Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ

klor_sexan_1_.jpgԳիտության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարներն Արցախի երիտասարդության շրջանում՚. այս խորագիրն էր կրում օրերս ՙԱրմենիա՚ հյուրանոցի նիստերի դահլիճում կազմակերպված կլոր սեղանը, որը նախաձեռնել էր ՙԱրցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորում՚ (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Սիրանուշ  Պետիկյան)։ 
Միջոցառմանը հրավիրվել ու ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ 
ԱԵԳՄՄ-ն նորաստեղծ կազմակերպություն է, ծննդյան վկայական է ստացել ընթացիկ տարվա հունվարի 13-ին։ Հիմնադրվել է՝ իր առջև նպատակ դնելով միավորել Արցախի երիտասարդ գիտնականներին, մասնագետներին, նպաստել նրանց գիտական ու ստեղծագործական ունակությունների զարգացմանը, գործունեության համար ստեղծել բարենպաստ միջավայր, ինչպես նաև՝ աջակցել միջազգային ինտեգրմանը՝ տարաբնույթ միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովելու միջոցով։ 
Կազմակերպության համահիմնադիր Ավետիք Հարությունյանի խոսքով՝ կլոր սեղանի հրավիրման նպատակը գիտությամբ զբաղվող երիտասարդներին հուզող խնդիրները վերհանելն է ու դրանց լուծման համար ուղիներ որոնելը։ Այսինքն՝ նման միջոցառումը փորձ է պարզելու, թե նշված հիմնախնդիրները ներառող ինչ ծրագրեր ու հայեցակարգեր ունեն Արցախի կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության գերատեսչությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, նաև՝ ինչպիսին պետք է լինի կազմակերպության համագործակցությունը նշված կառույցների հետ։ 
Նորաստեղծ կազմակերպության ծնունդը ողջունեցին և արդյունավետ ու կառուցողական գործունեություն մաղթեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։  
ՙԲնականաբար, մենք պետք է համատեղ ծրագրեր իրականացնենք, որոնք կնպաստեն այս կառույցի և ընդհանրապես Արցախում երիտասարդ գիտնականների ու մասնագետների ձևավորմանն ու կայացմանը,- ասաց Ա. Հարությունյանը։- Հայաստանում գործում է ՙԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում՚ կազմակերպությունը, որի հետ մենք սերտ կապեր ենք հաստատել։ Նախատեսում ենք գործընկեր կառույցի հետ նույնպես համատեղ միջոցառումներ անցկացնել, հատկապես՝ Արցախում։ Իսկ առայժմ փորձում ենք պետական մարմինների ներկայացուցիչների աջակցությամբ պարզել առկա խնդիրները և դրանց համար լուծման մեխանիզմներ գտնել՚։
Կլոր սեղանի հարցերից առաջինը վերաբերում էր երիտասարդ գիտնականների և մասնագետների կարգավիճակի օրենսդրական ամրագրմանը, այդ թվում՝ պետական մարմիններում և ուսումնական հաստատություններում գիտական աստիճան ունեցող անձանց համար լրավճար սահմանելուն և դրա կիրառմանը։ Թե ինչու է ծագել նման հարց բարձրացնելու գաղափարը՝ Ա. Հարությունյանն իր պարզաբանումներում մասնավորապես ասաց. ՙՄինչ հանրային ծառայության մասին օրենքի ընդունումը ՙՀարկային ծառայության մասին՚ օրենքում նախկինում կար կետ, ըստ որի՝ գիտական աստիճան ունեցող հանրային ծառայողը լրավճար է ստանում աշխատավարձի 10 տոկոսի չափով։ Բացի այդ, կա օրենք գիտական, գիտատեխնիկական գործունեության մասին, որը կարգավորում է գիտական ոլորտի հարաբերությունները, տալիս է գիտնականի, գիտաշխատողի սահմանումները։ Բայցն ՙերիտասարդ գիտնական՚, ՙերիտասարդ մասնագետ՚ կատեգորիաները կարծես հետին պլան են մղվել։ Անշուշտ, մենք հասկանում ենք պետության ֆինանսական վիճակը, հնարավորությունները, բայց այսօր կա այդ խնդիրը՚։  
