ԿՆՈՋ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նրանք վիրավորների միակ հույսն էին թե՜ մարտի դաշտում, թե՜ թիկունքում: Երբ թշնամին հանկարծ ճեղքում էր պաշտպանությունը, մարմնով ծածկելով վիրավորներին, նրանք ընդունում էին մարտը, հավասար կռվում տղամարդկանց հետ, հերոսանում նրանց համահավասար: Հետո վայր էին դնում զենքը, կրակի գծից հանում վիրավորներին, հոսպիտալներում, հիվանդանոցներում կանգնում վիրաբույժի կողքին, շունչը պահած նաև աղոթում ամեն ազատամարտիկի համար: Խոսքը Արցախյան պատերազմի ողջ ցավն ու արհավիրքներն ապրած մեր հարյուրավոր բուժքույրերի մասին է: Նրանց մասին շատ է գրվել ու դեռ պիտի գրվի, ու ամեն անգամ պատմածը կլինի թերի, քանի որ անասելի համեստ են մեր պատերազմի իսկական հերոսուհիները: Նրանցից մեկն է Զուխրա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
Ծնվել է Ստեփանակերտում, ավարտել բժշկական ուսումնարանը, սիրում էր իր ընտրած մասնագիտությունը, և Ստեփանակերտի շտապօգնության կայանում, որտեղ աշխատում էր արդեն 20 տարի, նրան գիտեին որպես հմուտ ու բանիմաց բուժքրոջ: Թվում էր` խաղաղ մասնագիտություն էր ընտրել, բայց հայրենիքի դռներին հասած պատերազմն ստիպեց այլ կերպ նայել իր մասնագիտությանն ու աշխատանքին: 1991թ. նոյեմբերից Զուխրան արդեն կամավորագրվել էր Ստեփանակերտի ինքնապաշտպանական ջոկատների միավորմանը, որը հետագայում վերանվանվեց Առաջին վաշտ: Հերոսական վաշտի զինվորների նման է, չի սիրում խոսել, պատմել իր բաժին պատերազմի մասին: ՙՊատերազմը միայն տղամարդու տեղ չէ, հայրենիքը նաև մերն է, ու կանայք ևս պետք է պաշտպանեն հարազատ հողն ու տունը` ով ինչպես կարող է: Ես այսպես էի մտածում, ու այստեղ հերոսական ոչինչ չկա: Իմ զենքը դաշտային պայուսակն էր, ձգտում էի լինել ամենուր, ուր մարտեր էր մղում մեր վաշտը: Ոչ, պատերազմը չի կոպտացնում: Ընդհակառակը, ցավը, վիշտը, որ քեզ տանջում են ամեն անգամ, երբ գիտես, որ ծանր վիրավորին հնարավոր չի լինի փրկել, երբ մահանում է դեռ նոր կյանքի արշալույսը դիմավորած պատանին, քեզ ավելի դյուրազգաց են դարձնում և ավելի հաստատակամ, երբ տեսնում ես, որ քո բուժած երիտասարդը ոտքի է կանգնում ու կռվի դաշտ վերադառնում՚,-ասում է նա:
Մարտերից բոլոր հիշողությունները վառ են, իսկ ամենավառը Շուշիի ազատագրումն է: Մայիսի առաջին օրերին Զուխրան մարտական ընկերների հետ Սղնախի անտառում էր: Շուշիի վրա հարձակումը նախատեսված էր մայիսի սկզբին, սակայն անսպասելիորեն տեղացած առատ ձյունը խանգարեց: ՙԵս փրկարարների հետ Բիլյարի պոստում էի,- հիշում է նա: - Երկու վիրավորների բերեցին մեզ մոտ, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց հոսպիտալ ուղարկեցինք, ցավոք, նաև մեկ զոհ ունեցանք: Շուշին մեր տղաներին ավելի վստահ ու լավատես դարձրեց: Դա իսկապես մեր ժողովրի ամբողջ պատմության ամենակարևոր նվաճումներից մեկն է: Իսկ մենք մայիսի 10-ին արդեն Ասկերանում էինք, հետո՝ Մարտակերտում, Աղդամում, Ֆիզուլիում, Ջեբրայիլում՚:
Ռազմական բուժքրոջ համար պատերազմի ամենածանր հուշերն, իհարկե, մահերն են: ՙԵրբ 16-17 տարեկան պատանիներն էին ծանր վիրավորվում, ես վիրակապում էի նրանց ու լաց լինում, այնպես, որ նրանք չնկատեն իմ արցունքները, հավատացնում էի, որ հոսպիտալում շատ արագ ոտքի են կանգնելու: Ես հպարտ եմ, որ իսկական հերոսների կողքին եմ եղել այդ տարիներին՚:
Զուխրան իր պատերազմը նաև Ապրիլյան քառօրյայի ժամանակ շարունակեց: Արցախյան պատերազմի վետերանների հետ ներկայացավ մայրաքաղաքի կենտրոնակայան և նույն օրն արդեն Թալիշում էր: Ամբողջ երկու ամիս մնացել է Տոնաշենում (ՙԵղնիկներում՚), նախկին մարտական ընկերների հետ սեփական ներկայությամբ ավելի բարձրացրել զինվորների ոգին, փորձով ու խորհուրդներով օգտակար եղել նրանց: Նրա կատարածը գնահատվել է. պարգևատրվել է ՙՇուշիի ազատագրման համար՚ մեդալով և ՙՄայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին՚ հուշամեդալով։
Զուխրա Հայրապետյանն այսօր չի աշխատում, զինվորական կենսաթոշակ չի ստանում: Ապրում է մենակ: ՙԱյդպես է ստացվել՚,-ասում է նա: Փափկանկատորեն շրջանցում է ՙինչպե՞ս եք ապրում՚ հարցը: Հետո ասում է. ՙԻնձ ոչ ոք չի դրդել գնալու այդ քայլին, ինքս որոշել եմ համեստ ուժերիս չափով օգնել կռվողներին: Դրա դիմաց պետք է պահանջնե՞ր ներկայացնել: Ես դա սխալ եմ համարում՚: