ՇՈՒՇԻԻ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԴՈՒՍՏՐԸ
Մելանյա ՄԻԼՈՆՅԱՆ
Կարինե Դանիելյանի կյանքում մեր Շարժումն ու Ազատամարտը բախտորոշ դեր խաղացին` նորովի իմաստավորելով ապրած յուրաքանչյուր օրն ու ժամը: Երբ եկավ վճռական պահը, աղջիկը զինվորագրվեց առանց վարանելու, իսկ մորն այսպես համոզեց. ՙԱմեն տնից մեկը պիտի կռվի, մեր տնից էլ ես եմ լինելու՚: Նա կարճ ժամանակում տիրապետեց ավտոմատին, իսկ հարկ եղած դեպքում ձեռքն էր առնում սանիտարական պայուսակը, փոխարինում բուժքույրերին:
Կարինեն ծնվել ու հասակ է առել Շուշիում, ավարտել է քաղաքի հ.2 ֆիզմաթ թեքումով միջնակարգ դպրոցը: Նա առարկայական օլիմպիադաների ակտիվ մասնակիցն էր, հուզում էր բոլորին իր գեղեցիկ ասմունքով, մասնակցում սպորտային մրցումներին, իսկ շախմատում միշտ առաջինն էր: Ընդունվեց հաշվապահական դպրոց, որն ավարտեց գերազանց գնահատականներով: Աչքաբաց աղջիկ էր, ամեն գործի վստահությամբ էր ձեռք զարկում. հաշվապահ, թարգմանիչ, գործավար, գանձապահ…ոչ լրիվ ցանկն է Շուշիում նրա կատարած աշխատանքների:
Ազգամիջյան բախումները, ազգային արժանապատվության ոտնահարումը շուշեցի հայերի համար իրենց ծննդավայրը դարձնում էին անձուկ ու անհեռանկարային: Կարինեն չդիմացավ և 1984թ. մեկնեց Պյատիգորսկ, որտեղ մեկ ամիս անց արդեն աշխատանքի էր անցել: 88-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Մոսկվայից Կենտրոնական հեռուստատեսությունն սկսեց աղավաղված ու ստապատիր իր հաղորդագրություններով մոլորության մեջ գցել խորհրդային երկրի քաղաքացիներին: Պյատիգորսկում Կարինեն աշխատում էր կարի ֆաբրիկայում. 5-րդ արտադրամասի բրիգադի վարպետն էր և չէր կարողանում անտարբեր նայել օրավուր աճող հակահայկական հիստերիային:
Եվ ահա մի անգամ, երբ Մոսկվան հերթական անգամ իրականությունը գլխիվայր շրջված ներկայացնող մի ռեպորտաժ էր ցուցադրում` իբր քարինտակցիները վառվող անվադողեր են գցել Շուշիի վրա և մարդկային ու նյութական ծանր կորուստներ պատճառել ադրբեջանցիներին, կոլեկտիվը լարվում է Կարինեի դեմ: Սկսում են մեղադրել հայերին ծայրահեղականության և սադրիչ գործողությունների համար, անգամ պահանջում են աղջկան հեռացնել աշխատանքից: Կարինեն ստիպված է լինում փնտրել-գտնել Շուշիի առողջարաններում նախկինում հանգստի մեկնած մի քանի ռուս կանանց, ովքեր հերքում են այդ անհեթեթ հերյուրանքը` պարզաբանելով տեղանքի հակադրությունը` Շուշիի բարձր դիրքը Քարինտակի համեմատ: Ֆաբրիկայի տնօրենը ստիպված է լինում ներողություն խնդրել, բայց Կարինեն համառում է և պահանջում հավաքել ողջ կոլեկտիվին ու ասել իսկությունը: Եվ ահա վեցհազարանոց կոլեկտիվի առջև տնօրենը խոստովանում է, որ իրենք անարդար են վարվել աղջկա հետ, ով հիմնավոր ապացույցներով ժխտել է Կենտրոնական հեռուստատեսության ապատեղեկատվությունը:
Մի անգամ էլ հեռուստացույցով նողկալի մի տեսարանի ականատես եղավ. Շուշիի հացի գործարանի կուսկոմի քարտուղար Աշխեն Գրիգորյանը, որի հետ ժամանակին ինքը աշխատել է, և որը թուրքի հետ էր ամուսնացած, տեսախցիկի առջև ավտոկայանում կոնֆետ էր բաժանում իր երբեմնի աշխատակիցներին` ասելով. ՙՄատաղ լինեմ Շուշիի ժողովրդին, մենք Ադրբեջանի ղեկավարությունից բողոք չունենք, Ստեփանակերտը թող լռի՚: Մինչ այդ էլ Կարինեն չի սիրել նրան` համարելով դավաճան և, ընդհանրապես, նա դեմ էր խառնամուսնություններին. ՙԱյն հայը, ով թուրքի հետ է ամուսնանում, զրկվում է իմ հարգանքից, ես նրան երբեք չեմ հրավիրի մեր տուն կամ մի բաժակ թեյի՚, - անկեղծանում է Կարինեն: Ամբողջ գիշեր աղջիկը չկարողացավ աչք փակել, առավոտյան զանգեց տուն, բայց, ինչպես միշտ, տնեցիները խնայեցին նրան, ասելով, որ ամեն ինչ լավ է:
Հոգեկերտվածքի ձևավորման գործում անչափ մեծ էր հոր դերը: Հայր ու աղջիկ դեռ այն տարիներին հստակ գիտակցում էին թուրքի նպատակը, որն այնքան դիպուկ ձևակերպել էր Հ. Սահյանը. ՙԵթե մեկը անցյալդ է ուզում գողանալ և վերագրել իրեն, ինչ ասել կուզի, պատրաստվում է զրկել քեզ ապագայից՚: Հայ ժողովրդի պատմությանն ու ազգային գործիչներին ծանոթ էր հոր պատմածներից, Զորավար Անդրանիկի մասին էլ առաջին անգամ հորից էր լսել: Փոքրամարմին այդ մարդու մեջ մեծ ոգի էր ապրում: Քաղաքի փոստատան հեռագրության բաժնի պետն էր և Բաքու կամ Մոսկվա ուղարկվելիք հեռագրերը սովորաբար ինքն էր ձևակերպում, վերջնական տեսքի բերում: Եվ ահա 89-ին, երբ Արցախյան շարժումը գնալով թափ էր առնում, Շուշիի ղեկավարությունը Բաքվից հրահանգ է ստանում հերթական ստահոդ հեռագիրն ուղարկել Մոսկվա, որով Շուշիի հայերն իրենց համերաշխությունն են հայտնում տեղի ադրբեջանցիներին և հրաժարվում ստեփանակերտցիների պահանջից` Արցախի` Մայր Հայաստանի հետ վերամիավորումից: Հնարամիտ հայրն այնպես է փոփոխում տեքստը, որ բառերը մնում են նույնը, բայց իմաստն արդեն` ճիշտ հակառակը: Մոսկվայից լուրը հասնում է Բաքու, թե ինչպես թույլ տվիք, որ նման հեռագիր ուղարկվի, Բաքուն էլ իր հերթին Շուշիի ղեկավարությանն է սաստում, վերջիններս գիշերվա ժամը 3-ին գալիս, տնից հանում են Աշոտ Դանիելյանին և փոստատան նկուղում այնքան են ծեծում, որ կուրանում է: Հաջորդ օրը ծեծված ու ջարդված նրան բերեցին տուն: Կարինեն շատ ուշ իմացավ հոր հետ կատարվածի մասին և Ռուսաստանից շտապեց տուն: Վերադարձավ ոչ թե Շուշի, այլ` Ստեփանակերտ, ուր հարազատները ապաստանել էին հանրակացարանում: 1989-ի մայիսի 26-ն էր, 5 օր անց հայրը մահացավ` այդպես էլ չկարողանալով տեսնել սիրելի դստեր դեմքը: Շուշիի ազատագրումից հետո Կարինեն մոր` տիկին Ռիմայի հետ տեղափոխվեց Շուշի, սակայն նրանց տունը հիմնահատակ ավերվել էր…
