ չեն նկարահանել այս պատմությունները, որոնք ես եմ նկատել այս մի քանի օրերի ընթացքում, ես անպայման կմտածեմ այդ հարցի շուրջ»,- ասել էր նա: Հաջորդած հինգ տարիների ընթացքում Ատոմ Էգոյանը մեկ ֆիլմ է թողարկել աշակերտի դեմ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող ուսուցչուհու և նրա հոր բարդ փոխհարաբերությունների մասին հոգեբանական դրամա... Նույն պատմությունն է նաև ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանի դեպքում, ով հեռվից ևս մտմտում էր պատերազմի հերոսական էջերը ֆիլմի վերածելու ուղղությամբ:
Իհարկե, չի կարելի ասել, որ վերջին երեսուն տարիների ընթացքում հայրենասիրության թեման մոռացության է մատնվել: Պատերազմի թեման միշտ էլ հուզել է վավերագրական ու գեղարվեստական կինոմշակույթի հայրենական ներկայացուցիչներին, մանավանդ, բազմաթիվ լրագրողներ, ռեժիսորներ ու օպերատորներ բոլոր երեք պատերազմների ընթացքում էլ կարողացել էին ժապավենին հանձնել մեր նոր պատմության կարևորագույն օրերն ու դրվագները: Ինչ՝ ինչ, բայց պետությունը պարտավոր էր ամեն ինչ անել, որպեսզի կայանար պատերազմական ֆիլմերի ժանրը: Կայացա՞վ, արդյոք, ըստ երևույթին` ոչ. ՀՀ-ում ապրող և ստեղծագործող երիտասարդ ռեժիսորները Արցախյան պատերազմների մասին ստեղծել են շատ ֆիլմեր, սակայն նրանց ուժերը ներել են կենտրոնանալ հիմնականում ներքին ու ոչ այնքան քմահաճ հանդիսատեսի վրա, արցունք ու վերապրում կորզել այդ ամենի միջով անցածներից, թերևս այսքանը: Մինչդեռ նման թեման ամենից առաջ ուղղված պետք է լինի աշխարհին, քանի որ կինոմշակույթն այսօր էլ մարդկանց կարծիքի վրա ազդելու, անգամ այն ձևավորելու անփոխարինելի միջոց է: Նուjն պատմությունը կինոյի լեզվով կարող է ներկայացվել բազմաթիվ տարբերակներով, արդյունքում միշտ հաղթում է այն տարբերակը, որը գրավում է դիտողի միտքն ու հոգին, ոգեշնչում ու հուզում է նրան, և այստեղ է, որ որոշիչը դառնում է հեղինակի վարպետությունը, փորձը, աշխարհում ունեցած ճանաչումը, նրա ընտրած սցենարն ու դերասանական կազմը:
Կստանձնի՞ արդյոք որևէ մեկը այդ, հիրավի, հերոսական պարտավորությունը հիմա` ամենադաժան, զազրելիորեն մեզ պարտադրված 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր պատանիները մեն-մենակ էին թուրք-ադրբեջանական բանակի դեմ, երբ նահանջի հրամանի պարագայում անգամ ու ծանր վիրավոր, նրանք շարունակում էին մարտերը` ստիպելով թշնամուն ծանր գին վճարել զավթվող հողի ամեն մետրի համար: Կտեսնի՞ արդյոք մեծ կինոդահլիճի վերածված աշխարհը մեր պատերազմը, դժվար է ասել:
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