ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
ք. Ասկերան
Հունվարի 8-ին Ասկերանի մշակույթի տան բակը մարդաշատ էր. երկու տասնյակ պատանիներ պատրաստվում էին համալրելու ԱՀ ՊԲ շարքերը։
Նորակոչիկներին ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ Վլադիմիր Բալասանյանը, Արթուր Հարությունյանը, Մեսրոպ քահանա Խունոյանը, ազատամարտիկներ, հարազատներ։
Ողջունելով ներկաներին` Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը շեշտեց.
-Այսօր հերթական զորակոչն է, և մենք մեր տղաներին ճանապարհում ենք ՊԲ շարքերը՝ համոզված, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են լուծելու իրենց առջև դրված խնդիրները։
Ձեզ կոչ եմ անում լինել կարգապահ, միասնական, զգոն։ Հիշեք, այստեղ ձեր վերադարձին են սպասում ձեր հարազատներն ու ընկերները։
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հարությունյանը շնորհավորելով տղաներին օրվա առթիվ և գնահատելով դրա խորհուրդը, հորդորեց միշտ բարձր պահել շրջանի պատիվը, միշտ հիշել, որ հայրենիքի պաշտպանը պետք է կարգապահ, ընկերասեր և պատասխանատու լինի և կարողանա անսխալ տիրապետել իրեն վերապահված զինատեսակին։
Ջերմությամբ էր լցված Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի սրտի խոսքը.
-Այսօր ձեր գիտակցական կյանքի ինքնադրսևորման առաջին քայլն եք կատարում, դուք զինվորագրվում եք Արցախի բանակին, դառնում մեր սահմանների լիիրավ պահապանները։ Մենք վստահում ենք ձեզ, իմացեք, Արցախը Հայրենիք է, այլ ոչ թե տարածք, և դուք կոչված եք այն պաշտպանելու։
Նորակոչիկներին օրհնանքի խոսք ասաց շրջանը սպասարկող հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանա Խունոյանը. ՙԹող Աստծո աջը լինի զորավիգ ձեզ, թող խաղաղության աղավնիները սավառնեն Արցախի երկնակամարում՚։
Սրտառուչ էր նորակոչիկի պապիկ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Սլավիկ Առուշանյանի խոսքը։
-Այսօր ես իմ առաջին թոռնիկին եմ ճանապարհում մեր երկրի ՊԲ շարքերը։ Նրան և բոլոր տղաներին մաղթում եմ բարի ու անփորձանք ծառայություն, լինել բարեխիղճ, նպատակասլաց և հարգալից իրար հանդեպ։ Եթե դուք լավ ծառայեք, ուրեմն մենք ապահով կզգանք մեզ և կհպարտանանք ձեզանով։ Մենք՝ հարազատներս, պետք է գիտակցենք, որ այս 2 տարի դուք անմնացորդ նվիրելու եք հայրենիքի պաշտպանությանը, և դա պետք է լինի ձեր սուրբ առաքելությունը։
Տոնական միջոցառումն ուղեկցվում էր Ասկերանի ՙԲերդ՚ համույթի երգ ու նվագով: Զորակոչիկների հարազատները, թեև հուզված և արդեն իսկ կարոտով լցված, հավատում էին, որ տղաները ծառայելու են հավուր պատշաճի, այնպես, ինչպես բնորոշ է իսկական հայորդուն, քանզի նրանք իրենց ապուպապերի արժանավայել զավակներն են և հետնորդները։