ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ
Արցախյան ազատամարտի նվիրյալներից Վարդան Ստեփանյանը երազում էր ազատագրել և ապրել Շուշիում։ Հենց սա էր պատճառը, որ, չնայած առողջական վիճակին, նա խնդրել էր իրեն անպայման ընդգրկել ՙՀարսանիք լեռներում՚ ռազմագործողությանը։
Վարդան Ստեփանյանը, որ առավել հայտնի է Դուշման Վարդան անունով, մեծ ներդրում է ունեցել Շուշիի պաշտպանության գործում։ Մարտական ընկերը՝ Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, ասում է, որ 1992 թվականի մայիսի 12-ին հակառակորդը փորձել է հարձակվել ու վերագրավել բերդաքաղաքը։ Հասկանալով, այս ամենը՝ Վարդանն առաջարկել է հակառակորդի ականները հանել և տեղադրել Շուշի տանող ճանապարհներին. ՙՀենց առջևից շարժվող տանկը պայթում է ականի վրա, պայթում է նաև ԲՄՊ-1 տիպի զրահամեքենան։ Տղաները վնասազերծում են երկրորդ զրահամեքենան, և հակառակորդը, մարտի դաշտում թողնելով բազմաթիվ դիակներ, այդ թվում` այդ զրահատեխնիկան, հետ է նահանջում։ Կարելի է ասել՝ Վարդանի ղեկավարած մարտի արդյունքում հնարավոր եղավ նորից պահել Շուշին՚,- տեղեկացնում է Ա. Ղարամյանը։
Շատերի համար գուցե նորություն է, բայց գուսան Հայկազունի ՙՊատերազմ ենք գնում՚ երգը հենց Դուշման Վարդանի մասին է։ Մայրը՝ Զարուհի Ստեփանյանը, հիշում է. որդու հետ պայմանավորվել էին պատերազմից հետո ապրել Շուշիում։ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողը 88-ին գիտեր ինչ էր անելու և ինչպես: ՙԴեռ 88 թվականին ՙԱռագաստում՚ նստած՝ Երևանում, ընկերների մոտ երդվում է, ասելով, որ առաջինը պետք է մտնեմ Շուշի և Լաչինով տուն վերադառնամ։ Իսկ ընկերները ժպտում էին, գեղեցիկ աղջիկներն էլ, նայելով Վարդանին, հարցնում են. ՙՇուշի ես երազում, ո՞վ քեզ Շուշի կտա՚։ Բայց որդուս երազանքը կատարվեց՚,-ասում է Զարիկ մայրիկը։
Վարդան Ստեփանյանը զոհվել է 1992 թվականի հուլիսի 2-ին՝ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մերձակայում։ Գիտեր, որ կընկնի միայն դավադիր ականից։ Քույրն ասում է, որ Վարդանի ներկայությունն ընտանիքի անդամները բերդաքաղաքում ավելի շատ են զգում, դրա համար հաճախ են լինում այստեղ։ Քաղաքի Մանուկյան 1 հասցեում կգործի Դուշման Վարդանի տուն-թանգարանը։ Արմենուհին ուրախ է, որ եղբոր բոլոր երազանքները կատարվում են: ՙԵղբորս բոլոր երազանքներն այսուհետև կկատարվեն, որովհետև դրանք բոլորն էլ անանձնական են։ Որովհետև երբեք Վարդանն իր համար ոչինչ չի երազել։ Մեկ անգամ միայն ասաց. ՙԻնձ երկու մետր հող է պետք, այն էլ չգիտեմ՝ կարժանանա՞մ, թե ոչ՚։
Դուշման Վարդանի տուն-թանգարան հիմնելու գաղափարն իրագործվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Վարդանի մարտական ընկերների աջակցությամբ։ Թանգարանի բացման կապակցությամբ ներկաներին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Տուն-թանգարանը բացելու պատիվը տրվել է պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և Զարիկ մայրիկին։ Ստեփանյանների գերդաստանում երկրորդ Վարդանն է ծնվել՝ Դուշման Վարդանի եղբորորդին։ Ի դեպ, նա նույնպես կապված է Շուշիին և արդեն մտածում է այստեղ տեղափոխվելու մասին։ Ասում է՝ ուր էլ որ ապրի, միշտ բարձր է պահելու Դուշման Վարդանի անունը. ՙԱպրելակերպի մեջ պետք է այնպես անեմ, որ ոչ մի սխալ թույլ չտամ, որովհետև սա ոչ թե քո անունն է, այլ Դուշման Վարդանի, որի եղբորորդին ես։ Եվ ապրում եմ ոչ միայն ինձ համար, այլ նաև Վարդանի համար, Վարդանի կյանքով, Վարդանի պատվի համար՚։
Տուն-թանգարանն օրհնել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ քահանա Մկրտչյանը։ Մարտական ընկեր Արթուր Հովհաննիսյանն ասում է. սա Վարդանի հյուրընկալ օջախն է, որտեղ հաճախ են հանդիպելու զինվորներին՝ նրանց փոխանցելով Դուշման Վարդանի պատգամները, որոնք միայն հայրենիքի մասին են:
Դուշման Վարդանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողության մշակութային մասն ապահովել են Հայաստանից ժամանած ՙԿարին՚ ավանդական երգի-պարի և պաշտպանության բանակի ՙԱսպետ՚ համույթները։
Հավելենք, որ Վարդան Ստեփանյանի առաջին տուն-թանգարանը գործում է Երևանում։ Այնտեղ պահվում են Վարդանի անձնական իրերը, լուսանկարները։ Այստեղ նաև գործում է հանրային գրադարան, որի դռները բաց են բոլորի համար։ Իսկ Շուշիի փողոցներից մեկը տարիներ առաջ անվանակոչել են Վարդան Ստեփանյանի պատվին։
;