Հարկ է նշել, որ հարցը երկարատև, բուռն քննարկումների տեղիք տվեց։ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանի խոսքով՝ Արցախի խորհրդարանում այդ խնդրի առնչությամբ ոչ մի քայլ չի արվել։ ՙԻնքս էլ զարմանում եմ. եթե այսքան ներուժ ունենք՝ ինչո՞ւ չաջակցել մեր երիտասարդներին։ Կարծում եմ, սա շատ կարևոր հարց է և տեղին բարձրացված։ Նման հարցերին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել, քանզի նրանք են մեր պետության հիմքը՚։ Պատգամավորի կարծիքով՝ Արցախի երիտասարդները տարին մեկ անգամ կամ երկու տարին մեկ պետք է դուրս գան արտերկիր, որպեսզի շատ բան տեսնեն ու իմանան, բայց կրկին վերադառնալու, այս երկրի համար աշխատելու պայմանով։ Իսկ նա, ով երկրի հաշվին աճեց, զարգացավ, գիտնական դարձավ և գնաց աշխատելու օտար երկրում՝ սա արդեն խղճի հարց է։ 
ՙՊետությունը պետք է և՜ ներդրումներ կատարի գիտության զարգացման համար և՜ օգնի երիտասարդ մասնագետներին ոտքի կանգնելու։ Անհրաժեշտ է, որ երիտասարդները մասնակցեն դրսում կազմակերպվող գիտական միջոցառումներին։ Մենք ինքներս, երբ գնում ենք որևէ երկիր և հետ վերադառնում՝ գալիս ենք փոխված, ավելի զարգացած աշխարահայացքով՚,- ասաց Դոնարա Գաբրիելյանը։
ՀՀ ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանը ողջունեց նման հարց քննարկելու նախաձեռնությունը։ ՙԱնշուշտ, եթե ֆինանսական ներդրումներ չլինեն՝ գիտությունը չի զարգանա,- ասաց նա։- Բայց մյուս կողմից՝ չպետք է գիտությունը դարձնել գումարների վատնման միջոց։ Կան մարդիկ, ովքեր ծրագիր են մշակում՝ առանց հաշվի առնելու դրա հրատապությունը և տրամաբանական ավարտը։ Եվ դա անում են ինչ-որ գումարներ շահելու համար։ Բայց, այսուհանդերձ, բարձրացված հարցն արդիական է։ Ունենք շատ երիտասարդ գիտնականներ, ովքեր նպաստավոր պայմաններ ունենալու դեպքում մեծ արդյունք կտան երկրին՚։       
Քննարկումների ժամանակ մասնակիցներն անդրադարձան երիտասարդ գիտնականների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, նրանց բնակարաններով ապահովելու, ինչպես նաև պետության կողմից գիտության ոլորտին լրացուցիչ ներդրումներ անելու խնդիրներին։ Նրանց կարծիքով՝ անհրաժեշտություն կա  ՀՀ նախագահի հովանու ներքո Հայաստանում գործող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պես ծրագիր կյանքի կոչել նաև Արցախում, ինչը հնարավորություն կտա ֆինանսավորել գիտական բազմաթիվ միջոցառումներ։ 
ԱԵԳՄՄ կազմակերպության կարևոր խնդիրներից են արցախագիտության զարգացումը և Արցախի գիտության ոլորտում սերնդափոխության հարցը։ Կազմակերպիչների հավաստմամբ՝ ներկայումս մեր հանրապետությունում գիտությամբ զբաղվողների թիվն այնքան էլ մեծ չէ։ ՙՍա մեր գործունեության առաջին փուլն է։ Նման քայլերով մենք ուզում ենք ձեռնամուխ լինել ԼՂՀ-ում գիտության երիտասարդացման ծրագրի մշակման աշխատանքներին, այնպես անել, որ ճիշտ օգտագործվի երիտասարդ գիտնականների ներուժը պետական և մասնավոր հատվածներում։ Արցախի գիտության բնագավառում սերնդափոխության խնդիր կա։ Կարևորում ենք նաև գիտության արդյունքը միջազգային հանրությանը ներկայացնելը (հնարավորության դեպքում), նման գործունեությամբ զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցելը։ Սա միաժամանակ կնպաստի Արցախը դրսի աշխարհին ներկայացնելու ընդհանուր գործընթացին՚,- ասաց կազմակերպության նախագահ Սիրանուշ Պետիկյանը։   
Քննարկումներից արված եզրահանգումը մեկն է՝ երիտասարդ գիտնականներն ու մասնագետները պետական հոգածության կարիք ունեն։ Կլոր սեղանի մասնակիցները լիահույս են, որ միջոցառումը կտա իր դրական արդյունքը։   
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