ՄԱՐՏՆՉՈՂ ՏՂԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Արցախյան պատերազմին մասնակցել են նաև հայ կանայք։ Ոմանք զոհվել են մարտի դաշտում, ոմանք վերադարձել ու ապրում են մեր կողքին։ Նրանց կռիվը, պատմություններն ու անունները շատերին է հայտնի։
Արցախի ազատամարտիկների միության անդամ Մանուշակ Սարգսյան. նուրբ էությանն համահունչ անուն-ազգանունով կին, ով անմիջական մասնակիցն էր Շուշիի ազատագրմանը։ Ծնվել է 1964 թվականին Շուշի քաղաքում։ Ավարտել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը, ապա` Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը։ Լենինյան թոշակառու էր, գերազանց դիպլոմով։ 1984 թվականին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ուսանողուհի էր։ Ընտանիքը Շուշիից տեղափոխվեց Ստեփանակերտ։ 1990 թվականին` ավարտելով ինստիտուտը, վերադառնում է Ստեփանակերտ և աշխատանքային կենսագրությունն սկսում տեղի ծննդատնից` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, զուգահեռ մանկաբարձություն և գինեկոլոգիա էր դասավանդում Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում։
Շարժումը գնալով հասունանում էր։ Շուտով բժշկական ուսումնարանի ուսանողադասախոսական կազմով ստեղծվեց խումբ, որի նպատակը ֆիդայիներին բուժօգնություն ցուցաբերելն էր, ռազմի դաշտում նրանց կողքին գտնվելը։ Այդ ժամանակ ռմբակոծվում էին թե՜ Ստեփանակերտը, թե՜ շրջակա գյուղերը։ Եվ քանի որ թիրախում Կարմիր շուկայի, Սարուշենի ուղղություններն էին, և ծննդաբերելու կամ այլ բուժօգնություն ստանալու համար մայրաքաղաք հասնել հնարավոր չէր, կամավոր մեկնեց Կարմիր շուկա և սկսեց աշխատել տեղի հիվանդանոցում՝ բուժօգնություն ցուցաբերելով հղիներին, վիրավորներին, շրջակա գյուղերի բնակիչներին։
ՙ1992 թվականն էր, Շուշիի ազատագրման պլանն էր մշակվում։ Բնականաբար, կամավորագրվեցի: Իսկ պատերազմի էինք գնում հաղթելու, հետո էլ՝ հաղթանակած խաղաղություն ունենալու համար։ Վստահ էինք, որ միայն ու միայն հաղթանակ պիտի ունենանք, երկրորդ տարբերակ չկար։ Թվում էր` Շուշիի ազատագրմամբ կավարտվի պատերազմը, բայց, ավա՛ղ... Շուշին արդեն մերն էր։ Զգացողություններս յուրահատուկ էին. ինձ համար հարազատ մի վայր, ուր միախառնվել էին իմ անցյալն ու ներկան։ Ցավ էի ապրում, ուրախություն, խոր կսկիծ։
Պատերազմից խամրած հիշողություններ չունեմ. և՜ լավը, և՜ վատը մնում են։ Դա մի վեհ զգացողություն է, որ ոչ ոք չի կարող վերցնել ինձանից։ Պատերազմը խլեց առողջությունս, բայց տվեց հպարտություն, լավ ընկերներ, վեհ արժեքներ, որոնք ո՜չ կարող ես գնել, ո՜չ` վաճառել։ Պատերազմը խլեց իմ լավ ընկերներին։ Նրանք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց կապը նրանց ընտանիքների հետ շարունակվում է։ Եվ եթե նորից ապրելու հնարավորություն ունենայի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ, ես ոչնչի համար չեմ ափսոսում, միշտ արել եմ այն, ինչ պետք է անեի։ Հերոս չեմ, սովորական հայուհի եմ, ով շարժվել է ժամանակի հրամայականով, ով իր պարտքն է կատարել հայրենիքի հանդեպ։ Պատերազմում, առհասարակ, կնոջ ներկայությունը կարևոր է։ Այն ոգևորում, ոգեշնչում է մարտիկներին։ Կնոջ ուշադրությունը, հոգատարությունը շատ բան են փոխում մարտնչող տղաների մեջ՚։
Մեր հերոսուհին հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ նվիրվածությունը ցուցաբերել է նաև Մարտունիում, Հադրութի շրջանի Տող գյուղում։ Այս ամենին զուգահեռ` նրա շնորհիվ մեր հայրենիքում ծնվել են և առայսօր էլ շարունակում են լույս աշխարհ գալ բազում փոքրիկներ։ Պատմական Շուշին բարգավաճում է այսօր, շենանում։ Ուրիշ էլ ի՞նչ զգացումներով կարող ես համակվել, եթե ոչ հիացմունքով ու հպարտությամբ։
Շնորհավոր Եռատոն։