ՇՈՒՇԻԻ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Շուշիի փառահեղ ազատագրումը իրավամբ մտավ մայիսյան մեր մեծ ու պանծալի հաղթանակների պատմության շրջադարձային էջերի մեջ: Այդ ռազմագործողության և հետագա մի շարք շրջադարձային գործողությունների ընթացքի շուրջ զրուցեցինք Շուշիի ազատագրման օպերացիայի Շոշ գյուղի ուղղության հրամանատար Արկադի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Հակառակորդը Շուշիից դամոկլյան սրի պես վտանգի տակ էր պահում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հնարավո՞ր էր ավելի վաղ կազմակերպել բերդաքաղաքի գրավումը:
-Տեսանելի ու զգալի վտանգից բացի Շուշին ուներ ռազմավարական նշանակություն. Շուշիով էր անցնում ամենակարճ ճանապարհը դեպի Հայաստան, այսինքն՝ վերամիավորման գաղափարի մարմնավորումը: Շուշիի ազատագրումը կարևոր էր նաև զուտ հոգեբանական առումով, քանի որ բոլորի ուղեղներում, անգամ ադրբեջանցիների, արմատներ էր ձգել այն միտքը, որ Շուշին Ղարաբաղի սիրտն է, և ով տիրի Շուշիին, նա էլ կհաղթի: Ինչ վերաբերում է ժամկետի ընտրմանը, դա նույնպես ուներ իր պատճառները: Նախ` Ղարաբաղում Խորհրդային զորքերի ներկայության պայմաններում անհնար էր նման մասշտաբային ռազմական գործողության կազմակերպումը: Իսկ դրանք վերջնականապես հեռացել են 1992-ի փետրվարին: Բնակչության մեծամասնությունը մտովի շարունակում էր ապրել Խորհրդային Միությունում, ինչը ևս մեծ խոչընդոտ էր: Ի դեպ, հրետակոծումը Շուշիից արագ փոխեց մարդկանց մտածելակերպը և դրդեց արագ անցնել նվաճողական հոգեբանության: Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը սկսվեց Խորհրդային զորամասերի հեռանալուց հետո, հատկապես, որ զինանոցում արդեն առկա էր մի շարք գյուղերի ազատագրման փորձը: Միևնույն ժամանակ հասկանում էինք, որ Շուշիի ազատագրման օպերացիան պահանջում էր պլանի ավելի գրագետ, ավելի մանրազնին մշակում: Ռազմագործողությունը պետք է կազմակերպվեր ավելի վաղ, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) այն հետաձգվել էր, և վերջնականապես մայիսի 4-ին ստորագրվել է Շուշիի ազատագրման մարտական հրամանը:
-Ի՞նչ ուժեր էին ներգրավված օպերացիայում:
-Ինչպես գիտենք, ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը պետք է միաժամանակ անցնեին հարձակման: Ես հրամանատար էի Շոշի (արևելյան) ուղղությանը: ՙ26-ի՚ դիրքի (հյուսիսային) ուղղության հրամանատարն էր Վալերի Չիտչյանը, Լաչինի (հարավային) ուղղությանը` Սամվել Բաբայանը, Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղության` Սեյրան Օհանյանը, պահեստազորի հրամանատարն էլ Յուրի Հովհաննիսյանն էր: Բոլոր հարցերը լուծված էին: Այդ թվում նաև սահմանների պաշպանության խնդիրը, որը կարևոր հարցերից էր: Պետք է ասեմ, որ բոլոր այդ ուղղություններն ունեին դժվարլուծելի խնդիրներ, որոնք հմուտ ղեկավարությամբ կազմակերպվեցին