Իսկ Շարժումն օրեցօր մեծ թափ էր հավաքում, որն աստիճանաբար վերածվեց պատերազմի:
ՙ93-ի օգոստոսի 17-ի մարտերը Կուբաթլուում ամենադաժանն էին, - վկայում է Կարինեն:- Նախօրյակի գիշերը բարձունքը գրավելիս տղաներից երեքը վիրավորվել էին: Աղջիկները նրանց տեղափոխել էին դաշտային հոսպիտալ, բայց դեղորայքով լեցուն մի պայուսակ էին թողել` հանկարծ պետք կգար: Այդ գիշեր թշնամու ականանետը չլռեց: Մենք պատրաստ չէինք, չգիտեինք` ինչքան ենք մնալու այդտեղ. ո՜չ խրամատ էինք փորել, ո՜չ պատսպարվելու տեղ կար: Կրակի հեղեղ էր տեղում մեզ վրա… Իմ տեսած մարտերից ամենաահավորն էր, չէի հասցնում մեկին վիրակապել, մյուսն էր օգնության կանչում, երկու րոպեում` վեց վիրավոր… Ցավոք, մերոնցից շատերին կորցրինք…՚: Հենց այստեղ էլ, հերթական վիրավոր ընկերոջն առաջին բուժօգնությունը ցույց տալու պահին, կողքին պայթած արկից վիրավորվում է Կարինեն: Նրա վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկները ոչ մի հույս չէին տալիս, շաբաթներ շարունակ նա պառկած էր անգիտակից վիճակում, և միայն մայրն էր, որ հավատում էր հրաշքին…
Դստերը 7 վերքով, գրեթե անկենդան, աղջիկները` Թառանյան Մարգարիտն ու Թամրազյան Անահիտը, վիրակապում, տեղափոխում են հոսպիտալ: Չորս օր անզգա վիճակում մնալուց հետո տեղի բժիշկներն ուղարկում են Երևան: Երեք ամիս` օր ու գիշեր մայրը խնամում էր Կարինեին:
Հրաշքով փրկված Կարինեն կորցրել է աշխատունակությունը, առաջին կարգի հաշմանդամ է, բայց հեշտությամբ հանձնվողներից չէ. մորից սովորած ասեղնագործությունն ու հելունագործությունը լցրին նրա կյանքի պարապը: Նրա ձեռքերն այսօր իսկական արվեստի գործեր են արարում, որոնք իրենց նուրբ բանվածքով ու բազմազանությամբ վկայում են ստեղծողի հոգու գեղեցկության մասին:
Կարինե Դանիելյանի մարտական ծառայությունները բարձր են գնահատվել. պարգևատրվել է ՙՄարտական ծառայություն՚, ՙԱրիության համար՚, ՙՄարշալ Բաղրամյան՚, ՙՎազգեն Սարգսյան՚, ՙՄայրական երախտագիտություն՚ և ՀՀ երկրապահների միության հուշամեդալներով:
Կարինեն այսօր ապրում է մոր հետ: Առանց նրա օգնության աղջիկն ի վիճակի չէ հոգալու ամենամանր կարիքներն անգամ: Թեպետ ծանր է գիտակցել, որ յուրաքանչյուր քայլի կամ գործողության համար կարոտ ես կողմնակի օգնության, այնուամենայնիվ, հեռու է նվնվալուց, լավատեսորեն է նայում վաղվան, քանզի ամենամեծ երազանքը դեռ առջևում է` Արցախի Հանրապետության ճանաչումը աշխարհի երկրների ու պետությունների կողմից: Հպարտ է, որ իրեն բախտ է վիճակվել կռվելու և պայքարելու հայրենիքի ազատության համար, իսկ ամենամեծ հպարտությունը փլատակներից հառնող ու վաղեմի մշակութային կենտրոնի փառքին ձգտող Շուշին է` երեխաների ուրախ ճռվողյունով ու շինարարական եռուզեռով լեցուն առօրյայով: