Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

ԱրՊՀ-ում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ՙԱշակերտ-ուսանող-զինվոր. միասնության ուժը՚ ծրագրի եզրափակիչ փուլին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ռեկտոր Մանուշ Մինասյանը, Շարժման նվիրյալներ:

Ծրագրի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան գոյապայքարում զոհված ուսանողների հիշատակին կառուցված հուշաքարին ծաղիկներ խոնարհելով:

Ծրագրի ղեկավար` ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն  իր խոսքում նշեց, որ այն նախաձեռնվել է ուսանողների ուժերով և ընդգրկել է ԱՀ գրեթե ողջ տարածքը,  տևել  մոտ 3 ամիս: Ապահովված է եղել բացառիկ մասսայականացումը. ծրագրի իրականացմանը մասնակցել են  250 ուսանող, հանրակրթական դպրոցների  50 թիմ, շուրջ 400 աշակերտ: Մասնակիցները եղել են ՊԲ  զորամասերում, ներկայացրել մշակութային ծրագրեր,  կազմակերպել երթեր դեպի Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողներ, բարեկարգման աշխատանքներ իրականացրել Քարվաճառի ճանապարհին, Դադիվանքի համալիրում, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց  եկեղեցում, Տանկ հուշարձանի շրջակա տարածքներում, ԱրՊՀ   դասախոսները դասախոսություններով հանդես են եկել շրջանների դպրոցներում, կազմակերպվել են  տասնյակ հանդիպումներ կրթության շրջանային ղեկավարների, ուսուցչական, աշակերտական կոլեկտիվների հետ, բարեգործական ակցիա  Բերձորի գիշերօթիկ  հաստատության սաների համար` ներկայացնելով զվարճալի ծրագիր  և հանձնելով նվերներ: Այս ամենն իրականացնելու համար մշտական կապի  մեջ են  եղել ՊԲ հրամանատարության, ԿԳՍ նախարարության պատասխանատու աշխատողների հետ: Իրենց շահագրգիռ մասնակցությամբ ծրագրին նպաստել  են պաշտպանության նախարար, ՊԲ  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, օժանդակել են համալսարանի  վարչական և օժանդակ մասի աշխատակիցները: 

Եվ քանի որ ծրագրի գլխավոր նպատակը գիտելիքի փոխանցումն էր, կազմակերպվել են ինտելեկտուալ խաղեր: Հաղթող թիմերը հրավիրվել են  Արցախի պետական համալսարան` մասնակցելու ծրագրի եզրափակիչ փուլին: 

Պատահական չէր ընտրվել միջոցառման վայրը.  Ղարաբաղյան շարժման սկզբնական օրերին  բուհը, որն այն ժամանակ մանկավարժական ինստիտուտ էր, դարձել էր  համաժողովրդական պայքարի գիտական հիմնավորման օջախ: 88-ին սկսված ուսանողական շարժումները  ևս նպաստել են, որպեսզի Մայր Հայաստանի հետ  արցախահայության միավորման արդարացի պահանջը վերածվի համաժողովրդական շարժման:

ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը դրվատեց  ազատության  և շարժման գաղափարները  նման ձևով երիտասարդներին փոխանցելու մայր բուհի մտահղացումը, որտեղից  88-ին Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ալիքը հասավ հրապարակ, և Շարժումը դարձավ համաժողովրդական: 

Այդ օրերին բուհում տեղի ունեցած շարժումներից, մասնավորապես, իր կողմից հայտարարված հացադուլի մասին դրվագ ներկայացրեց Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Համլետ Գրիգորյանը: 

Այնուհետև բեմահարթակը տրամադրվեց ինտելեկտուալ խաղի մասնակիցներին`  շրջանային փուլի հաղթողներին: ՊԲ թիմի մասնակցությունը մրցույթից դուրս էր: Միավորների քանակով առաջին տեղը զբաղեցրեց Ասկերանի շրջանը ներկայացնող` շրջկենտրոնի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, որն էլ արժանացավ գլխավոր` ՙԱրՊՀ ռեկտոի գավաթ՚ մրցանակին: Բայց  ընդհանուր հաշվով հաղթեց միասնությունը: 

Միջոցառումից հետո ծրագրի  բոլոր մասնակիցները Արցախի 25-մետրանոց դրոշը բռնած երթ կազմակերպեցին դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ տեղի են ունեցել հայ ժողովրդի 20-րդ հարյուրամյակի դարակազմիկ իրադարձությունները: Երթի մասնակիցներին հրապարակում աղավնիներով դիմավորել են զինվորները` խորհրդանշելով, որ խաղաղությունը  պահպանում է Հայոց բանակը: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