լավագույն տարբերակով: Ցավոք, ունեցանք զգալի քանակով զոհեր Քյոսալարի, Ջան-Հասանի ուղղությամբ: Իմ ուղղությունով, երևի, բոլորին է հայտնի, աչքի է ընկել 1-ին վաշտի հրամանատարը` Աշոտ Ղուլյանը, ով անձնական օրինակով քաջալերել է զինակիցներին, որոնց էլ հաջողվել է ազատագրել բանտի տարածքը: Պետք է նշեմ շոշեցիների օգնության մասին, որոնք մասնակցել են գրոհին՝ պատրաստ անմիջապես փոխարինելու զոհված կամ վիրավորված մարտիկներին: Ընդհանրապես՝ բոլորի ուղեղներում՝ թե՜ բնակչության, թե՜ մարտիկների, մեխված էր Շուշիի ազատագրման միտքը, ինչը, իմ կարծիքով, կարևոր շարժառիթ էր հաջողության հասնելու համար:
-Ինչո՞վ բացատրել այդ դժվար օպերացիան համեմատաբար հեշտ, քիչ զոհերով իրագործելու ընթացքը:
-Եթե ապավինեինք ռազմական գիտությանը, պետք է անգամ չփորձեինք նախաձեռնել նման օպերացիա՝ հաշվի առնելով նախ Շուշիի դիրքը, պաշտպանվածությունը, այնտեղ կուտակված զինամթերքի պաշարները, ադրբեջանցիների զինուժի տրամադրության տակ գտնվող զինտեխնիկան, մարդկային ռեսուրսը և այլն: Բայց երբ ունես արդարացի իղձ, և այն ամեն գնով կյանքի կոչելու նպատակ, ու հանուն այդ նպատակի կյանքով հատուցելու պատրաստակամություն, Աստված բացում է իր դռները և ստեղծում այնպիսի իրավիճակներ, որ անհնարինը դառնում է հնարավոր: Անշուշտ, Աստված դա արել է մեր միջոցով. մենք նախապատրաստվել ենք թե՜ ռազմական տեսակետից, թե՜ մարմնով ու մտքով՚: Անգիտակցորեն իրականացվել է Աստծո այն պատվիրանը, որ պիտի ծառայես մի Աստծո, քանի որ երբ ծառայում ես երկուսին, միտքդ կիսվում է, և մեծ նպատակներին չես կարող ծառայել: Համոզվել եմ, որ Շուշիի ազատագրումը և նմանատիպ այլ հաղթանակները և միջադեպերը նպաստել են դեպի հավատքի գալուն:
-Շուշիից հետո ազատագրվեց Լաչինը, թշնամին խուճապահար փախչում էր, և կար տեսակետ, որ պետք է շարունակել հաղթարշավը մինչև Արաքս:
-Այդ տեսակետը կար, անգամ առաջարկ կար շարունակել գործողությունները թե՜ դեպի Արաքս, թե՜ դեպի Քելբաջար: Եթե այդ տեսակետն ընդունվեր, պատերազմն ավելի վաղ և քիչ զոհերով կավարտեինք, քանի որ դիմադրության համար կազմակերպվելու ժամանակ չէր մնալու: Ցավոք, մի քանի գործոններ անբարենպատ գտնվեցին: Կարևոր գործոններից էր բնակչության, մարտիկներին պատած էյֆորիան, որ ճանապարհը բաց է դեպի մայր Հայաստան, ՙՄիացում՚-ը, կարելի է ասել, իրագործված է: Երկար ժամանակ շրջափակման մեջ գտնվող ժողովուրդը շունչ քաշեց, և սկսվեց հոսքը դեպի Հայաստան, Ռուսաստան, մի խոսքով՝ դեպի բարեկամներ: Մոռացան, որ պատերազմը չի ավարտվել, թշնամին էլ օգտագործեց այդ ժամանակն իր օգտին: Մենք քաղաքական առումով կրթված չէինք, շատ բաներ չէինք հասկանում: Կարելի է ասել, մեզ պարտադրեցին սովորել: Համոզված եմ՝ եթե Լաչինի ազատագրումից հետո շարունակեինք մարտական գործողությունները նշված երկու ուղղություններով, Մարտակերտի գրավումը տեղի չէր ունենա: