ՄԵՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՂՐԻՄԻ ԵՎ ՍԵՎԱՍՏՈՊՈԼԻ ՀԱՄԱՐ ՄՂՎԱԾ ՄԱՐՏԵՐՈՒՄ
Ալեքսանդր ԹՈՎՄԱՍՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայկական ազգային զորամիավորումների պատմության հարցերով Հայաստանի առաջատար մասնագետներից է, Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցության շուրջ իրականացված հետազոտությունների հեղինակ։ Հարությունյանն այդ թեմայով 33 մենագրությունների հեղինակ է (ավելի քան 500 տպագրական մամուլ ծավալով)։
Պատմաբանի անձնվեր աշխատանքը վերջերս համալրել է ևս մեկ գիրք` ՙՀայ մարտիկները Ղրիմի և Կերչի համար մղված մարտերում (1941-1944թթ.)՚։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ՀՀ Վետերանների միությունում՝ Հայաստանում Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններ Ս.Պ. Կոպիրկինի և Ի.Վ. Նազարուկի, ՀՀ Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ Էդ. Շարմազանովի, Վետերանների միության նախագահ Ս. Եսայանի մասնակցությամբ և ելույթներով։
Գրքում մանրամասն նկարագրվում են 1941-1944թթ. ռազմական գործողությունները։ Հայտնի է, որ 1942թ. փետրվարից մինչև մայիս Կերչի թերակղզում ընթացած ծանրագույն պաշտպանական մարտերում հերոսաբար կռվել է Հայկական 390-րդ հրաձգային դիվիզիան։ Իսկ 1943թ. դեկտեմբերից մինչև 1944թ. մայիս Կերչի և Սևաստոպոլի ազատագրական մարտերին ակտիվ մասնակցություն է ունեցել Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան, որը պարգևատրվել է Կարմիր աստղի և Կարմիր դրոշի շքանշաններով այդ ժամանակաշրջանում ընթացած ռազմագործողությունների համար։
Արխիվների նյութերի հիման վրա Կլիմենտ Հարությունյանը ներկայացրել է այդ ճակատամարտերին մասնակցած հայտնի և ոչ այնքան հայտնի բազմաթիվ հերոսների անուններ։ Ընթերցողը իմանում է նրանց մասին՝ ծանոթանալով պարգևատրման թերթիկներից քաղված տեղեկատվության հետ։ Կերչի և Ղրիմի համար մղված մարտերին ակտիվ մասնակցություն են ունեցել դիվիզիաների հինգ հայ հրամանատարներ։ Յոթ հայ սպաներ գնդերի հրամանատարներ են եղել։ Այստեղ, առաջ անցնելով, նշենք, որ այդ յոթի թվում է նաև Քրիստափոր Իվանյանը (Արցախի ապագա հերոս, գեներալ-լեյտենանտ), այնպես որ ֆաշիստների դեմ պայքարի փորձը գեներալը նպատակին ծառայեցրեց ավելի ուշ։
ՙԺելեզնյակով՚ լեգենդար զրահագնացքի հրամանատարն էր կապիտան Գուրգեն Սահակյանը (ծննդով` Բաքվից)։ Սևաստոպոլի երկար ամիսներ տևած պաշտպանության մինչև վերջին օրը զրահագնացքը սրընթաց կրակային հարձակումներ էր իրականացնում, արկակոծում թշնամու դիրքերը և վերադառնում թունել։ Գերմանացիները նրան ՙԿանաչ ուրվական՚ անունն էին տվել։
Ղրիմի համար մղված մարտերում 11 հայի և Հայաստանում ծնված Կոնստանտին Խաջիև անունով մի հույնի շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Հեղինակը թվարկում է շատ ուրիշ մարտիկների անուններ և նրանց սխրագործությունների մանրամասներ։ Բոլորի անունները չես ասի։ Պետք է գիրքը կարդալ։ Այնուամենայնիվ, հիշատակենք ևս մի քանի ազգանուններ։ Մեզ համար Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի սխրանքները գլխավորապես զուգորդվում են Բալթիկ ծովի հետ։ Բայց Նելսոնը հասցրել է մեծ գործեր անել նաև Ղրիմում։ Նրա ավիացիոն գունդը ստացել է ՙԹեոդոսիական՚ անունը և պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով։
Իմ սերնդին քաջ հայտնի է անզուգական բանաստեղծ Էդուարդ Ասադովի անունը։ Սևաստոպոլի ազատագրական մարտերում գվարդիայի լեյտենանտ Է. Ասադովը (արմատներով Ղարաբաղից էր, Հադրութից) ականանետային մարտկոցի հրամանատարի օգնականն էր։ Ծանր վիրավորումը նրան ցրկեց տեսողությունից։ Ասադովը ստացել է Կարմիր աստղի շքանշան, պատերազմից հետո ավարտել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը և դարձել Ռուսաստանի սիրված բանաստեղծներից մեկը։
…Հերոսները շատ են։ Եվ նրանք բոլորը հայ ժողովրդի զավակներն են։ Մենք չպետք է մոռանանք նրանց սխրագործությունները, պետք է կանխել պատմական ճշմարտության խեղաթյուրման յուրաքանչյուր փորձ, որ այսօր ձեռնարկվում է։ Իսկ Կլիմենտ Հարությունյանի նոր գիրքը նշյալ ուղղությամբ արված ևս մեկ քայլ է։
golosarmenii.am