ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ՝ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
ք. Մարտունի
Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է։ Օրերս Մարտունու զինկոմիսարիատից ՊԲ շարքերը համալրելու մեկնեցին շրջանի 18 տարին լրացած մի խումբ երիտասարդներ։
Մարտունու տարածքային զինկոմ, փոխգնդապետ Արսեն Աղաբեկյանի կողմից առաջին կարգադրությունները ստանալուց հետո զորակոչիկներն ու նրանց հարազատները ճանապարհվեցին դեպի Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի։ Շրջանի տարածքում տեղակայված Ն զորամասի հոգևոր սպասավոր Նարեկ սարկավագ Թորգոմյանի օրհնությունը ստանալուց հետո զորակորիկները Սուրբ խորանի առջև միասնական աղոթք հղեցին առ Աստված՝ երկնային Տիրոջից խնդրելով խաղաղություն ու անփորձանք ծառայություն։
Շրջանում զորակոչի հանդիսավոր միջոցառումը կայացավ անկախության համար իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած հայորդիների հիշատակին կառուցված հուշահամալիրում։
Շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի գլխավորությամբ՝ զորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին անմահ հերոսների հիշատակը հավերժացնող արձանների պատվանդանին։
Հայրենիքի պաշտպաններին շրջանի ղեկավարության անունից բարեմաղթանքի խոսք ասաց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը. ՙՅուրաքանչյուր զորակոչ ինքնին տոն է, բանակաշինության մաս կազմող կարևորագույն մի գործընթաց, որի պատշաճ կազմակերպումը բոլորիս պատվի ու հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվության արտահայտությունն է։ Ամենայն բարիք ձեզ, առողջություն ու տոկունություն՚,- ասաց նա։
Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու պատգամով ելույթ ունեցավ զինկոմիսար Արսեն Աղաբեկյանը։ Հուզիչ և պարտավորեցնող էր զորակոչիկի ծնող Նելսոն Սարգսյանի ելույթը, ով իր որդուն ավագ սերնդին գերազանցելու ոգով է դաստիարակել։ ՙԴուք համալրում եք այն բանակի շարքերը, որը փառավոր հաղթանակներ է կռել, տվել կենդանի լեգենդներ, որը համարվում է մեր անվտագության գլխավոր երաշխիքը։ Որդիս, ես քեզ հայրական պատգամ եմ տալիս։ Կծառայես այնպես, ինչպես մենք ենք ծառայել։ Ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ կկատարես քո ծառայողական պարտականությունները, իսկ հարկ եղած դեպքում ես և իմ հասակակիցները անհրաժեշտ դեպքում կլինենք ձեր կողքին՚։
Օրհնության խոսքով հանդես եկավ Նարեկ սարկավագը։
Միջոցառման վերջում հայրենասիրական խրոխտ երգերի հնչյունների տակ պար բռնեցին զորակոչիկներն ու նրանց հարազատները։ Ծնողների ու հարազատների համար առավել հուզումնառատ ու պարտավորեցնող այդ պահին զորակոչիկի մայր Անուշ Ղազարյանն իր որդուն և նրա զորակոչիկ ընկերներին մաղթեց տոկունություն, երկրին` խաղաղություն։