ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր
1995 թվականին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում սկսեց գործել շրջանային բուժմիավորումը ռազմաճակատային բժիշկ, Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ, գրող, հասարակական գործիչ Արցախ Բունիաթյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցը տեղակայվեց երկհարկանի շենքում, որի պայմանները չեն համապատասխանում բուժական հաստատության պահանջներին։ 2011թ. գարնաը կայացավ բուժմիավորման նոր, եռահարկ շենքի հիմնարկեքը։
Անցած տարիներին ընդհատումներով կատարվեց շենքի կառուցումը, որը ձգձգվում էր տարբեր պատճառներով։ 2018-2019 թվականներին Արցախի կառավարության հատկացումներով է ընթանում շինարարությունը, որը կատարում է ՙՍուր-Նարեկ՚ շինարարական ընկերությունը՝ Պարթև Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Այժմ շենքը գրեթե պատրաստ է։
Օրերս հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության, առողջապահության նախարարներ Կարեն Շահրամանյանի, Արայիկ Բաղրյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի և այլ պաշտոնատար անձանց հետ այցելեց բուժմիավորման շինհրապարակ, ծանոթացավ կատարված աշխատանքներին, տվեց հանձնարարականներ։ Այս օրերին կատարվում են շինարարական վերջին աշխատանքները, զուգահեռաբար շենքում տեղակայվում է անհրաժեշտ գույքը։ Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխհսկիչ Գագիկ Ասրյանը գրեթե ամեն օր լինում է այստեղ, հսկում ընթացող աշխատանքները։ Կենտրոնական մուտքի մոտ փոքր հրապարակ կա, որտեղ պետք է տեղակայվի Արցախ Բունիաթյանի կիսանդրին։ Քիչ վերևում՝ հսկա լորենու հարևանությամբ, գործելու է աղբյուր։ Շուտով կտեղակայվեն կաթսայատան սարքավորումները, հատուկ` 50մ/վ հզորությամբ գեներատորը, որը կգործի ընդհանուր հոսանքի անջատման դեպքում։ Վառելափայտով կգործի կաթսայատունը, որի հարևանությամբ կառուցվել է պահեստ՝ վառելափայտն ամբարելու համար։ Մոտակայքում կկառուցվի 3 կայանատեղի շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանուցն ունենալու է առանձին էլեկտրական ենթակայան։
Ընթացքում շինհրապարակ է այցելում նաև շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյան։ Ըստ նրա` ամենաուշը՝ 2020թ. սկզբին կտեղափոխվեն նոր շենք, որտեղ գործելու են 20-ից ավելի մահճակալով հիվանդասենյակներ, ծննդատուն, վիրահատարան, վիրակապարան, դիահերձարան, լաբորատորիաներ, բժիշկների աշխատասենյակներ, օդափոխության համակարգեր, շտապօգնության ծառայություն, ստացիոնար բաժանմունք, այդ թվում՝ վիրաբուժական և թերապևտիկ, պոլիկլինիկային և գինեկոլոգիական ծառայություններ։
Բժշկական սարքավորումները նույնպես շուտով բերվելու են։ Հիմնական խնդիրը մնալու է բժիշկ-մասնագետներով բուժանձնակազմը համալրելը։
Հուսանք նորակառույց շենքի և համապատասխան բուժսարքավորումների առկայությունը հնարավորություն կտա, որ բժիշկներ գան Բերձոր, և քաշաթաղցիներն ստիպված չլինեն բուժզննում անցնելու, բուժվելու համար մեկնել Ստեփանակերտ ու Գորիս, Երևան։